Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/524

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԱՌԱՁԳԱԿԱՆ ԱԼԻՔՆԵՐ, առաձգական գրգռումների տարածումը պինդ, հեղուկ և գազային միջավայրերում։ Ա. ա–ի տարածումն ուղեկցվում է առաձգական դեֆորմացիայի էներգիայի տեղափոխմամբ և, կախված միջավայրի ֆիզիկական հատկություններից, ունի որոշակի արագություն։ Ոչ սահմանափակ, համասեռ և իզոտրոպ միջավայրում կամայական մեխանիկական գրգռումներից առաջանում են երկու տիպի Ա. ա.՝ ծավալման (երկայնական), կապված են ծավալի փոփոխման հետ (նոսրացում և խտացում) և տարածվում են արագությամբ, սահքի (լայնական), առաջացնում են սահքի դեֆորմացիաներ՝ առանց ծավալի փոփոխման և տարածվում արագությամբ (–ն միջավայրի խտությունն է, իսկ –ն և –ն՝ միջավայրի առաձգական հատկությունները բնութագրող գործակիցներ)։ Ծավալման ալիքներում միջավայրի մասնիկի տատանման և ալիքի տարածման ուղղությունները համընկնում են, իսկ սահքի ալիքներում՝ փոխուղղահայաց են։ Անիզոտրոպ միջավայրում (բյուրեղներ) Ա. ա–ի արագությունները կախված են ալիքի տարածման ուղղությունից։ Մարմնի մակերևույթից կամ երկու տարբեր միջավայրերի բաժանման սահմանից ցանկացած Ա. ա–ի անդրադարձումը, բացի նշված երկու տիպերից, առաջացնում է նաև մակերևութային ալիքներ։ Ա. ա–ի համար հատկանշականը տարածման արագության անկախությունն է արտաքին բեռի և ներքին լարումների մեծությունից ու բնույթից։ Կ. Չոբանյան


ԱՌԱՁԳԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ (դեֆորմացիայի կայունություն), արտաքին ուժերի ազդեցության տակ առաձգական տարրերից կազմված երկրաչափորեն անփոփոխելի համակարգերի և նրանց առանձին տարրերի հավասարակշռության վիճակը (դեֆորմացիայի ձևը) պահպանելու հատկություն։ Առաձգական համակարգի հավասարակշռության վիճակը կարող է լինել կայուն (եթե հավասարակշռության վիճակից շեղված առաձգական համակարգը, այդ շեղումը առաջացնող պատճառը վերացնելուց հետո, վերադառնում է իր նախկին դիրքը), անկայուն (եթե շեղումը չի վերանում, այլ շարունակում է աճել) և անտարբեր կայուն (եթե համակարգը շեղված դիրքում շարունակում է պահպանել հավասարակշռության վիճակը)։ Այն ամենափոքր բեռնավորումը (ուժը), որի ազդեցության տակ կայուն հավասարակշռությունն անցնում է անկայունի, կոչվում է կրիտիկական բեռնավորում (կրիտիկական ուժ), իսկ այդ վիճակը՝ կրիտիկական։ Ա. հ. կ–յան տեսության խնդիրն է՝ որոշել համակարգի կրիտիկական բեռնավորումը (կամ նրա կրիտիկական պարամետրը)։

Օրինակ, ուղղաձիգ ձողի երկայնական սեղմման ստատիկական խնդրում (տես. գծ.) կրիտիկական ուժը՝ (որտեղ Յունգի մոդուլն է, ՝ ձողի լայնական կտրվածքի իներցիայի մոմենտը, , ՝ ձողի երկարությունը): Կրիտիկական բեռնավորման դեպքում հնարավոր է նաև ձողի կորագիծ հավասարակշռության վիճակ, եթե ծռման ընթացքում նյութը չի կորցրել իր առաձգական հատկությունը։

Ժամանակակից տեխնիկայի համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում նաև Ա. հ. կ–յան դինամիկական խնդիրները (որոնցում, ի տարբերություն Ա. հ. կ–յան ստատիկական խնդիրների, բեռնավորումը պարբերաբար փոփոխվում է)։

Գրկ. Тимошенко С. П., Устойчивость упругих систем, пер. с англ., 2 изд., М., 1955. Վ. Գնունի


ԱՌԱՁԳԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ, մեխանիկայի բաժին, ուսումնասիրում է արտաքին ազդեցությունների հետևանքով առաձգական մարմիններում (տես Առաձգականաթյուն) առաջացած տեղափոխությունները, դեֆորմացիաները և լարումները ինչպես մարմնի հավասարակշռված վիճակի, այնպես էլ նրա կետերի հարաբերական շարժման դեպքերում։ Ա. տ–յան մեջ մարմինը դիտարկվում է որպես նյութական կետերի հոծ միջավայր և ընդունվում, որ այն կատարելապես առաձգական Է։ Ա. տ–յան ստատիկական խնդիրներում մակերևութային լարումների և տեղափոխությունների ազդեցությունները հաշվի են առնվում մակերևութային պայմանների, իսկ դինամիկական խնդիրներում՝ նաև նախնական պայմանների բավարարմամբ։ Մակերևութային պայմանների տրման տեսակետից, Ա. տ–յան խնդիրները լինում են երեք տիպի՝ առաջին հիմնական խնդիր (մարմնի մակերևույթի բոլոր կետերում տրված են արտաքին լարումները), երկրորդ հիմնական խնդիր (մակերևույթի բոլոր կետերում տրված են տեղափոխությունները), խառը խնդիր (մակերևույթի որոշ մասերում տրված են լինում լարումները, իսկ մնացած մասերում՝ տեղափոխությունները)։ Ա. տ–յան եռաչափ խնդիրների համար ճշգրիտ լուծումներ գտնելը կապված է մաթեմատիկական մեծ դժվարությունների հետ։ Այդ պատճառով էլ, կիրառական բնույթի խնդիրներ ուսումնասիրելիս, դիմում են մոտավոր լուծումների կամ ստիպված են լինում ընդունել որոշ վարկածներ (հիմնականում՝ մարմնի դեֆորմացված վիճակի վերաբերյալ)։ Ա. տ–յան ուսումնասիրության արդյունքները կիրառվում են շինարարական տեխնիկայում, մեքենաշինության մեջ և այլուր։

Հայաստանում Ա. տ–յան բնագավառի ուսումնասիրությունները սկսվել են 1930-ական թթ. վերջերին։ Թ. Խաչատրյանի հետագոտությունները նվիրված էին առաձգական թաղանթների հաշվարկման մեթոդների մշակմանը (1937)։ Օ. Սապոնջյանը կոմպլեքս փոփոխականի ֆունկցիայի տեսության կիրառմամբ ուսումնասիրել է մի մասով բեռնավորված առաձգական սալերի ծռման հարցերը (1939)։ Այնուհետև աշխատանքներ են տարվել և տարվում են պրիզմատիկ ձողերի ոլորման և ծռման, փոփոխվող տրամագծով լիսեռների ոլորման, բաղադրյալ մարմինների լարված վիճակի որոշման, կոնտակտային և այլ խնդիրների լուծման ուղղությամբ։

Գրկ. Новожилов В. В., Теория упругости, Л., 1958; Арутюнян Н. Х. и Абрамян Б. Л., кручение упругих тел, М., 1963; Мусхелишвили Н. И., Некоторые основные задачи математической теории упругости, 5 изд., М., 1966. Օ. Սապոնջյան


ԱՌԱՁԳԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, մարմնի՝ իր նախկին ծավալն ու ձևը (պինդ մարմին) կամ միայն ծավալը (գազ, հեղուկ) վերականգնելու հատկությունը, երբ վերանում են նրա վրա ազդող արտաքին ուժերը։ Այդ հատկությամբ օժտված մարմինն անվանում են առաձգական մարմին, իսկ դեֆորմացիան՝ առաձգական դեֆորմացիա։ Պինդ մարմնի համար առաձգական դեֆորմացիաների չափանիշը առաձգականության սահմանն է։ Դրան գերազանցող լարումները, առաձգական դեֆորմացիաներից բացի, առաջացնում են նաև մնացորդային (պլաստիկ) դեֆորմացիաներ, որոնք չեն անհետանում ուժերի վերացումից հետո։ Պինդ մարմինների մեծամասնության համար բավական լայն շրջանակներում առաձգական դեֆորմացիաների և համապատասխան լարումների միջև գոյություն ունի գծային կապ, որն արտահայտվում է Հուկի օրենքով։


ԱՌԱՂ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթում։ Գտնվում է Վանա լճի հյուսիս–արևմտյան ափին, Մուշ–Բիթլիս ճանապարհի աջ կողմում։ Հիշատակվում է V–VII դարերից։ Ա. 1909-ին ուներ 70 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ, մասամբ՝ ձկնորսությամբ ու մեղվաբուծությամբ։ Գյուղում կար եկեղեցի և վարժարան։ Ա–ի մոտ է գտնվում հռչակավոր Առաքելոց վանքը։ Գյուղն ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Հ. Բարսեղյան


ԱՌԱՂ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Տարոնում, Մշո դաշտում, Մեղրագետի հովտում։ 1881-ին ուներ 427 հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ , բանջարաբուծությամբ, անասնապահությամբ։ Գյուղը տեղական ճանապարհով կապված էր Մուշ քաղաքի հետ։ Ա–ում կար եկեղեցի, ինչպես նաև ավելի հին բնակավայրի ու գերեգմանոցի մնացորդներ։ Գյուղն ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Բնակչության մի մասը զոհվել է Մեծ եղեռնի ժամանակ, մյուսը գաղթել տարբեր երկրներ։


ԱՌԱՆ (վրաց. Ռանի, պարսկ. և արաբ. Ռան, Արան, Ալ–Ռան), Մեծ Հայքի արևելյան երկրամաս։ Նախապես ընդգրկել է Խաչեն և Տրտու գետերի միջին ու ստորին ավազանները կամ Արցախ նահանգի Մեծառանք և Ուտիք նահանգի Առանռոտ, Առանձակ գավառները։ Ըստ Մովսես Խորենացու, Ա–ի և նրա իշխանական տների