Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/525

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անունների ծագումը կապվում է ավանդական նախահայր հայկազուն Առանի հետ։ Այն Ա. են անվանել նաև պարսկ. հնագույն աղբյուրները։ Արաբական որոշ աղբյուրներում Ա., իբրև աշխարհագրական հասկացություն, տարածվել է Երասխ գետից մինչև Կովկասյան լեռնաշղթան։ Արաբական ավելի ուշ աղբյուրներում Ա. վերստացել է իր նախկին իմաստը։

Գրկ. Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե., 1968։ Մովսես Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից աշխարհի, Ե., 1969։ Արաբական աղբյուրները Հայաստանի և հարևան երկրների մասին, Ե., 1965։ Morquart J., Ērānšahr nach der Geographie des Ps. Moses Xorenac’i, B., 1901.

ԱՌԱՆՁԱՐ (իսկական անունը՝ Գոյումճյան Միսաք Քերովբեի, 1877–1913), հայ երգիծաբան–նովելիստ։ Ծնվել է սեպտեմբերի 8-ին, Թալասում (Կեսարիա)։ Սովորել է Կարինի Սանասարյան վարժարանում։ Ավարտել է Ցյուրիխի համալսարանը։ 1907-ին եղել է Ալեքսանդրիայի, 1908–1913-ին՝ Ադանայի ազգային վարժարանների տնօրենը։ Լույս են տեսել Ա–ի «Վշտի ծիծաղ» (1905) երգիծական նորավեպերի ժողովածուն, «Փրկիչներ» (1907) դրաման։ Ա. պատկերել է հայ ժողովրդի վիճակը սուլթանական Թուրքիայում («Կախաղանեն… ամուսնություն», «Քուրդի վաճառականությունս», «Մորուքի սանտրը», «Երկու պատկեր» ևն), պաշտպանել նրա ազգային–ազատագրական պայքարը, մերժելով, սակայն, ազգայնական կուսակցությունների արկածախնդրական գործունեությունը։ Ռեալիզմի գեղագիտության դիրքերից քննադատել է գրական անկումային ուղղությունները՝ սռաջադրելով գրականությունը կյանքին ծառայեցնելու, ժողովրդի հույզերն ու ձգտումներն արտահայտելու սկզբունքները։ Մահացել է սեպտ. 13-ին, Ադանայում։

Երկ. Վշտի ծիծաղ, Ե., 1961։ Գրկ. Հակոբջանյան Ա., Առանձար, Ե., 1972։


ԱՌԱՆՇԱՀԻԿՆԵՐ, Եռանշաոիկներ, հայ իշխանական տոհմ Մեծ Հայքի Ուտիք և Արցախ նահանգներում։ Ա. եղել են Կուր և Երասխ գետերի միջև տարածվող Աղվանք (կամ Առան) երկրամասի ժառանգական կառավարիչները («Առան–շահիկ» նշանակում է Առանի տիրակալ)։ "Հայկական ավանդական պատմության համաձայն, Առանը Սյունյաց նախահայր Սիսակի սերնդից էր, հայկազուն, որին Վաղարշակ թագավորը «… հայերեն խոսակցության վերջի սահմաններում» հանձնարարեց «արևելյան հյուսիսային կողմի մեծ–անվանի բազմաբյուր կուսակալությունը, Կուր կոչված մեծ գետի ընթացքով…» (Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, 1968, էջ 137)։

Հայ Արշակունիների թագավորության վերացումից (428) հետո Ա. իրենց տոհմը հռչակեցին թագավորական։ Մատենագրական աղբյուրներում արդեն VI դ. Ա. հիշվում են «յազգէ թագաւորաց» կամ «արքայից զարմից»։ Ա–ից Վաչե Բ–ն մասնակցել է Վարդանանց պատերազմին։ Աղվանից երկրամասը տնտեսական, քաղաքական և մշակութային վերելք ապրեց Վաչե Բ–ի եղբորորդի Վաչագան Բարեպաշտի գահակալման տարիներին (մոտ 487–510)։ Վերջինիս իշխանությունը տարածվում էր նաև Աղվանք կամ Ալբանիա երկրի վրա։

VII դ. սկզբին իրանական Միհրական տոհմը կամ Միհրանյանները դավադրաբար կոտորեցին Ուտիքի Գարդման գավառի տեր Ա–ից շատերին և տիրեցին նրանց կալվածներին։ Թեպետ Միհրանյանները շուտով քրիստոնեություն ընդունեցին և ձուլվեցին հայերին, սակայն չկարողացան խուսափել Ա–ի հետապնդումներից։ Նրանց ներկայացուցիչ, Աղվանից իշխան և սպարապետ Ջվանշիրն անգամ, որն իր հովանավորող քաղաքականությամբ հարգված էր հայերից, 683-ին զոհ գնաց Ա–ի վրեժխնդրությանը։

IX դ. արաբական նվաճումների դեմ ազատագրական պայքար էին մղում Ա–ի երկու ճյուղերը. մեկը՝ Դիզակ գավառումն(Եսայի Աբու–Մուսե), մյուսը՝ Խաչեն գավառում (Սահլ Սմբատյան, Ատրներսեհ, Համամ–Արևելցի)։ Առաջին ճյուղը, որի իշխանանիստն էր Գորոզ ամրոցը, X դ. ստեղծեց Դիզակի թագավորությունը։ Երկրորդ ճյուղը, որի նստավայրերն էին Խոխանաբերդը՝ Ներքին Խաչենում և Հանդաբերդը՝ Ծարում, հիմք դարձավ Խաչենի իշխանական տան և Փառիսոսի ու Հերեթ–Կամբեճանի թագավորությունների համար։ Ա–ի սերունդներից հետագայում գոյացան Խաչենի մելիքությունները։


ԱՌԱՆՑՔԱԿԱԼՆԵՐ, զանազան մեքենաների ու սարքերի պտտվող մասերի (լիսեռների) շառավղային և շառավղաառանցքային բեռնվածքներն իրենց վրա ընդունող հենման դետալներ։ Միայն առանցքային բեռնվածքներ ընդունող հենման դետալները կոչվում են կրնկակալներ։ Ըստ աշխատանքի սկզբունքի տարբերում են սահքի Ա., որոնցում լիսեռի վզիկի մակերեսն անմիջականորեն սահում է հենման մակերեսի վրայով, և գլորման Ա., երբ այդ երկու մակերեսների միջև տեղադրված են գնդիկներ կամ հոլովակներ։ Սահքի Ա. (նկ. 1) ունեն գլանաձև, կոնաձև ու գնդաձև հենման մակերեսներ և աշխատում են շփման չոր, խառը (կիսաչոր ու կիսահեղուկ) և հեղուկ պայմաններում։ Սովորաբար լիսեռի վզիկի և Ա–ի հենման մակերեսի միջև դնում են հակաշփական նյութից պատրաստված ներդրակ։Գլորման Ա. (նկ. 2) հիմնականում կազմված են արտաքին ու ներքին օղակներից, գլորման մարմիններից և զատիչից (գլորման մարմինները միմյանցից որոշակի հեռավորության վրա պահող դետալ)։ Գլորման Ա. տարբերում են ըստ ընդունող բեռնվածքի ուղղության՝ շառավղային, շառավղա–առանցքային և առանցքային, ըստ գլորման մարմինների և աշխատանքային մակերեսի ձևի՝ գնդառանցքակալներ, հոլովակավոր Ա., ըստ գլորման մարմինների շարքերի քանակության՝ միաշարք, երկշարք, բազմաշարք, ըստ մշակման ճշգրտության՝ հասարակ, նորմալ, բարձր ճշգրտության ևն։ Գլորման Ա–ի յուղման համար օգտագործում են թանձր քսուքներ և հանքային հեղուկ յուղեր։ Դժվար է սահմանագծել սահքի և գլորման Ա–ի կիրառման բնագավառները։ Փոքր և միջին պտտաթվերի դեպքում նախընտրելի են գլորման, մեծ պտտաթվերի դեպքում՝ սահքի Ա.։ Մ. Էդիլյան


ԱՌԱՋԱԲԱՆ, գեղարվեստական երկի կամ գիտական աշխատության ներածական մաս, ուր հեղինակը կամ մեկ ուրիշը բացատրում է տվյալ երկի գրության հանգամանքները, բնույթը, ծավալն ու նպատակները (օր. Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» և Րաֆֆու «Սամվել» վեպերի, Հ. Աճառյանի «Հայոց անձնանունների բառարան»–ի Ա–ները)։ Ա. հաճախ տրվում է «Երկու խոսք», «Հեղինակի կողմից», «Խմբագրության կողմից» ևն անվանումներով։ Տես նաև Ներածություն։


ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ, պրոգրես, զարգացման այն կողմը, ուղղությունը, որի համար բնորոշ է անցումը ստորինից բարձրին, պակաս կատարյալից ավելի կատարյալին։ Հակառակ տենդենցն է հետադիմությունը։ Ա. հասկացությունն առաջ է եկել սոցիալական փիլիսոփայության հողի վրա և կիրառվում է ամենից առաջ հասարակության, նրա առանձին էտապների ու կողմերի նկատմամբ։ Այն կիրառելի է նաև անկենդան ու կենդանի բնության, բայց ոչ ամբողջությամբ առած