Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/527

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

(Գերմանա–ավստրիական խմբավորում և Անտանա) միջև։ Կապիտալիզմի համաշխարհային սիստեմի հակասությունների սրման հետևանք էր։ XIX դ. վերջում աշխարհի տերիտորիալ բաժանումը կապիտալիստական պետությունների միջև հիմնականում ավարտվել էր։ Գաղութները և ազդեցության ոլորտեերը գլխավորապես պատկանում է,ին Անգլիային ու Ֆրանսիային։ Գերմանիան, Իտալիան, Հոլանդիան և Բելգիան ստիպված էին բավարարվել երկրորդական նշանակություն ունեցող գաղութներով։ ԱՄՆ գերիշխող դիրք էր գրավել Հարավային Ամերիկայում և Կարիբյան ծովի ավազանում։ Սրվել էին Ռուսաստանի և Գերմանիայի հակասությունները։ XX դ. շեմին Գերմանիան, տնտ. և ռազմական պոտենցիալով առաջ անցնելով Անգլիայից, պայքար էր սկսել գաղութների վերաբաժանման և համաշխարհային տիրապետության համար։ Հակասությունները սրվել էին նաև մյուս պետությունների միջև։ 1879-ին Գերմանիան ռազմական դաշինք կնքեց Ավստրո–Հունգարիայի հետ, որին 1882-ին միացավ նաև Իտալիան (տես Եռյակ միություն): Ի հակակշիռ դրան, 1893–1907-ին, ձևավորվեց Ֆրանսիայի, Անզլիայի և Ռուսաստանի ռազմական դաշինքը՝ Եռյակ համաձայնությունը (տես Անտանտ):

Ա. հ. պ. անարդարացի իմպերիալիստական պատերազմ էր։ Վ. Ի. Լենինը նշում էր, որ այն «… պատերազմ է ավազակային մեծ տերությունների երկու խմբերի միջև գաղութների բաժանման համար, ուրիշ ազգերին ստրկացնելու համար, համաշխարհային շուկայում օգուտներ ու արտոնություններ ունենալու համար» (Երկ., հ. 21, էջ 466)։ Գերմանիան, նպատակ ունենալով տիրապետող դիրք գրավել Եվրոպայում, ձգտում էր ջախջախել իր գլխավոր մրցակից Անգլիային, պարտության մատնել Ֆրանսիային, Բելգիային ու Հոլանդիային, զավթել նրանց գաղութները, թուլացնել Ռուսաստանին՝ նրանից օտարելով Լեհաստանը, Ուկրաինան և Մերձբալթիկան, ամրանալ Բալկաններում և Թուրքիայում։ Ավստրո–Հունգարիան մտադիր էր զավթել Սերբիան ու Չեռնոգորիան։ Թուրքիան ձգտում էր տիրանալ Անդրկովկասին։ Անգլիան հույս ուներ ջախջախել համաշխարհային շուկայում իր ամենավտանգավոր մրցակցին՝ Գերմանիային, Թուրքիայից զավթել Միջագետքն ու Պաղեստինը, ամրանալ Եգիպտոսում և պահպանել իր գաղութային կայսրությունը։ Ֆրանսիան ուզում էր վերադարձնել 1871-ին Գերմանիայի կողմից գրավված էլզասն ու Լոթարինգիան և զավթել Սաարի ավազանը։ Ռուսաստանը նպատակ ուներ գրավել Գալցիան ու Արևմտյան Հայաստանը, տիրանալ Կ. Պոլսին ու սևծովյան նեղուցներին։ Իտալիան, որը պատերազմի ընթացքում միացավ Անտանտին, շահագրգռված էր Ավստրո–Հունգարիայի պարտությամբ և ակնկալություններ ուներ Բալկանների նկատմամբ։ Ճապոնիան օգտվելով մեծ տերությունների հակամարտությունից Եվրոպայում, մտադիր էր զավթել Չինաստանի մեծ մասը և Գերմանիայի հեռավորարևելյան գաղութները։ Պատերազմի մեջ մտնելով 1917-ի ապրիլին՝ ԱՄՆ հույս ուներ օգտվել պատերազմող խմբավորումների թուլացումից և պարտադրել այնպիսի հաշտություն, որն առավելագույնս համապատասխաներ ամերիկյան իմպերիալիզմի համաշխարհային նկրտումներին։ Իմպերիալիստական պետությունները միաժամանակ աշխատում էին պատերազմն օգտագործել բանվոր դասակարգի հեղափոխական շարժումները սեփական երկրներում և ժողովուրդների ազգային–ազատագրական շարժումները գաղութներում ճնշելու համար։ II Ինտերնացիոնալի կուսակցությունների պարագլուխները, դավաճանելով բանվոր դասակարգին, հանդես եկան բուրժուական հայրենիքի պաշտպանության լոզունգով։ Բոլշևիկները Վ. Ի. Լենինի գլխավորությամբ մերկացնելով այդ սոցիալ–շովինիստական դիրքավորումը, բոլոր երկրների բանվորական կուսակցություններին կոչ էին անում առաջ քաշել սեփական կառավարության պարտության լոզունգը, հեղափոխական պայքար ծավալել իմպերիալիստական պատերազմը քաղաքացիական պատերազմի, բուրժուազիայի դեմ աշխատավորների պատերազմի վերածելու համար։

Պատերազմի անմիջական առիթ ծառայեց ավստրիական գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը սերբական ազգայնականների կողմից 1914-ի հունիսի 28-ին, Սարաևոյում։ Գերմանիայի խրախուսանքով, Ավստրո–Հունգարիան հուլիսի 23-ին Սերբիային ներկայացրեց այնպիսի վերջնագիր, որի կատարման դեպքում Սերբիան փաստորեն դադարում էր անկախ պետություն լինելուց, իսկ հուլիսի 28-ին ռազմական գործողություններ սկսեց նրա դեմ։ Ռուսաստանը հուլիսի 29-ին հայտարարեց մասնակի, իսկ հուլիսի 30-ին՝ լրիվ զորահավաք։ Գերմանիան օգոստ. 1-ին պատերազմ հայտարարեց Ռուսաստանին, իսկ օգոստ. 3-ին՝ Ֆրանսիային։ Անգլիան օգոստ. 4-ին պատերազմ հայտարարեց Գերմանիային։ Օգոստ. 23-ին Գերմանիայի դեմ ելավ ճապոնիան։ Հոկտ. 29-ին գերմանա–ավստրիական խմբավորմանը միացավ Թուրքիան։ Այնուհետև Անտանտի կողմում պատերազմի մեջ մտան Իտալիան (1915-ի մայիսի 23), Ռումինիան (1916-ի օգոստ. 27), ԱՄՆ (1917-ի ապրիլի 6)։ Պատերազմին սկզբում մասնակցում էր 8 պետություն՝ 732 մլն. բնակչությամբ (գաղութներով), պատերազմի վերջում նրա մեջ էին ներքաշված աշխարհի 59 պետություններից 33՝ ավելի քան 1,5 մլրդ. բնակչությամբ (երկրագնդի բնակչության 87%-ը)։ Պատերազմն ընդգրկել էր Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի ավելի քան 4 մլն. կմ2 տերիտորիա։ Սկզբում հակառակորդ կողմերը դուրս են բերել 484 դիվիզիա (9747 հզ. մարդ)։ Պատերազմի ընթացքում զենքի էր կոչվել մոտ 74 մլն. մարդ (Անտանտի երկրներում՝ 48355 հզ. և գերմանական խմբավորման երկրներում՝ 25160 հզ. մարդ)։ 1917-ի մայիսին հաշվվում էր 889 դիվիզիա (Անտանտ՝ 525, գերմ. խմբ. պետություններ՝ 364)։ Անտանտի պետությունների գերակշռությունը գերմանա–ավստրիական խմբավորման նկատմամբ ակնհայտ էր։ Սակայն գերմ. զինված ուժերը ունեին ավելի բարձր կազմակերպվածություն և մարտունակություն, ավելի շատ ծանր սպառազինություն, քան հակառակորդ բանակները։ Ընդհանուր առմամբ, Գերմանիան ավելի լավ էր նախապատրաստված պատերազմին, քան որևէ այլ պետություն։

1914-ի պատերազմաշրջան: Արևմտա–եվրոպական ռազմաբեմում պատերազմական գործողություններն սկսվեցին օգոստ. 4-ին՝ գերմ. զորքերի ներխուժումով Բելգիա։ Մինչև սեպտ. 5 գերմանացիները, հաղթահարելով ֆրանս. բանակի դիմադրությունը և մարտերը փոխադրելով Ֆրանսիայի տերիտորիան, մոտեցան Մառն գետին՝ սպառնալով Փարիզին։ Մառնի ճակատամարտում (1914) գերմ. բանակների կրած պարտությունից հետո, Արևմտյան ռազմաճակատում մինչև 1914-ի վերջը, փաստորեն, կայուն վիճակ ստեղծվեց։ Այդ նույն ժամանակամիջոցում Արևելյան և Կովկասյան ռազմաճակատներում իրականացվեցին Արևելապրուսական, Գալիցիական (տես Գալիցիական ճակատամարտ 1914), վարշավա–Իվանգորոդյան, Լոձի և Սարիղամիշի օպերացիաները (տես Սարիղամիշի օպերացիա 1914–15): Ընդսմին, եթե սկզբնական շրջանում Արևելյան Պրուսիայում ռուս, բանակները հաջողություն էին ունենում, ապա վերջում ծանր պարտաթյուն կրեցին (գեներալ Ա. Վ. Սամսոնովի բանակի ջախջախումը)։

1915-ի պատերազմաշրջան։ Գերմանիան իր հարվածի գլխավոր ուղղությունն ընտրել էր Արևելյան ռազմաճակատը։ Ռուսներն իրենց հերթին դիմեցին ակտիվ գործողությունների։ Ռազմական գործողություններն ընթանում էին փոփոխական հաջողություններով։ Մարտի 22-ին ռուս, զորքերը գրավեցին Պերեմիշլ ամրոցը։ Մայիս–հունիսին գերմանա–ավստրիական զորքերը ետ մղեցին ռուսներին, ապա գրավեցին Գալիցիան, Լեհաստանը և Մերձբալթիկայի մի մասը։ Գերմանական, ավստրո–հունգարական և բուլղարական զորքերը օկուպացրին Սերբիան և Չեռնոգորիան։ Նեղուցներն ու Կ. Պոլիսը գրավելու նպատակով անգլո–ֆրանսիական ուժերի ձեռնարկած ռազմածովային և ափհանման գործողությունները (Դարդանելի օպերացիա) ձախողվեցին։ Արևմտյան ռազմաճակատում մարտեր էին մղվում Շամպայնի, Արթուայի, Իպրի շրջաններում։ Ապրիլի 22-ին գերմանացիները առաջին անգամ օգտագործեցին թունավոր գազ։ Ռուսաստանի Կովկասյան բանակը Ալաշկերտի օպերացիայով (տես Ալաշկերտի օպերացիա 1915) Վանա և Ուրմիո լճերի շրջանը մաքրեց թուրքական բանակներից՝ ապահովելով Ռուսաստանի ազդեցությունը Իրանում և Աֆղանստանում պահպանելու ուղղությամբ ռուս, դիվանագիտության գործադրած ջանքերը։ Չնայած ռազմական ակտիվ գործողություններին ու կրած ծանր կորուստներին, 1915-ին, ինչպես և 1914-ին, կողմերից ոչ մեկին չհաջողվեց հասնել ռազմաքաղաքական և ստրատեգիական էական առավելության։ Անտանտը ձեռնամուխ եղավ Գերմանիայի տնտեսական շրջափակմանը։

1916-ի պատերազմաշրջան։ Գերմանիան փետր. 21-ին խոշոր հարձակում ձեռ–