Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/528

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նարկեց Վերդենի շրջանում (տես Վերդենի ճակատամարտ 1916)։ Գեներալ Ա. Ա. Բրուսիլովի հրամանատարությամբ ռուս․ զորքերի հարձակումը Հարավ–Արևմտյան ռազմաճակատում (հունիսի 4) գերմանացիներին ստիպեց դադարեցնել ռազմական գործողությունները Վերդենի տակ։ Ավստրո–հունգարական բանակը գլխովին ջախջախվեց՝ տալով ավելի քան 1 մլն. սպանված ու վիրավոր և 400 հզ. գերի։ Կովկասյան ռազմաճակատում ռուս, զորքերը, հաջող հարձակում ձեռնարկելով, գրավեցին էրզրումը (տես Էրզրումի, օպերացիա 1916), Երզնկան (տես Երզնկայի օպերացիա 1916), Մամախաթունը, Տրապիզոնը (տես Տրապիզոնի օպերացիա 1916), Բիթլիսը ևն։ Կռվող կողմերի ուժասպառությունը և հասունացող հեղափոխական ճգնաժամը (հատկապես՝ Ռուսաստանում), Գերմանիային և Ռուսաստանին ստիպեցին անջատ հաշտություն կնքելու ուղիներ փնտրել։

1917-ի պատերազմաշրջան։ Անտանտը կենդանի ուժի և սպառազինությունների զգալի գերազանցություն ուներ գերմանական խմբավորման պետությունների նկատմամբ։ Սակայն անգլո–ֆրանսիական հարձակումը ապրիլ–մայիսին անհաջող անցավ։ Ռուսաստանում տեղի ունեցավ Փետրվարյան բուրժուա–դեմոկրատական հեղափոխությունը։ Ցարիզմը տապալվեց։ Ժամանակավոր կառավարությունը թեև շարունակեց պատերազմը, բայց, բանակի կազմալուծման հետևանքով, շոշափելի արդյունքի չհասավ։ Անտանտի պետությունները (ապրիլին նրանց միացավ ԱՄՆ) փորձեցին կանխել Ռուսաստանի դուրս գալը պատերազմից։ Նրանք ֆինանսավորում էին ռուսական հակահեղափոխությունը։ 1917-ի հոկտ. 25 (նոյեմբ. 7)–ին հաղթանակեց Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը, և Սովետական Ռուսաստանը դուրս եկավ պատերազմից։ Անտանտի պետությունները մերժեցին արդարացի հաշտություն կնքելու համար բանակցություններ սկսելու վերաբերյալ սովետական կառավարության առաջարկությունը։ Գերմանիան և Ավստրո–Հունգարիան շարունակում էին պատերազմը՝ ակնկալելով հաշտության շահավետ պայմաններ։

1918-ի պատերազմաշրջան: 1917-ի դեկտեմբերին սովետական կառավարությունը Գերմանիայի հետ անջատ հաշտության բանակցություններ սկսեց։ Գերմանական զորքերը խախտելով սովետական կառա–վարության հետ կնքած զինադադարը՝ փետրվարին հարձակման անցան ամբողջ ռազմաճակատի գծով։ Եվ միայն նորաստեղծ կարմիր բանակի, կարմիրգվարդիականների և հին բանակի հեղափոխական զինվորների վճռական դիմադրությունը գերմանական կառավարությանը ստիպեց վերսկսել բանակցությունները և կնքել Բրեստի հաշտությունը (տես Բրեստի հաշտություն 1918)։ Արևմտա–եվրոպական ռազմաբեմում գերմ. հրամանատարությունը 1918-ի մարտ–հուլիսին ձեռնարկեց մի շարք հարձակողական գործողություններ, որոնք, սակայն, էական հաջողություն չբերեցին։ Օգոստ. 8- 13-ի Ամիենի օպերացիայով դաշնակից զորքերը ծանր պարտության մատնեցին գերմ. բանակին։ Սեպտ. 26-ին անգլո–ֆրանսիական և ամերիկյան զորքերն անցան ընդհանուր հարձակման և գերմ. բանակներին ստիպեցին հեռանալ Ֆրանսիայի տերիտորիայից։ Սեպտ. 29-ին անձնատուր եղավ Բուլղարիան, հոկտ. 30-ին՝ Թուրքիան (տես Մուդրոսի զինադադար 1918), նոյեմբ. 3-ին՝ Ավստրո–Հունգարիան։ Նոյեմբ. 11-ին զենքը վայր դրեց Գերմանիան (տես Կոմպիենի զինադադար 1918

Ա. հ. պ. տևեց 4 տարի 3 ամիս և 10 օր։ Սպանվածների և վերքերից մահացածների թիվը կազմեց 10 մլն. մարդ, վիրավորների և հաշմանդամների թիվը՝ 20 մլն.։ Համաճարակից և սովից մահացավ 10 մլն. մարդ։ Ա. հ. պ. մեծագույն արհավիրքը եղավ հայ ժողովրդի համար (տես Առաջին համաշխարհային պատերազմը և Հայաստանը)։ Պատերազմող կողմերի ուղղակի ռազմական ծախսերը կազմեցին ավելի քան 200 մլրդ. դոլար (համապատասխան տարիների գներով)։ Պատերազմից հատկապես օգտվեցին կապիտալիստական խոշոր մոնոպոլիաներն ու հաղթանակած իմպերիալիստական պետությունները։ Աշխատավորական լայն զանգվածները մեծագույն զրկանքներ կրեցին։ Բուռն վերելք ապրեցին հեղափոխական պայքարը (առանձնապես՝ Ռուսաստանում, Հունգարիայում և Գերմանիայում), ինչպես նաև ճնշված ու գաղութային ժողովուրդների ազգային–ազատագրական շարժումները։

1919-ի հունիսի 28-ին Վերսալում հաշտություն կնքվեց Գերմանիայի (տես Վերսալի հաշտության պայմանագիր 1919), սեպտ. 10-ին՝ Սեն–Ժերմենում Ավստրո–Հունգարիայի հետ (տես Սեն–Ժերմենի հաշտության պայմանագիր 1919)։ Գերմանիան և Ավստրո–Հունգարիան կորցնելով գաղութներն ու զգալի տերիտորիաներ, դադարեցին մեծ տերություններ լինելուց։ Այնուհետև տարբեր ժամանակներում հաշտության պայմանագրեր կնքվեցին նաև պատերազմի մյուս մասնակիցների հետ։ Ավստրո–Հունգարիայի նախկին տերիտորիայի վրա ստեղծվեցին Չեխոսլովակիան, Հունգարիան, Ավստրիան։ Սերբիան միավորվելով Չեռնոգորիայի և Ավստրո–Հունգարիայի նախկին հարավ–սլավական նահանգների հետ (Հորվաթիա, Սլովենիա, Դալմաթիա, Բոսնիա և Հերցեգովինա), կազմեց Հարավսլավիայի Թագավորությունը։ Սևրի պայմանագրով (տես Սևրի հաշտության պայմանագիր 1920) Օսմանյան կայսրությունը զրկվում էր իր տիրապետություններից Միջագետքում, արաբական աշխարհում և մասամբ՝ Արևմտյան Հայաստանում։ ԱՄՆ, Անգլիան և Ֆրանսիան, Գերմանիային զրկելով գաղութներից ու ռազմածովային նավատորմից, պահպանեցին նրա ցամաքային զորքերը Սովետական Ռուսաստանի դեմ ապագա գործողությունների համար։ Անգլիան զավթեց գերմ. գաղութները Արևելյան և Հարավ–Արևմտյան Աֆրիկայում, Ֆրանսիան ետ ստացավ էլզասն ու Լոթարինգիան։ Նրան անցավ Կամերունի մեծ մասի, Տոգոյի կեսի մանդատը։ Ամերիկյան իմպերիալիստները վիթխարի շահույթներ ստացան ռազմական մատակարարումներից, ուժեղացրին համաշխարհային տիրապետության հասնելու իրենց ձգտումները (տես վաշինգտոնի կոնֆերանս 1921–22 և Վերսալ–Վաշինգտոնյան սիստեմ)։ Վերսալյան սիստեմը, որն ուղղված էր Սովետական Ռուսաստանի դեմ, չվերացրեց, այլ ուժեղացրեց իմպերիալիստական պետությունների հակասությունները և հող նախապատրաստեց երկրորդ համաշխարհային պատերազմի համար։

Քարտեզը տես 528–29 էջերի միջև՝ ներդիրում։

Գրկ. Լենին Վ. Ի., Պատերազմը և Ռուսաստանի սոցիալ–դեմոկրատիան, Երկ., հ. 21։ Նույնի, II Ինտերնացիոնալի կրախը, Երկ., հ. 21։ Նույնի, Սոցիալիզմը Ա պատերազմը, Երկ., հ. 21։ Նույնի, Իմպերիալիզմը, որպես կապիտալիզմի բարձրագույն ստադիա, Երկ., հ. 22։ Նույնի, Պրոլետարական ռևոլյուցիայի ռազմական ծրագիրը, Երկ., հ. 23։ Նույնի, Պատերազմ և ռևոլյուցիա, Երկ., հ. 24։ Նույնի, Պետություն և ռևոլյուցիա, Երկ., հ. 25։ Фей С., Происхождение мировой войны ч. 1-2, М., 1934. Зайончковский А., Мировая война 1914-18 гг., т. 1-2, 3 изд., М., 1938. Корсун Н. Г., Первая мировая война на кавказском фронте, М., 1946, Всемирная история т. 7, М., 1960. Готлиб В. В., Тайная дипломатия во время первой мировой войны, пер. с англ., М., 1960. Вержховский Д. В. и Ляхов В. Ф., Первая мировая война 1914-18 гг., М., 1964. Айрапетян М. Э. и Кабанов Н. Ф., Первая мировая империалистическая война 1914-18 гг., М., 1964. Ա. Հարությունյան

ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ, առաջին համաշխարհային իմպերիալիստական պատերազմի (1914–18) նախօրեին Արևելյան Հայաստանը մտնում էր Ռուսաստանյան կայսրության, Արևմտյան Հայաստանը՝ Օսմանյան կայսրության մեջ։ Հայկական հարցը բախվում էր մի կողմից թուրքական պետության շովինիստական ծրագրերին, մյուս կողմից՝ Մերձավոր Արևելքում եվրոպական տերությունների հետապնդած իմպերիալիստական շահերին։ Այդ պատճառով էլ պատերազմը մի աննախադեպ փորձություն եղավ հայ ժողովրդի, մասնավորապես, արևմտահայության համար։ 1908-ի երիտթուրքական հեղափոխությունը էական փոփոխություններ չմտցրեց Թուրքիայի սոցիալ–քաղաքական կյանքում: Ազգային հարցը ավելի սրվեց։ Հենվելով երկրի հետադիմական, ուժերի վրա՝ երիտթուրքերը ջանում էին պահպանել օսմանյան բռնապետությունը, ընդլայնել կայսրության սահմանները։ Մերձենալով կայզերական Գերմանիային՝ երիտթուրքական կառավարողները նպատակ ունեին նրա օգնությամբ իրագործել իրենց պանթյուրքական պլանները՝ զավթել Անդրկովկասը, հասնել Վոլգայի ափերը և Միջին Ասիա։ Պանթյուրքիզմը հռչակելով ազգային իդեալ նրանք հայտարարում էին, որ դրանով է արդարացվում Թուրքիայի մասնակցությունը համաշխարհային պատերազմին։ Որդեգրելով «Թուրքիան թուրքերի համար» նշանաբանը՝ երիտթուրքերը պետական քաղաքականության աստիճանի բարձրացրին պանթյուրքիզմի գաղափարախոսությունը։ Հայկական հարցը մեկընդմիշտ օրակարգից հանելու և պանթյուրքիզմի