(VII դ.) Ա–ին հիշատակում է Այրարատ նահանգում՝ չնշելով գավառը։ Ըստ Զորանամակի, Ա–ի զորաթիվը 500 հեծյալ էր։
«ԱՌԱՎՈՏ», քաղաքական, գրական շաբաթաթերթ (1924-ի հոկտեմբերի 22-ից՝ օրաթերթ)։ Հրատարակվել է 1909–24-ին (ընդհատվել է 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին), Կ. Պոլսում։ Եղել է Վերակազմյալ հնչակյան կուսակցության, 1920-ից Ազգային ազատագրական կուսակցության Կ. Պոլսի նահանգական վարչության, 1921-ի հոկտեմբերից Ռամկավար ազատական կուսակցության օրգան։ Խմբագիրներ՝ Մ. Սուրյան, Հրաչ Երվանդ, Մկրտիչ Կապրաշ, Ն. Մինասյան, Ե. Անդրեասյան։ Թերթն անդրադարձել է արևմտահայերի ազգային-ազատագրական հարցերին, դատապարտել թուրքական կառավարության հայահալած քաղաքականությունը։ «Ա.»–ի ելույթները առանձնապես սուր են դարձել 1920-ին, Հունաստանի ռազմական հաջողությունների շրջանում, ապա չափավորվել Թուրքիայի ռազմա–քաղաքական դրության կայունացման հետ, և թերթը արևմտահայերի ինքնորոշման պահանջը փոխարինել է ներքին ինքնավարության խնդրով (1863-ի սահմանադրության կիրառում)։ Դատապարտել է Ալեքսանդրապոլի պայմանագիրը և փետրվարյան ավանտյուրան։ «Ա.»–ի էջերում տպագրվել են նյութեր Սովետական Հայաստանի տնտեսական և մշակութային շինարարության մասին, բանաստեղծություններ, թարգմանություններ եվրոպական և ամերիկյան գրականությունից։ «Ա.»–ին աշխատակցել են Ե. Օտյանը, Հայկանուշ Մռաքը, Վ. Զարդարյանը, Մ. Նաթանյանը, Պ. Քեչյանը, Վ. Շահրիմանը, Վ. Թոթովենցը, Վ. Շուշանյանը և ուրիշներ։
«ԱՌԱՎՈՏ», քաղաքական, ազգային, գրական օրաթերթ։ Լույս է տեսել 1938–47-ին, Բեյրութում։ Խմբագիրն էր Հ․ Տևեճյանը։ Ունեցել է առաջադիմական կողմնորոշում։ Հանդես է եկել դաշնակցության դեմ, լուսաբանել սովետական կառավարության խաղաղասիրական քաղաքականությունը, Սովետական Հայաստանի տնտեսական ու մշակութային նվաճումները։ Հայրենական պատերազմի տարիներին փառաբանել է սովետական բանակի սխրագործությունները։ 1946–47-ին պայքարել է հանուն հայրենադարձության, անհրաժեշտ համարել հայերի համախմբվելը Սովետական Հայաստանում։
«ԱՌԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ», թերթ, օրգան ՀԿԿ Վարդենիսի շրջկոմի և աշխատավորների դեպուտատների շրջսովետի։ Լույս է տեսնում Վարդենիսում, հայերեն և ադրբեջաներեն։
Հրատարակվել է «Կարմիր Բասարգեչար» (1931–34), «Ստալինյան ուղի» (1935–56), «Բարձր բերքի համար» (1957–62), «Սևան» (1962–63) անուններով, 1963-ից՝ «Ա. հ.»։ Թերթը լուսաբանում է շրջանի գյուղատնտեսության, շինարարության, արդյունաբերության, ժողովրդական կրթության, առողջապահության և առևտրի խնդիրները։ Տպագրում է հոդվածներ և լուրեր միջազգային կյանքից, ՍՍՀՄ և ՀՍՍՀ կարևոր իրադարձությունների մասին։
ԱՌԱՓԻ (մինչև 1946՝ Օջախղուլի), գյուղ Հայկական ՍԱՀ Ախուրյանի շրջանում, Ախուրյան գետի աջ ափին, շրջկենտրոնից 7 կմ արևմուտք։ Ունի 1511 բնակիչ (1970), հայեր։ Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի և շաքարի ճակնդեղի մշակությամբ, բանջարաբուծությամբ։ Ա–ում գործում են միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, մանկապարտեզ, կապի բաժանմունք, բուժկայան։ Գյուղը հիմնադրել են Մուշի և Կարսի շրջաններից գաղթած հայերը 1720-ին։
ԱՌԱՓՆՅԱԿ, ծովի, գետի, լճի ափերը ողողումից, ապահովում ափով հարմար անցումը (քաղաքային Ա.), ծառայում են որպես անմիջական նավակառաններ, հեշտացնում են բեռների փոխանցումը, ինչպես և ուղևորների անցումը ափից նավ և հակառակը (նավահանգստային Ա․)։ Քաղաքներում Ա–ները գետերի, ջրամբարների ևն ափերով ձգվող փողոցներ են և մի կողմից սահմանազատված են քաղաքային կառույցներով կամ պուրակով և ճարտարապետական անսամբլի մաս են կազմում։ Քաղաքային մոնումենտալ Ա-ները սովորաբար երեսապատվում են ուղղահայաց կամ թեք շարված, պինդ խոշոր քարերով, ունենում են ցածրիկ եզրապատ, ձևավոր ճաղաշարք, ջուրն իջնող աստիճաններ։ Ա–ները կառուցվում են որպես հենապատեր, երբեմն՝ ցցաթմբեր։
(նկ․) Ծովակալության առափնյակի մի հատվածը Մեծ Նևայի ձախ ափին։ Լենինգրադ։
ԱՌԱՔԵԼ (ծն. և մահ. թթ. անհտ.), XIV դարի հայ մանրանկարիչ։ Ստեղծագործել է Սուրխաթում, Կաֆայում (Ղրիմ)։ 1347-ին և 1356-ին նկարազարդել է երկու Ճաշոց (Երուսաղեմի մատենադարան, ձեռ. № 22, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. № 7408)։ Նրան են վերագրվում նաև 1360-ի՝ Կաֆայում ծաղկված Ճաշոցի և Կոքսուում (Կաւքսու) ընդօրինակված XIV դ. ժողովածուի (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, №№ 7741, 8029) մանրանկարները։ Ա–ի արվեստին բնորոշ է գույների արտասովոր հագեցվածությունը, հատկապես շեշտված է մուգ կապույտի և մանուշակագույնի համադրությունը, որը ոսկու ժլատ օգտագործման միջոցով գունաշարին հաղորդում է հնչեղություն։ Հավասարապես տիրապետել է թե՛ երփնագրին և թե՛ գծանկարին։ Նա Ղրիմի այն լավագույն վարպետներից է, որ շարունակել է հայ մանրանկարչության ավանդույթները՝ մասնակիորեն կիրառելով նաև Ղրիմում հաստատված մյուս ժողովուրդների գեղանկարչության նվաճումները։ Ա-ի արվեստը խորապես ազգային է։
Գրկ․ Կորխմազյան Է․, Ղրիմի հայ մանրանկարիչ Առաքելը, «ԲՄ», 1962, № 6։
ԱՌԱՔԵԼ (Առաքել Գեղամեցի ծն. և մահ. թթ. անհտ.), XVI դ. վերջի և XVII դ. 1-ին կեսի հայ գրիչ և մանրանկարիչ։ Ծնվել է Վարսել (Վարսեր) գյուղում (այժմ ՀՍՍՀ Սևանի շրջանում)։ 1601-ին ընդօրինակած Ավետարանի (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. № 7555) հիշատակարանում մանրամասն տեղեկություններ է հաղորդում իր ազգատոհմի մասին։ Ապրել և ստեղծագործել է Կարինի գավառի Թըվանճ գյուղում, ուր 1588–1632-ին պատկերազարդած ձեռագրերից Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում են պահվում վեց Ավետարան (ձեռ. №№ 4100, 7555, 7633, 7634, 7646, 8931) և մեկ Սաղմոսարան (ձեռ. № 2660)։ Ա. հայ միջ–
(նկ․) «Արարչագործություն»։ Մանրանկարիչ Առաքել (Առաքել Գեղամեցի)։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. № 7634։