Առևտրական ընկերությունների շահույթը բաշխվում էր անդամների միջև՝ նրանց մասնակցության համեմատ։
Առևտրական ընկերությունների մի տարատեսակն էր խոշոր վաճառականների և մանր ու միջակ առևտրականների համագործակցությունը, երբ վերջիններս կնքված պայմանագրով դրամագլուխ էին ստանում հարուստ վաճառականներից և պարտավորվում շահեցնել այդ դրամագլուխը՝ ստացված շահույթը բաժանելով երկու մասի, մեկը՝ դրամատու վաճառականին և մյուսը՝ իրենց։ Երբեմն այդ շահույթը բաժանվել է երեք մասի, որից երկուսը ստացել է դրամատու վաճառականը, իսկ մեկը՝ շահեցնողը։ 18 – 19-րդ դդ. արևմտաեվրոպական կապիտալի անողոք մրցակցությունը, այնուհետև հայ առևտրական կապիտալի անշքացումը պատճառ դարձան հայ առևտրական ընկերությունների քայքայմանը։
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ, արտադրանքի իրացման ծախսերը։ Առևտրային ծախսերը մտնում են ապրանքային արտադրանքի լրիվ ինքնարժեքի մեջ։ Առևտրային ծախսեր են արտադրանքի առաքման, փոխադրամիջոցների, բեռնաթափման, ճանապարհային սակացույցների և այլ գանձումների ծախսերը, վաճառահանող կազմակերպություններին տրվող զեղչերը և այլն։ Առևտրային ծախսերի կազմի մեջ են մտնում նաև արտադրանքի աբրայի (տարա) և փաթեթավորման ծախսերը, երբ փաթեթավորումն արվում է պահեստ հանձնելուց հետո, ընդ որում, գնորդն աբրայի և փաթեթավորման արժեքի համար ավելին չի հատուցում, քան արտադրանքի մեծածախ գինն է։ Եթե արտադրանքը աբրայադրվում է արտադրամասերում, ապա փաթեթավորման ծախսերը հաշվառվում են ֆաբրիկա–գործարանային ինքնարժեքի մեջ։
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԾՈՎԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (ԽՍՀՄ), հաստատվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1968 թ.-ի սեպտեմբերի 17-ի հրամանագրով և գործողության մեջ դրվել 1968 թ.-ի հոկտեմբերի 1-ից։ Կարգավորում է բեռների, ուղևորների, ծանրոցների և փոստի ծովային փոխադրման, ինչպես նաև տնտեսական, գիտական և մշակութային նպատակներով նավերի օգտագործման հետ կապված հարաբերությունները։ Բաղկացած է 309 հոդվածից և բաժանված 19 գլխի։ Օրենսգրքի կանոնները չեն տարածվում ռազմածովային դրոշակով նավարկող նավերի վրա։ Եթե միջազգային որևէ պայմանագրով, որին մասնակցում է ԽՍՀՄ, սահմանվում են այլ կանոններ, քան օրենսգրքում է, կիրառվում են միջազգային պայմանագրի կանոնները։
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ, ապրանքային շրջանառության ոլորտում ներդրված կապիտալ։ Առևտրային կապիտալի առաջացման պայմաններն են պարզ ապրանքային արտադրությունը և դրամական շրջանառությունը։ Պատմականորեն նախորդել է կապիտալիստական արտադրաեղանակին և գործել ինքնուրույն, որպես միջնորդ՝ արտադրողների և սպառողների միջև։ Առևտրային կապիտալը քայքայելով բնատնտեսությունը, մանր ապրանքարտադրողներին, նպաստել է կապիտալի կուտակմանը և դրանով նախադրյալներ ստեղծել կապիտալիստական արտադրաեղանակի առաջացման համար։ Առևտրային կապիտալը մեծ դեր է կատարել կապիտալի նախասկզբնական կուտակման պրոցեսում։ Կապիտալիստական հասարակարգում առևտրային կապիտալը արդյունաբերական կապիտալի առանձնացված մասն է, որ իրագործում է ապրանքների իրացման ֆունկցիան՝ արագացնում արդյունաբերական կապիտալի պտույտը, որն ապահովում է շահույթի մեծացումը։ Դրա համար առևտրային կապիտալը ստանում է հավելյալ արժեքի մասը, որ նրան զիջում է կապիտալիստ արդյունաբերողը։ Հավելյալ արժեքի այդ մասը կազմում է առևտրական շահույթը։ Առևտրային կապիտալը, ընդգրկելով ապրանքաշրջանառության պրոցեսը, մեծ քանակությամբ ապրանքներ, ստեղծում է ֆիկտիվ պահանջարկ, որը խորացնում է խզումը ապրանքների արտադրության և իրացման միջև։ Դրանով առևտրային կապիտալը սրում է արտադրության հասարակական բնույթի և յուրացման մասնավոր ձևի միջև եղած հակասությունը։
Հայ պետականության ժամանակաշրջանում առևտրային կապիտալն ուներ գործողության լայն շառավիղ։ Պատմահայր Խորենացին հավաստում է, որ Արտաշես Ա թագավորի (մ. թ. ա. 189–160 թթ.) ժամանակ հայ վաճառականները աշխույժ գործունեություն էին ծավալել Սև և Կասպից ծովերի միջև ընկած ցամաքում և Միջերկրական ծովի շրջանում։ Նրանք առևտրական կապեր ունեին Չինաստանի, Հնդկաստանի, Բաբելոնի և Կապադովկիայի հետ։ Տարանցիկ առևտրի հանգույցներում են գարգացել և բարգավաճել Տիգրանակերտը, Դվինը, Անին, Կարինը, Կիլիկիայի վաճառաշահ հայ քաղաքները։ Միջնադարում հայ առևտրային կապիտաը Պարսկաստանի, Ռուսաստանի, Լեհաստանի և Շվեդիայի վրայով («Հայկական ճանապարհ») առևտրական կապեր էր հաստատել Հոլանդիայի և Անգլիայի հետ, իսկ Հնդկաստանից արաբական երկրներով և Փոքր Ասիայով անցել է Իտալիա և Ֆրանսիա։ Նշանակալից էր հայ առևտրային կապիտալի դերը Արևելքի և եվրոպական երկրների առևտրական կապերի ընդլայնման ասպարեզում։ Սակայն, պետականությունը կորցնելուց հետո այդ առևտուրը չէր նպաստում հայ ժողովրդի տնտեսական զարգացմանը։
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ, արտահանման և ներմուծման արժեքների հարաբերակցությունը որոշակի ժամանակամիջոցում (տարի, եռամսյակ, ամիս)։ Առևտրական հաշվեկշիռը կոչվում է ակտիվ, երբ արտահանումը գերազանցում է ներմուծմանը, և պասսիվ, երբ ներմուծումն է գերազանցում արտահանման չափերը։ Երբ ներմուծումն ու արտահանումը հավասարաչափ են, առևտրական հաշվեկշիռը կոչվում է նետտո–հաշվեկշիռ։ Առևտրական հաշվեկշռի նշանակությունը մեծ է տվյալ երկրի տնտեսության մեջ այնքանով, որքանով մեծ է առևտրական գործարքների տեսակարար կշիռը։ Առևտրական հաշվեկշիռը հիմնականում կազմվում է երկրի մաքսային վիճակագրության տվյալներով. ներմուծումը հաշվարկվում է ՍԻՖ (սկզբնատառերը անգլերեն cost, insurance, freight - գին, ապահովություն, բեռ բառերի), այսինքն՝ ապրանքների արժեքը, ներառյալ ապահովագրության ու փոխադրման ծախսերը գներով, իսկ արտահանումը՝ ՖՕԲ (FOB) բանաձևով (սկզբնատառերը անգլերեն free of board–ազատ է նավահանգստում բառերի), այսինքն՝ միայն ապրանքների արժեքն ու առաքման վայրում դրանց բեռնման ծախսերը։
Ապրանքային հաշվեկշռի վիճակով բնութագրվում է երկրի տնտեսության զարգացման և ուրիշ երկրների նկատմամբ նրա տնտեսական ինքնուրույնության աստիճանը։ ԽՍՀՄ ապրանքային հաշվեկշիռը ակտիվ է, թեև բացառված չէ նաև պասսիվ ապրանքային հաշվեկշիռ առանձին երկրների հետ։
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ Հայաստանում, Հայկական լեռնաշխարհը եղել է բնական կամուրջ Արևելքի և Արևմուտքի միջև։ Այստեղով են անցել Հին աշխարհի ռազմական և միջազգային քարավանային առևտրի ճանապարհները, որոնց իշխելու համար հարևան մեծ պետությունները հաճախ արյունահեղ պատերազմներ են մղել։
Հայկական լեռնաշխարհը հյուսիսից հարավ և արևմուտքից արևելք հատել են մի քանի հիմնական մայրուղիներ, որոնցից յուրաքանչյուրի նշանակությունը տարբեր ժամանակաշրջաններում փոփոխվում էր՝ ըստ քաղաքական, ռազմական, տնտեսական և այլ հանգամանքների։ Նրանցից հնագույնը Փոքր Ասիայից եկող և Եփրատ (Մելիտինե քաղաքի մոտ)–Արևմտյան Տիգրիսի հովիտ ու այնտեղից դեպի հարավ–արևելք՝ Իրանի խորքերը մտնող մայրուղին էր, որն Աքեմենյանների տիրապետության ժամանակաշրջանում մայրաքաղաք Շոշը միացնում էր Սարդեսի հետ և հայտնի էր Արքայական ճանապարհ անունով։ Մյուս մայրուղին գալիս էր Իրանից, Ջուղայի գետանցով մտնում Երասխի հովիտը, Հայկական լեռնաշխարհով անցնող ճանապարհների հանգուցակետը՝ Այրարատյան դաշտը։ Երևանում, Արմավիրում, Արտաշատում և այլ քաղաքներում խաչաձևվում էին Սև ծովի նավահանգիստներից եկող ճանապարհները։ Ազովի ծովի և Ղրիմի ափերին գտնվող Բոսպորի թագավորության նավահանգիստների՝ Տանայիսի, Պանտիկապեյոնի և այլ քաղաքների առևտրականները նավերով հասնում էին Դիոսկուրիա (Ցխումի, այժմ՝ Սուխում), Փասիս (այժմ՝ Փոթի), Տրապիզոն, Ամիսոս, Սինոպ, ապա ցամաքով՝ Երիզա (Երզնկա), Կարին, Բագավան, Զարեհավան քաղաքների վրայով մտնում Այրարատյան դաշտ։ Կողքիսից եկող ճանապարհը Զեկարի լեռնանցքով և Գոդերձական երկրով մտնում էր Կուր, Ախուրյան և Երասխ գետերի հովիտները։ Պոնտական թագավորության վերելքի շրջանում, Միհրդատ 4-րդի օրոք (մ. թ. ա. 111– 63 թթ.), մեծացավ Սև ծովի հարավային ափերի քաղաքների, հատկապես Ամիսոսի և Սինոպի նշանակությունը։ Փոքր Ասիայից եկող մայրուղին Երիզայի և Կարինի վրայով սկսեց անցնել Բագրևանդ, Ծաղկոտն ու Կոգովիտ գավառներով՝ մտնելով Այրարատյան դաշտը և Տափերական կամուրջով կապվելով Արտաշատի հետ։ Երվանդաշատը և Արմավիրը առաջնությունը զիջեցին Արտաշատին։ Արտաշատը, Երևանի միջոցով՝ Հրազդան և Աղստև գետերի հովիտներով կապվում էր Արմազի–Մցխեթայի՝ Վրաց աշխարհի նոր մայրաքաղաքի հետ։ Հելլենիստական ժամանակաշրջանում