որովհետև Ասորիքը նվաճել էին Եգիպտոսի մամլուքները։ Մոնղոլները մի քանի անգամ փորձեցին նվաճել այն և գրավել նաև քարավանային մեծ ճանապարհները հարավում, բայց անհաջողություն կրեցին։ Ուստի մեծացավ Ատրպատականի և Հայաստանի վրայով անցնող ուղու նշանակությունը, որ գալիս էր Արևելքից, հասնում էր Հեր (Խոյ) քաղաքը, որտեղ ճյուղավորվելով, ձգվում էր երկու ուղղությամբ, մեկը Հերի, Վանի, Բերկրիի, Արճեշի, Մանազկերտի, Խնուսի, Կարինի և Բաբերղի վրայով անցնում էր Տրապիզոն։ Կարինում այս ուղուց սկիզբ էր առնում մի այլ ճանապարհ, որը Երզնկայով, Սեբաստիայով և Սսով ձգվում էր դեպի Այաս։ Մյուսն սկիզբ էր առնում Արճեշից և Խլաթի, Բաղեշի, Դիարբեքիրի, Խարբերդի ու Մելիտինեի վրայով տանում էր դեպի Կիլիկիայի քաղաքները։ Հերից մինչև Կարին անցնում էր նաև մեկ այլ ճանապարհ՝ Հեր–Բագավան–Բոլորպահակ (այժմ՝ Հասան–կալա)–Կարին ուղեգծով։
Ծովային ճանապարհի հայտնագործումից հետո Հայաստանով անցնող տարանցիկ ճանապարհները կորցրեցին իրենց նշանակությունը։ XV դ. 2-րդ կեսից Եվրոպայի և Ասիայի միջև կատարվող առևտուրը մասամբ կատարվում էր Ռուսաստանի վրայով։ հատկապես կարևոր նշանակություն են ստանում Ռուսաստանի առևտրական կապերը Պարսկաստանի հետ։ Այդ կապերի զարգացման գործում մեծ դեր ունեին հայերը։
Գրկ․ Մանանդյան Հ., Հայաստանի գլխավոր ճանապարհները ըստ Պևտինգերյան քարտեզի, Ե., 1936։ Манандян Я., О торговле и городах Армении в связи с мировой торговлей древних времен, Е., 1954; Markwart J., Das Itinerar von Artaxsata nach Armastica auf der romischen Weltkarte, Wien, 1928.
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ, սովետական առևտրական մարմիններ, որոնք արտասահմանյան երկրներում իրականացնում են ՍՍՀՄ իրավունքներն արտաքին առևտրի մենաշնորհի ասպարեզում։ Ա. ն. իրավաբանական անձ չէ, նրա կատարած գործարքների համար պատասխանատուն պետությունն է։ Ա. ն. ղեկավարում է ՍՍՀՄ առևտրական ներկայացուցիչը, որին, ինչպես և տեղակալին, նշանակում և ետ է կանչում ՍՍՀՄ Մինիստրների սովետը։ Ա. ն–յան գործունեությունը վերահսկում է դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը։ Ա. ն–յան վրա տարածվում է դիվանագիտական անձեռնմխելիության սկզբունքը, իսկ նրա զբաղեցրած շենքը օգտվում է էքստերիտորիալության իրավունքից։
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՇԱՀՈՒՅԹ, 1. հավելյալ արժեքի մաս, որն արդյունաբերող կապիտալիստը զիջում է առևտրական կապիտալիստին՝ ապրանքների իրացման համար։ Ա. շ–ի աղբյուրը արդյունաբերական բանվորների ստեղծած հավելյալ արժեքն է, որն արդյունաբերողների և առևտրականների միջև բաշխվում է ըստ կանխավճարած կապիտալների։ 2. Սոցիալիզմի օրոք հավելյալ արդյունքի մի մասը։ Ա. շ. համախառն եկամտի (առևտրական զեղչերի ու վերադիրների գումարի) և շրջանառության ծախսերի տարբերությունն է։
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ, երկու երկրների միջև առևտրական հարաբերությունները կարգավորող փաստաթղթեր, լայն առումով՝ պայմանագրեր ու համաձայնագրեր, որոնք կարգավորում են միջպետական տնտեսական հարաբերությունները։ Լինում են 1. առևտրական պայմանագրեր (առևտրի և ծովագնացության, առևտրի և բարեկամության վերաբերյալ), 2.առևտրական համաձայնագրեր (ապրանքաշրջանառության և ապրանքների փոխադարձ մատակարարումների վերաբերյալ), 3. համաձայնագրեր վճարումների վերաբերյալ, 4. վարկային համաձայնագրեր, 5. տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության համաձայնագրեր։
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՎԱՐԿ, վարկի երկու հիմնական ձևերից մեկը կապիտալիստական հասարակարգում։ Ա. վ–ի դեպքում կապիտալիստները վաճառված ապրանքների համար միմյանց վարկ են տրամադրում՝ վճարումի տարկետման ձևով։ Ա. վ. կապիտալիստական ամբողջ վարկային համակարգի հիմքն է. զարգացման որոշակի մակարդակի հասած այդ վարկից է ծագել կապիտալիստական բանկիրային վարկը։ ՍՍՀՄ–ում Ա. վ. վերացվեց 1930-ի վարկային ռեֆորմով (տես Վարկ, Վարկային ռեֆորմ) և փոխարինվեց ուղղակի բանկային վարկով։
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ, բուրժուական մի շարք պետություններում օրենքների համակարգված ժողովածու, որը կարգավորում է առևտրական շրջանառության և կապիտալիստական ձեռնարկությունների սեփականատիրական գործունեության հետ առնչվող հարաբերությունները։ Ա. օ–եր գործում են այն երկրներում (Ֆրանսիա, Իտալիա ևն), որտեղ պահպանվել է մասնավոր իրավունքի դուալիզմը (առևտրական իրավունքի մասնատումը քաղաքացիականից)։
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿ, տես Բանկ։
ԱՌԵՎՏՐԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, տես Ֆրիտրեդերականություն:
«ԱՌԵՎՏՐԻ ԱՇԽԱՏՈՂ», շաբաթաթերթ, օրգան Հայկական ՍՍՀ առևտրի մինիստրության և Պետական առևտրի ու սպառ–կոոպերացիայի աշխատողների արհմիության հանրապետական կոմիտեի։ Լույս է տեսել 1966–70-ին, Երևանում։ Հրատարակել է հոդվածներ Հայաստանի և ՍՍՀՄ մյուս հանրապետությունների առևտրի փորձի ու կազմակերպման և սպասարկման կուլտուրայի բարձրացման մասին։
ԱՌԵՎՏՐԻ ԱՎՏՈՄԱՏ, սարք, որի մեջ մետաղադրամ կամ մետաղանիշ գցելուց հետո ապրանքն ավտոմատորեն մատուցվում է գնորդին։ Ա. ա–ներով վաճառվում են հեղուկներ (տաք կամ սառը)՝ բաժակների մեջ լցնելու միջոցով կամ շշերով, հատավաճառ ապրանքներ (փաթեթներով կամ տուփերով), մանր ապրանքներ՝ առանց փաթեթավորման (բացիկներ, լրագրեր, տետրեր, մատիտներ)։ Այդ ավտոմատների կոնստրուկցիաները խիստ բազմազան են սակայն նրանց սկզբունքային սխեմաները համարյա նույնն են։ Ավտոմատի մեջ գցված մետաղադրամը կամ մետաղանիշը ներգործում է լծակային մեխանիզմի վրա կամ միացնում էլեկտրական կոնտակտը, որի հետևանքով բանում է մատուցող մեխանիզմը։ Ա. ա–ները կազմված են, հիմնականում, իրանից, դրամն ընդունող մեխանիզմից, ապրանքների պահեստատուփային ու մատուցման հարմարանքներից և դրամատուփից։
ԱՌԵՎՏՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (ֆրանս. protectionnisme, < լատ. protectio – բառացի՝ քողարկում, ծածկում), կապիտալիստական պետությունների տնտեսական ձեռնարկումների համակարգ, որի նպատակն է սեփական արդյունաբերությունը կամ գյուղատնտեսությունը ներքին շուկայում օտարերկրյա մրցակցությունից պաշտպանելը, ինչպես նաև արտաքին շուկաներ զավթելը։ Ա. հ. ք–յան կարևոր զենք է մաքսային համակարգը։ Ա. հ. ք–յան նպատակները և բնույթը փոփոխվել են կապիտալիզմի զարգացման տարբեր ժամանակաշրջաններում։ Առաջացել է այսպես կոչված կապիտալի նախասկզբնական կուտակման փուլում և նպաստել արտադրության զարգացման կապիտալիստական ձևին։ Զարգացած կապիտալիզմի՝ ազատ
մրցակցության պայմաններում Ա. հ. ք. անի պահպանողական բնույթ, որովհետև խոչընդոտում է միջազգային առևտրի զարգացումը, արգելակում աշխատանքի միջազգային բաժանման աճը և դանդաղեցնում կապիտալիզմի զարգացումը՝ սահմանափակելով այն ազգային շրջանակներում: Այդ պատճառով զարգացած կապիտալիզմի երկրները անցան ազատ առևտրի համակարգին՝ ամբողջովին չհրաժարվելով Ա. հ. ք–ից։ Իմպերիալիզմի օրոք Ա. հ. ք. մոնոպոլիաների ձեռքում պաշտպանական միջոցից վերածվում է հարձակողականի՝ ներքին և արտաքին շուկաներում։ Հարձակողական Ա. հ. ք. անխզելիորեն կապված է «Տնտեսական ավտարկիայի» (տես Ավտարկիա) քաղաքականության հետ։
Ա. հ. ք. կապիտալիստների՝ առավելագույն շահույթի կորզման միջոց է և անխուսափելիորեն տանում է դեպի բանվոր դասակարգի և մայր երկրների ու գաղութների աշխատավորության նյութական դրության վատթարացումը։ Ա. հ. ք. խորացնում է իմպերիալիստական հակասությունները և սրում դասակարգային պայքարը։ Ա. հ. ք–յան օրինակ են «Եվրոպական տնտեսական համագործակցությունը» և ԱՄՆ–ի պրեզիդենտ Ռ. Մ. Նիքսոնի 1971-ի օգոստ. 15-ին առաջադրած միջոցառումները՝ դոլարը ճգնաժամից փրկելու կապակցությամբ, հատկապես ներմուծվող ապրանքների համար 10%-ի լրացուցիչ մաքսային տուրքի սահմանումը։
ԱՌԵՎՏՐԻ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅՈՒՆ ՀՍՍՀ, իրականացնում է մեծածախ և մանրածախ առևտրի ղեկավարությունը և քաղաքների ու բանվորական ավանների հասարակական սննդի կազմակերպման գործը Հայկական ՍՍՀ–ում։ Ա. մ–յան կազմի մեջ են մտնում առևտրի կազմակերպման և փորձի փոխանակման, արդյունաբերական ապրանքների, մթերային ապրանքների առևտրի, կոլտնտեսային շուկաների և այլ վարչություններ, հասարակական սննդի գլխա–