Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/550

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


(նկ․) Արմաշի սանիտարական մշակույթի թանգարանի շենքը։

(նկ․) Սան. ինքնաթիռը պատրաստվում է հերթական թռիչքի։

Աղ. 3. Սանատորա-կուրորտային
ցանցը ՀՍՍՀ–ում
1965 1971
Սանատորիաների թիվը 25 24
Մահճակալների թիվը 4245 5341
Հանգստյան տների թիվը 6 15
Մահճակալների թիվը 792 2192

և հատուկ սանլուստները։ ՀՍՍՀ–ում սանիտարական լուսավորությունը արագորեն զարգացավ 1940-ից։ 1971-ի տվյալներով գործում են 14 սանլուստներ: ՀՍՍՀ–ում բժշկական կադրեր պատրաստում են Երևանի պետական բժշկական ինստ–ը, Բժիշկների կատարելագործման ինստ–ը, բժշկական գիտահետազոտական 9 ինստ–ներ և բժշկական ուսումնարանը։ Զանազան բուժ–մասսսւյական միջոցառումների և բժշկական կադրերի պատրաստման գործում Ա–յանը մեծ օգնություն է ցույց տայիս Կարմիր խաչի ընկերությունը։ ՀՍՍՀ–ում Ա–յան բյուջեն կազմում է պետական բյուջեի 10% , բացի այդ, ներգրավում են պետական, կոոպերատիվ, արհմիութենական և այլ հասարակական հիմնարկությունների, ինչպես նաև կոլտնտեսությունների սեփական միջոցները։ Տարեցտարի ընդլայնվում է բուժկանխարգելիչ հիմնարկների ցանցը, որոնք հարստանում են ժամանակակից գործիքներով, սարքավորումներով և դեղանյութերով։

ՀՍՍՀ–ում Ա–յան և ֆիզիկական կուլտուրայի ծախսերի բյուջեն 1965-ին կազմել է 52,5 մլն. ռուբլի, 1970-ին՝ 87,7 մլն. ռուբլի, 1972-ին՝ 91,8 մլն. ռուբլի։

Աշխարհի երկրների միջև զարգացող սերտ հարաբերությունները հանգեցրել են Ա–յան բնագավառում միջազգային համագործակցությունների ընդլայնման: Ստեղծվել է Առողջապահության, համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)։ 1970-ի մայիսին կայացած ԱՀԿ XXIII սեսիան ընդունեց միջազգային Ա–յան զարգացման հիմնական սկզբունքները՝ հաշվի առնելով ԱՀԿ–ի անդամ–պետությունների ազգային, պատմական և սոցիալ–տնտեսական պայմանների առանձնահատկությունները։

Գրկ. Խրիմլյան Ա. Ի., Հայկական ՍՍՌ աշխատավորության առողջապահությունը Հոկտեմբերյան մեծ ռևոլյուցիայի 40-ամյակին, Ե., 1957։ Постановление КПСС и Советского правтельства об охране здоровья норода, М., 1958; 50 лет Советского здравохранения. 1917–1967 гг., М., 1967. Հ. Վարդանյան, Ռ. Հարությունյան

«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ», Հայկական ՍՍՀ առողջապահության մինիստրության երկամսյա հանդես։ Հրատարակվում է 1956-ից, Երևանում։ Լայն տեղ է հատկացնում առողջապահության կազմակերպմանը, համաճարակաբանությանը, հիգիենային, ինչպես նաև բժշկագիտության բազմաթիվ ճյուղերին (թերապիա, վիրաբուժություն, նյարդախտաբանություն, վարակիչ հիվանդություններ, մանկաբարձություն և այլն) վերաբերող գիտական ու հանրամատչելի նյութերին։ «Ա.»–ում լուսաբանվում են բժշկական տեխնիկան և նորագույն դեղամիջոցները, հատուկ էջեր են նվիրվում միջին բուժաշխատողներին, տրվում են իրավաբանական կոնսուլտացիաներ։ Հանդեսին կից հրատարակվում է հանրամատչելի հավելված, որտեղ տպագրվում են օգտակար խորհուրդներ, զրույցներ և հոդվածներ։ 1956–73-ին Ա–ի խմբագիրը եղել է Ռ. Փարսադանյանը։ Մ. Խաչատրյան


ԱՌՈՂՋԱՐԱՆ, սանատորիա (<լատ. sano – բուժում եմ, առողջացնում եմ), բուժկանխարգելիչ հիմնարկություն՝ նախատեսված այն հիվանդների համար, որոնք կարիք ունեն բնական բուժիչ միջոցների (կլիմա, հանքային ջրեր, բուժիչ ցեխեր), ինչպես նաև ֆիզիո-թերապիայի, բուժական մարմնամարզության և սննդաբուժության։ Առողջարանները լինում են՝ մեծահասակների, մանկական, մոր և մանկան, ըստ բուժման միջոցների՝ կլիմայական, ցեխային, ջրային կամ համակցված, ըստ հիվանդությունների՝ սիրտ–անոթային, ստամոքս-աղիքային, նյարդային, տուբերկուլոզային, հենաշարժական ապարատի ևն։ Ա–ները Եվրոպայում հիմնադրվել են XV դ. կեսերին, Ռուսաստանում՝ Պետրոս I օրոք։ Հայաստանում բուժիչ ջրերի վերաբերյալ ամենահին տեղեկությունը տվել է XIII դ. պատմիչ Ստեփանոս Օրբելյանը (Ջերմուկի հանքային աղբյուրների մասին), իսկ XIX դ. Ալիշանը տեղեկացրել է Արզնու «Քոսաղբյուր» ակունքի մասին։ Առաջին Ա. Հայաստանում բացվել է Դիլիջանում (1921), ապա՝ Արզնիում (1929)։ Ա–ի շենքերն ունենում են հիվանդների ընդունման, ննջարանային, բուժական, սննդի, կուլտսպասարկման և տնտեսական հարկւսբաժիններ։ Ա–ի համալիրում կարևոր են նաև արևաբուժման և օդաբուժման հարթակները, հանգստի և մարզանքի հրապարակները, պուրակները։ Ա–ի շենքի ճարտարապետությանը հատուկ է սերտ կապը բնության հետ, տարածական–ծավալային հորինվածքի և ձևերի ներդաշնակությունը կլիմային, տեղանքին ու բնանկարին։ Ա–ում բուժման տևողությունը 24 օրից մինչև երկու ամիս է (ըստ բուժման բնույթի), իսկ հենաշարժական ապարատի տուբերկուլոզի Ա–ներում անժամկետ է, մինչև հիվանդի ապաքինումը։ Գիշերային Ա–ներում կամ պրոֆիլակտորիաներում բուժվում են առանց արտադրությունից կտրվելու։ ՀՍՍՀ–ում Ա–ների ցանցն արագորեն ընդլայնվում Է, նոր Ա–ներ են կառուցվում Արզնիում, Դիլիջանում, Ջերմուկում, Կիրովականում, Հանքավանում, Արզականում և այլուր։ 1929-ին Հայաստանում գործում էր ընդամենը 2 (185 մահճակալով), 1966-ին՝ 25 (4300 մահճակալով), իսկ 1970-ին՝ 27 (5516 մահճակալով) Ա.։ ՀՍՍՀ Ա–ներից հայտնի են Արզնին՝ սիրտ–անոթային, Ջերմուկը և Հանքավանը՝ ստամոքս-աղիքային համակարգի, Դիլիջանը՝ կլիմայաբուժման համար։ Գ. Աղաջանյան, Մ. Միքայելյան

(նկ․) Երևանի Ս. Մ. Կիրովի անվ. քիմկոմբինատի պրոֆիլակտորիումը Աղվերանում։