Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է
ԱԳՐԵԳԱՏԱՅԻՆ 57

լճացումը։ Ընկնում են գյուղատնտեսական ապրանքների գները, վերանում է ռենտայի սովորական աղբյուրը (գերշահույթը)։ Ռենտան վճարվում է գյուղատնտեսական բանվորների աշխատավարձի, միջին շահույթի հաշվին, որն ավելի է երկարաձգում Ա. ճ.։ Նրանց տևականության վրա ազդում են նաև բնական պայմանների առանձնահատկությունները։ Պետական-մոնոպոլիստական կապիտալիզմի ժամանակ պետությունը ձեռնարկում է հակաճգնաժամային միջոցառումներ՝ ձգտելով սահմանափակել գյուղատնտեսական արտադրությունը և պահպանել գների մակարդակը։ Սակայն գյուղատնտեսական ապրանքների գների մակարդակը պահպանելու քաղաքականությունը դանդաղեցնում է արտադրությունը կրճատելու պրոցեսը։ Խոշոր տնտեսությունները միջոցներ ստանալով պետությունից ինտենսիվացնում են գյուղատնտեսական արտադրությունը։ ԱՄՆ֊ում 1965-ին՝ 1950-ի համեմատությամբ ցանքատարածությունները կրճատվել են 11%-ով, բայց հեկտարի միջին բերքատվությունն աճել է 46%-ով։ Շարունակվում է ապրանքային ավելցուկների կուտակումը, նվազում են ֆերմերների եկամուտները, ուժեղանում է մանր ու միջակ ֆերմերային ու գյուղացիական տնտեսությունների քայքայումը։

Զարգացած կապիտալիստական երկրներում գյուղատնտեսության տեխնիկական հեղաշրջումը բնակչության նվազող գնողունակությամբ հանդերձ ուժեղացնում է գերարտադրության ճգնաժամերի տենդենցը։ Կապիտալիզմի համաշխարհային շուկան ընդգրկող Ա. ճ֊ից մեծապես տուժում են տնտեսության միակողմանի զարգացմամբ երկրները, քանի որ մի կողմից սահմանափակ է նրանց արտահանած ապրանքների ցանկը, մյուս կողմից, նրանք ստիպված են ցածր գներով վաճառել իրենց արտադրանքը։

ԱԳՐԱՐԱՅԻՆ ՌԵՖՈՐՄՆԵՐ, տիրապետող քաղաքական իշխանության ձեռնարկումներ. նպատակն է փոփոխել ագրարային հարաբերությունները։ Ա. ռ֊ի սոցիալական բնույթը որոշվում է արտադրաեղանակով։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Լեհաստանում, Հունգարիայում, Ռումինիայում և մի շարք այլ երկրներում կատարված ռեֆորմները հիմնական գծերով հիշեցնում էին ստոլիպինյան ռեֆորմը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ժողովրդա֊դեմոկրատական երկրներում Ա. ռ. վերացրին կալվածատիրական հողատիրությունը և հիմք ստեղծեցին գյուղատնտեսության սոցիալիստական վերափոխության համար։ Այդտեղ հողը (բացի ՄժՀ֊ից) ազգայնացվեց մասամբ (տես Ազգայնացում)։ Աշխատավոր գյուղացիությանը տրվեցին կալվածատերերից ու կուլակային խոշոր տնտեսություններից բռնագրավված հողերը։ Հետագայում պետական֊հողատիրական տնտեսությունների և գյուղացիական արտադրական կոոպերացիայի հիման վրա գյուղում առաջ եկան սոցիալիստական արտադրական հարաբերություններ։

Ետպատերազմյան տարիներին Ա. ռ. մի շարք կապիտալիստական երկրներում (Ճապոնիայում՝ 1946–49-ին, Իտալիայում՝ 1950) ուղի հարթեցին գյուղատնտեսության մեջ կապիտալիզմի ավելի արագ զարգացման համար։ Զարգացող երկրներում, որտեղ գյուղատնտեսությունը ազգային էկոնոմիկայի կարևորագույն ճյուղն է, Ա. ռ. սերտորեն միահյուսվում են իմպերիալիզմի, նեոգաղութակալության դեմ մղվող պայքարին։ Ա. ռ. որպես համադեմոկրատական վերափոխումների կենտրոնական խնդիր, ըստ էության, որոշում են բնակչության հիմնական զանգվածների դիրքորոշումը ազգային֊ազատագրական հեղափոխության մեջ։ Գաղութակալությունից ազատագրված շատ երկրներում իշխանության գլուխ կանգնած ազգային բուրժուազիան, գյուղացիական շարժման ճնշման ներքո, ձեռնամուխ է եղել Ա. ռ֊ին։ Սակայն ռեֆորմը ոչ մի երկրում դեռ չի ավարտվել։ Առաջացել է բարդ, անցման տիպի բազմաձև տնտեսություն, որտեղ հիմնականը մանրապրանքային տնտեսությունն է, իսկ առաջատարը՝ կապիտալիստականը։ Նման պայմաններում գյուղական բուրժուազիան հավաքագրվում է և՛ ֆեոդալական֊կալվածատիրական միջավայրից, և՛ գյուղացիական վերնախավից։ Գյուղի ինքնագործ բնակչության հիմնական մասը կիսապրոլետարները և պրոլետարներն են։ Թեև ֆեոդալական հարաբերություններն այլևս տիրապետող չեն, հողագործական կապիտալիզմը դեռևս գտնվում է նախնական կուտակման փուլում, գյուղատնտեսության մեջ արդյունաբերական հեղաշրջումը միայն սկսվում է։ Այսպիսով Ա. ռ֊ի թափը զարգացող երկրներում պայմանավորված է ազգային֊ազատագրական հեղափոխության ընթացքով։ Այնտեղ, ուր Ա. ռ. չեն անցկացվել, իսկ նախակապիտալիստական հարաբերությունները դեռ մնում են որպես գյուղատնտեսության մեջ որոշիչ տնտեսաձև, պայքարը ծավալվում է կամ ողջ գյուղացիության հակաֆեոդալական միասնության լոզունգով (Աֆղանստան, Սաուդյան Արաբիա, Լիբիա, Հորդանան, Նեպալ, Եթովպիա, Լատինական Ամերիկայի առանձին շրջաններ), կամ էլ նահապետական գյուղական համայնքից կոոպերացիայի զանազան ձևերով (շրջանցելով կապիտալիզմը) ոչ կապիտալիստական զարգացման ուղուն անցնելու լոզունգով (Արևադարձային Աֆրիկայի շրջանները)։

Գրկ. Սովետական Միության կոմունիստական պարտիայի ծրագիրը, ընդունված ՍՄԿԿ XXII համագումարի կողմից, Ե., 1961։ ՍՄԿԿ XXIII համագումարի նյութերը, Ե., 1967։ Аграрные реформы в развивающихся странах и странах высокоразвитого капитализма, М., 1965; Основные законодательные акты по аграрным преобразованиям в зарубежных социалистических странах, в. 1—5, М., 1957–60; Социально-экономические последствия аграрных реформ и социальная структура деревни в раявивающихся странах Азии и Северной Африки, М., 1966. Մ. Ադոնց


ԱԳՐԱՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, պետական, քաղաքական և վարչական կազմակերպությունների ձեռնարկած միջոցառումների համակարգ՝ գոյություն ունեցող ագրարային հարաբերությունները պահպանելու կամ մասնակիորեն փոփոխելու նպատակով։ Շահագործողական հասարակարգերում իշխանությունները վարել են գյուղացիության կեղեքումը սաստկացնելու քաղաքականություն: XIX դ. երկրորդ կեսին ցարական Ռուսաստանում ճորտատիրության վերացումը դարձել էր տնտեսական անհրաժեշտություն՝ կապված կապիտալիզմի զարգացման հետ։ 1861-ի փետր. 19-ի օրենքով ցարիզմը փաստորեն ընդառաջում էր այդ օբյեկտիվ անհրաժեշտությանը և պայմաններ ստեղծում կապիտալիզմի զարգացման համար (տես Գյուղացիական ռեֆորմ 1861)։ Սակայն այդ օրենքը ըստ էության հակագյուղացիական էր, այն համապատասխանում էր կալվածատերերի շահերին և որոշ պայմաններ ստեղծում կապիտալիզմի զարգացման համար։ Ցարիզմի վարած Ա. ք-յան շնորհիվ Ռուսաստանում, բացառությամբ որոշ շրջանների, կապիտալիզմը զարգանում էր պրուսական ուղիով։ Նոր տնտեսաձևին անցնելու տևական այս պրոցեսը ուղեկցվում էր գյուղացիության պայքարով՝ ընդդեմ հողազրկման, հանուն ճորտատիրական մնացուկների վերացման։

XX դ. սկզբին Ռուսաստանում գործող քաղաքական կուսակցություններից յուրաքանչյուրն առաջ էր քաշում իր ագրարային ծրագիրը։ Կադետները պաշտպանում էին ցարական կառավարության Ա. ք., էսեռները պահանջում էին կալվածատիրական հողատիրության փոխարինում գյուղացիական հողատիրությամբ, մենշևիկները՝ հողի մունիցիպալացում։ Բոլշևիկների կուսակցությունը հետևողականորեն պաշտպանում էր հողի ազգայնացման ծրագիրը։

Սովետական իշխանությունը, հողի ազգայնացումից հետո ամրապնդելով բանվորների և գյուղացիների դաշինքը, վարում էր կուլակային տնտեսությունը սահմանափակելու քաղաքականություն, որը համատարած կոլեկտիվացման ժամանակ վերածվեց կուլակությունը որպես դասակարգ վերացնելու քաղաքականության։


ԱԳՐԵԳԱՏ (<լատ. aggrego — միացնում եմ), 1. տեխնիկայում. մի քանի զանազանատիպ մեքենաների ամբողջական միավորումը՝ համատեղ արդյունավետ աշխատանք կատարելու համար (օր. խողովակագլանման Ա.)։ Երբեմն նշանակում է նաև մեքենայի օժանդակ հանգույց կամ տարր։ 2. Երկրաբանության մեջ. ապար կազմող առանձին միներալների պարզ և բարդ միակցություն (օր. գրանիտը դաշտային սպաթի, քվարցի և փայլարի բարդ Ա. է)։ 3. Գյուղատնտեսության մեջ, հողային Ա., հողի՝ 1-ից մինչև 10 մմ տրամագծով կնձիկներ։ Գոյանում են հողի մասնիկների՝ ջրում չլուծվող ու կլանված կալցիում պարունակող գործուն հումուսով ցեմենտվելու հետևանքով և աչքի են ընկնում ամրությամբ (ջրում չեն տարրալուծվում)։


ԱԳՐԵԳԱՏԱՅԻՆ ՀԱՍՏՈՑ, բազմաիլային մետաղահատ հաստոց՝ նորմալացված հանգույցներից կազմված և անհատական հաղորդակներ ունեցող ուժային գլխիկներով, որոնք կատարում են իրենց վրա տեղակայված մետաղահատ գորիծքների