Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/571

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


տամ, ջրամբարների կառուցում) և անուղղակի (անասունների արածեցում) անթրոպոգեն ազդեցությունից։ Ա–ման օրինակներ են. սոճին հապալասենու հետ չոր և աղքատ հողերի վերգետնյա ծածկույթում, սոճին հապալասենու հետ ավելի խոնավ հողերում։ Անտառային և կերային հողահանդերը գնահատելիս հիմնվում են տիրապետող Ա–ների հատկությունների վրա, որոնց անվանումները սովորաբար տիրապետող բույսերի անուններով են կոչվում, օր. խոզանուկ–հապալասենի (Pinetumvacciniosum)։

ԱՍՈՑՈՒՄ (լատ. associo - միացնում եմ, կապում եմ), քիմիայում՝ մի քանի մասնիկների միացումը։ Տարբերում են մոլեկուլների Ա., երբ իրար են միանում մի քանի միատեսակ մոլեկուլներ [օրինակ՝ ] և իոնների Ա., երբ էլեկտրոլիտի լուծույթում գտնվող տարանուն լիցքավորված իոնները միանում են շնորհիվ էլեկտրաստատիկական ուժերի, օր. ։


ԱՍՊԱԶԻԱ (Էլզա Ռոզենբերգ, 1868–1943), լատիշ բանաստեղծուհի և թատերագիր։ Ծնվել է մարտի 4(16)–ին, Զալենիեկի գավառակի Դաուկնաս ագարակում։ Առաջին պիեսներում և «Կարմիր ծաղիկներ» (1897) բանաստեղծությունների ժողովածուում արտահայտել է դեմոկրատական գաղափարներ։ Այսպես կոչված «Նոր հոսանք»–ի ջախջախումից հետո Ա–ի ստեղծագործություններում առկա էր անկումային տրամադրությունը («Հոգու աղջամուղջ», 1901)։ 1905-ին ամուսնու՝ Յան Ռայնիսի հետ վտարանդվել է Շվեյցարիա (վերադարձել է Լատվիա 1920-ին)։ Վտարանդիության տարիներին Ա. հեռացել է սոցիալական թեմատիկայից («Արևոտ անկյուն», 1910, «Մի գիրկ ծաղիկներ», 1911)։ Մահացել է նոյեմբ. 5-ին, Դուբուլտիում։


ԱՍՊԱԿՈՒՆՅԱՑ ՁՈՐ, գավառ Մեծ Հայքի Տուրուբերան նահանգում։ Տարածվում էր Քաղիրթ (այժմ՝ Բաթմանսու) գետի վտակ Շատախի հովտում։ Գավառով էր անցնում Արտաշատ–Տիգրանակերտ ճանապարհը՝ «Արքունի պողոտան»։ Ա. ձ–ի անունը պահպանել է Սպական գյուղը Սասունում՝ Տալվորիկի ձորում։ Աղբյուրներում գավառի անունը գրվել է նաև Ասպականունյաց ձոր։


ԱՍՊԱՍԻԱ (Άσπασία) (մ. թ. ա. մոտ 470 - մահ. թ. անհտ.), նշանավոր կին գործիչ Հին Հունաստանում, Պերիկլեսի կինը։ Աչքի էր ընկնում խելքով, կրթվածությամբ և գեղեցկությամբ։ Նրա տանը հավաքվում էին նկարիչներ, բանաստեղծներ, փիլիսոփաներ (Ֆիդիաս, Անաքսագորաս, Սոկրատես, Պլատոն, Քսենոփոն և ուրիշներ)։ Մեղադրվել է անբարոյականության և աստվածանարգության մեջ, սակայն արդարացվել է։


ԱՍՊԱՐԱԳԻՆԱԹԹՈՒ, ամինասաթաթթու, ծնեբեկաթթու, ամինաթթու։ Ա. որոշակի քանակությամբ պարունակվում է բուսական, կենդանական սպիտակուցներում։ Ա. օրգանիզմում ազոտական նյութերի փոխանակության միջանկյալ միացություն է։ Հեշտությամբ սինթեզվում է կենդանի օրգանիզմներում։ Կարևոր նշանակություն անի ամինաթթուներից ամոնիակի առաջացման պրոցեսում, ինչպես նաև պուրինային և պիրիմիդային հիմքերի սինթեզման գործում։


ԱՍՊԱՐԵԶ, Ասպարես (պարսկ. aspares, asparez – ձիընթաց), արենա, 1. Հին Հայաստանում՝ հրապարակ, արձակ տեղ՝ ձիարշավարան, մրցադաշտ, մրցահրապարակ, մենամարտելու հրապարակ, կրկես, ստադիոն։ Հին Հռոմում՝ ավազապատ, կլոր կամ ձվածիր հրապարակ ամֆիթատրոնի կենտրոնում՝ գլադիատորների և գազանների մարտեր ներկայացնելու համար։ Հանդիսականներից բաժանված էր ջրով լցված խրամով կամ հատուկ ցանկապատով։ 2. Երկարության չափի միավոր։ Ա. տարբեր չափական համակարգերում կազմել է մղոնի 7, 7 1/3, 7 1/2, 8, 8 1/2 և 10-րդ մասերը։ Չափագետները անտիկ շրջանում և վաղ միջնադարում բազմաթիվ ժողովուրդների օգտագործած Ա–ի երկարությունները մետրականի վերածելիս հիմք են ընդունել հոոմեական–իտալական (միջին հաշվով 1480 մ) կամ փիլետերյան–հռոմեական մղոնը (միջին հաշվով 1598 մ) և այլ չափեր, որի հետևանքով Ա–ների համար ստացվել են տարբեր մեծություններ։ Հայկական աղբյուրներում Ա–ի համար նշված են տարբեր չափեր՝ 1/10 մղոն, 100 կրկնաքայլ, 300 կանգուն, 600 ոտնաչափ, 159,8 մ և 1/7 մղոն, 150 կրկնաքայլ, 450 կանգուն, 228 2/7 մ ևն։ Հին հայկական բոլոր չափական համակարգերում փիլետերյան–հռոմեական մղոնի 1/7-ը 228 2/7 մ է։ Այն օգտագործվել է հին և վաղ միջնադարյան Հայաստանում, ինչպես նաև Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում (տես նաև Ստադիոն)։ Ուշ միջնադարյան Հայաստանում Ա. եղել է 1/8 մղոն 125 կրկնաքայլ կամ միջին հաշվով 222,5 մ։ 3. Ժամանակակից կրկեսում (XIX դ. սկզբից)՝ 13,5 մ տրամագծով կլոր հրապարակ, ուր ցուցադրվում են կրկեսային ներկայացումներ։ Ա–ում են տեղի ունեցել «Արամյան թատրոնի» ելույթները։ Կրկեսային Ա. բազմիցս օգտագործվել է փորձառական թատերական ներկայացումների համար. Սոֆոկլես–Հոֆմանսթալի «Էդիպ արքա»–ն բեմադրվել է Բեռլինում Շամանի կրկեսում (1910, ռեժիսոր Ս. Ռայնհարդ), Շեքսպիրի «Մակբեթ»–ը՝ Պետրոգրադի Ս. Չինիզելիի կրկեսում (1918, ռեժիսոր Ա. Գրանովսկի, ձևավորումը Ա. Թամանյանի և Մ. Դոբուժինսկու), Ե. Կուզնեցովի սցենարով «Շամիլ»–ը՝ Լենինգրադի կրկեսում (1936, ռեժիսոր Վ. Մաքսիմով, նկարիչ՝ Գ. Ոուդի, Շամիլ՝ Վ. Փափազյան) ևն։ 4. Մրցասպարեզ, մարզական ասպարեզ, մարզական մրցումների, խաղերի, մասսայական ելույթների հատուկ սարքավորված վայր։ Լինում է տարբեր բնույթի՝ մարզադաշտ (վազքուղիներով բոլորվող ֆուտբոլի դաշտ, վոլեյբոլի, բասկետբոլի, ցատկերի, նետումների են հրապարակներ), մարզահրապարակ, մարզակենտրոն, ձիարշավարան։ Մրցասպարեզի մեկ կամ մի քանի կողմերում բարձրանում են հանդիսականների տրիբունաները։ Մրցասպարեզը սովորաբար ստադիոնի բաղկացուցիչ մասն է, կարող է լինել բացօթյա կամ շինության մեջ (մարզական մասնաշենք, մարզական պալատ)։ Մրցասպարեզը հնարավորություն է ընձեռում ձմռանը պատրաստել 400 մ երկարությամբ օղակաձև սահադաշտ։ Ռ. Վարդանյան

(նկ․) Երևանի կրկեսի ասպարեզը։


«ԱՍՊԱՐԵԶ», գրական ժողովածու, հրատարակվել է 1912–13-ին, Ալեքսանդրապոլում։ Խմբագիր (կազմող)՝ Նորդ (Մարուքե Խաչատրյան): Լույս է տեսել 6 գիրք։ Հիմնականում տպագրել է հայ սկսնակ գրողների բանաստեղծություններն ու պատմվածքները, թարգմանություններ ռուս և եվրոպական գրականությունից։


ԱՍՊԵՆԴՈՍ, քաղաք Ծովային Կիլիկիայում, Անթալյա քաղաքից 45 կմ արլ., Քյոփրյու–չայ (Եվրիմեդոն) գետի ձախ ափին։ Հին շրջանում, գտնվելով տարանցիկ ճանապարհների հատման կետում, քաղաքը բարգավաճել է։ Ա–ի ավերակներում դեռ երեում են հելլենիստական ոճով կառուցված թատրոնը, որն ունեցել է 15 հզ. տեղ, դպրոցը, նեկրոպոլիսը, բազիլիկան, մարզադաշտը, ջրատար ուղին և այլ շինություններ։ Ա. նշանավոր էր իր օլիմպիական խաղերով։ Հռոմեական կայսրության ժամանակ, որպես «ազատ քաղաք», ուներ դրամ հատելու իրավունք։ Ա–ում գտնված ղրամների վրա պատկերված են օլիմպիական խաղեր։ Միջին դարերում քաղաքը կորցրել է իր նշանակությունը՝ վերածվելով ավանի։ 1188-ին Ա. գրավել է Կիլիկիայի Հայոց թագավոր Լևոն Բ։ Այն վայրը, ուր գտնվել է երբեմնի Ա., այժմ կոչվում է Բելքիս և բնակեցված չէ։ Ամեն տարի, որոշ օրեր, Ա–ի ավանդական թատրոնում տեղի են ունենում թատերական ելույթներ և ըմբշամարտի մրցումներ։

Գրկ. Ալիշան Ղ., Սիսուան, Վնտ., 1885։ Մ. Ճևահիրճյան


ԱՍՊԵՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, պալատական–ասպետական ուղղություն XI–XIV դարերի եվրոպական գրականության մեջ։ Սկզբնավորվել է միջին Ֆրանսիայի ֆեոդալական պալատներում (դղյակներում), որի համար էլ կոչվել է նաև կուրտուազական գրականության (ֆրանս. cour - պալատ)։ Ա. գ. ունեցավ երկու ժանր՝ ասպետական քնարերգություն և ասպետական վեպ։ Ասպետական քնարերգությունը ծաղկում ապրեց և կատարե-