Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/574

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Կլիման արևադարձային մուսոնային է, տարեկան 2000 մմ (Ասսամի լեռներում՝ 10000 մմ-ից ավելի) տեղումներով: Բնակչության 80% զբաղվում է գյուղատնտեսությամբ: Մշակում են թեյ, ջութ, բրինձ, ինչպես նաև ծխախոտ, բամբակ, շաքարեղեգ, գոնգեղ, մանանեխ, մրգեր, բանջարեղեն: Կան սննդի և թեթև արդյունաբերության ձեռնարկություններ: Արդյունահանվում է նավթ, քարածուխ և սիլիմանիտ:

ԱՍՍԱՄԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, Հնդկաստանի հյուսիս արևելքում ապրող ժողովրդի՝ ասսամների գրականությունը: Գրավոր ամենահին հուշարձանը 13-րդ դ., բանաստեղծ Հեմ Սարասվաթիի «Պրախլադչարիթա» պոեմն է: Հետագայում ասսամական մշակույթը կարևոր տեղ է գրավել հնդկական բազմալեզու գրականության մեջ: 14 16-րդ դդ. մեծ ճանաչում են գտել բանաստեղծ Մադհավ Կանդալին և կրոնա–ռեֆորմատորական շարժման պարագլուխ, ասսամական թատերգության հիմնադիր Սանկարդևը: 18–19-րդ դդ., արտաքին հարձակումների պատճառով, երկրի տնտեսական և մշակութային կյանքը անկում է ապրել: 19-րդ դ. երկրորդ կեսը նշանավորվել է լուսավորչական շարժման վերելքով, երևան են եկել գրական նոր ժանրեր՝ պատմվածք, վեպ (Լ. Բեզբարուա, Ռ. Բարդոլոյ) և այլն: Ասսամական գրականության համար բնորոշ են անգլիական գաղութարարների դեմ գրված գործերը (Պ. Չոուդխուրի, «Հրաշեկ երգեր»): Սոցիալական պրոբլեմատիկան, հասուն հոգեբանությունը, իրականության ռեալիստական նկարագրությունն են տվել ասսամական ժամանակակից գրողներ Ս. Ա. Մալիկան, Չ. Կ. Գոգոյան, Բ. Կ. Բհաթաչարյին, Դինանաթհա Շարմին, Պ. Պհուկանան:

Գրականություն՝ История индийских литератур. пер. с англ., М., 1964. Ջ. Միրզաբեկյան


ԱՍՍՈՇԵՅԹԵԴ ՊՐԵՍ (Associated Press), ԱՄՆ–ի խոշորագույն տեղեկատու գործակալություններից, հիմնվել է 1848 թ.–ին: Ղեկավարման ապարատը կենտրոնացված է Նյու Յորքում: Յունայթեդ պրես ինտերնեշընալ գործակալության հետ վերահսկում է ամբողջ տեղեկատվության գործը ԱՄՆ–ում՝ ցուցաբերելով ընդգծված գաղափարական ուղղվածություն: Ասոշեյթեդ պրեսի նյութերի հավաքման, մշակման և տարածման ոլորտում զբաղվել է 100 հազ.–ից ավելի աշխատակից (1970 թ.): Ասոշեյթեդ պրեսի ինֆորմացիաներից օգտվել են 73 երկրների գործակալություններ (այդ թվում և ՏԱՍՍ–ը):

ԱՍՏԱՆԳՈՎ (իսկական ազգանունը՝ Ռուժնիկով) Միխայիլ Ֆեոդորովիչ (1900–1965 թթ.), ռուս դերասան: ՍՍՀՄ ժողովրդական արտիստ (1955 թ.): Ծնվել է հոկտեմբերի 21 (նոյեմբերի 3)–ին, Վարշավայում: Աշխատել է Մոսկվայի Հեղափոխության թատրոնում (1925-1927 թթ. և 1930–1941 թթ.), Մոսսովետի անվան թատրոնում (1943–1945 թթ.), 1945 թ.-ից՝ Վախթանգովի անվան թատրոնում: Լավագույն դերերից էին՝ Գրիգորի Գայը (Պոգոդինի «Իմ բարեկամը», 1932 թ.), Ֆեոդոր Տալանովը (Լեոնովի «Արշավանք», 1943 թ.), Մաթիաս Կլաուզենը (Հաուպտմանի «Արևամուտից առաջ»), Համլետը (Շեքսպիրի «Համլետ») և այլն: Նկարահանվել է կինոյում: Արժանացել է ՍՍՀՄ պետական մրցանակների (1948 թ., 1950 թ., 1951 թ.): Մահացել է ապրիլի 20-ին, Մոսկվայում:


ԱՍՏԱՊԱՏ, գյուղաքաղաք Վասպուրականի Նախճավան գավառում, Արաքսի ձախ ափին: Առաջին անգամ հիշատակում են Թովմա Արծրունին՝ Նախճավանի և Խրամի 705 թ.-ի կոտորածի առթիվ, և 12-րդ դ. Ստեփանոս Օրբելյանը՝ որպես գյուղ: Հետագայում այն բարգավաճելով դարձել է գյուղաքաղաք: 1604 թ.-ին Շահ–Աբբասը Աստապատի հայերին բռնությամբ գաղթեցրել է Պարսկաստան: 17-րդ դ. կեսերին Աստապատը վերականգնվել է և, ֆրանսիացի ճանապարհորդ Ժ. Տավեռնիեի վկայությամբ, մի փոքրիկ քաղաք էր, ուր կար 4 քարավանատուն և յուրաքանչյուր տուն ուներ իր աղբյուրը: 19-րդ դ. առաջին քառորդին պարսից թագաժառանգ Աբբաս–Միրզան ֆրանսիացի ռազմագետների խորհրդով Աստապատի տեղում կառուցել է ամրոց՝ ջրախրամով, իսկ բնակիչներին տեղափոխել փոքր–ինչ հյուսիս, ուր և հիմնվել է նույնանուն գյուղը: Ամրոցը կոչվել է Աբբասաբադ: 1827 թ.-ի հուլիսին ռուսական բանակը Ջիվանբուլաղի ճակատամարտում պարսիկներից գրավել է Աստապատը:

Աստապատում զարգացած են եղել առևտուրը և արհեստագործությունը: 14-րդ դ. վերջին այնտեղ հիմնադրվել է դպրոց, որտեղ դասավանդել են Գրիգոր Տաթևացու աշակերտները: 17-րդ դ. Աստապատում գրվել են մի շարք ձեռագրեր: Տավեռնիեի վկայությամբ, Աստապատը միակն էր, որ արդյունահանում էր ռոնաս (Ronas) կարմրաներկի արմատը, որով Պարսկաստանում և Հնդկաստանում կտավ էին ներկում: 19-րդ դ. գյուղը հայտնի էր իր կավագործությամբ: 19-րդ դ. վերջին գյուղն ունեցել է 391 տուն (60-ը պարսիկներ), շուրջ 3400 բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ՝ բամբակի մշակությամբ, շերամապահությամբ, այգեգործությամբ: 20-րդ դ. սկզբներից Աստապատի հայ բնակիչներն աստիճանաբար գաղթել են, տեղում բնակություն են հաստատել ադրբեջանցիները: ՍՍՀՄ–ի և Իրանի 1963 թ.-ի հուլիսի 27-ի պայմանագրով, Արաքսի ջրամբարը կառուցելիս, գյուղի բնակիչները ապաբնակեցվել են, տարածքն անցել է ջրի տակ: Աստապատում է ծնվել նշանավոր հայագետ Մ. Խ. Աբեղյանը:

Աստապատի հուշարձաններից է Սուրբ Վարդան վանքը, որտեղ, ըստ ավանդության, պատանքվել են (աստ պատել են, այստեղից էլ, ըստ ժողովրդական ստուգաբանության, առաջացել է գյուղի Աստապատ անունը) Ավարայրի ճակատամարտի նահատակները: Վանքը բաղկացած է եկեղեցուց և գավթից: Քառամույթ եկեղեցին (17-րդ դ.) ունի բարձր գմբեթ, երկու ավանդատուն, երեք մուտք: Կառուցված է քարից (ստորին մասը) և թրծած աղյուսից, ներսից սվաղված է և ունի որմնանկարներ: Գավթի մեջ բացվող արևմտյան մուտքի ճակատին պատկերված է տիրամայրը՝ Հիսուսը գրկին: