Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/585

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դիտարանը և Փարիզի աստղաֆիզիկական ինստիտուտը Ֆրանսիայում, Օնդրժեյովի աստղագիտական ինստիտուտը Չեխոսլովսւկիայում, Կոնկոլի աստղադիտարանը Հունգարիայում, Քեմբրիջի և Ջոդրել–Բենկի ռադիոաստղադիտարանները Մեծ Բրիտանիայում, Պարկսի ռադիոաստղադիտարանը Ավստրալիայում ևն։

Պատմական տեղեկանք։ Անզեն աչքով երևացող աստղերը արդեն մ. թ. ա. II դ., ըստ պայծառության, բաժանվել են 6 դասերի (աստղային մեծություններ)։ Այդ բաժանումը հետագայում ճշգրտվեց և տարածվեց ավելի թույլ աստղերի, ինչպես նաև ճառագայթումների ընդունման ոչ վիզուալ եղանակների վրա և, ըստ էության, դրվեց ժամանակակից աստղալուսաչափության հիմքում։ Մինչև աստղադիտակի գյուտը նկարագրվել են արեգակնային հրվիժակները, պայծառ գիսավորները, Գալակտիկայում հայտնաբերվել են նոր և գերնոր աստղեր (մասնավորապես Կասիոպեայում գտնվող 1572 գերնորի մանրազնին դիտարկում են կատարել դանիացի Տիխո Բրահեն և պրագացի աստղագետ Հ. Հայեկը)։ Աստղադիտակի գյուտը հնարավորություն տվեց արժեքավոր տեղեկություններ ստանալ Արեգակի, Լուսնի և մոլորակների վերաբերյալ։ Վեներայի փուլերի (Գ. Գալիլեյ) և մթնոլորտի (Մ. Լոմոնոսով) հայտնաբերումը հսկայական նշանակություն ունեցան մոլորակների բնույթը հասկանալու համար։ Արեգակի սպեկտրում մութ գծերի մանրազնին հետազոտությունները (Յո. Ֆրաունհոֆեր, 1814) առաջին քայլերն էին երկնային մարմինների վերաբերյալ մասսայական սպեկտրալ տեղեկությունների ստացման ուղղությամբ։ Դրա կարևորությունը բացահայտվեց սպեկտրալ վերլուծության բնագավառում Գ. Կիրխհոֆի և Ռ. Բունզենի (Գերմանիա) կատարած աշխատանքներից հետո (1859–62)։ XIXtդ. 90-ական թվականների սկզբից աշխարհի խոշորագույն աստղադիտակների մեծ մասն ուներ ճեղքային սպեկտրոգրաֆներ (աստղերի բարձր դիսպերսիայով սպեկտրների ուսումնասիրման համար), ընդ որում, աստղերի ու երկնային այլ լուսատուների սպեկտրների լուսանկարումը կազմեց այդ գործիքների օգնությամբ կատարվող դիտումների ծրագրի հիմնական մասը։ Իրենց աշխատանքները դրան նվիրեցին ժամանակակից աստղաֆիզիկայի պիոներներ՝ Ա. Բելոպոլսկին (Ռուսաստան), Գ. Ֆոգելը (Գերմանիա), Ու. Քեմպբելը և Է. Պիկերինգը (ԱՄՆ) և այլք։ Նրանց հետազոտությունների շնորհիվ որոշվեցին բազմաթիվ աստղերի տեսագծային արագությունները, հայտնաբերվեցին սպեկտրալ կրկնակի աստղեր, գտնվեց ցեֆեիդների տեսագծային արագությունների փոփոխություն, դրվեցին աստղերի սպեկտրալ դասակարգման հիմքերը։

Լաբորատոր սպեկտրոսկոպիայի և ատոմների ու իոնների սպեկտրների տեսության (քվանտային մեխանիկայի հիման վրա) արագ զարգացումը XX դ. առաջին կեսին հանգեցրեց աստղային սպեկտրների մեկնաբանման հնարավորությանը և դրա հիման վրա աստղերի ֆիզիկայի և առաջին հերթին՝ աստղային մթնոլորտների ֆիզիկայի զարգացմանը։ Աստղային մթնոլորտներում իոնացման տեսության հիմքերը XX դ. առաջին քառորդում դրեց հնդիկ ֆիզիկոս Մ. Սահան։ XX դ. առաջին քառորդում տեսական Ա–ի հանդես գալը (որի հիմնադիրները համարվում են գերմ. աստղագետ Կ. Շվարցշիլդն ու անգլ. աստղագետ Ա. Էդինգտոնը) և նրա գլխավոր ուժերի կենտրոնացումը աստղային մթնոլորտների ֆիզիկայի և աստղերի կառուցվածքի վրա մեծացրին հետաքրքրությունը աստղային սպեկտրների ուսումնասիրության նկատմամբ։ Այդ պրոցեսը շարունակվեց մինչև դարի կեսը, երբ աստղագիտական հետազոտություններում սպեկտրալ հետազոտություններից բացի կարևոր դեր սկսեցին խաղալ ռադիոաստղագիտության, արտագալակտիկական աստղագիտության, ինչպես և արտամթնոլորտային աստղագիտության մեջ զարգացվող մեթոդները։ Գազային միգամածությունների սպեկտրների արգելված գծերի նույնացման և ռուս աստղագետ Վ. Ստրուվեի կողմից առաջին անգամ (1847) ուսումնասիրված միջաստղային կլանման հետազոտությունների ընդարձակման հետևանքով XXtդ. երկրորդ քառորդից սկսեց արագ զարգանալ միջաստղային նյութի ֆիզիկան, իսկ ռադիոաստղագիտության մեթոդները Ա–ի այդ բնագավառի համար բացեցին անսահմանափակ հնարավորություններ (չեզոք ջրածնի 21 սմ ալիքի երկարությամբ ռադիոճառագայթման դիտումներ ևն)։

Արդեն XX դ. 20-ական թվականներին, Է. Հաբլի (ԱՄՆ) աշխատանքների շնորհիվ վերջնականորեն ապացուցվեց սպիրալաձև միգամածությունների արտագալակտիկական բնույթը։ Երկնային այդ օբյեկտները՝ գալակտիկաները, որոնք աստղերի և միջաստղային նյութի հսկայական խառնակույտեր են, ուսումնասիրվում են ինչպես օպտիկական, այնպես էլ ռադիոաստղագիտական մեթոդներով։ Երկու մեթոդներն էլ տալիս են միևնույն կարևորության և միմյանց լրացնող տեղեկություններ, չնայած վերջինս ստաց ված տեղեկությունների քանակով զիջում է առաջինին։ XX դ. 40-ակտն թվականների. վերջերից երկնքի լուսանկարման համար սկսեցին օգտագործել մեծ տեսադաշտով խոշոր աստղադիտակներ (Շմիդի և Մաքսուտովի աստղադիտակներ), որոնցով հնարավորություն ստեղծվեց կատարել գալակտիկաների և նրանց կույտերի մասսայական ուսումնասիրություններ: ԱՄՆ–ի Մաունթ Պալոմարի աստղադիտարանում (Վ. Բաադե, Ֆ. Ցվիկի, Ա. Սանդեյջ), ՀՍՍՀ ԳԱ Բյուրականի աստղաֆիզիկական դիտարանում (Վ. Համբարձումյան, Բ. Մարզարյան և ուրիշներ), Մոսկվայի Պ. Կ. Շտերնբերգի անվան աստղագիտական ինստիտուտում (Բ. Վորոնցով–Վելյամինով), ինչպես նաև Քեմբրիջի (Մեծ Բրիտանիա) ու Պարկսի (Ավստրալիա) ռադիոաստղադիտարաններում կատարված հետազոտությունները բացահայտեցին գաւակտիկաների ձևերի և նրանցում տեղի ունեցող ֆիզիկական երևույթների հսկայական բազմազանությունը։ 50-ական թվականների 2-րդ կեսին հայտնաբերվեցին գալակտիկաների կորիզների ակտիվության արտահայտություններ հանդիսացող հսկայական մասշտաբների պայթյունային պրոցեսներ։ Տեսական Ա–ի առաջ խնդիր դրվեց բացատրել դրանք։ 60-ական թվականների 1-ին կեսին հայտնաբերվեցին քվազիաստղային ռադիոաղբյուրներ (քվազարներ): Քվազարների և գալակտիկաների կորիզների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ դրանք իրենց բնույթով արմատականորեն տարբերվում են աստղերից, մոլորակներից և միջաստղային փոշուց կամ գազից։ Նրանցում դիտվող նոր երևույթներն այնքան ինքնատիպ են, որ դրանց նկատմամբ միշտ չէ, որ կիրառելի են գոյություն ունեցող ֆիզիկական պատկերացումները։ Այդ և մի շարք այլ հայտնագործությունների շնորհիվ Ա., ըստ էության, հեղափոխություն է ապրում, որը իր նշանակությամբ համեմատելի է Կոպեռնիկոսի–Գալիլեյի– Կեպլերի–Նյուտոնի ժամանակների հեղափոխությանը աստղագիտության մեջ և այն հեղաշրջմանը, որ ֆիզիկան ապրեց XX դ. 1-ին երեք տասնամյակներում։ Արտամթնոլորտային աստղագիտության զարգացումը զգալիորեն հարստացրեց մոլորակային աստղագիտության մեթոդները։ Լուսնի հակառակ կողմի լուսանկարումը (1959, ՍՍՀՄ), առաջին անգամ Լուսնի վրա գիտական սարքերի իջեցումը և լուսնային բնապատկերների ստացումը (1966, ՍՍՀՄ), մոտ տարածությունից նկարահանված Մարսի լուսանկարները (1965, ԱՄՆ), սովետական տիեզերական զոնդի հասցնելը Վեներայի մթնոլորտի ստորին շերտերը (1967, ՍՍՀՄ), տիեզերագնացների վայրէջքը Լուսնի վրա և լուսնային ապարների առա ջին անմիջական ուսումնասիրությունները (1969, ԱՄՆ), գիտական սարքերի փափուկ վայրէջքը Մարսի վրա (1971, ՍՍՀՄ). այդպիսին են առաջին փայլուն արդյունքները աստղագիտության այդ բնագավառում։

Արեգակնային համակարգի մարմինների ուսումնասիրությունները։ Մեծ մոլորակների մեջ առավել լրիվ ուսումնասիրված է Երկիրը՝ գեոֆիզիկայի հետազոտման առարկան։ Մնացած ութ մոլորակների մասին տեղեկությունները մինչև XX դ. կեսերը համեմատաբար սակավաթիվ էին։ Սակայն տիեզերական զոնդերի օգնությամբ կատարվող դիտումների վրա հենվող հետազոտությունների ընդլայնումը մոտ ապագայում հնարավորություն կտա փոխել այդ դրությունը։ Առանձնապես հետաքրքրական են մթնոլորտային ծածկույթ ունեցող մոլորակների սպեկտրալ հետազոտությունները։ Այդպիսի հետազոտություններով հաստատվել է մոլորակների մթնոլորտների բաղադրության արմատական տարբերությունների առկայությունը։ Մասնավորապես պարզվել է, որ Յուպիտերի մթնոլորտում հիմնական բաղադրիչը ամոնիակն է, վեներայի մթնոլորտում՝ ածխաթթու գազը, մինչդեռ Երկրի վրա գերիշխում են մոլեկուլային ազոտն ու թթվածինը։ Մարսի վրա խառնարանաձև մեծ կազմավորումների հայտնաբերումը («Մարիներ» տիեզերական զոնդերի օգնությամբ, ԱՄՆ) խնդիր է դնում ստեղծել մոլորակների և