Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/592

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


նկարիչ՝ Մարկոս Պատկերահան), № 351 (1619, Իլով, ծաղկող՝ Ղազար Բաբերդացի) և մի քանի այլ մանրանկարներ։ XV–XVII դդ. մատյանների պատկերազարդումներում թեմատիկ ցանկը ավելի ընդարձակ է և նախորդ դարերի արվեստին հատուկ պայմանական–խորհրդանշական սկզբունքների փոխարեն աստիճանաբար դրսևորվում են նոր ժամանակների նկարչական ըմբռնումները՝ հեռանկար, ծավալային արտահայտում, բնապատկեր ևն։

Ա. քրիստոնեական պաշտոներգության մեջ ծառայել է որպես ներշնչանքի և գրական խոսքերի մեծ մասի հիմնական աղբյուր։ Հայ հոգևոր երաժշտության մեջ թվերգով կատարվել են Ավետարանը (Նոր կտակարանից) և մարգարեական գրքերը (Հին կտակարանից), իսկ սաղմոսներն ու մարգարեական օրհնությունները նաև երգվել են։

Գրկ. Маркс К., Энгельс Ф., О религии, М., 1955; Լենին Վ. Ի., Կրոնի մասին, Ե., 1955; Զարբհանալյան Գ., Մատենադարան հայկական թարգմանությանց նախնյաց, Վնտ., 1889։ Անասյան Հ․, Աստվածաշունչ մատյանի հայկական բնագիրը, «Էջմիածին», 1966, № 11–12։ Մելքոնյան Հ., Աստվածաշնչի ասորերեն և հայերեն թարգմանությունների պատմությունից, նույն տեղում։ Իշխանյան Ռ., Ոսկանյան տպարանը Ա նրա հրատարակած Աստվածաշունչը, նույն տեղում։ Կոսիդովսկի Զ., Բիբլիական ավանդապատումներ, Ե., 1970։ Тер-Мовсесян М., История перевода Библии на армянский язык, СПБ, 1902. Փ. Անթաբյան, Ա. Գևորգյան, Հ. Հակոբյան, Ա. Ջեյթունցյան

ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆ Բաբկեն Աշոտի (1905–1960), սովետական պետական աշխատող։ ՍՄԿԿ անդամ 1937-ից։ Ծնվել է հունիսին, Կոտայքի շրջանի Քանաքեռ գյուղում (այժմ՝ Երևան քաղաքի շրջագծի մեջ)։ 1927-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը, ապա աշխատել որպես բժիշկ։ 1937-ին նշանակվել է ՀՍՍՀ առողջապահության ժողկոմ։ Հետագայում աշխատել է որպես ՀՍՍՀ ժողկոմխորհի, ապա Մինիստրների սովետի նախագահի տեղակալ (1940–43, 1948–51), Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և կուլտուրական կապերի հայկական ընկերության նախագահ (1951–53, 1955–56), Աշխատավորների դեպուտատների Երևանի քաղաքային սովետի գործկոմի նախագահ (1954–55)։ Եղել է ՀՍՍՀ IV գումարման Գերագույն սովետի դեպուտատ, ՀԿԿ Կենտկոմի անդամ։ Պարգևատրվել է Լենինի և այլ շքանշաններով։ Ա–ի անունը շնորհված է ՀՍՍՀ Աբովյանի շրջանային հիվանդանոցին։ Սահացել է սեպտ. 27-ին, Երևանում։


ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆ Թադևոս (1831–1906), հայ բառարանագիր, Երուսաղեմի միաբան։ Ծնվել է Արաբկիրում։ 1860-ին սկսել և 1867-ին ավարտել է «Համաբարբառ Հին և Նոր կտակարանաց» ստվարածավալ աշխատությունը (1895)։ Գլխաբառ–վերնագրի տակ բերել է Աստվածաշնչի գրեթե բոլոր բառերն իրենց նախադասություններով, նշել գործածության տեղը։ «Գալ» բառի համար բերված 1270 նախադասությունից երևում է, թե բառն ինչ իմաստներով ու ձևերով է կիրառված։ Վախճանվել է ապրիլի 1-ին։


ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ Ա ՀԱՄԱԴԱՆՑԻ, (ծն. թ. անհտ. – մահ. 1725), Էջմիածնի կաթողիկոս (1715-ից)։ Կաթողիկոսության շրջանում շինարարական աշխատանքներ է կատարել վանքում։ Ա. Ա Հ–ու խնդրանքով պարսից Թահմազ շահը, 1724-ին, հատուկ հրովարտակով Պարսկաստանում վերացրեց մահմեդականություն ընդունած հայերի բացառիկ իրավունքը հայրենական ժառանգության նկատմամբ։ Ըստ այդ իրավունքի, քրիստոնյա ընտանիքի մի անդամը, ընդունելով մահմեդականություն, դառնում էր այդ ընտանիքի միակ ժառանգորդը։ Նույն թվականին Ա. Ա Հ. վերացնել տվեց նաև գլխահարկի վրա կատէսրվող հավելվածական այն բարդումները, որոնց տրվում էր թաֆավութ–ե–ջիզյա անունը։ Այս առիթով նա երկիր վերադառնալու կոչ է ուղղել արևելահայ այն վաճառականներին, որոնք հիշյալ հարստահարությունների հետևանքով հաստատվել էին ուրիշ երկրներում։ Ա. Ա Հ. դրականորեն էր տրամադրված Դավիթ Բեկի գլխավորած ազատագրական շարժման հանդեպ։ Ռուսաստանի հետ կապերի համար ենթարկվել է պարսիկների հալածանքին։ Ա. Ա Հ–ուց մեզ են հասել մի շարք կոնդակներ։ Թաղվել է Հռիփսիմեի տաճարի զավթում։ Հ. Անասյան


ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ԱԲԵՂԱ (1387 – մահ. թ. անհտ.), հայ գրիչ և մանրանկարիչ։ «Որդի Ատոմի և Շաքար խաթունի»։ Վանական և գեղարվեստական կրթությունը ստացել է Ռշտունյաց երկրի Սուրբ Վարդան անապատում, իր մորեղբայր Հակոբ վարդապետից սովորել է «… զգիր, զծաղիկ, զոսկել և զկազմել և այլ բազում բարութիւն»։ Ձեռագրեր է ընդօրինակել Ակոռիի և Ոստանի վանքերում։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում են պահվում Ա. Ա–ի պատկերազարդած 1417-ի (ձեռ. № 4841) և 1419-ի (ձեռ. № 2670) Ավետարաններր, 1418-ի Մաշտոցը (ձեռ. № 4151)։ Ա. Ա. 1403-ին Անձնանապատում ընդօրինակել է մի Ոսկեփորիկ (Վիեննայի Մխիթարյան մատենադարան, ձեռ. № 705)։ Ընդօրինակություններ է կսւտարել կիլիկյան, հատկապես Սարգիս Պիծակի պատկերազարդած ձեռագրերից՝ փորձելով համակցել տեղական՝ Վասպուրականի մանրանկարչական դպրոցի և Կիլիկիայի XIV դ. գեղանկարչության ավանդույթները։ Ա. Ա–ի պատկերներին բնորոշ է մաքուր, վառ գույների (կարմիր, կապույտ, կանաչ, դեղին) և ռիթմիկ գծերի դաշնությունը։ Նրա մանրանկարներում արտացոլվել են ժողովրդական նիստ ու կացի առարկաները, տարազը ևն։

Գրկ. Երեմյան Ա., Մանրանկարիչ Աստվածատուր աբեղա, «էջմիածին», 1958, № 8։ Уваров А. С., Эчмиадзинская библиотека, в кн.: Пятый археологический съезд в Тифлисе, М., 1882, с. 368. Ա. Գևորգյան, Հ. Հակոբյան


ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ԳՐԻՉ (ծն. և մահ. թթ. անհտ.), XIVդ. հայ գրիչ։ «Որդի Հովհաննեսի և Տիկին Մայրի»։ Աշակերտել է Պողոս և Աստվածատուր վարդապետներին։ Աշխատել է Մոկաց սարի Ս. Գևորգ վանքի դպրոցում։ Նրանից պահպանված երկու Ավետարաններից մեկը գտնվում է Բրիտանական թանգարանում (ձեռ. № 2680)։ Մյուսը պահվել է Ագուլիսի Ս. Թովմա վանքում։ Ձեռագրի տեղն այժմ անհայտ է։ Ա. Մաթևոսյան


ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԵՑԻ (ծն. թ. անհտ. – մոտ 1748), հայ տպագրիչ, հրատարակիչ։ Տպագրական գործունեությունն սկսել է Կ. Պոլսում (1699-ից)։ Հրատարակել է կրոնական և աշխարհիկ մոտ 60 անուն գիրք, այդ թվում՝ Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» (1701–02), Սիմեոն Ջուղայեցու «Տրամաբանութիւն» (1728), Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանց» (1729), Դավիթ Անհաղթի «Գիրք Սահմանաց» (1731), նաև այբբենարաններ, Շարակնոցներ, տաղարաններ, օրացույցներ, ճաշոց ևն։ Ա–ի հրատարակություններն ունեն տպագրական բարձր արվեստ և գեղարվեստական լավ ձևավորում։ Ա. Կ–ու տպարանում աշխատել են բանաստեղծ Բաղդասար Դպիրը (սրբագրիչ) և տպագրիչի որդին՝ Հովհաննեսը, որը հոր մահից հետո դարձավ տպարանապետ (1748–76)։ Ապա տպարանն անցել է Արապյան տպագրիչների ընտանիքին (տես ԱրապյաններՌ. Իշխանյան


ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ՆԵՐՍԵՍՈՎԻՉ (Դեոդատ Ներսեսովիչ, Աստվածատուր Ներսիսյան, Աստվածատուր Լեհացի, 1647-1709), լեհահայ մանկավարժ, բառարանագիր, աստվածաբան։ Ծնվել է Յազլովիցում։ Հմուտ էր հայերենին, լատիներենին, լեհերենին, իտալերենին։ Գրել է հայերեն և լեհերեն։ Ուսանել է Լվովի հայոց պապական դպրանոցում (1665–68)։ Ծննդավայրում ուսումնարան բացելով՝ զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։ Եղել է Տրայանուպոլսի եպիսկոպոս։ Լեհահայոց առաջնորդ Նիկոլ Թորոսովիչի Մահից հետո, մինչև նրա հաջորդի՝ Վարդան Հունանյանի նշանակումը, վարել է թեմի առաջնորդական տեղապահի պաշտոնը (1681–86), իսկ Հունանյանի հրաժարումից հետո դարձել թեմի առաջնորդ (1698–1709)։ Գիտական լուրջ գործ է Ա. Ն–ի «Բառգիրք լատինացւոց և հայոց ի վերայ Աստուածսւշունչ և ժամակարգութեան գրոց հայոց եկեղեցւոյն» (1695) մեծածավալ բառարանը։ 1684-ին լեհերեն հրատարակել է մի ներբողական ճառ՝ նվիրված այն հաղթանակին, որ լեհերը տարան թուրքերի դեմ և ազատագրեցին Վիեննան 1683-ին։ Ալոյիսիոս Պիդուի «Սրբուհի Պալքերիա» լատիներեն ողբերգության համար 1668-ին, նույնպես լեհերեն, գրել է միջախաղեր՝ նախերգանքով ու վերջաբանով։ Ա. Ն–ի հայերեն անտիպ երկերն են՝ «Վիճաբանութիւնք աստուածաբանութեան», «Ծանօթութիւնք բարոյականից աստուածաբանութեանց» և «Արդարացութիւն եկեղեցւոյն հայոց»։ Ունի նաև թարգմանական գործեր։ Վերանայել ա լրացրել է լատինական Ծիսարանի հայերեն թարգմանությունը, լատիներենից լեհերեն է թարգմանել Լ. Սկուպոլիի «Հոգևորական պատերազմ» աշխատությունը։ Մահացել է Լվովում։ Հ. Անասյան