անկանոն, անվավեր) գրվածքներ, (տես Անկանոն գրքեր, Անվավեր գրքեր)։
Ա–ի մեջ ընդգրկված գրքերն ունեն տարբեր բնույթ ե բովանդակություն՝ կրոնա–առասպելաբսւնական (Ծնունդք, Ելք, Ղևտական, Մարգարէութիւնք, Աւետարանք, Յայտնութիւն ևն), պատմական, կենցաղային–ագգագրական (Ելք, Երկրորդումն օրինաց, Դատաւորք, Թագաւորութեանց Ա–Դ, Մնացորդաց Ա–Բ, Մակաբայեցւոց Ա–Դ, Բանք Ժողովողին, Առակք և Իմաստութիւն Սողոմոնի ևն), սոցիալ–տնտեսական, իրավական և փիլիսոփայական (Ելք, Ղևտական, Թիւք, Առակք և Իմաստութիւն Սողոմոնի, Դիրք սաղմոսաց Դաւթի, Մարգարէութիւնք), կրոնա–բարոյական (Երկրորդումն օրինաց, որի մեջ մտնում են Տասը պատվիրանները), սիրային–լիրիկական (Երգ երգոց) ևն։ Աշխարհի արարչագործության, աստվածային նախախնամության իր դոգմաներով, հնազանդության, համբերության, չարին բռնությամբ չհակառակելու, հույսը հանդերձյալ կյանքի վրա դնելու իր քարոզներով Ա. եղել և մնում է հրեական ու քրիստոնեական հավատների հիմնական պատվարը։ Հարստության, գողության, սպանության և այլ արատների վերացական դատապարտումը, որ նույնպես առկա է Ա–ում, չի փոխում նրա էությունը։ Ա–ի դոգմաները ենթակա չեն ռացիոնալ ապացուցման, այլ ենթակա են միայն հավատի։ Դրանց չհավատացողները կամ կասկածողները շարունակ ենթարկվել են դաժան հալածանքների։ Ամբողջ միջնադարի ընթացքում, Եվրոպայում Ա. իր կնիքն է դրել մարդկանց մտածելակերպի վրա, ծառայել է ֆեոդալների արտոնությունների, ինկվիզիցիայի, աշխատավորների շահագործման, կնոջ ստրկական վիճակի արդարացմանը։
Գիտությունը, հատկապես վերջին դարերում, աստիճանաբար բացահայտել է Ա–ի իսկական ծագումը և նրա տեղն ու դերը մարդկային մտքի պատմության մեջ։ Ա–ում ներկայացված դեպքերի ու դեմքերի մի մասը, այդ թվում և Քրիստոսը, առասպելական ծագում ունեն, իրական չեն։ Ա–ում նկատվել են բազմաթիվ ակնհայտ հակասություններ, չարդարացված կրկնություններ, տարրական սխալներ, պատմության և աշխարհագրության հավաստի տվյալներին չհամապատասխանող տեղեկություններ։ Այս հանգամանքը դժվարին դրության մեջ է դրել կրոնավորներին, որոնք հաճախ ստիպված են եղել ժողովրդին արգելելու Ա–ի ընթերցանությունը կամ դիմելու նրա այլաբանական մեկնաբանությանը։ Ա–ի մեջ մտնող գրվածքները հիմնականում հրեա և այլ ժողովուրդների ավանդությունների վերամշակումներն են, որոնք կատարվել են տարբեր ժամանակներում և տարբեր տեղերում՝ կրոնի զանազան սպասավորների կողմից։ Դրանք միայն հետո են միացվել, որով և Ա. ստացել է ժամանակակից տեսքը։
Իր կրոնական բովանդակությամբ հանդերձ, Ա. ունի մշակութային խոշոր արժեք։ Այն, նախ և առաջ, մի արժեքավոր աղբյուր է հրեա և այլ ժողովուրդների վաղ անցյալի (Հին կտակարան) և բուն իսկ քրիստոնեության ձևավորման (Նոր կտակարան) ոաումնասիրության համար։ Ա–ի մեջ որոշակի արտացոլում են գտել ժամանակի հոգևոր մակարդակը, ժողովրդի մտածելակերպը։ Նրա մի շարք գրքեր ունեն գեղարվեստական արժեք։ Այդ տեսակետից առանձնանում են հատկապես «Գիրք սաղմոսաց Դաւթի»–ն, «Երգ երգոց»–ը, ինչ պես նաև «Հնգամատյան»–ը (Ա–ի առաջին հինգ գրքերը)։ Ա. աչքի է ընկնում նաև ժանրային բազմազանությամբ (այստեղ կա էպոս, առասպել, առակ, հանելուկ, պոեմ, քնարական երգ ևն)։ Ա. նկատելի ազդեցություն է ունեցել համաշխարհային մշակույթի զարգացման վրա։ Տարբեր ժամանակներում տարբեր արվեստագետներ բազմիցս անդրադարձել են Ա–ի թեմաներին։ Ա. թարգմանվել է աշխարհի գրեթե բոլոր լեզուներով։ Հայերեն թարգմանվել է V դ., գրերի գյուտից անմիջապես հետո։ Սկզբնական աշխատանքները կատարվել են ասորական թարգմանության հիման վրա։ Վերջինս, սակայն, թերի ու անբավարար էր, ուստի հայերեն բնագիրը հետագայում լրացվել, սրբագրվել է հունական «յոթանասնից» թարգմանության հետ մանրակրկիտ համեմատությամբ։ Առաջինը թարգմանվել է Սողոմոնի «Գիրք առակաց»–ը, որն սկսվում է «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» հատկանշական տողերով։ Որոշ գիտնականներ ենթադրում են, որ «Գիրք սաղմոսաց»–ը հայերեն էր թարգմանվել նախքան գրերի գյուտը և պահպանվում էր բանավոր վիճակում։ Ա–ի հայերեն թարգմանությունը հիմնականում կատարել են Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը և նրանց աշակերտներ Եզնիկ Կողբացին, Հովսեփ Պաղնացին, Հովհան Եկեղեցացին, Ղևոնդ Վանանդեցին, Կորյունը։ Ա–ի հայերեն թարգմանությունն այնքան ստեղծագործական, բարեխիղճ ու հմտալից է եղել, որ նոր ժամանակներում համարվել է «թագուհի թարգմանությանց»։ Ա–ի հայերեն թարգմանությունը ժամանակին դիտվել է որպես պատմա–քաղաքական ու մշակութային խոշոր իրադարձություն և վայելել ոչ միայն եկեղեցական, այլև պետական իշխանության համակողմանի հովանավորությունը։
Ա. հայերեն լույս է տեսել բազմիցս։ Առաջին տպագրությունը, չափազանց դժվարին պայմաններում, կատարվել է 1666–68-ին, Ամստերդամում՝ Ոսկան Երևանցու և Մատթեոս Ծարեցու ջանքերով։ Այն ժամանակ դա պագրական մշակույթի ամենախոշոր երևույթներից մեկն էր ոչ միայն հայ իրականության մեջ։ Ա–ի քննական բնագրի լավագույն հրատարակությունն առ այսօր մնում է Հ. Զոհրապյանի կազմածը, որը լույս է տեսել 1805-ին, Վենետիկում։ Այս առումով կարևոր է նաև Ա. Բագրատունու հրատարակությունը 1860-ին, դարձյալ Վենետիկում։
Ինչպես համաշխարհային, այնպես էլ հին և միջնադարյան հայ արվեստն ու գրականությունը գաղափարական ու գեղարվեստական առնչություններ են ունեցել Ա–ի հետ։ Անմիջականորեն աստվածաշնչային թեմաների մշակումներով հանդես են եկել շատ հայ հեղինակներ՝ Գրիգոր Մագիստրոսը («Հազարտողեան»), Ներսես Շնորհալին («Յիսուս որդի»), Հովհաննես Թլկուրանցին («Տաղ Յովհաննու գլխատմանն»), Առաքել Սյունեցին («Ադամգիրք», «Դրախտագիրք»), Հակոբ Թոխաթցին («Սաղմոսարան»), Մարտիրոս Ղրիմեցին («Ողբ Երեմիայ մարգարէին») և ուրիշներ։ Հատկանշականը մշակումների ստեղծագործական մեթոդն է, թեմաների վերիմաստավորումն ու պատշաճեցումը ժամանակի ոգուն, քաղաքական և մշակութային պահանջներին։
Ա–ի թեմաներով ստեղծվել են թե՛ քանդակագործական, թե՛ գեղանկարչական բազմաթիվ պատկերներ։ Հնագույններից են II–IV դդ. վաղ քրիստոնեական արվեստի հուշարձանները (Հռոմի ստորգետնյա դամբարանների և Եգիպտոսի Էլ–Բագավատ տաճարի որմնանկարները, Ռավեննայի բազիլիկ եկեղեցիների խճանկարները, հունական «Բամբակե» Աստվածաշնչի մանրանկարները ևն)։ Ձեռագիր Ա–ներում, հատկապես X–XII դդ., պատկերները թեմատիկայով և դասավորությամբ ենթարկվում են որոշակի համակարգի։ Նախապատվությունը տրվում է մասնավորապես Նոյի, Աբրահամի ու Իսահակի, Ռեբեկայի, Եսավի ու Հակոբի, Հովսեփ Գեղեցիկի, Մովսեսի՝ կարմիր ծովով անցնելու, Հովնանի, Եզեկիելի տեսիլքի և այլ պատմությունների հետ կապված դրվագներին։
Ինչպես քրիստոնյա մյուս ժողովուրդները, հայերը ևս աստվածաշնչական նկարազարդումների մեջ իրենց ավանդն ունեն։ Մեզանում Հին կտակարանային թեմաների պատկերման առաջին նմուշները վերաբերում են III–VII դդ. (Աղցի դամբարան ևն)։ Սակայն Հին ու Նոր կտակարանների թեմատիկան առավել հարուստ և ամբողջական դրսևորում է ստացել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու որմնաքանդակներում և որմնանկարներում։ Հայկական ձեռագրերում միայն XII դարից հետո են հանդիպում նկարազարդ Ա–ներ, թեև X–XI դդ. ավետարանների մեջ տեղ է գտել Աբրահամի զոհաբերությունը։ Ընդհանրապես միջնադարյան հայ մանրանկարիչները ավելի հաճախ Ավետարան են պատկերազարդել, քան Ա.։ Բացի այդ՝ Հին կտակարանի թեմաներով նկարները տեղ են գտել Սաղմոսներում, Մաշտոցներում և ճաշոցներում։ Հայկական ձեռագրերի մեջ հնագույն պատկերազարդ Ա. Երուսաղեմի մատենադարանի № 1925 ձեռ. է, որ ընդօրինակվել է 1269-ին, Երզնկայում։ Այս ձեռագրի 38 մանրանկարները առանձնանում են ուրույն պատկերագրությամբ, նուրբ ու հարուստ երփնագրով և եզակի տեղ ունեն միջնադարյան հայ գեղանկարչության մեջ։ Տաղանդավոր նկարչի գործ են Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանի «Մասունք աստվածաշնչի» (ձեռ. № 4243, 1263–66) նկարազարդումները։ Պատկերազարդ Ա. մատյանները ավելի հաճախ են հանդիպում XIII–XVII դդ. ընթացքում։ Արժեքավոր են Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանի № 345 (1270, Դռներ, նկարիչ՝ Թորոս Ըռոբինանց), № 6230 (1314, Կիլիկիա, գրիչ՝ Մարտիրոս, նկարիչ՝ Ավագ, 1356–58), № 353 (1317, Գլաձոր, նկարիչ՝ Թորոս Տարոնացի), № 262 (13387, ծաղկող՝ Սարգիս Երեց), № 188 (1643, Կ.Պոլիս, ծաղկող՝ Հակոբ Ակնեցի), № 349 (1686, Կ. Պոլիս,