Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

րանների ընդհանուր թիվը մոտենում է 400-ի։ Բացառիկ նշանակություն ունեն, անշուշտ, հանրագիտական բառարանները։ Դրանցից առաջինը Արսեն Դպիր Կոստանդնուպոլսեցու «Գիրք Սահմանաց յոգնադիմի իրողութեանց»–ն է, որ լույս է տեսել Կ. Պոլսում, դեռևս 1749-ին։ XIX—XX դարերի հանրագիտական հրատարակություններից են Մկրտիչ Ավգերյանի «Լիակատար վարք և վկայաբանութիւն Սրբոց» (հ. 1—12, Վնտ., 1810—15), Մատթեոս Մաղաք-Թեոփիլյանցի «Կենսագրութիւն երեւելի արանց» (Վնտ., 1839), Մինաս Բժշկյանի «Համառօտ նկարագիր վարուց երեւելի արանց» (Վնտ., 1850), Նշան Ճփվանյանի «Առձեռն բառարան պատմական, աշխարհագրական և դիցաբանական յատուկ անուանց հաւելեալ հայկական յատուկ անուանք» (Կ. Պոլիս, 1879), Կարապետ Աքրըյանի «Պատկերազարդ Նոր Կաղանդչեք համառօտ կենսագրութիւն երեւելի արանց» (Վնտ., 1891), Սուքիաս Էփրիկյանի «Բնաշխարհիկ բառարան» (հ. 1—2, Վնտ., 1902–1907), Հայկ Տեր-Աստվածատրյանի «Բառարան հայ կենսագրությանդ» (Թ., 1904), Համբարձում Առաքելյանի «Հանրագիտական բառարան» (Թ., 1915), Մկրտիչ Պոտուրյանի «Հայ հանրագիտակ» (Բուխարեստ 1938) և այլ աշխատություններ։ կարևոր տեղեկություններ են պարունակում հայերեն տարեգրքերը, մասնավորապես՝ Թեոդիկի «Ամենուն տարեցույցը»։

Հայ բառարանագրության պատմության մեջ միանգամայն ուրույն տեղ ունի Մխիթար Սեբաստացու նախաձեռնությամբ ստեղծված «Բառգիրք Հայկազեան լեզուի» (հ. 1—2, Վնտ., 1749—69), որով ըստ էության դրվեց հայ բառարանագիտության հիմքը և կանխորոշվեց պատմական նոր հանգամանքներում հայերեն գիտական տերմինաբանության զարգացման ընթացքը։ Հայերենի գիտական տերմինաբանության մշակմանն իրենց բառարաններով մեծապես նպաստել են Ղևոնդ Ալիշանը, Նորայր Բյուզանդացին, Հարություն Դաղբաշյանը և ուրիշներ։

Հայոց լեզվի, ազգային բառարանագիտության, գիտական տերմինաբանության զարգացման նոր փուլ սկսվեց սովետական իշխանության տարիներին։ Մի կողմից ազգային պետականության վերականգնման շնորհիվ հայերենի պետական լեզու դառնալը, մյուս կողմից մշակույթի, գիտության ու տեխնիկայի աննախընթաց զարգացումը խթանեցին հայոց լեզվի բառարանային ֆոնդի հարստացումը։ Անհետաձգելի գործ դարձավ հայ ժողովրդի անցյալի լեզվագրական Ժառանգության մանրազնին քննությունն ու լեզվային նոր նյութի ընդհանրացումը և բառարանային դասակարգումը։ Վիթխարի այդ գործը հաջողությամբ պսակվեց Հրաչյա Աճառյանի, Մանուկ Աբեղյանի, Ստեփան Մալխասյանցի, ոչ հեռավոր անցյալի և ժամանակակից ուրիշ ականավոր լեզվաբան-բառարանագիրների համառ ջանքերի շնորհիվ և իր մարմնավորումը գտավ Սովետական Հայաստանում վերջին տասնամյակների ընթացքում հրատարակված բառարաններում։ Երկլեզու բառարանների շարքում առանձնահատուկ տեղ են գրավում ռուս-հայերեն և հայ-ռուսերեն բառարանները։ Միաժամանակ լույս են տեսել գիտության ու տեխնիկայի առանձին բնագավառներին վերաբերող տերմինաբանական երկլեզու, եռալեզու և այլ բառարաններ, որոնք ես մեծ ներդրում են ազգային մշակույթի մեջ։

1932—1936 թթ. կատարվել է հայերեն հանրագիտարան ստեղծելու փորձ, որը, սակայն, արդյունք չի տվել։

Երեսուն տարվա ընդմիջումից հետո նորից ծավալվեց հայերեն հանրագիտարան ստեղծելու աշխատանքը։

Ստեղծագործորեն կիրառելով հայ մշակույթի ավանդույթները, հենվելով նրա հարուստ փորձի ու կուտակած նյութի վրա, օգտվելով նրա նվաճումներից՝ ՀՍՀ բացում է հայերեն գիտատեղեկատու գրականության նոր, առավել բովանդակալից էջ, հայ իրականության մեջ դնում ժամանակակից հանրագիտական բազմաբնույթ հրատարակությունների հիմքը։ Որպես ազգային հանրագիտարան այն ավելի հանգամանորեն է լուսաբանում հայ ժողովրդի պատմական անցյալը, Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության ստեղծման ու զարգացման պատմությունը, նրա տնտեսության, գիտության ու մշակույթի նվաճումները։ Ընթերցողը հանրագիտարանում կգտնի հայ ժողովրդի հասարակական կյանքի և քաղաքական մտքի պատմության կարևոր իրադարձություններին, դեպքերին ու դեմքերին, Հայաստանի պատմական աշխարհագրությանը, տեղանուններին վերաբերող հարուստ տվյալներ, որոնք մեծ մասամբ առաջին անգամ են տեղ գտնում հանրագիտական գրականության մեջ։ Սակայն հայագիտական նյութը չի սահմանափակվում դրանով։ Ընդհանուր բնույթի հոդվածները նույնպես հաճախ պարունակում են հայ ժողովրդի պատմության ու մշակույթի այս կամ այն հարցին առնչվող հետաքրքրական տվյալներ։ Այսպես, «Աբիխ» հոդվածում հատկապես ընդգծվում է գերմանացի ականավոր երկրաբանի գիտական գործունեությունը՝ կապված Հայաստանի երկրաբանական ուսումնասիրության հետ, «Ագրոնոմիա» հոդվածում ցույց է տրվում, որ պատմական Հայաստանը եղել է կուլտուրական բույսերի մշակման բնօրրաններից, «Ամերիկայի Միացյալ Նահանգներ» հոդվածն ունի «Հայերը ԱՄՆ-ում» ենթագլուխ, որտեղ տրվում է ամերիկահայ գաղութի պատմությունը ևն։