Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


7 ՀՍՀ-ում տեղ են գտել ամենից առաջ հայագիտական այն տերմինները հոդվածները), որոնք այսօր էլ խիստ կարևոր են գիտության համար և կարող են հետաքրքրել ընթերցողին։ Ներկայացնելով հայագիտության տարբեր բնագավառները, այդ տերմինները և՛ պատմականորեն, և՛ տրամաբանորեն կապված են միմյանց հետ, լրացնում են իրար՝ ի վերջո նպաստելով հայագիտության բովանդակության ըստ ամենայնի բացահայտմանը։ ՀՍՀ-ում տրվող հայագիտական նյութն ամբողջությամբ նպատակ ունի ընթերցողին տեղեկություններ հաղորդել այնպիսի կարևոր հարցերի մասին, ինչպիսիք են հայ ժողովրդի կազմավորումը, անցած պատմական ուղին, պետականության ձևավորումն ու զարգացումը, սոցիալ-տնտեսական և հասարակական-քաղաքական կյանքը, պայքարն ընդդեմ օտարերկրյա բռնակալների, սոցիալիստական հեղափոխության շնորհիվ սոցիալական ու ազգային վերածնունդը, նրա ներդրումն արդի դարաշրջանի մարդկային քաղաքակրթության մեջ։

ՀՍՀ համակողմանի տեղեկություններ է տալիս Սովետական Հայաստանի պատմության, ՀԿԿ պատմության, հասարակական-քաղաքական կյանքի, տնտեսության, բնության, բնական հարստությունների, գիտության, տեխնիկայի, մշակույթի, արվեստի, գրականության, ինչպես նաև այդ բնագավառների նշանավոր մարդկանց կյանքի ու գործունեության վերաբերյալ։ Առանձին հոդվածներում հանգամանորեն բնութագրվում են հանրապետության ժողովրդական տնտեսության ճյուղերը, վարչական շրջանները, խոշոր ձեռնարկությունները, կառույցները, ուսումնական և գիտահետազոտական հաստատությունները ևն։

ՀՍՀ-ում զգալի տեղ են գրավում տեղանունները։ Բովանդակ աշխարհն ընդգրկող հազարավոր տեղանունների հետ միասին հատուկ ուշադրության առարկա է Հայաստանի պատմական աշխարհագրությունը՝ գավառներն ու «աշխարհները» (նահանգները), տեղական իշխանություններն ու թագավորությունները, քաղաքներն ու պատմական կարևոր իրադարձություններին առնչվող գյուղերը, ճարտարապետական նշանավոր հուշարձաններն ու կառույցները, լեռները, գետերը, լճերը ևն։ Հանրագիտարանում առանձին հոդվածներ են տրվում Սովետական Հայաստանի քաղաքների, գյուղերի և ավանների մասին։ Մեծ թիվ են կազմում նաև Արևմտյան Հայաստանի բնակավայրերի մասին հոդվածները։ Այդ հոդվածները, հնարավորության սահմաններում, ամփոփում են տվյալ բնակավայրի աշխարհագրական դիրքի, բնակչության կազմի ու զբաղմունքի, հանրածանոթ դեպքերի ու դեմքերի մասին արժանահիշատակ տեղեկություններ։ Բնակչության թվի վերաբերյալ տվյալները շատ դեպքերում ավարտվում են 1915-ով՝ եղեռնի տարեթվով։

ՀՍՀ տեղեկություններ է պարունակում հայ գաղթավայրերի պատմության, սփյուռքի հասարակական, մշակութային կազմակերպությունների, հայրենակցական միությունների և աչքի ընկնող գործիչների մասին։ Հանրագիտարանում ներկայացված են ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային պատմության, մշակույթի ու գիտության նշանավոր դեմքերը։

Միաժամանակ հարկ է նշել, որ ՀՍՀ իր առջև խնդիր չի դրել ընդգրկել (դա անհնարին կլիներ) այն ամենը, ինչ կապված է մեր ժողովրդի պատմության, սոցիալական կյանքի, մշակույթի ու գիտության հետ։

ՀՍՀ ընդհանուր բնույթի հոդվածներն ընթերցողին տեղեկություններ և գիտելիքներ են հաղորդում ամբողջ աշխարհի և մեր երկրի մասին, ծանոթացնում գիտության, տեխնիկայի ու մշակույթի ժամանակակից նվաճումներին, հասարակական կյանքում տեղի ունեցած տեղաշարժերին։ Բազմաթիվ հոդվածներ նվիրված են Սովետական Միության և սոցիալիստական երկրների ժողովուրդների պատմության կարևոր անցքերին, միջազգային բանվորական շարժմանը, ազգային-ազատագրական շարժումների գլխավոր իրադարձություններին, աշխարհի քաղաքական քարտեզում վերջին տասնամյակներում տեղ գտած փոփոխություններին։

ՍՍՀՄ միութենական հանրապետություններին, ինքնավար հանրապետություններին, ազգային օկրուգներին, երկրամասերին, վարչական մարզերին նվիրված հոդվածները հարուստ տվյալներ են պարունակում նրանց բնակչության զբաղմունքի և տնտեսության, ինչպես նաև գիտության ու մշակույթի զարգացման բնագավառում ձեռք բերած նվաճումների մասին։ Այդտեղ կոնկրետ փաստերով ցույց է տրվում ՍՍՀՄ ժողովուրդների եղբայրական փոխօգնությունը և համագործակցությունը տնտեսության, գիտության ու մշակույթի զարգացման ասպարեզում։

ՀՍՀ փաստերով և գիտականորեն լուսաբանում է մարքսիստական-լենինյան ուսմունքի նշանակությունը հասարակության կոմունիստական վերափոխության համար մղվող պայքարում, Սովետական Միության կոմունիստական կուսակցության առաջատար դերը, ցույց է տալիս սոցիալիստական հասարակարգի առավելությունը կապիտալիստականի նկատմամբ։

ՀՍՀ-ում զգալի տեղ են գրավում բնական ու տեխնիկական գիտությունների կարևոր պրոբլեմներին նվիրված հոդվածները։ Հարուստ տեղեկություններ են պարունակում մաթեմատիկային, ֆիզիկային, աստղագիտությանը, քիմիային, կիբեռնետիկային, տիեզերագնացությանը, ռադիո–էլեկտրոնիկային, ավտոմատիկային, երկրաբանությանը, տեխնիկային, ճարտարապետությանը,