Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/603

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Ավազակներ», 1880), Զեմլյանիկա (Գոգոլի «Ռևիզոր», 1883), Յագո (Շեքսպիրի «Օթելլո», 1884), Տարտյուֆ (Մոլիերի «Տարտյուֆ», 1890)։ 1890-ին նշվել է Ա–ի բեմական գործունեության 20-ամյակը։ 1891-ից տեղափոխվել է Բաքու, զբաղվել գրասենյակային աշխատանքով՝ երբեմն հանդես գալով ներկայացումներում։ Վերջին անգամ ելույթ է ունեցել Բաքվում, 1908-ին, արեելահայ նոր թատրոնի 50–ամյակի առթիվ, կատարել Զիմզիմովի դերը։ Ա. թարգմանել է մի շարք պիեսներ (Ա. Դյումա հոր «Քին», Գուցկովի «Ուրիել Ակոստա», Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը», Իբսենի «Նորա» ևն), որոնք հարստացրել են հայ թատրոնի խաղացանկը։ Մահացել է մայիսի 13 (26)–ին, Բաքվում։

ԱՎԱԿՈՒՄ ՊԵՏՐՈՎԻՉ (1620 կամ 1621–1682), ավագերեց, ռուսական հնածիսության հիմնադիր, գրող։ Պայքարել է պատրիարք Նիկոնի եկեղեցական վերանորոգումների դեմ։ Հալածվել է և աքսորվել։ Գրել է բազմաթիվ զրույցներ, քարոզներ, աստվածաբանական երկեր։ Հայտնի է նրա «Ավագերեց Ավակումի վարքը…» (1672–1675)՝ առաջին ինքնակենսագրական երկը ռուս գրականության մեջ։ Խարույկ է բարձրացվել 1682-ի ապրիլի 14-ին, Պուստօզերսկում (Արխանգելսկի երկրամաս)։

Երկ. Житие протопопа Аввакума, им самим написанное, и другие его сочинения, М., 1960.


ԱՎԱՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Աշտարակի շրջանում, Արագածի հարավային լանջին, շրջկենտրոնից 27 կմ հյուսիս–արևմուտք։ 615 բն. (1970), հայեր։ Ոչխարաբուծական սովետական տնտեսությունը (Լեռնարոտ և Օրգով գյուղերի հետ) զբաղվում է նաև հացահատիկի մշակությամբ և պտղաբուծությամբ։ Ա–ում գործում են ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Գյուղում պահպանվել են V դ. եկեղեցու, իսկ շրջակայքում՝ կիկլոպյան ամրոցի ավերակներ, դամբարաններ։


ԱՎԱՆ, Երևան քաղաքի հյուսիս–արևելյան թաղամասը, նախկինում Հայկական ՍՍՀ Կոտայքի շրջանի Ա. գյուղ։ Մ. թ. VI դարից հիշատակվում է որպես քաղաքավան։ 588–602-ին եղել է Դվինի կաթողիկոսությանը հակաթոռ, Հայաստանի բյուզանդական մասի քաղկեդոնական կաթողի կոսության աթոռանիստը։ Նշանավոր է իր ճարտարապետական հուշարձաններով (կաթողիկե եկեղեցի, կաթողիկոսարանի փլատակներ, V դ. Ա. Հովհաննես միանավ թաղածածկ եկեղեցի, X–XIII դդ. մատուռ, V–VII դդ. սյունաձև բազմաստիճան պատվանդանով կոթողներ, հնագույն գերեզմանոց, խաչքարեր)։ Հատկապես նշանավոր է Ա–ի կաթողիկե եկեղեցին, որ 588–597-ին կառուցել է Հովհան Բագարանցի կաթողիկոսը։ Դրսից՝ ուղղանկյուն, ներսից՝ քառաբսիդ աղոթասրահ, չորս անկյուններում շրջանաձև հատվածքի սենյակներ և այդ սենյակները աղոթասրահի հետ կապող նույն հատվածքի խորշեր ունեցող կառույց է։ Եկեղեցու կենտրոնական մասը և անկյունային սենյակները ծածկված են եղել գմբեթներով։ Ըստ Թ. Թորամանյանի, կաթողիկե եկեղեցու հինգ գմբեթն էլ դրսից տեսանելի են եղել։ Ա–ի եկեղեցին կառուցվածքով սեյսմակայուն, բարդ տարածական համակարգ է, որտեղ գմբեթի ու գմբեթարդների սեղմող ուժերը փոխանցվում են ութ որմնամույթերին, իսկ հրող ուժերը փոխադարձաբար մարում են միմյանց և մասամբ փոխանցվում պատերին։ Ա–ի կաթողիկեն ունի աստիճանավոր պատվանդան, խորշերով չջլատված արտաքին սրբատաշ տուֆակերտ պատեր, սահմանափակ թվով բացվածք ներ ու համեստ հարդարանք, իր կերպարով մոնումենտալ է, զուսպ ու վեհ։ Նրան մի առանձին արտահայտչականություն է հաղորդում արևմտյան ճակատի գեղեցիկ շքամուտքը (հյուսիսային մուտքը բացվել է հետագայում)։ Չորս աբսիդների և չորս անկյունային խորշերի հարուստ պլաստիկ մշակումը, մույթերով ստեղծված ուղղաձիգ ընդգծումները վերասլաց ու հանդիսավոր են դարձնում եկեղեցու ներքին տեսքը։ Ա–ի կաթողիկեի տիպի եկեղեցիները՝ Արամուսի Ծիրանավոր, Էմիածնի Հռիփսիմե, Սիսիանի Ս. Հովհաննես, Գառնահովիտի Ս. Գևորգ, Այգեշատի Թարգմանչաց վանք ևն, իրենց ծավալային լուծմամբ և կառուցվածքային համակարգով միջնադարյան եկեղեցական ճարտարապետության առավել բարդ ու կատարյալ օրինակներից են։ Ա–ի կաթողիկեն այս տիպին պատկանող թվագրված եկեղեցիներից հնագույնն է։ Ճարտարապետական այս տիպը ստեղծվել է Հայաստանում, VI դ., որպես Հայաստանի V–VI դդ. գմբեթավոր եկեղեցիների զարգացման արգասիք։ Եկեղեցին այժմ կիսավեր է, մասնակի վերանորոգվել է 1941-ին և 1968-ին։

Գրկ. Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, [հ. 1], Ե., 1942, էջ 288-89։ Ղաֆադարյան Կ. Գ., Ավանի երկլեզվյան ծածկագիր արձանագրությունը, Ե., 1945։ Նույնի, Պատմահնագիտական դիտողություններ Ավանի տաճարի վերաբերյալ, «ՊԲՏ», 1968, Токарский Н. М., Архитектура Армении IV–XIV вв., 1961; Еремян А. Б., К вопросу о датировке кафедральной церкви в Аване, «ԼՀԳ», 1969, № 3. Ա. Երեմյան

(նկ․) Ավանի կաթողիկե եկեղեցին։ Վերևում՝ հատակագիծը։


ԱՎԱՆ (հին պարսկ. avahana – բնակավայր բառից), Հին Հայաստանի խոշոր քաղաքները սովորաբար շրջապատվում էին արվարձաններով, որոնք մեծանալով վեր էին ածվում քաղաքից անկախ բնակավայրերի՝ Ա–ների։ Սրանց կապը քաղաքի հետ հիմնականում տնտեսական էր։ Ա–ների բնակչության գերակշռող մասը կախյալ գյուղացիներ, ճորտեր և ստրկության տարբեր աստիճանների վրա գտնվող անազատ մարդիկ էին։ Հայաստանում Ա–ները առանձնացան վաղ միջնադարից սկսած, երբ քաղաքների մերձակայքում գտնվող ագարակներն ու դաստակերտներն արվարձանների հետ միասին դարձան առանձին բնակավայրեր։ Ուշ միջնադարում Ա–ներում, հիմնականում, ապրում էին ազատ հողագործներ և արհեստավորներ։ Միջնադարում Ա–ները հարևան քաղաքների հետ ոչ մի առնչություն չունեին և կոչվում էին «ազատ քաղաք»։

ՍՍՀՄ–ում՝ քաղաքի սահմանագծից դուրս գտնվող բնակավայր (բանավան, ամառանոցային, կուրորտային, քաղաքատիպ Ա. ևն)։ Վարչա–տերիտորիալ համակարգի ստորին օղակներից մեկը։ Ա. Երեմյան


ԱՎԱՆ ՅՈՒԶԲԱՇԻ (մոտ 1670-1735), XVIII դարի առաջին քառորդի ազատագրական շարժումների ղեկավար գործիչ Ղարաբաղում։ XVIII դ. սկզբին պարսկական բռնատիրությունը, սոցիալական և ազգային ճնշման ուժեղացումը հայ ժողովրդական զանգվածներին մղեցին զինված ինքնապաշտպանության։ Պարսկաստանում սկսված հուզումները, հատկապես՝ աֆղանական ապստամբությունը և Սեֆևյանների հզորության թուլացումը ստեղծել էին նպաստավոր իրադրություն ազատագրական շարժումների համար Անդրկովկասում։ Հայերին առանձնապես ոգևորում էր Պետրոս I Պարսկական արշավանքը։ Ա. Ցոլ. 1717-ին հարազատների հետ Լոռուց տեղափոխվել է Վարանդա, հաստատվել Շոշ գյուղում, ամրացրել այն և դարձրել ռազմական հենարան։ Ա. Յու. այդտեղ կազմակերպել է զորախումբ, դարձել նրա «Յուզբաշին» (հարյուրապետը)։ 1722-ին ղեկավարել է Պետրոս Մեծին դիմավորելու նպատակով Գանձակում հավաքված հայկական զորախմբերից մեկը։ 1724–28-ի մարտերում գլխավորել է Ղարաբաղի հինգ մելիքությունների ռազմական ուժերը և եռանդուն ջանքեր գործադրել ռուսների օգնությամբ Հայաստանը ազատագրելու համար։ Դավիթ Բեկին օգնելու նպատակով, 1724-ի գարնանը, Ա. Յու. զորախմբով անցել է Ղափան և կռվել պարսկական դրածո խաների դեմ։ Ա. Յու. իրեն որպես քաջ զորավար է դրսևորել թուրքական զորքերի դեմ հայերի մղած 1725–28-ի մարտերում։ Նույն ժամանակ նա պարսից շահից ստացել է խանի և սպասալարի տիտղոսներ։ 1728-ին Ա. Յու. իր եղբոր՝ Թարխանի հետ, ռուսական հրամանատարությունից օգնություն ստանալու հույսով, գնացել է Բաքու։ 1729-ին տեղափոխվել է ռուսական տիրա–