տակումները։ Ա. տնօրինում են խոշորագույն բանկային մոնոպոլիաները։
Արդյունաբերող, առևտրական ու դրամատեր կապիտալիստները Ա. կենտրոնացնում են գլխավորապես խոշորագույն բանկերում, դա նպաստում է կապիտալի կենտրոնացմանն ու համակենտրոնացմանը, ուժեղացնում խոշոր կապիտալի տիրապետությունը։
Սոցիալիստական երկրներում կան Ա–ի ցպահանջ, ժամկետային, պայմանական, շահող և ընթացիկ հաշվում գտնվող տեսակներ. առավել տարածվածը ցպահանջ Ա. են։ Նրանք ընդունվում և տրվում են (լրիվ կամ մաս առ մաս) ավանդատուի պահանջով՝ ցանկացած ժամանակ։ Դրանց համար եկամուտ է վճարվում տարեկան 2% չափով։ Ժամկետային Ա–ի համար, որոնք ընդունվում են առնվազն 6 ամիս ժամանակով, վճարվում է տարեկան 3%: Շահող Ա–ի համար եկամուտը վճարվում է շահումների ձևով։ Դրանք խաղարկվում են տարեկան 2 անգամ։ Պայմանական Ա. ավանդատուներին տրվում են որոշակի պայմանների կատարման դեպքում, օր. բուհն ավարտելու, չափահաս դառնալու ևն։ Ավանդատուները Ա. ստանում են ավանդի սահմանված պայմանների կատարումը հաստատող փաստաթղթի հիման վրա։ Ա–ի գումարը և պահելու ժամկետը չի սահմանվում. դրանք աշխատավորության խնայողություններն են, որ պետությունն օգտագործում է սոցիալիստական ընդլայնված վերարտադրության նպատակով։
ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ, ժողովրդական բանավոր արձակի տեսակներից, կարճ հուշապատումներ տեղային նշանակություն ունեցող դեպքերի ու դեմքերի, առարկաների ու երևույթների մասին։ Ա–ները լինում են ստուգաբանական, բացատրական և վարքաբանական։ Տալիս են աշխարհագրական, պատմական, կենցաղային, կրոնական և այլ տեղեկություններ ու գիտելիքներ։ Լայն տարածում են գտել Նոյի տապանի, Պրոմեթևսի, Ալեքսանդր Մակեդոնացու, Լոխման հեքիմի, դոկտոր Ֆաուստի մասին Ա–ները։ Հայ ժողովուրդը ևս ստեղծել է ազգային Ա–ներ ու ավանդական զրույցներ։ Դրանք արտացոլում են մեր ժողովրդի հնամենի հավատալիքները, հասարակական կյանքն ու կենցաղը, պատմական բախտորոշ իրադարձությունները։ Հայտնի են Մհերի, Մեսրոպ Մաշտոցի, Վարդան Մամիկոնյանի, զորավար Անդրանիկի մասին Ա–ները։ Կան նաև բազմաթիվ Ա–ներ՝ Հայկական լեռնաշխարհի տարբեր բնակավայրերի, պատմական հուշարձանների, աշխարհագրական տեղանունների մասին։
Գրկ. Ղանալանյան Ա., Ավանդապատում, Ե., 1968։
ԱՎԱՆԴՈՒՅԹ, տրադիցիա (լատ. traditio – հաղորդում), 1. պատմականորեն կազմավորված և սերնդե սերունդ հաղորդվող սովորույթ, կարգ, վարքի չափանիշ։ Ամեն մի ժողովրդի, հասարակական կազմակերպության ևնի կյանքում ձևավորվում են Ա–ներ, առավել կամ նվազ կայուն՝ կապված այս կամ այն հանրության գոյության պատմական պայմանների և յուրահատկությունների հետ։ Գոյություն ունեն առաջավոր շատ Ա–ներ, օր. հայրենասիրական, որ առաջացել են հանուն ազատության և ազգային անկախության՝ ժողովրդի մղած պայքարի ընթացքում, ազգային, մշակութային Ա–ներ՝ կապված ժողովրդական տոնախմբությունների, երգիչների, նվագողների, գուսանների մրցությունների, մարզական մրցումների, խաղերի, ընտանեկան սովորույթների ևնի հետ։ Կան նաև հետադիմական, պահպանողական Ա–ներ՝ կապված օր. տոհմացեղային և ավատատիրական հարաբերությունների մնացուկների, ընտանիքում և հասարակության մեջ կնոջ իրավազուրկ վիճակը արտացոլող կենցաղային երևույթների ևնի հետ։ Հայ մշակույթը հարուստ է պատմականորեն կազմավորված Ա–ներով։ Տնտ. հիմնական զբաղմունքի՝ երկրագործության հետ առնչվող և ջրի կենսատու ուժը խորհրդանշող մոտիվները վաղնջական ժամանակներից մինչև մեր օրերը ամենաբազմազան ձևերով դրսևորվել են ժողովրդի կիրառական արվեստների՝ քարակոփության, գորգագործության, տարազի, մանրանկարչության, ժողովրդական հեքիաթների մեջ և այլ բնագավառներում։ Այն արտահայտված է Գեղամա լեռներում հայտնաբերված վիշապակերպ քարակոթողների (տես Վիշապ), տակավին միջնադարից հայտնի աղբյուր–հուշարձանների (Հաղպսւտ, Սանահին և այլուր) կառուցմամբ։ Աղբյուր–հուշարձաններ կառուցելու Ա. նոր ձևով վերակենդանացավ Հայրենական մեծ պատերազմի տարիներին և շարունակվում է առ այսօր՝ ջրի կենսատու և անընդհատ հոսքի միջոցով խորհրդանշելով հանուն Հայրենիքի ընկած մարտիկների հիշատակի հավերժությունը։ Հնագույն Ա–ներից են նաև գարնանը՝ կյանքի զարթոնքին, բերքամշակմանն ու բերքահավաքին նվիրված տոնախմբությունները, որոնք միաձուլվեցին ժամանակակից մայիսյան տոնակատարություններին (Մայիսի 1–2), բերքի, երգի, ծաղկի տոներին՝ ստանալով նոր իմաստ։ ժող. հարսանեկան հանդեսներից և կիրառական արվեստի զարդամոտիվներից լայնորեն հայտնի Կենաց ծառը վերապրում է Ամանորի (Նոր տարվա) տոնածառի մեջ։ Ժող. Ա–ները մասամբ պահպանվել են հարսանեկան, թաղման արարողությունների, հյուրասիրության, ուտեստեղենի պատրաստման, ավագության կարգի հարգման և այլ սովորույթների մեջ։ Դարեր ի վեր հայ ժողովրդի Ա–ներից է ակնածանքը գրի ու գրականության նկատմամբ։ 2. Պետության կողմից վավերացված Ա., որը վեր է ածվում սովորութային իրավունքի։ 3. Պառլամենտական Ա.։ Պառլամենտի նիստեր անցկացնելիս պահպանվող և սովորաբար ռեգլամենտով ամրապնդված սովորույթ (օր. գրեթե բոլոր պառլամենտներում առաջին նստաշրջանը բացում է տարիքով ավագ պատգամավորը)։
ԱՎԱՆԵՍՅԱՆ Ալֆոնսո (ծն. 1932), հայ նկարիչ։ Ծնվել է Թեհրանում։ 1950-ից ապրում է Հռոմում։ 1954-ին ավարտել է տեղի Գեղարվեստի ակադեմիան։ 1956-ին մասնակցել է Վենետիկի Բիենալեին։ Ստեղծել է նուրբ քնարականությամբ և թախծոտ տրամադրությամբ տոգորված բնանկարներ՝ «Պատուհանից» (1965), «Ճանապարհ Ապուլիայում» (1972), «Մեծ ծառեր» (1972), «Ծովը Ապուլիայում» (1972)։
ԱՎԱՆԵՍՈՎ Ռուբեն Իվանի (ծն. 1902), հայազգի սովետական ռուսագետ լեզվաբան, ՍՍՀՄ ԳԱ թղթակից–անդամ (1958), Մոսկվայի պետական համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնի պրոֆեսոր (1937)։ Ծնվել է փետրվարի 1 (14)–ին, Շուշիում։ Ա. ՍՍՀՄ ԳԱ ռուսաց լեզվի ինստ–ի պատմական քերականության և բառագիտության բաժնի վարիչն է, սլավոնագետների միջազգային կոմիտեին առընթեր ընդհանուր սլավոնական լեզվաբանական քարտեզագրքի հանձնաժողովի, ՍՍՀՄ ԳԱ լեզվի և գրականության բաժանմունքին կից բարբառագիտության ու լեզվի պատմության գիտական խորհրդի նախագահը։ Ա. հնչույթաբանության մոսկովյան ուղղության հիմնադիրներից է, գիտական աշխատությունները հիմնականում վերաբերում են ռուսերենի բարբառագիտությանը, լեզվաբանական աշխարհագրությանը, հնչույթաբանությանն ու հնչյունաբանությանը, կացութային ու պատմական քերականությանը, ուղղագրությանն ու ուղղախոսությանը։ Նրա ղեկավարությամբ ու խմբագրությամբ կազմվել և հրատարակվել են ռուսաց ժողովրդական մի շարք խոսվածքների երկու քարտեզագրերը։ Ա. ՍՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր է (1971)։
(նկ․) Ռ. Ի. Ավանեսով։
Գրկ. Очерк грамматики русского литературного языка, ч. 1, М., 1945 (соавтор В. Н. Сидоров); Очерки русской диалектологии, ч. 1, М., 1949; Фонетика современного литературного языка, М., 1956; Атлас русских народных говоров центр. областей к востоку от Москвы, ч. 1–2, ., 1957 (совместно с др.); Русское литературное произношение, 4 изд., М., 1968.
ԱՎԱՆԵՍՈՎ Վառլամ Ալեքսանդրի (Մարտիրոսով, Կարպիչ, իսկականը՝ Մարտիրոսյան Սուրեն Կարապետի) (1884–1930), սովետական պետական–կուսակցական ականավոր գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1903-ից։ Ծնվել է սեպտեմբերի 9-ին, Կարսի մարզի Կաղզվան քաղաքում։ Ակտիվորեն մասնակցել է 1905–07-ի հեղափոխությանը Հյուսիսային Կովկասում։ Խուսափելով ցարական խուզարկուների հետապնդումներից՝ 1907-ին, ծպտյալ (Արմենակ Ալեքսանդրի Ավանեսյանց անունով) մեկնել է Շվեյցարիա, ուր մնացել է մինչև 1913։ Այդ ժամանակից էլ նրան կուսակցության մեջ ճանաչում են Վառլամ Ավանեսով անունով։
(նկ․) Վ. Ա. Ավանեսով։