Շվեյցարիսւյում Ա. բուժվել և միաժամանակ քաղաքական ակտիվ գործունեություն է ծավալել (մինչև 1913 եղել ՌՍԴԲԿ Դավոսի միացյալ խմբի քարտուղարը)։ Այդ տարիներին սովորել է Ցյուրիխի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ 1914-ից նա վերջնականապես հարել է բոլշևիկներին։ 1914–17-ին Ա., զանազան կեղծանուններով, Մոսկվայի կոմիտեի հանձնարարությամբ ընդհատակյա կուսակցական աշխատանք է կատարել։ Փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է Մոսսովետի բոլշևիկյան ֆրակցիայի և նախագահության անդամ։ Ակտիվորեն մասնակցել է Պետրոգրադում Հոկտեմբերյան զինված ապստամբության նախապատրաստմանը և անցկացմանը, ընտրվել Պետրոգրադի ռազմա–հեղափոխական կոմիտեի անդամ, ղեկավարել նրա մամուլի ու ինֆորմացիայի բաժինը։ Սովետների Համառուսաստանյան II համագումարում Ա. ընտրվել է Համառուսաստանյան Կենտգործկոմի նախագահության անդամ (1917–19-ին՝ նաև քարտուղար)։ 1918-ի հունվարին նշանակվել է ազգությունների գործերի ժողկոմատի կոլեգիայի անդամ և նրան առընթեր Հայկական գործերի կոմիսար։ Այդ տարիներին Ա. ակտիվորեն մասնակցել է սովետական պետ. ապարատի ստեղծմանը, առաջին սահմանադրության (1918) մշակմանը, ձախ էսեռների խռովության (1918) ճնշմանը։ Նա Համառուսաստանյան ԿԳԿ առաջին կանոնադրության հեղինակն է։ 1920–24-ին Ա. եղել է Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի (ՎՉԿ) կոլեգիայի անդամ և Բանգյուղտեսչության (ԲԳՏ) ժողկոմի տեղակալ։ 1924–25-ին արտաքին առևտրի ժողկոմի տեղակալ էր, 1925-ից՝ Համառուսաստանյան ժողտնտխորհի նախագահության անդամ՝ մնալով նաև որպես Համամիութենական ԿԳԿ նախագահության անդամ։ Ա. եղել է կուսակցության VII–XV համագումարների պատգամավոր, բազմիցս ընտրվել է Կենտկոմի կազմում։ Մահացել է թոքախտից մարտի 16-ին, Մոսկվայում, թաղված է Նովոդևիչիեի գերեզմանատանը։
ԱՎԱՆԻ ԱՂԱՀԱՆՔ, գտնվում է Երևանի հյուսիս–արևելյան մասում։ Հայտնի է 1949-ից, արդյունաբերական շահագործումն սկսվել է 1967-ից։ Ա. ա–ի երկրաբանական կառուցվածքի մեջ մասնակցող միոցենյան աղաբեր հաստվածքը արտահայտված է կավերի և քարաղի շերտերի հերթափոխությամբ և առաջացնում է զառիթափ թևեր ու միջօրեական տարածում ունեցող բրախիանտիկլինալ ծալք։ Աղաբեր շերտախմբի հաստությունը կազմում է 700 մ, աղի շահագործվող շերտերի հզորությունը՝ 2–50 մ։ Հիմնական բաղադրիչների միջին պարունակությունն է՝ – 96,84 %, – 1,12%, անլուծելի մնացորդ՝ 1,47%։ Քարաղի պաշարները կազմում են մոտ 29 մլն. տ։ Հանքավայրը շահագործվում է հանքահորերի միջոցով՝ ընտրողական եղանակով՝ 100–300 մ խորությունների սահմաններում։ Երևանի հվ–արմ. մասում աղաբեր շերտախմբից ստորերկրյա աղազերծման միջոցով ստացվում է աղի ջրային լուծույթ՝ քիմիական արդ. ձեռնարկությունների համար։ Շահագործման հետևանքով առաջացած դատարկությունները նախապատրաստվում են իբրև սառնարաններ և այրվող գազի ամբարներ օգտագործելու համար։
ԱՎԱՆՑ, Ավանս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վան քաղաքից մոտ 4–5 կմ հյուսիս–արևմուտք, լճափին։ Հիշատակվում է IV դարից, երբեմն՝ իբրև գյուղ, երբեմն՝ ավան, երբեմն էլ՝ իբրև գյուղաքաղաք կամ ուղղակի՝ քաղաք։ XX դ. սկզբին ուներ մոտ 300 տուն՝ ավելի քան 1600 բնակիչներով։ Զբաղվում էին այգեգործությամբ, բորակի հանույթով (Վանա լճից), օճառագործությամբ, ձկնորսությամբ, նավաշինությամբ ու նավավարությամբ։ Ա. ծառայում էր իբրև նավահանգիստ Վան քաղաքի համար։ Գյուղում կար եկեղեցի (Ա. Հովհաննես) և ուսամնարան։ Հին Ա. լճի մակարդակի բարձրացման հետևանքով մնացել է լճի տակ։ Ա–ի համար աղետաբեր են եղել լճի՝ 1810-ի ուժեղ ալեկոծությունները, երբ ավերվել է ամբողջ գյուղը, նույնիսկ՝ եկեղեցին։ Ա. նորից վերաշինվել է ավելի բարձր դիրք ունեցող մասերում։ Ա. ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Բնակիչների մի մասը զոհվել է, մյուս մասը ապաստանել Արևելյան Հայաստանում։ Այժմ Ա. վերանվանված է Իսքելեքյոյ։
ԱՎԱՉԻՆՅԱՆ ՍՈՊԿԱ, Ավաչա, գործող կրկնակի հրաբուխ Կամչատկայի հարավում, Կամչատկայի Պետրոպավլովսկից հյուսիս։ Բարձր. 2741 մ է։ Կազմված է հրաբխային լավաներից, տուֆից և մոխրից։ Հաճախակի են արտավիժումները (1730-ից սկսած՝ 15 անգամ)։ Մշտապես ծխում է։ Կոնաձև գագաթը գտնվում է խառնարանում։ 1000 մ բարձրության վրա կա հրաբխագիտական կայան։
ԱՎԱՏ, հողատիրության ձև, նույնը՝ ինչ ֆեոդ (վաղ լատ–feod, feodum), ֆե սկզբում նշանակել է կալվածք, ինչք, դրամ, տավար, իսկ ոդ՝ տիրույթ, տիրապետություն։ Հայաստանում ձևավորվել է ֆեոդալական արտադրաեղանակի և նախարարական համակարգի առաջացման և ամրապնդման ժամանակաշրջանում (մոտավորապես մ. թ. III–IV դդ.), որպես հողային տիրույթ և տերունական–վասալական քաղաքական հարաբերությունների տնտեսական հիմք։ Ա–ական հողատիրությունը ունեցել է 3 ձև՝ հայրենական (հայրենիք), պարգևական (պարգևականք) և քսակագին (քսակագինք)։ «Հայրենիք»–ը ձևավորվել է աստիճանաբար։ Սկզբում ընդգրկել է ագարակներն ու դաստակերտները, որտեղ ստեղծվել են անմիջական արտադրողների տնտեսություններ («երդումարդեր»), որոնք ենթարկվել են ֆեոդալական շահագործման։ Այնուհետև, ֆեոդալների արտատնտեսական ու տնտ. ճնշման միջոցով «հայրենիք»–ի մեջ են ներգրավվել գյուղական համայնքների (նախկինում պետական) հողերը, որոնց մշակող շինականներն ընկել են ֆեոդալական կախման մեջ։
«Հայրենիք»–ի, որպես տնտեսական հիմքի, վրա ձևավորվել է «տերություն»–ը (նախարարությունը), որի պետը՝ նախարարը, սկզբում լինելով լոկ կառավարող կենտրոնական իշխանության ներկայացուցիչ, դարձել է տվյալ նահանգի կամ գավառի կալվածատեր իշխանը։ Նա հանրային իշխանությունը միակցել է սեփականատիրական իրավունքին։ Մ. թ. IV դ. Հայաստանում առաջացել էր նման «տերություններ»–ի (նախարարությունների) մի համակարգ, որը կերտել է ֆեոդալական հարաբերությունների զարգացումը և հանգեցրել պետ. իշխանության մասնատմանը և միասնական երկրի տրոհմանը։ «Հայրենիք»–ը, լինելով հողի սեփականատիրության հիմնական ձևը, արքունիքի, բդեշխների, նախարարների ու եկեղեցու տոհմային–ժառանգական ու անձեռնմխելի հողատիրությունն էր, իմունիտետային առանձնաշնորհումների հիմքը։
«Հայրենիք»–ի ծավալով ու նշանակությամբ էր որոշվում տվյալ նախարարի իրավական վիճակը հասարակական ու քաղաքական սանդուղքում (հիերարխիայում)։ Ինչ աստիճանի սենիորներ էլ լինեին նախարարները, միևնույն է, նրանք կարիք ունեին միմյանց օգնության։ Այստեղից էլ սյուզերենական–վասալական հարաբերությունների առաջացումը։ Երկրի գերագույն սենիորը թագավորն էր։ Նրա և վասալների փոխհարաբերությունը կենսագործվում էր ըստ հետևյալ պետա–իրավական նորմի. «մեր առ ձեզ տէրութիւն և խնամարկութիւն և ձեր առ մեզ արդարամտութեամբ ծառայութիւն և հնազանդութիւն»։ Նրանց փոխադարձ պարտավորություններն իրավական ձևակերպում էին ստանում «ուխտ»–ով (պայմանագրով), որը հաստատվում էր երդման և տոհմական մատանիով աղը կնքելու ծիսակատարությամբ։ Թագավորի և նախարարի միջև տերունական–վասալական փոխհարաբերությունները ծագեցին ոչ թե թագավորի կողմից վերջինին կալվածքներ տալու միջոցով, այլ նրանով, որ նա ստիպված էր վավերացնել նախարարի «հայրենիք»–ը որպես ժառանգական ու անձեռնմխելի հող, իսկ նրան ճանաչել որպես սենիոր՝ պահանջելով միայն արդարամիտ ծառայություն ու հնացանդություն։ Այդ առումով էլ «հայրենիք»–ը դառնում էր ավատ (հավատ բառից)՝ հավատարմության առհավատչյա և նախարարական համակարգի տնտեսական հիմք։ Ա–ի մյուս ձևը «պարգևականք»–ն էր։ Աշխարհիկ և հոգևոր սենիորներն իրենց տիրապետությունն ամրապնդելու համար զգում էին զինվորականների ու վարչական անձնակազմի կարիքը, որոնց ծառայությունը վարձատրում էին՝ «պարգևելով» նրանց կալվածքներ։ «Պարգևականք»–ը երբեմն տրվում էր կենտրոնական գործակալությունների պետերին (օրինակ, Տարոն գավառը տրվել էր սպարապետին) և այլ իշխաններին, բայց հիմնականում ստանում էին ազատները՝ զինվորական ծառայության համար։ «Պարգևականք»–ը պայմանական հողային տիրույթ էր և տրվում էր ժամանակավորապես, մինչև վասալի ծառայության ընդհատումը կամ վերջը, որից հետո կրկին միացվում էր սենիորի «հայրենիք»–ին։ Եթե վասալի մահից հետո նրա իրավահաջորդը շարունակում էր նրա ծառայությունը, ապա նրան էր անցնում նաև «պարգևականք»–ը, որն այս դեպքում դառնում էր ժառանգական հողային տիրույթ։ «Պարգևականք»–ը,