նրա տարածումը Եվրոպայում և Հս. Ամերիկայում։ 1893-ին նշանակվել է Սալմաստի, Խոյի, Ուրմիայի և Թավրիզի հայկ. դպրոցների թեմական տեսուչ։ 1895-ին տեղափոխվել է վան և ստանձնել արմենականների ղեկավարությունը։ Ա. 1896-ի հայկական կոտորածների ժամանակ կազմակերպել է Վանի ինքնապաշտպանությունը և զոհվել հունիսի 11-ին։
Գրկ. Տեր-Մկրտչյան Ե., Գանձեր Վասպուրականի, հ. 1, Բոստոն, 1966։ Վարդանյան Տ. Գ., Արևմտահայերի ազատագրության հարցը և հայ հասարակական–քաղաքական հոսանքները XIX դ. վերջին քառորդում, Ե., 1967։
ԱՎԵՏԻՍՅԱՆ Նարիբեկ Աղաբեկի (ծն. 1921), Փառքի երեք աստիճանի շքանշանների ասպետ (2.4.1944, 24.8.1944, 24.3.1945)։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ Ծնվել է մայիսի 15-ին, ՀՍՍՀ Ապարանի շրջանի Քասախ գյուղում։ Փառքի շքանշանների արժանացել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Օրյոլ ու Դիսնա քաղաքների և Լատվիայի ազատագրման մարտերում ցուցաբերած խիզախության համար։ Ետպատերազմյան տարիներին եղել է Քասախ գյուղի կոլտնտեսության անասնաբուծական ֆերմւեյի վարիչ։ 1965-ից աշխատում է Աշտարակի շրջանի 40-րդ այգեգործական սովետական տնտեսությունում։
ԱՎԵՏԻՍՅԱՆ Սամվել Խաչատուրի (ծն. 1902), կոլտնտեսային շարժման կազմակերպիչ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1947)։ Ծնվել է հոկտեմբերի 8 (22)–ին, Կալաջուղ (այժմ՝ ՀՍՍՀ Սիսիանի շրջանի Սառնակունք) գյուղում։ ՍՄԿԿ անդամ 1931-ից։ 1937–41 և 1942–1952-ին եղել է Սիսիանի շրջանի Բորիսովկա գյուղի կոլտնտեսության վարչության նախագահ, 1953–57-ին՝ Սիսիանի շրջանի Բազարչայի կոլտնտեսության վարչության նախագահ, իսկ 1958–62-ին՝ գյուղական սովետի նախագահ։ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչմանն արժանացել է 1946–47-ին՝ հացահատիկային բույսերի բարձր բերք ստանալու համար։ Ա. եղել է ՀՍՍՀ II և III գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։
ԱՎԵՏԻՍՅԱՆ Սուրեն Հարությունի (ծն. 1932), հայ սովետական փիլիսոփա։ Փիլ. գիտ. դ–ր (1971)։ ՍՄԿԿ անդամ 1956-ից։ Ծնվել է փետրվարի 6-ին, Աշտարակի շրջանի Օհանավան գյուղում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը (1954)։ 1966–69-ին եղել է Երևանի հեռակա մանկավարժական ինստ–ի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկան, մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ և ապա պրոռեկտոր, 1969–71-ին ՀՍՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի ինստ–ի գիտ. քարտուղար։ 1972-ից՝ ՀՍՍՀ ԳԱ փիլիսոփայության ամբիոնի վարիչ։ Զբաղվում է ժամանակակից բնագիտության և մաթեմատիկայի փիլիսոփայական պրոբլեմների ուսումնասիրությամբ։
Երկ. Տարածության ու ժամանակի պրոբլեմը հարաբերականության տեսության լույսի տակ, Ե., 1963։ Մաթեմատիկան և իրականությունը, Ե., 1966։ Մաթեմատիկական տրամաբանության հիմնական տարրերը, Ե., 1969։
ԱՎԵՏԻՍՅԱՆ Վարդան Ավետիսի (ծն. 1911), հայ սովետական պատմաբան, կուսակցական աշխատող։ Պատմական գիտությունների թեկնածու (1945)։ Գիտության վաստ. գործիչ (1967)։ ՍՄԿԿ անդամ 1939-ից։ Ծնվել է փետրվարի 13-ին, վանում։ 1915-ին գաղթել է Արևելյան Հայաստան։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1932)։ 1948–54-ին եղել է ՍՄԿԿ Կենտկոմին կից ՄԼԻ–ի հայկական մասնաճյուղի դիրեկտոր (միաժամանակ աշխատել է որպես ՀԿԿ Կենտկոմի «Պարտիական կյանք» ամսագրի գլխավոր խմբագիր), 1961–67-ին՝ ՀԿԿ Կենտկոմի գիտության ու բուհերի բաժնի վարիչ։ 1967-ից ՄԼԻ–ի հայկական մասնաճյուղի դիրեկտորի տեղակալն է։ Գիտական աշխատությունները նվիրված են Հայաստանում մարքսիզմի տարածման, կոմունիստական շարժման պատմությանը։
Երկ. Սուրեն Սպանդարյան, 2 վերամշկ. հրտ., Ե., 1957։ Ստեփան Շահումյան, Ե., 1953։ Մի էջ Հայաստանի բանվորական շարժումների պատմությունից, Ե., 1961։ Հայկ Ադամյան, Ե., 1968։
(նկ․) Օ. Տ. Ավետիսյան։ «Բնանկար։ Իտալիա»։
ԱՎԵՏԻՍՅԱՆ Օննիկ Հակոբի (ծն. 1898), հայ նկարիչ, արվեստաբան, մանկավարժ։ Ծնվել է նոյեմբերի 20-ին, Բրուսայում (Թուրքիա)։ Միջնակարգ կրթությունն ստացել է Կ. Պոլսում։ 1921–27-ին հետևել է Վիեննայի «Գրաֆիկ արվեստի դպրոցի» նկարչության և քանդակագործության դասընթացներին։ 1927-ին ավարտել է Հռոմի Գեղարվեստի ակադեմիան։ Նկարչության է դասավանդել Կահիրեի Նուպարյան ազգային և Պերպերյան վարժարաններում (1929–34), Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատությունում (1936–41)։ Ստեղծագործության առաջին շրջանում առավելապես զբաղվել է օֆորտով («Հալեպ», «Ավերված դամբարան»), 1936-ից՝ նաև գեղանկարչությամբ։ Ա–ի «Մկրտություն» (1942, Երուսաղեմի հայոց պատրիարքարան), «Սուգ» (1945, Կահիրեի պետական արդիական թանգարան), «Ասուան» (1946, Վենետիկի Մխիթարյան վանքի պատկերասրահ), «Եղերամայրեր» (1946, Հայաստանի պետական պատկերասրահ), «Լոգանքից հետո» (1952, Ալեքսանդրիայի գեղարվեստի թանգարան), «Անթիլիաս» (1956, Հայաստանի պետական պատկերասրահ), «Աքսորյալներ» (1963, Անթիլիասի կաթողիկոսարան) գեղանկարչական աշխատանքներն աչքի են ընկնում գունային հնչեղ ընդհանրացված ձևերի տրամաբանված տեղաբաշխումով, կոմպոզիցիոն ամուր կառուցվածքով։ 1965–67-ին կատարել է նկարներ Բեյրութի Ս. Նշան տաճարի համար։ 1923-ից Ա–ի գործերը ցուցադրվել են վիեննայի, Կահիրեի, Ալեքսանդրիայի, Լոս Անջելեսի և այլ միջազգային, Բուխարեստի հայկական արվեստի (1931), Եգիպտոսի հայ նկարիչների (1945, 1953) ցուցահանդեսներում, շահել մրցանակներ։ Զբաղվել է հայկական տպագրական տառերի բարելավմամբ, հրատարակել «Փորձ մը հայ տպագրական տառերու բարեփոխության և արդիականացման» գիրքը (1946), մասնակցել նույն նպատակով ՀՍՍՀ–ում հայտարարված մրցույթին և արժանացել խրախուսական մրցանակի։ Ա. 1959-ին Կահիրեում ֆրանսերենով լույս է ընծայել «Հայ նկարիչներ և քանդակագործներ» արժեքավոր աշխատությունը։
Երկ. Pentres et sculpteurs arméniens, Le Caire, 1959.
Գրկ. Խաչատրյան Շ., Հայրենիքից հեռու, հայրենիքով լեցուն, «Սովետական Հայաստան», 1965, № 7։
(նկ․) Ավետիք։ «Հոգեգալուստ» (մանրանկար Սմբատ Գունդստաբլի ավետարանից)։
ԱՎԵՏԻՔ (ծն. և մահ. թթ. անհտ.), միջնադարի հայ մանրանկարիչ։ Ենթադրվում է,