Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/613

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մշակման գործում։ Մահացել է մարտի 24-ին, Ալմա–Աթայում։

Երկ. Металлургия меди,М.,1943; Металлургия черной меди, М., 1954.

ԱՎԵՏԻՍՅԱՆ Հմայակ Ավետիսի (ծն.1912), հայ սովետ, նկարիչ, մանկավարժ։ ՀՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1960)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ Ծնվել է Վանի նահանգի Մանդան գյուղում։ 1915-ին գաղթել է Էջմիածին։ 1932–37-ին սովորել է Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիայում։ 1947-ից դասավանդում է Երևանի գեղարվեստա-թատերական ինստ–ում։ 1941–45-ին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Աշխատում է դիմանկարի («Կոլխոզի պահակը», 1956, «Անահիտ», 1957 ևն), թեմատիկ կոմպոզիցիայի («Նախկին կաշվի գործարանը», 1938, «Ազատարարները», 1956), բնանկարի («Քանաքեռի երկաթգիծը», 1939, «Ձորագյուղ», 1948, «Բջնի», 1954) ժանրերում,ունի մատիտանկարներ («Ցոլակ Ամերիկյան», 1962, «Ինքնանկար», 1971 ևն)։ Վ. Ի. Լենինի կերպարին են նվիրված Ա–ի «Մտածողը» (1957), «Նախօրեին» (1962), «Լենինը և Մյասնիկյանը» (1967) գործերը։ 1939-ից Ա. մասնակցում է հանրապետական, միութենական և միջազգային ցուցահանդեսների։


ԱՎԵՏԻՍՅԱՆ Հրանտ Ալեքսանի (ծն. 1927), հայ սովետական պատմաբան։ Պատմական գիտությունների դ–ր (1966)։ ՍՄԿԿ անդամ 1950-ից։ Ծնվել է մարտի 10-ին, Ղարաքիլիսայում (այժմ՝ ՀՍՍՀ Կիրովական քաղաքում)։ 1949-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, ապա կատարել կոմերիտական ու կուսակցական աշխատանք։ 1955–71-ին եղել է ՀՍՍՀ ԳԱ Նախագահության գիտնական քարտուղար, 1971-ից գլխավոր գիտնական–քարտուղարի տեղակալն է։ Ա–ի գիտական աշխատանքները վերաբերում են Հայաստանի, Անդրկովկասի կոմերիտմիության և երիտասարդության միջազգային կոմունիստական շարժման պատմության հարցերին։ Արժանացել է ՀամԼԿԵՄ ԿԿ–ի բարձրագույն պարգևին՝ Պատվո նշանի (1968) և ՀԼԿԵՄ դափնեկրի կոչման (1971)։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով (1967)։

Երկ. Հայաստանի կոմերիտմիությունը սոցիալիստական ինդուստրացման համար մղվող պայքարում (1926–1932), Ե., 1959։ Րաֆֆի Խիտարով Ե., 1966։ Комсомол Закваказья в барьбе на победу иупрочение Советской власти(1917-1921), Е., 1964; Комсомол Закавказья под знаменем пролетарского интернационализма, Е., 1968։


ԱՎԵՏԻՍՅԱՆ Հունան Մակիչի (1914–1943), Սովետական Միության հերոս (ետմահու, 16.5.1944), ավագ սերժանտ։ ՀամԼԿԵՄ անդամ 1928-ից։ Ծնվել է հուլիսի 20-ին, Ղափանի շրջանի Ծավ գյուղում։ Ռազմաճակատ է մեկնել 1942-ի օգոստոսին՝ 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի կազմում։ Մասնակցել է Կովկասի պաշտպանությանը, Նովորոսիյսկի ազատագրմանը։ Եղել է հրաձգային դասակի հրամանատարի տեղակալ։ 1943-ի սեպտ. 16-ին այն զորամասին, որի կազմում էր Ա–ի դասակը, հանձնարարվեց ճեղքել Նովորոսիյսկի մատույցները փակող Դոլգայա լեռան ֆաշիստական հենակետային ամրությունները և ճանապարհ բացել հարձակվող ստորաբաժանումների համար։ Առաջադրանքը կատարելիս Ա., վիրավոր վիճակում, իր դասակի մարտիկներով, առաջինը բարձրացավ Դոլգայա լեռը, կրծքով փակեց թշնամու դզօտի գնդացրի հրակնատը և ապահովեց գրոհի հաջողությունը։ Այդ սխրագործության համար Ա–ին շնորհվեց Սովետական Միության հերոսի կոչում։ ՍՍՀՄ զինված ուժերի մինիստրի 1949-ի ապրիլի 22-ի 30 հրամանով Ա–ի անունը առհավետ գրանցվեց 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի Սևաստոպոլյան 390-րդ հրաձգային գնդի 1-ին վաշտի անձնակազմի ցուցակում։ Ա. թաղված է Նովորոսիյսկի շրջանի Վերխնի–Բականսկի բանավանի եղբայրական գերեզմանում։ Նրա հիշատակին կանգնեցված են հուշարձաններ Երևանում, Հոկտեմբերյանում, Ղափանում։ Ա–ի անունով կոչվում են դպրոցներ, փողոցներ, կոլտնտեսային, գործարանային բրիգադներ։

Գրկ. Կուրտիկյան Ա. Մ., Սովետական Միության հերոս Հունան Ավետիսյան, Ե., 1945։ Խալեյան Ե. Մ., Սովետական Միության հերոս Հունան Ավետիսյան, Ե., 1950։ Գիրք հերոսների մասին, Ե., 1964։


ԱՎԵՏԻՍՅԱՆ Մինաս Կարապետի (ծն. 1928), հայ սովետ, նկարիչ։ ՀՍՍՀ վաստ. նկարիչ (1967)։ ՍՄԿԿ անդամ 1952-ից։ Ծնվել է հուլիսի 20-ին, Ախուրյանի շրջանի Ջաջուռ գյուղում։ 1952–54-ին սովորել է Երևանի գեղարվեստա–թատերական, 1954–60-ին՝ Լենինգրադի Ի. Ե. Ռեպինի անվ. գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստ–ներում։ Ա. բազմաժանր գեղանկարիչ է։ Նրա ինքնատիպ արվեստին բնորոշ է վառ և զուսպ գույների համադրումը, հայրենի բնության առանձնահատուկ գծերի գեղանկարչական խտացումը, կենսահաստատ արտահայտչականությունը։ Հանրահայտ են «Տարվա եղանակները» (1961–63) և «Ջաջուռ» (1960) նկարաշարքերը, «Իմ ծնողները» (1962), «Հանդիպում» (1965), «Հորս դիմանկարը» (1965), «Շեմին» (1967), ինքնադիմանկարների շարք (1962–69) ևն։ Ա. նաև բեմանկարիչ է։ Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում ձևավորել է Երեք բալետ–նովել (Ռոսսինիի «Տիկնիկների աշխարհում», Ռավելի «Իսպանացի աղջիկը. բոլերո», Գերշվինի «Նեգրական թաղամաս», 1962), Պրոկոֆևի «Մոխրոտը» (1963), Է. Հովհաննիսյանի «Անտունի» (1969) բալետները, Ա. Սպենդիարյանի «Ալմաստ» (1971) օպերան և այլ բեմադրություններ։ 1956-ից մասնակցում է հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Մոսկվայում, Վիլնյուսում (1970)։

Գրկ. Игитян Г., Минас Аветисян, М., 1970։


ԱՎԵՏԻՍՅԱՆ (Թերլեմեզյան) Մկրտիչ Ավետիսի (1864–1896), հայ ազատագրական շարժման գործիչ։ Ծնվել է ապրիլի 12-ին, Վան քաղաքում։ Սովորել է տեղի վարժարաններում։ Եղել է Մ. Փորթուգալյանի հետևորդներից։ 1886-ին թուրքական կառավարությունը Ա–ին արտաքսել է երկրից։ Երկու տարի Պարսկաստանում մնալուց հետո նա Ռուսաստանի վրայով անցել է Կ. Պոլիս։ 1889-ին աքսորվել է Տրիպոլի (Հս. Աֆրիկա), որտեղից կարողացել է փախչել Ֆրանսիա։ Մարսելում աշխատակցել է Մ. Փորթուգալյանի «Արմենիա»–ին, կազմակերպել