Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/627

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բրիզբեն, Նյուքասլ, Ուայալսւ և Դևոնպորտ՝ Տասմանիսւ նահանգում)։ Էլեկտրատեխնիկական ձեռնարկությունները կենտրոնացված են Մելբուռնի, Սիդնեյի, Ադելաիդայի շրջակայքում, ինչպես նաև Ջիլոնգ, Քուինսւնա, Պերտ և այլ քաղաքներում։ Քիմիական արդյունաբերությունն արտադրում է զանազան քիմիկատներ, թթուներ, պայթուցիկ նյութեր (Պորտ Փիրի, Պորտ Կեմբլա, Նյուքասլ, Լիթգոու ևն), պարարտանյութեր և հերբիցիդներ (Պորտ Կեմբլա, Նյուքասլ, Ջիլոնգ, Մաքկայ, Բրիզբեն, Քուինսւնա), պլաստմասսա, սինթետիկ կաուչուկ, սինթետիկ թելեր։ Նավթավերամշակումն ու նավթաքիմիան աշխատում են հիմնականում բերովի հումքով (Սիդնեյ, Կլայդ, Քուինանա, Բրիզբեն, Ջիլոնգ)։ Սննդի արդյունաբերության արտադրանքի նշանակալից մասը արտահանվում է։ Զարգացած են հատկապես մսասառեցման և մսի պահածոների (գլխավորապես նավահանգստային քաղաքներում), ալրաղացային, շաքարի, յուղա–պանրագործական ճյուղերը։ Տեքստիլ, կարի, տրիկոտաժի, կաշվի–կոշիկի ձեռնարկությունները հիմնականում բավարարում են ներքին շուկայի պահանջները։

Գյուղատնտեսությունը։ Աչքի է ընկնում բարձր ապրանքայնությամբ։ Ա. Մ. պատմականորեն ձևավորված խոշոր հողատիրության երկիր է։ Օգտագործվող հողերի 80%-ից ավելին պատկանում է 4000–40000 հա հող ունեցող խոշոր տնտեսություններին (բոլոր ֆերմաների 3,5%)։ Բարձր է գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման մակարդակը։ 1970-ին գյուղատնտեսությանը սպասարկել են 325 հզ. տրակտոր, 68 հզ. հացահատիկ հավաքող, 137 հզ. սերմնացան, 117 հզ. հնձող մեքենա։ Գյուղատնտեսական արտադրանքի մաքուր արժեքի 62%-ից ավելին տալիս է անասնապահությունը։ 1971-ին Ա. Մ–ում կար 179,1 մլն. ոչխար (80% նրբագեղմ), 24,4 մլն. խոշոր եղջերավոր անասուն, 2,6 մլն. խոզ։ 1970/71 ֆինանսական տարում արտադրվել է 903,3 հզ. տ բուրդ (չլվացված), 2049,8 հզ. տ միս, 7,5 մլն. տ կաթ, 208,3 տ կարագ, 80,3 հզ. տ պանիր։ 1969/70 ֆինանսական տարում ցորենի բերքը կազմել է 10836 հզ. տ, գարու բերքը՝ 1789 հզ. տ, վարսակինը՝ 1451 հզ. տ։ Մշակում են նաև շաքարեղեգ, ծխախոտ, խաղող, ցիտրուսներ, անանաս, բանան և այլ կուլտուրաներ։ 1970-ին 490 մլն. հա օգտագործվող հողատարածությունից 78% կազմում են արոտավայրերը և մարգագետինները, 28 մլն. հա (6%)՝ հերկերը և պարտեզները։ Ոռոգվող հողատարածությունները 1,4 մլն. հա են (գլխավորապես Մուրեյ գետի հովտում)։

Տնտեսապես Ա. Մ–յան տերիտորիան խիստ անհավասարաչափ է յուրացված։ Ամենազարգացածը հվ–արլ. (Նոր Հարավային Ուելս և Հարավային Ավստրալիա նահանգների մի մասը և Վիկտորիա նահանգը) է, որտեղ կենտրոնացած է երկրի բնակչության մոտ 3/4 և որը տալիս է մշակող արդյունաբերության արտադրանքի մաքուր արժեքի 3/4-ից ավելին։ Այս մասում են գտնվում Ա. Մ–յան խոշոր քաղաքները՝ Կանբեռա, Մելբուռն, Սիդնեյ, Ադելաիդա, Ջիլոնգ, Նյուքասլ։ Այստեղ է գտնըվում մշակվող հողերի և ոչխարների գլխաքանակի մոտ 3/4։

Տրանսպորտը։ 1969-ին Ա. Մ–յան երկաթուղային ցանցի երկարությունը 40 հզ. կմ էր, ավտոճանապարհներինը՝ 897 հզ. կմ, որից 166 հզ. կմ՝ ասֆալտապատ։ Կաբոտաժային փոխադրումները կատարում են սեփական նավերով, արտաքին առևտրական փոխադրումները՝ օտարերկրյա, գլխավորապես անգլիական նավատորմի միջոցով։ Խոշոր նավահանգիստներն են՝ Նյուքասլը, Ֆրիմանթլը, Պորտ Կեմբլան, Սիդնեյը, Զիլոնգը, Մելբուռնը, Բրիզբենը, Պորտ Ադելաիդան, Հոբարթը։ Զարգացած է օդային տրանսպորտը։ Ա. Մ–ով են անցնում բազմաթիվ միջազգային ավիագծեր։

1970-ին Ա. Մ–յանը բաժին էր ընկնում կապիտալիստական աշխարհի արտահանության 1,7% (4625 մլն. դոլար)։ Նրա արտաքին առևտրում կարևոր դեր են խաղում Ճապոնիան (արտահանության 26,0% և ներմուծման 12,4%), ԱՄՆ (համապատասխանաբար՝ 13,5% և 24,9%), Մեծ Բրիտանիան (11,9% և 21,8%), «Ընդհանուր շուկայի» երկրները (10,9% և 12,9%)։ Ա. Մ–յան դրամական միավորը ավստրալիական դոլարն է (1966-ի փետրվարից)։ ՍՍՀՄ պետբանկի կուրսով (1972-ի հունիս) 1 ավստրալիական դոլարը հավասար է 1,01 ռուբլու։

Քարտեզը տես 625 էջից առաջ՝ ներդիրում։

VII. Առողջապահությունը

1968-ին Ա. Մ–ում ծնունդը կազմել է 1000 բնակչին՝ 20, ընդհանուր մահացությունը՝ 9,1, մանկականը՝ 1000, կենդանածինների համար 18 մարդ (1967)։ Ֆեդերալ կառավարության օրոք Կանբեռայում ստեղծվել է առողջապահության դեպարտամենտ։ Ա. Մ–յան աշխարհագրական մեկուսացած դիրքով է պայմանավորված կարանտինային հիվանդությունների բացակայությունը։ Արևադարձային գոտում տարածված են ամեոբիազի և ցուցուգամուշի օջախներ, իսկ մերձարևադարձային գոտում՝ վուխերերիոզը։ Բնիկների (աբորիգենների) մեջ տարածված են տրախոման և բորը։

VIII. Ժողովրդական կրթությունը

Ա. Մ–ում ժողովրդական կրթության համակարգը ձևավորվել է XIX դ., գաղութատիրության շրջանում։ Նախադպրոցական հիմնարկները մեծ մասամբ մասնավոր են։ Պարտադիր տարրական ուսուցման վերաբերյալ առաջին օրենքը ընդունվել է 1872-ին։ Այժմ նահանգների մեծ մասում պարտադիր ուսուցման տարիքը 6–15 է։ Շատ դպրոցներ ունեն հանրակրթական, տեխնիկական, գյուղատնտեսական և այլ թեքումներ։ 1967–68 ուս. տարում տարրական դպրոց է հաճախել մոտ 1740 հզ., միջնակարգ՝ 849 հզ. աշակերտ։ Սովորողների մոտ 77% հաճախում է պետական դպրոց։ Ա. Մ–ում կա 14 համալսարան։ Հնագույնները գտնվում են Սիդնեյում (1850), Ադելաիդայում (1874) և Մելբուռնում (1853)։ Տեխնիկական ինստ–ներ կան Ադելաիդայում, Մելբուռնում և այլ վայրերում։

Նշանավոր են Կանբեռայի ազգային (1902,885 հզ. կտոր գիրք), Նոր Հարավային Ուելսի հանրային (Սիդնեյ, 1826, 760 հզ. կտոր գիրք), Սիդնեյի համալսարանի (1852, ավելի քան 1 մլն. կտոր գիրք), Վիկտորիա նահանգի (Մելբուռն, 1853, 850 հզ. կտոր գիրք) գրադարանները։

Գլխավոր թանգարաններն են՝ Նոր Հարավային Ուելսի գեղարվեստական պատկերասրահը (1874), Ավստրալիական թանգարանը (1827) և Կիրառական արվեստի ու գիտությունների թանգարանը (1880) Սիդնեյում, Վիկտորիայի ազգային պատկերասրահը Մելբուռնում (1859), Բրիզբենի բուսաբանական թանգարանը (1889)։

IX. Գիտությունը և գիտական հիմնարկությունները

Բնական և տեխնիկական գիտությունները։ Ա. Մ–ում բնական և տեխնիկական գիտություններն սկսել են զարգանալ XIX դ. 2-րդ կեսից, երբ կազմակերպվեցին առաջին գիտական ընկերությունները։ 1888-ից գործում է գիտության զարգացման Ավստրալա–Նորզելանդական ընկերությունը, 1874-ին ստեղծվել է Լիննեյի ընկերությունը Նոր Հարավային Ուելսում։ 1880-ին ռուս ճանապարհորդ և ազգագրագետ Ն. Ն. Միկլուխո–Մակլայը Սիդնեյում բացել է Ավստրալիայի առաջին Բուսաբանական կայանը։ Այստեղ էլ 1894-ին բացվել է Բրիտանական աստղագիտական ընկերության բաժանմունքը։ Աստղագիտական դիտումները սկսվել են 1912-ին։ 1924-ին Մաունթ Սթրոմլո լեռան վրա (Կանբեռայի մոտ) կառուցվել է աստղադիտարան, որը 1960-ական թթ. կապերի մեջ է Բյուրականի աստղադիտարանի հետ։ Երկու աստղադիտարանները կատարել են գալակտիկաների միջուկների ռադիոդիտումներ, ինչպես նաև չեզոք ջրածնի դիտումներ (Մաունթ Սթրոմլո)։ Ավստրալիական աստղագետները, մասնավորապես Մաունթ Սթրոմլոյի նախկին դիրեկտոր, պրոֆեսոր Բոկը բազմիցս այցելել են Բյուրականի աստղադիտարանը։ Գիտական հետազոտություններն ընդլայնվել են առաջին համաշխարհային պատերազմից (1914–18) հետո։ 1926-ին ստեղծվել է Գիտական և տեխնիկական հետազոտությունների խորհուրդը։ Սակայն 1920–30-ական թթ. գիտական հետազոտություններ կատարում էին փոքր կոլեկտիվներ, հիմնականում բժշկության, կենսաբանության և գյուղատնտ. բնագավառում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արդյունաբերության զարգացման կապակցությամբ ընդլայնվել է բնական և տեխնիկական գիտությունների գիտական աշխատանքների ասպարեզը։ Դրան մեծապես նպաստել է Գիտական և կիրառական հետազոտությունների պետական կազմակերպության (CSIRO) ստեղծումը 1949-ին, որի գործունեությունը տարածվում է գիտության գրեթե բոլոր ճյուղերի վրա (1967-ին ուներ 32 բաժանմունք և 4 լաբորատորիա)։ Այդ կազմակերպությունը քաջալերում է գյուղատնտ. արդյունավետության բարձրացմանը, տեխնիկայի և ճշգրիտ գիտությունների զարգացմանը նպաստող հետազոտությունները (բրդի հետազոտության, կենդանիների առողջության լաբորատորիաները)։

XX դ. 60-ական թթ. կեսից, կիրառական բնույթի գիտական հիմնարկների