Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/634

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


թյունը (տալիս է գյուղատնտ. արտադրանքի արժեքի 60%-ից ավելին)։ 1970-ին Ա–ում հաշվվում էր 2,5 մլն. գլուխ խոշոր եղջերավոր անասուն (որից 1,1 մլն. կով), 3,5 մլն. խոզ, 65 հզ. ձի։ Մեկ կովի կաթնատվությունը 3084 կգ էր։ Ա. ունի րազմաճյուղ գյուղատնտեսություն, մշակում են հացահատիկ, բանջարեղեն, պտուղներ, խաղող։

Տրանսպորտը։ Հիմնականը երկաթուղային տրանսպորտն է։ 1971-ին երկաթուղիներով (երկ. 1967-ին՝ 7,2 հզ. կմ, որից 1/3 էլեկտրիֆիկացված) կատարված փոխադրումները կազմել են 55 մլն. տ, իսկ գետերով՝ 7,8 մլն. տ։ 1971-ի սկզբին ավտոպարկում հաշվվում էր 1350 հզ. մեքենա, որից 1195 հզ. մարդատար։ Ներքին ջրային ուղիների երկարությունը 1733 կմ է, գլխավորապես Դանուբի վրա։ Գլխավոր նավահանգիստներն են Լինցը և Վիեննան։ Ունի 6 օդանավակայան։

Արտաքին տնտեսական կապերը։ Ա–ի արտաքին առևտրի բաժինը կազմում է երկրի ազգային արտադրանքի 20%։ 1970-ին արտահանությունն արժեքային արտահայտությամբ աճել է 18,5%-ով՝ կազմելով 74,3 մլրդ. շիլլինգ (1969-ին՝ 62,7), իսկ ներմուծումը ավելի քան 25,5%-ով՝ հասնելով 92,3 մլրդ. շիլլինգի (1969-ին՝ 73,5)։ Արդ. ապրանքները և կիսաֆաբրիկատները կազմում են ամբողջ արտահանման ծավալի ավելի քան 80,0%, ներմուծման 70%-ից ավելին։ Ա–ի առևտրական գործարքները հիմնականում կատարվում են Եվրոպայի կապիտալիստական երկրների հետ։ Սոցիալիստական երկրներից Ա. աշխույժ առևտրական կապեր ունի ՍՍՀՄ–ի, ՉՍՍՀ–ի, Լեհաստանի և Հունգարիայի հետ։ Դրամական միավորը շիլլինգն է. ՍՍՀՄ պետբանկի կուրսով, (1973-ի հունիս) 100 շիլլինգը = 3 ռ. 64 կոպ.։

VIII. Առողջապահությունը

1968-ին Ա–ում ծնունդը 1000 բնակչին կազմել է 17,1, իսկ ընդհանուր մահացությանը՝ 13 մարդ։ Հիվանդությունների մեջ գերակշռում են տուբերկուլոզը (100 հզ. բնակչին՝ 51,3), համաճարակային հեպատիտը (100 հզ. բնակչին՝ 114), քութեշը (100 հզ. բնակչին՝ 110), սուսանակը (100 հզ. բնակչին՝ 44)։ Սիրտ–անոթային համակարգի հիվանդություններից ամենաբարձր մահացությունը նկատվում է Վիեննայում (100 հզ. բնակչին՝ 500-ից ավելի, 1958–63) և Մերձդանուբյան շրջանում (100 հզ. բնակչին՝ 300–400)։ Մահացությունը քաղցկեղից 1961-ին կազմել է 100 հզ. բնակչին 245։ Առողջապահության, ինչպես նաև գիտահետազոտական և հսկիչ ինստ–ների աշխատանքները ղեկավարում է Սոցիալական գործերի ֆեդերալ մինիստրության հասարակական առողջապահության վարչությունը։ Մասնավոր կարգով գործող բժիշկների վճարումը կատարվում է հիվանդների կամ սոցիալական ապահովագրության միջոցներից։ 1968-ին Ա–ում կային 319 հիվանդանոց՝ 68,7 հզ. մահճակալով (1000 բնակչին՝ 9,3 մահճակալ), 11,8 հզ. բժիշկ (622 բնակչին՝ 1 բժիշկ), 3,5 հզ. ատամնաբույժ և ատամնատեխնիկ, 2000 դեղագործ, 1,4 հզ. մանկաբարձուհի և 12,6 հզ. բուժքույր։ Բժիշկներ և դեղագործներ պատրաստվում են Վիեննայի, Գրացի և Ինսբրուքի համալսարաններում։

IX. ժողովրդական կրթությունը

Ժողկրթության ընդհանուր ղեկավարությունն իրագործում է Լուսավորության ֆեդերալ մինիստրությունը։ Մանկապարտեզների, հանրակրթական դպրոցների, միջնակարգ ն ցածրագույն արհեստագործական ուս. հաստատությունների մեծ մասը, ինչպես և բոլոր բուհերը պետական են։ Մասնավոր ուս. հաստատությունների զգալի մասը եկեղեցական է։ Բոլոր տիպի դպրոցներում դասավանդվում է կրոն։ 1966-ին սկսվեց 9-ամյա պարտադիր ուսուցման իրականացումը։

1968-ին մանկապարտեզներում ընդգրկված էր ավելի քան 110 հզ. երեխա։ 1968/69 ուս. տարում պարտադիր ուսուցման դպրոցներ է հաճախել 918,3 հզ., միջնակարգ՝ 106,8 հզ., արհեստագործական՝ ավելի քան 200 հզ. սովորող։ Ա–ում կա 4 համալսարան՝ Վիեննայի (հիմն. 1365), Գրացի (հիմն. 1586), Զալցբուրգի (հիմն. 1620, վերաբացվել է 1963-ին) և Ինսբրուքի (հիմն. 1669)։ Կան նաև ինստներ, բարձրագույն դպրոցներ, կերպարվեստի և կիրառական արվեստի ակադեմիաներ, կոնսերվատորիա։ 1968/69 ուս. տարում բուհերում սովորել է 52,4 հզ. ուսանող։

Խոշորագույն գրադարաններն են՝ Ազգայինը Վիեննայում (հիմն. XV դ., մոտ 1,9 մլն. կտոր գիրք), Վիեննայի համալսարանինը (հիմն. 1365, 1,5 մլն. կտոր գիրք). Գրացի համալսարանինը (հիմն. 1586, 560 հզ. կտոր գիրք), Ինսբրուքի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետինը (հիմն. 1746, 700 հզ. կտոր գիրք)։

Գլխավոր թանգարանները գտնվում են Վիեննայում. Կերպարվեստի ակադեմիայի հավաքածուն (հիմն. 1822), Ավստրիական պատկերասրահը, Գեղարվեստա–պատմական թանգարանը (հիմն. 1891), Գրաֆիկայի «Ալբերտինա» հավաքածուն (հիմն. 1776), Վիեննայի պատմության քհիմն. 1887), Բնապատմական (հիմն. 1748), XX դարի (հիմն. 1962), Լ. Բեթհովենի, Ի. Հայդնի, Վ. Մոցարտի, Ֆ. Շուբերտի։

X. Գիտությունը և գիտական հիմնարկությունները

Ա–ի գիտությունների ակադեմիան հիմնադրվել է 1847-ին։ Գիտական հիմնական կենտրոններ են նաև Վիեննայի, Գրացի, Զալցբուրգի, Ինսբրուքի համալսարանները, Վիեննայի և Գրացի բարձրագույն տեխնիկական դպրոցները և այլ բուհեր, որոնց կից գոյություն ունեն բազմաթիվ հետազոտական ինստ–ներ և լաբորատորիաներ։ Կան նաև մի քանի ինքնուրույն գիտական կենտրոններ՝ ավստրիական երկրաբանական ծառայությունը (1849), օդերևութաբանական և գեոդինամիկայի (1851), մետրոլոգիայի կենտրոնները, միջուկային հետազոտությունների կառավարական հանձնաժողովը։ Տեխնիկայի տարբեր ճյուղերի գծով հետազոտական ինստներ ու լաբորատորիաներ են ստեղծել նաև մասնավոր արդյունաբերական ընկերությունները։ XIX–XX դդ. առաջացան բազմաթիվ գիտական ընկերություններ՝ կենդանա–բուսաբանական (հիմն. 1851), աշխարհագրական (հիմն. 1856), օդերևութաբանական (հիմն. 1865), քիմիաֆիզիկական (հիմն. 1869), մարդաբանական (հիմն. 1870), հանքաբանական (հիմն. 1901), մաթեմատիկական (հիմն. 1904), երկրաբանական (հիմն. 1907), ֆիզիկայի (հիմն. 1952), պատմության ևն։

Բնական և տեխնիկական գիտությունները։ Սոցիալ–տնտեսական և քաղաքական հանգամանքների բերումով Ա–ի գիտության և տեխնիկայի պատմությունը կապված է ինչպես գերմանական գիտության, այնպես էլ նախկին Ավստրո–Հունգարիայի հունգար և սլավոն գիտնականների գործունեության հետ։ Դեռևս միջին դարերում գիտական կենտրոններ են դարձել Վիեննայի, Գրացի, Զալցբուրգի, Ինսբրուքի համալսարանները։ XVI դ. կապիտալիստական հարաբերությունների ծագման հետ զարգանում են կիրառական հետազոտություններն ու տեխնիկան, առաջադիմում է գիտական միտքը։ Արևակենտրոն ուսմունքի հաստատմանը և ողջ բնագիտության զարգացմանը նպաստել է Ի. Կեպլերի գործունեությունը։ Բժիշկ Ֆ. Մեսմերը եղել է հիպնոտիզմի առաջին հետազոտողը (XVIII դ. 2-րդ կես–XIX դ. սկիզբ)։ Նույն ժամանակ Վիեննայում գործել է բժիշկ և կազմախոս Ֆ. Ի. Գալը։ Նա է հայտնաբերել, որ հոգեկան գործունեության օրգանը գլխուղեղի մեծ կիսագնդերն են։

XIX դ. 1-ին կեսին բարձրագույն տեխնիկական դպրոցներ հիմնվեցին Վիեննայում (1815), Գրացում (1827), բարձրագույն լեռնային դպրոց՝ Լեոբենում (1840)։ Սակայն այդ շրջանում գիտության ու տեխնիկայի մակարդակով Ա., որը շարունակում էր մնալ ավատատիրական բացարձակ միապետության երկիր, նկատելիորեն ետ էր մնում Եվրոպայի առաջավոր երկրներից։ Գիտությունների կայսերական ակադեմիան Վիեննայում բացվել է միայն 1847-ին, եվրոպական մի շարք ակադեմիաներից ավելի ուշ։ Բնագիտության և տեխնիկական գիտությունների վերելքը սկսվում է XIX դ. կեսից։ Առանձնապես վերելք են ապրում ֆիզիկամաթեմատիկական գիտությունները։ Ի. Ստեֆանին, Ք. Դոպլերը, Ի. Լոշմիդը, Լ. Բոլցմանը, Է. Մախը և ուրիշներ կարևոր հետազոտություններ են կատարել ջերմային ճառագայթման, գազերի ջերմահաղորդականության, ակուստիկայի, օպտիկայի, էլեկտրամագնիսականության, ստատիստիկական ֆիզիկայի, թերմոդինամիկայի, մեխանիկայի, ալիքի երկարության փոփոխության և այլ բնագավառներում։ Քիմիայի ասպարեզում խոշոր ներդրում են ունեցել Ա. Լիբենը, Զ. Սկրաուպը, Կ. Աուեր ֆոն Վելսբախը, Ֆ. Ֆեյգլյան, Ֆ. Պրեգլյան (նոբելյան մրցանակ է ստացել 1923-ին), ուլտրամանրադիտակի գյուտարար Ռ. Զիգմոնդին (նոբելյան մրցանակ է ստացեք 1925-ին)։

Երկրաբանության մեջ առավելապես զարգացել է միներալապետրոգրաֆիական ուղղությունը։ Վ. Հայդինգերը երկրաբանական առաջին քարտեզի կազմողն էր (1845) և տնօրենը Վիեննայի երկրաբանական ինստ–ի (հիմն. 1849), որի հիման վրա ստեղծվել է աշխարհում առա–