Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/642

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ավտոմատ անջատիչներ, զովացուցիչ հեղուկների ավտոմատներ են), կամ էլ դրսից՝ ծակոտաքարտերի, մագնիսաժապավենների կամ ինֆորմացիայի մեկ այլ կրիչի միջոցով։ Առաջին դեպքում Ա–ները, որպես կանոն, նեղ մասնագիտացված են, բարձրարտադրողական, սակայն դրանց աշխատանքային ցիկլերի փոփոխումը սովորաբար կապված է աշխատատար վերահարմարաբերման հետ կամ ուղղակի անհնար է։ Երկրորդ տիպի Ա-ներում առաջադրվող ծրագիրը քիչ է կապված նրանց կոնստրուկցիայի հետ, որի շնորհիվ ապահովվում է Ա–ների ունիվերսալությունը (ծրագրային կառավարմամբ մետաղահատ, ջուլհակային, տպագրական հաստոցներ, ավտոդիսպետչեր, ավտոմեքենավար, էլեկտրոնային հաշվողական մեքենաներ, տիեզերական և թռչող ապարատներ են)։ Լայն տարածում են ստանում այնպիսի Ա–ները, որոնք ընդունակ են հիշելու և ընդհանրացնելու իրենց աշխատանքի փորձը և այն նպատակահարմար օգտագործելու փոփոխվող պայմաններին համապատասխան (տես Ինքնալարվող համակարգ)։ Այս Ա–ները շատ բարդ են, սակայն դրանց գործունեության հնարավորություններն այնքան մեծ են, որ կատարում են ամենաբարդ տեխնոլոգիական ու կառավարման պրոցեսներ՝ մարդուն ազատելով ծանր ֆիզիկական ու կառավարման ոլորտի շատ աշխատանքներից (տես Արտադրության ավտոմատացում)։ 2. Կիբեռնետիկայի հիմնական հասկացություններից մեկը, տեխնիկական կամ կենսաբանական համակարգի վերացական մոդել, որը վերամշակում է դիսկրետ (թվանշանային) ինֆորմացիա՝ դիսկրետ ժամանակավոր տակտերով։

Գրկ. տես Ավտոմատ կառավարում և Արտադրության ավտոմատացում հոդվածների գրականությունը։

ԱՎՏՈՄԱՏ ԳԻԾ, մեքենաների համակարգ, հիմնական և օժանդակ սարքավորման կոմպլեքս, որն արտադրանքի պատրաստման կամ մշակման ողջ պրոցեսը կատարում է ավտոմատորեն, տեխնոլոգիական որոշակի հաջորդականությամբ և տրված ռիթմով։ Այն գծերը, որոնց դեպքում տեխնոլոգիական օպերացիաների մի մասի կատարման համար (օր. առանձին ագրեգատների գործարկումն ու կանգնեցումը, նախապատրաստվածքի ամրացումն ու տեղափոխումը) պահանջվում է մարդու անմիջական մասնակցությունը, կոչվում են կիսաավտոմատ գծեր։ Ա. գ–երը կազմված են աշխատանքային մեքենաներից, փոխադրման ու վերահսկման սարքերից և կառավարման համակարգի մեխանիզմներից։ Ա. գ–ի ստեղծումն արտադրության ավտոմատացման կարևորագույն փուլերից է։ Ա. գ–ի կիրառումը բարձրացնում է աշխատանքի արտադրողականությունը, կրճատում արտադրական տարածությունները, փոխադրամիջոցները, ապահովում արտադրության ռիթմիկությունը, իջեցնում արտադրանքի ինքնարժեքը։ Ա–գ–երը լայնորեն կիրառվում են մեքենաշինության, թեթև ու սննդի, էլեկտրատեխնիկական, ռադիոտեխնիկական, քիմիական արդյունաբերության, կենցաղային իրերի, կահույքի արտադրությունում։ Խիստ որոշակի ձևի ու չափի շինվածքներ մշակող Ա. գ–երը կոչվում են հատուկ. շինվածքի տեսակը փոխելիս այս Ա. գ–երը փոխարինվում են նորերով կամ վերակառուցվում են։ Միատիպ և որոշակի սահմաններում փոփոխվող չափեր ունեցող շինվածքների մշակման համար կիրառվում են մասնագիտացված Ա. գ–եր, որոնք շահագործական ավելի լայն հնարավորություններ ունեն։ Արտադրության օբյեկտը նորով փոխարինելիս այս Ա. գ–երի առանձին ագրեգատներ միայն վերահարմարաբերում են և փոխում դրանց աշխատանքի ռեժիմը, իսկ մնացած հիմնական սարքավորումը նույնությամբ օգտագործում են նոր արտադրանքը թողարկելու համար։ Գոյություն ունեն և արագ վերահարմարաբերվող ունիվերսալ Ա. գ–եր, որոնք կազմված են բազմանպատակ, ծրագրային կառավարման ավտոմատ հաստոցներից ու մեխանիզմներից և կիրառվում են հատային ու մանր սերիական արտադրություններում։ Ա. գ–երը լինում են զուգահեռ, հաջորդական և համակցված (զուգահեռ–հաջորդական) գործողության, միահոսք, բազմահոսք և խառը հոսքային (տես Հոսքային արտադրություն)։ Հաջորդական կամ զուգահեռ գործողության մի քանի Ա. գ–եր կարող են միավորվել մի միասնական համակարգի մեջ և կազմել ավտոմատ տեղամասեր, արտադրամասեր կամ արտադրություններ։ Ա. գ–երը ղեկավարվում են ավտոմատ կառավարման համակարգերի օգնությամբ, որոնք ստորաբաժանվում են ներքին և արտաքին համակարգերի։ Առաջինները կառավարում են Ա. գ–ի առանձին ագրեգատի կամ մեխանիզմի աշխատանքը, իսկ արտաքին համակարգերն ապահովում են Ա. գ–ի բոլոր ագրեգատների ու տեղամասերի համաձայնեցված գործողությունը։ Կոմպլեքսային Ա. գ–երը սարքավորվում են էլեկտրոնային ծրագրային կառավարման համակարգերով և հաշվողական տեխնիկայի այլ միջոցներով։

(նկ.) Վ. Ի. Լենինի անվ. Հայէլեկտրագործարանի 8-րդ գաբարիտի էլեկտրական գեներատորների հենոցների մեխանիկական մշակման ավտոմատ գիծը։

ՀՍՍՀ–ում բազմաթիվ Ա. գ–եր են արմատավորված թեթև ու սննդի արդյունաբերության, էլեկտրամեքենաշինության, կաբելի արտադրության, «Հայէլեկտրալույս» միավորման և այլ ձեռնարկություններում։ Վ. Ի. Լենինի անվան հայէլեկտրագործարանում գործող մի շարք Ա. գ–երից մեկն է 8-րդ գաբարիտի էլեկտրական գեներատորների հենոցների մեխանիկական մշակման Ա. գ. (տես նկ.)՝ կազմված ագրեգատային հաստոցներից, նախապատրաստվածքների տեղափոխման համընթաց–հետադարձ փոխակրիչներից, տեղակայման արբանյակ–հարմարանքներից, բեռնմանբեռնաթափման մեխանիզմներից և տաշեղի հեռացման քերակավոր փոխակրի չից։ Ա. գ–ի աշխատանքը կառավարում է օպերատորը՝ կառավարման կենտրոնական պուլտից։

Գրկ. Владзиевский А. П., Автоматические линии в машностроении, М., 1958; Шаумян Г. А., Автоматы и автоматические линии, 3 изд., 1961; Шаумян Г. А., Кузнецов М. М., Волчкевич Л. И., Автоматизация проиводственных процессов, М., 1967. Մ. Վարդանյան


ԱՎՏՈՄԱՏ ԼՈՒՍՆԱՅԻՆ ԿԱՅԱՆ (ԱԼԿ), տիեզերական ապարատ, որը նախատեսված է Լուսնի մակերևույթի վրա գործելու համար։ ԱԼԿ–ի հիմնական խնդիրը Լուսնի ֆիզիկական պայմանների և լուսնային մակերևույթի բնութագրերի հետազոտումն է, որի համար ԱԼԿ–ում տեղավորվում են գիտական ապարատներ, ինչպես նաև ռադիոհեռուստաչափւսկան և հեռուստատեսային համակարգեր՝ լուսնային մակերևույթի դիտումների արդյունքներն ու պատկերները Երկիր հաղորդելու համար։ Աշխարհում առաջինը 1966-ի փետր. 3-ին ավտոմատ միջմոլորակային կայանի օգնությամբ Լուսնի վրա վայրէջք կատարեց սովետական «Լուսին–9» ԱԼԿ, այնուհետև՝ «Լուսին–13», «Լուսին–16», «Լուսին–20», «Լուսին–21» և ամերիկյան «Սերվեյոր–1», «Սերվեյոր–3», «Սերվեյոր–6», «Սերվեյոր–7» ԱԼԿ–ները։


ԱՎՏՈՄԱՏ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ, տես Ծրագրավորում։


ԱՎՏՈՄԱՏ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ տեխնիկայում, գործողությունների ամբողջություն, որ պահպանում կամ բարելավում է կառավարվող օբյեկտի աշխատանքը՝ առանց մարդու անմիջական մասնակցության։ Ա. կ. լայնորեն կիրառվում է տեխնիկական ու բիոտեխնիկական շատ համակարգերում՝ աշխատանքի արտադրողականությունը, կարգավորման որակն ու ճշգըրտությանը բարձրացնելու, ինչպես նաև մարդուն այնպիսի աշխատանքներից ազատելու համար, որոնք դժվարամատչե–