Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/655

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ու Իսլանդիայի, հվ–ից Անտարկտիդայի միջև։ Հս–ից հվ. մոտ 15 հզ. կմ է, արմ–ից արլ. ամենանեղ մասում՝ 2830 կմ։ Տարածությունը 91140,8 հզ. կմ² է, միջին խորությունը՝ 3332 մ, ծավալը՝ 337541 հզ. կմ³։ Ափերը Հյուսիսային կիսագնդում կտրտված են Բալթիկ, Հյուսիսային, Միջերկրական, Սև, Կարիբյան ծովերով, Բիսկայան, Գվինեական, Մեքսիկական ծոցերով։ Հարավային կիսագնդում ափագիծը քիչ է կտրտված (Ուեդդելլի ծով)։

Կլիման։ Ա. օ. իր մեծ ձգվածության շնորհիվ ընդգրկում է բոլոր կլիմայական զոնաները, սկսած հասարակածայինից մինչև մերձարկտիկականը հս–ում և անտարկտիկականը՝ հվ–ում։ Տարվա ընթացքում զարգանում են մթնոլորտի գործունեության չորս կենտրոններ՝ Իսլանդական և Անտարկտիկական մինիմումները և Հյուսիս–Ատլանտյան ու Հարավ–Ատլանտյան մաքսիմումները, որոնք հասարակածի շրջանում միմյանցից բաժանվում են ցածր ճնշման զոնայով։ Այդ կենտրոնները և հարող ցամաքների մթնոլորտային ճնշման մարզերը, փոխադարձորեն ազդելով միմյանց վրա, բարեխառն լայնություններում առաջացնում են արմ. ուժեղ քամիներ, մերձարևադարձային և արևադարձային լայնություններում՝ հս–արլ. և հվ–արլ. քամիներ (պասատներ)։ Օդի ջերմաստիճանը հասարակածային շրջանում ձմռանը 25°C է, ամռանը՝ 26°C–ից 28°C, հս. լայնության 60°–ի տակ ձմռանը՝ 0°C, ամռանը՝ 8°C-ից 12°C, հվ. լայնության 60°–ի տակ ձմռանը՝ -10°C, ամռանը՝ 0°C։ Արևադարձային լայնության արմ. մասը տաք է արլ–ից 5°–ով, բարեխառն լայնությունում՝ ընդհակառակը։ Միջին տարեկան տեղումները՝ հասարակածում 2000 մմ–ից ավելի են, բարեխառն լայնություններում՝ 1000–1500 մմ, բարձր ճնշման կենտրոններում՝ 100 մմ–ից պակաս։

Ջրաբանական ռեժիմը։ Մթնոլորտի ընդհանուր շրջապտույտի ազդեցության տակ Ա. օ–ում առաջանում են հզոր օվկիանոսային ջրապտույտներ։ Պասատների ներգործությամբ առաջանում են հս. պասատային և հվ. պասատային հոսանքները, որոնցից էլ ձևավորվում են անտիցիկլոնային ջրապտույտները Հյուսիսային կիսագնդում ժամացույցի սլաքի, իսկ Հարավային կիսագնդում՝ նրան հակառակ ուղղությամբ: Հյուսիսային կիսագնդի անտիցիկլոնային ջրապտույտը կազմվում է Հս. պասատային, Գոլֆստրիմ, Հս–Ատլանտյան և Կանարյան հոսանքներից։ Հարավային կիսագնդի անտիցիկլոնային ջրապտույտը կազմվում է Հվ. պասատային, Բրազիլական, Արևմտյան քամիների և Բենգալական հոսանքներից, աշխարհագրական բարձր լայնություններում ձևավորվում են հակառակ ուղղության (ցիկլոնային) ավելի փոքր ջրապտույտներ։ Ա. օ–ի մյուս հոսանքներից հայտնի են Գվիանական, Անտիլյան, Լաբրադորյան, Գրենլանդական, Իրմինգերի, Նորվեգական, Նորդկապի, Գվինեական հոսանքները Հյուսիսային կիսագնդում, Ֆոլկլենդյան հոսանքը՝ Հարավային կիսագնդում։ Ա. օ–ի մակերեսային ջրերի ջերմաստիճանը հասարակածում ձմռանը (փետրվարին՝ Հյուսիսային կիսագնդում, օգոստոսին՝ Հարավային կիսագնդում) 27°C-ից 28°C է, ամռանը (օգոստոսին՝ Հյուսիսային կիսագնդում, փետրվարին՝ Հարավային կիսագնդում)՝ 26°C, հս. լայնության 60°–ի տակ, ձմռանը՝ 6°C, ամռանը՝ 10°C, հվ. լայնության 60°–ի տակ, ձմռանը և ամռանը -1°C։ Ջրի աղիությունը կախված է տեղումների քանակից և գոլորշիացումից. արևադարձային և մերձարևադարձային լայնություններում 37,25‰ է, հասարակածում՝ 35‰, Հարավային կիսագնդի բարեխառն լայնություններում՝ 34,0‰, անտարկտիկական շրջանում՝ 32–34‰, Հյուսիսային կիսագնդի բարեխառն լայնություններում՝ 33,6–33,8‰։ Ջրի ամենամեծ խտությունը նկատվում է օվկիանոսի հս–արլ–ում և հվ–ում (1027 կգ/մ³), դեպի հասարակած այն փոքրանում է (1022,5 կգ/մ³)։ Ջրի ամենամեծ թափանցիկությունը (66 մ) Սարգասյան ծովում է։ Ա. օ–ի ջրի գույնը մերձարևադարձային և արևադարձային լայնություններում մուգ կապտավուն է, բարեխառն և բարձր լայնություններում գերիշխում են կանաչ գույնի երանգները։ Մակընթացությունն ունի կեսօրյա բնույթ։ Համաշխարհային օվկիանոսում ամենաբարձր մակընթացային ալիքը նկատվում է Ա. օ–ում՝ 18 մ (Ֆանդի ծոց)։ Մակընթացային ալիքի բարձրությունը բաց օվկիանոսում հասնում է մինչև 1 մ։ Նկատվում են ուժեղ փոթորիկներ, հատկապես Հարավային կիսագնդում՝ 40° լայնության տակ, որը ծովագնացներն անվանում են «շառաչող 40»։ Մերձբևեռային լայնություններում օվկիանոսի մակերևույթը սառցակալվում է։ Հյուսիսային կիսագնդում բաց օվկիանոսի մակերևութային սառույցը գոյանում է միայն ամերիկյան ափերի մոտ և ներքին ծովերում։ Ամենամեծ սառցասարերը օվկիանոս են իջնում Գրենլանդիայից և Անտարկտիդայից։

Օրգանական աշխարհը։ Ա. օ–ի արևադարձային զոնայի բուսականությունը ցուրտ և բարեխառն զոնաների համեմատությամբ աչքի է ընկնում տեսակային կազմի մեծ բազմազանությամբ և բուսական զանգվածի համեմատաբար քիչ քանակով։ Հատակի բուսականությունը տարածվում է օվկիանոսի մակերևույթից մինչև 100 մ խորությունները, հս. և հվ. մասերում միատիպ է, սակայն տարբեր՝ հիմնական ներկայացուցիչների տեսակներով և ցեղերով։ Ա. օ–ի արմ. և արլ. ծայրամասերում հատակի բուսականությունն արտահայտված է ընդհանուր տեսակներով և հիմնական ֆիտոցենոզների ընդհանրությամբ։ Հս–ում առափնյա մասի համար բնորոշ են գորշ ջրիմուռները։ Արևադարձային գոտում մեծ տարածում ունեն կանաչ և կարմիր ջրիմուռները, բազմաթիվ են կարմիր ջրիմուռների տեսակները։ Գորշ ջրիմուռներից բնորոշ են սարգասները։ Ա. օ–ի հվ–ում, հատակի առափնյա մասում, գերիշխում են կարմիր ջրիմուռները։ Ատլանտյան և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսների ազատ ջրափոխման շնորհիվ նրանց հատակի ֆլորան ընդհանուր շատ գծեր ունի։ Կենդանական աշխարհը բազմազան է և հարուստ։ Ցուրտ և բարեխառն գոտիների համար կաթնասուններից բնորոշ են կետերը և փոկերը, ձկներից՝ հարինգը, ձողաձուկը, տափակաձուկը։ Երկու կիսագնդերի բարեխառն գոտիների կենդանական աշխարհի միջև նկատվում է շատ մեծ նմանություն։ Ցուրտ և բարեխառն գոտիների համար բնորոշ են փոկը, ծովաշունը, կետը, կիլկան, տառեխը, սարդինը, խամսին, շատ են անողնաշարավորները, արևադարձային գոտու համար՝ կաշալոտը, ծովային կրիան, խեցեմորթը, շնաձուկը, թռչող ձկները, խաչափառը, մեդուզան, կորալյան պոլիպները ևն։ Ինքնատիպ է Սարգասյան ծովի կենդանական աշխարհը։ Խորջրյա կենդանական աշխարհը հարուստ է սպունգներով, փշամորթներով, խեցեմորթներով, ձկներով։ Ա. օ–ի ձկնառատ շրջաններն են Նյուֆաունդլենդի, Դոգեր–Բանկի ծանծաղուտները, անտարկտիկական ջրերը։ Ա. օ. տալիս է ձկան համաշխարհային որսի 1/3-ը։

Հետազոտման պատմությունը բաժանվում է երեք էտապի՝ 1. մինչև 1749 այն ուներ ճանաչողական, 2. 1749–1872-ին՝ խորջրյա ուսումնասիրությունների, 3. 1872-ից հետո՝ կոմպլեքսային ուսումնասիրությունների (հատկապես Միջազգային գեոֆիզիկական տարվա ընթացքում, 1957/58) բնույթ։

Ա. օ. ունի տրանսպորտային մեծ նշանակություն, ուղիներից կարևորը Հյուսիս–Ատլանտյանն է՝ Եվրոպայի ու Ամերիկայի միջև։ Գլխավոր նավահանգիստներն են՝ Ռոտերդամը, Լենինգրադը, Լոնդոնը, Լիվերպուլը, Հավրը, Շերբուրը, Անտվերպենը, Համբուրգը, Լիսաբոնը, Հալիֆաքսը, Մոնրեալը, Բոստոնը, Նյու Յորքը, Ֆիլադելֆիան, Նոր Օուեանը, Ռիո դե ժանեյրոն, Մոնտեվիդեոն, Բուենոս Այրեսը, Դակարը, Բրազավիլը, Քեյվթաունը ևն։

Քարտեզը տես 656 էջից հետո՝ ներդիրում։

Գրկ. Зенкевич Л. А., Фауна и боилогическая продуктивность моря, т. 2, М., 1947; Харитонов Д. Г., Гитрометеопологическая характеристика северной части Атлантического океана, М.-Л., 1948; Хейзен Б., Тарп М., Юинг М., Дно Атлантического океана, пер. с англ., ч. 1, М., 1962; Леонтьев О. К., Краткий курс морской геологии, М., 1963; Физико-географический атлас мира, М., 1964; Деменицкая Р. М., Кора и мантия Земли, М., 1967. Հ. Գաբրիելյան

ԱՏԼԱՍ, Ատլասի լեռներ (հուն. Ατλας), լեռնային երկիր Աֆրիկայի հյուսիս–արևմուտքում, Մարոկկոյի, Ալժիրի և Թունիսի սահմաններում։ Երկարությունը մոտ 2000 կմ է, առավելագույն բարձրությունը՝ 4165 մ (Տուբկալ լ.)։ Կազմված է իրար զուգահեռ մի շարք լեռնաշղթաներից (Ռիֆյան Ա., Բարձր Ա., Միջին Ա., Սահարայի Ա. ևն) և զանգվածներից, միմյանցից բաժանված բարձր լեռնային սարավանդաձև հարթավայրերով (բարձր. 800–1200 մ)։ Սեյսմիկ երկիր է, առաջացել է երրորդական ժամանակաշրջանում։ Կազմված է կրաքարերից, կավերից, հանդիպում են հնագույն հրաբխային ապարներ։ Ա–ի ռելիեֆը բազմազան է. կան ալպյան ձևեր, սեղանաձև հարթավայրեր, կուեստներ, մնացորդային լեռներ։ Գետերը, որոնք այստեղ կոչվում են ուեդներ կամ վադիներ, ունեն անձրևային սնում և ձմեռային վաոարումներ։ Ամռանը ցամաքում են։