Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

66 ԱԴԱՄՅԱՆ

ԱԴԱՄՅԱՆ քույրեր, հայ դաշնակահարուհիներ։ 1. Ա. (ամուսնական ազգ. Հայրանյան) Հեղինե Աբգարի (1881–1960), 2. Ա. (ամուսնական ազգ. Գարագաշյան) Եվգինե Աբգարի (1883–1945)։ Արշակ և Հովհաննես Ադամյանների քույրերը։ Ծնվել են Բաքվում։ Սովորել են ժնևի երաժշտական ակադեմիայում (1900–04) և Բեռլինի Շտեռնի կոնսերվատորիայում՝ պրոֆ. Մարտին Կրաուզեի բարձրագույն վարպետության դասարանում (1904–08)։ Զուգանվագով համերգներ են տվել Արևմտյան Եվրոպայի և Ռուսաստանի խոշոր քաղաքներում, կատարել Բախի, Բեթհովենի, Լիստի, Շոպենի, Ռախմանինովի և այլոց երկու դաշնամուրի համար գրված բազմաբնույթ ստեղծագործությունները։ Ա. քույրերի նվագն աչքի է ընկել նուրբ երանգավորմամբ, հախուռն դինամիկայով, ներդաշնակ անսամբլով, ստեղծագործական ազատությամբ։ Հեղինեն մահացել է ԳԴՀ-ի Լեգնից քաղաքում, Եվգինեն՝ Փարիզում։


ԱԴԱՄՅԱՆ ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲ, հայկական դրամատիկական թատերախումբ։ Կազմակերպվել է Հալեպում (1961)՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության և Հայ երիտասարդաց ընկերակցության տեղական վարչությունների նախաձեռնությամբ։ Ա. թ. է կոչվել Պ. Ադամյանի անունով։ Ռեժիսորն է Երևանի գեղարվեստաթատերական ինստ֊ի շրջանավարտ Պ. Քելեշյանը։ Խմբի կազմում են Հ. և Վ. Սամվելյանները, Պ. և Գ. Քելեշյանները, Հ. Միքայելյանը, Հ. Գալաճյանը, Ք. Գևորգյանը, Մ. Հրեշտակյանը և ուրիշներ։ Խաղացանկը կազմված է հայ և արևմտաեվրոպական հեղինակների դասական ու ժամանակակից գործերից։ Ա. թ. ներկայացումներ է տվել նաև Հոմսում (1962), Դամասկոսում (1967)։


ԱԴԱՄՈՎ (Adamov) Արթյուր (Ադամյան Հարություն Սուրենի, 1908—1970), հայազգի ֆրանսիական թատերագիր։ Ծնվել է օգոստոսի 23-ին, Կիսլովոդսկում, շուշեցի նավթարդյունաբերողի ընտանիքում։ 1914-ին ծնողների հետ տեղափոխվել է Եվրոպա, 1924-ին հաստատվել Փարիզում։ Սովորել է Շվեյցարիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում։ 30-ական թթ. մասնակցել է ֆաշիստական խմբավորումների դեմ պայքարին, սակայն չի հարել ժողովրդական ճակատին (1936))։ Վիշիի կառավարության դեմ ելույթների համար նետվել է Արժելեի համակենտրոնացման ճամբարը (1941), որտեղ կապեր է հաստատել գերմ. կոմունիստների հետ։ Ազատվելուց հետո չի մասնակցել դիմադրության շարժմանը։ Ա֊ի քաղաքական տատանումներն իրենց արտացոլումն են գտել նրա ստեղծագործական էվոլյուցիայում։ Պատանեկության տարիներին գրել է սյուրռեալիստական բանաստեղծություններ։ 1946-ին հրատարակել է «Խոստովանություն» ինքնակենսագրական վիպակը։ «Պարոդիա», «Ներխուժում» (երկուսն էլ 1950), «Մեծ և փոքր զորախաղ» (1953) բեմադրություններով, Ս. Բեքեթի և Է. Իոնեսկոյի հետ դարձել է թատերական նոր շարժման՝ «աբսուրդի թատրոն»֊ի (տես Ավանգարդիզմ) պարագլուխներից մեկը։ «Բոլորը բոլորի դեմ», «Պրոֆեսոր Տարան», «Մարդիկ իրար վերագտնում են» (երեքն էլ 1953), «Պինգ-պոնգ» (1955) պիեսներում արտաքին գործողությունը, գործող անձանց զբաղմունքը, շարժումը, խոսքը իԱքնաբավ են և ներքին ապրումներից անջատ։ Այդ պիեսներով Ա. հռչակվել է որպես «հոգեբանական թատրոնի» մոլի հակառակորդ։ 1957-ին հրաժարվել է «աբսուրդի թատրոն»֊ից, զարգացրել Բ. Բրեխտի ստեղծագործական սկզբունքները։ «Պաոլո Պաոլի» (1957) պիեսում ռեալիստորեն պատկերել է առաջին համաշխարհային պատերազմին նախորդող տարիների սոցիալ֊պատմական իրականությունը։ «Յոթանասունմեկի գարունը» (1961) ողբերգությունն արտացոլում է Փարիզի կոմունայի դեպքերը։ Ա֊ի հետագա ստեղծագործություններն ավելի ընդգծված քաղաքական բնույթ են ստացել («Մնացուկների քաղաքականությունը», 1962, «Սրբազան Եվրոպա», 1966, «Չափից դուրս», 1968)։ Վարպետորեն պիեսի է վերածել Ն. Գոգոլի «Մեռած հոգիներ»֊ը, փոխադրել Ք. Մառլոյի «Էդուարդ II», Գ. Բյուխների «Դանտոնի մահը»։ Ա. Ֆրանսիայի գրողների ազգային կոմիտեի անդամ էր։ Մահացել է մարտի 15-ին, Փարիզում։

Երկ. Théâtre, V. 1—4, P., 1953—68; Паоло Паоли, в. об.: Пьесы современной Франции, М., 1960; Весна семьдесят первого, М., 1968; «Լ'Homme et l'enfant», P., 1968.

Գրկ. Թիլդյան Ն., Արթուր Ադամովի հետ հետ, «ՍԱ», 1967, №8։ Մխիթարյան Ս., Ֆրանսերենով արտահայտվող հայ արվեստագետներ, Փ., 1969։ Ներսիսյան Լ., Արթուր Ադամովի մի փորձը, «ՍԱ», 1962, №10: Леклерк Г., Судьбы авангардистского театра во Франции, «Театр», 1959, № 9; Проскурникова Т. Б., Французская антидрама (50–60-е гг..), М., 1968.


ԱԴԱՄՍ (Adams) Ջոն (1735-1826), ամերիկյան պետական գործիչ, ԱՄՆ-ի պրեզիդենտ (1797–1801)։ Ծնվել է հոկտեմբերի 19-ին։ Պետական գործունեությունն սկսել է ռազմական դեպարտամենտում, ապա դարձել ԱՄՆ-ի առաջին դեսպանն Անգլիայում (1785–88)։ Որպես պրեզիդենտ հայտնի է Ֆրանսիայից և Իռլանդիայից ԱՄՆ տեղափոխված հեղափոխական վտարանդիների դեմ ընդունած «Օտարերկրացիների մասին» օրենքով (1798)։ Մահացել է հուլիսի 4-ին։


ԱԴԱՄՍ (Adams) Ջոն Քուինսի (1767–1848), ամերիկյան քաղաքական պետական գործիչ, ԱՄՆ-ի պրեզիդենտ (1825–29)։ Ծնվել է հուլիսի 11-ին։ Ջ. Ադամսի ավագ որդին։ Որպես ԱՄՆ֊ի առաջին դեսպանը Ռուսաստանում (1809–14) նպաստել է ռուս֊ամերիկյան հարաբերությունների զարգացմանը։ Լինելով պետական քարտուղար (1817–24)՝ Ա. ձևակերպեց «Մոնրոյի դոկտրինա»֊ի դրույթները։ Պաշտպանելով արդյունաբերական բուրժուազիայի շահերը՝ Ա. 1828-ին հաստատեց մաքսային բարձր հովանավորական սակացանկ (տարիֆ), որը դժգոհություն առաջացրեց պլանտատորների և ֆերմերների մեջ։ Մահացել է փետրվարի 23-ին։


ԱԴԱՄՍԻՏ, քլորհիդրոֆենարսազին, , թունավոր, անհոտ, ջրում չլուծվող, կայուն, դեղին բյուրեղական նյութ (հալման ջերմաստիճանը՝ 195°C, եռմանը՝ 410°C)։ Վատ է լուծվում նաև օրգանական լուծիչներում (բացառությամբ ացետոնի)։ Հեշտությամբ ցնդում է՝ առաջացնելով կայուն ծուխ։ Որպես այդպիսին և վերին շնչառական օրգանները գրգռող մարտական թունավոր նյութ առաջարկվել է առաջին համաշխարհային պատերազմի վերջում։ Ա֊ով կարելի է լիցքավորել արկեր և ռումբեր։ Իրերի վրա նստած Ա֊ի փոշին մաքրում են ացետոնով թրջած լաթով, հագուստը՝ թափ տալով։ Գործնական կիրառություն չունի։


ԱԴԱՄՍՈՆ (Adamson) Ամանդուս Հենրիխ (1855–1929), էստոնացի քանդակագործ։ Ծնվել է հոկտեմբերի 31 (նոյեմբ. 11)֊ին, Ուուգա֊Ռյատսեպա խուտորում (Պալդիսկիի մոտ)։ 1876–79-ին սովորել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում (ակադեմիկոս 1907-ից)։ 1886–91-ին աշխատել է Փարիզում, ապա՝ Էստոնիայում։ Հայտնի է Ա֊ի «Ռուսալկա» խորտակված զրահանավի հուշարձանը (1902, Տալլին)։