Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/673

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ֆիյյա» տրակտատը՝ միշնադարյան Արևելքի երաժշտագիտական նշանավոր երկը։ Արևելքի երաժշտության մասին կարևոր տեղեկություններ կան «Երաժշտության մասին մեծ տրակտատ»–ի հեղինակներ ալ–Ֆարաբիի, Իրն Սինայի և ուրիշների երկերում։ Միջին դարերում արաբ․ երաժշտությունը ազդել է Իսպանիայի, Պորտուգալիայի երաժշտական արվեստի, եվրոպական մի շարք գործիքների ձևավորման վրա։

Պատկերազարդումը տես աղ. XXX, 640–41 էջերի միջև՝ ներդիրում։

Գրկ. Նալբանդյան Հ., Արաբական աղբյուրները Հայաստանի և հարևան երկրների մասին, Ե., 1965։ Սեյյետ Է., Հայաստանը արաբական պատմության մեջ (արաբ.), Բեյրութ, 1972։ Крачковский И. Ю., Избр. соч., т. 1–6, М.–Л., 1955–60; Леви–Провансаль Э., Арабская культура в Испании, пер. с франц., М., 1967; Мец А., Мусульманский Рененанс, пер. с нем., М., 1966; Юшкевич А. П., История математики в средние века, М., 1961; Григорян С. Н., Средневековая философия народов Ближнего и Среднего Востока, М., 1966; Гибб Х. А. Р., Мусульманская историография, [пер. с англ. Грязневича], в его кн.: Арабская литература, М., 1969, с. 117–155; Крымский А. Е., История арабов и арабской литературы светской и духовной, ч. 1–3, М., 1911–13; Аль-Фахури Х., История арабской литературы, [пер. с араб.], т. 1–2, М., 1959–61; Веймарн Б., Каптерева Т., Подольский А., Искусство арабских народов, М., 1960; Кузнецова К. А., Арабская музыка, в сб.: Очерки по истории и теории музыки [сб.] 2, Л., 1940, с. 265–80; Gibb H., Studies on the Civilization of Islam, Boston, 1962; Grünebaum G. Von, Medieval Islam, A study in cultural orientation, 2 ed., Chicago, 1961; Sauvaget J., Introduction á l’historie de l’Orient Musulman, Eléments de bibliographie, P., 1961; Grohmann A., Arabien, München, 1963; Boer T. J., de, The history of philosophy in Islam, L., 1933; Resenthal F., A history of Muslim Historiography, 2 ed., Leiden, 1968; Marçais G., L’architecture musulmane d’Ocident, P., 1954; Greswell K. A. C., Early Muslim architecture, pt. 1–2, Oxford, 1932–40; Նույնի, The Muslim architecture of Egypt, v. 1–2, Oxford, 1952–60; Lane A., Early Islamic pottery, Mesopotamia, Egypt and Persia, L., 1958; Hoag J. D., L’architectura araba, Milano, 1965; Erlanger R. d’, La Musique arabe, v. 1–6, P., 1930–59.

ԱՐԱԲԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ, Արաբական թերակղզու ցեղերի ռազմական արշավանքները VII–VIII դդ., մասամբ նաև հետագայում։ Ա. ն–ի հետևանքով Մերձավոր և Միջին Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Հարավ–Արևմտյան Եվրոպայի երկրներում հաստատվեց արաբների գերիշխանությունը։ Ա. ն. արդյունք էին մի կողմից արաբական ցեղերի միավորման, մյուս կողմից՝ Սասանյան Իրանի ու Բյուզանդիայի թուլացման։ Աբու Բաքր, Օմար և Օսման խալիֆաների օրոք (632–656) արաբները նվաճեցին Պաղեստինը, Ասորիքը, Միջագետքը, Եգիպտոսն ու Պարսկաստանը։ 633-ին ներխուժեցին Պաղեստին և Ստորին Միջագետք (Իրաք), 635-ին գրավեցին Դամասկոսը, իսկ 636-ին՝ Յարմուքի (Հորդանան գետի վտակը) ճակատամարտում հաղթեցին բյուզանդացիներին, որից հետո, առանց լուրջ դիմադրության, տիրացան ողջ Ասորիքին։ Իրաքում արաբները Սաադ իբն Աբի Վակկասի գլխավորությամբ, որոշ ընդհարումներից հետո, 637-ին Կադիսիայի ճակատամարտում հաղթեցին պարսիկներին և նվաճեցին նրանց մայրաքաղաք Տիզբոնը։ 639-ին նրանք գրավեցին վերին Միջագետքը՝ մինչև Հայկական Տավրոսը։ 641-ին Նեհավենդի (Եկբատանի մոտ) հաղթանակով արաբներն ավարտեցին Իրանի նվաճումը։ Գրավելով Ատրպատականը արաբները շարժվեցին դեպի արևելք՝ մեկ տասնամյակի ընթացքում հասնելով Ամուդարյայի ափերը և Ինդոսի հովիտը։ 640-ին Ամր իբն ալ–Ասը մտավ Եգիպտոս և վերցրեց Բաբելոն ամրոցը (Կահիրեի մոտ), 642-ին՝ Ալեքսանդրիա մայրաքաղաքը։ Եգիպտոսից հվ. արաբների առաջխաղացմանը խանգարեց Նուբիայի քրիստոնյա թագավորությունը։ Արաբները տարածվեցին դեպի արևմուտք՝ աստիճանաբար հպատակեցնելով հյուսիսաֆրիկյան բերբերական ցեղերին։ 648-ին նվաճեցին Կիպրոս կղզին։ Ներքին երկպառակությունների պատճառով VII դ. 2-րդ կեսին Ա. ն. ժամանակավորապես կանգ առան, սակայն Աբդ ալ–Մալիք (685–705) և Վալիդ (705–715) խալիֆաների օրոք վերսկսվեցին լայն թափով։ Դեռևս 670-ին Ուկբա իբն Նաֆի զորավարը Աֆրիկայում (այժմյան Թունիսում) հիմնել էր Կայրուան քաղաքը, որպես կարևոր հենակետ։ Հպատակեցնելով Հյուսիսային Աֆրիկան՝ 711-ին արաբներն անցան Իսպանիա՝ հաղթելով վեստգոթերին։ Շուտով նրանք նվաճեցին ամբողջ Իսպանիան, բացառությամբ լեռնային գավառների, ներխուժելով նաև գալլերի երկիրը (Ֆրանսիա), որտեղ 732-ին Պուատիեի ճակատամարտում պարտություն կրեցին։

Վալիդ խափֆայի օրոք արաբները նվաճեցին նաև Միջին Ասիան։ Աբբասյանների ժամանակ նոր նվաճումներ չկատարվեցին, միայն նրանց ձևականորեն ենթակա Աղլաբյանները (Թունիսում) գրավեցին Սիցիլիա, Սարդինիա և Սալթա կղզիները։ Արաբ ծովահենները նվաճեցին նաև Կրետեն։ Սակայն նվաճված երկրների ժողովուրդների ազատագրական պայքարի շնորհիվ արաբական գերիշխանությունը վերացվեց Միջին Ասիայում՝ IX դ., Իրանում՝ IX դ. սկզբին, Հայաստանում՝ IX դ. վերջին, Պիրենեյան թերակղզում՝ XI–XV դդ. (ռեկոնքիստայի շնորհիվ)։ Ա. ն–ի հետևանքով Ասիայի և Աֆրիկայի շատ երկրներում տարածվեց մահմեդականությունը, իսկ որոշ երկրներում՝ նաև արաբերենը։

Հայաստանի նվաճումը։ Արաբները Հայաստան են ներխուժել 640-ին, Վերին Միջագետքի գրավումից անմիջապես հետո և որոշ ժամանակ սահմանափակվել են միայն երկրի ասպատակությամբ։ 652-ին Հայոց իշխան Թեոդորոս Ռշտունու և Մուավիայի միջև կնքված հայ–արաբական պայմանագրով Հայաստանը համարվել է խալիֆայության հպատակ պետություն։ Օգտագործելով Բյուզանդիայի ներխուժումը՝ 654-ին արաբները նորից արշավեցին Հայաստան։ Հայոց իշխան Համազասպ Մամիկոնյանի օրոք (654–661) Հայաստանը թոթափեց արաբական հպատակությունը, սակայն նրա հաջորդ Գրիգոր Մամիկոնյանն ընդունեց արաբների գերիշխանությունը՝ 652-ի պայմանագրով վճարելով տարեկան 500 ոսկեդրամ։ Օգտվելով Արաբիայում ծագած ապստամբությունից՝ 683-ին Հայաստանը հրաժարվեց հարկատվությունից, իսկ Աշոտ Բագրատունին (685–689) ձեռք բերեց լիակատար անկախություն։ Բյուզանդիայի Հուստինիանոս II կայսրը, նվաճելով Հայաստանը, 689-ին երկրի կառավարիչ նշանակեց Ներսեհ Կամսարականին, սակայն նրա հաջորդ Սմբատ Բագրատունու օրոք Աբդ ալ–Մալիք խալիֆայի եղբայր Մուհամմադ իբն Մրվանը մի քանի արշավանքներով (693–701) վերջնականապես նվաճեց Հայաստանը։ Արաբական խալիֆայության բուն տիրապետությունը Հայաստանում տևեց 701-ից մինչև 862։ Հայաստանը, Աղվանքը (Առանը) և Վրաստանը (Ջուրզանը) կազմեցին մեկ վարչական միավոր՝ Արմինիա անունով, որը կառավարում էր արաբ ոստիկանը, իսկ Հայաստանը՝ Հայոց իշխանը։ Ոստիկանի նստավայրն էր սկզբում Դվինը, իսկ 789-ից նաև Պարտավը։ Ատրպատականի, Վերին Միջագետքի (Ջազիրա) և երբեմն այլ նահանգների հետ Արմինիան կազմում էր խալիֆայության հյուսիսային փոխարքայությունը։ Նվաճելով Հայաստանը՝ խալիֆայության զորքերն ասպատակեցին երկիրը, ավերեցին շատ գյուղեր ու քաղաքներ։ Նրանք ծանր հարկեր դրեցին բնակչության վրա։ Հայ ժողովրդի մեջ ազատության ու անկախության ոգին իսպառ մեռցնելու նպատակով ձեռնամուխ եղան վերացնելու ներքին կյանքում դեռևս որոշ իրավունքներով օժտված նախարարական դասին, ոչնչացնելու հայերի մարտունակ ուժը։ Արմինիայի առաջին ոստիկան Աբդալլահի ձգտումը՝ հայ. նախարարներին զրկելու ժառանգական իշխանությունից, պատճառ դարձավ 703-ի ապստամբության։ Հայ նախարարները, սպարապետ Սմբատ Բագրատունու գլխավորությամբ քննարկելով ստեղծված իրավիճակը, որոշեցին առայժմ խուսափել հակառակորդի գերակշիռ ուժերի հետ ընդհարվելուց և ուժերը համալրելու համար հեռանալ դեպի Բյուզանդիա։ 703-ի ձմռանը Սմբատ սպարապետը երկուհազարանոց այրուձիով հասավ Մասիսի ստորոտում գտնվող Ակոռի գյուղը։ Արմինիայի ոստիկան Աբդալլահը, անցնելով հինգհազարանոց կանոնավոր զորաբանակի գլուխ, սկսեց հետապնդել նրան։ Ընդհարումն անխուսափելի դարձավ։ Հայոց այրուձին անցավ Արաքսի ձախ ափը և Վարդանակերտ գյուղի մոտ վաղ առավոտյան հանկարծակի գրոհեց հակառակորդի վրա, որն անսպասելի հարվածից մատնվեց խուճապի։ Փրկվելու հույսով դեպի Արաքսի մյուս ափը փախչող արաբական զորքի զգալի մասը, որ կարողացել էր խույս տալ հայոց սւյրուձիի հարվածներից, հեղձամահ եղավ գետում, երբ նրա սառույցը կոտրվեց խուճապով նահանջող զինվորների ոտքերի տակ։ Այդտեղ իր վախճանը գտավ նաև Աբդալլահ ոստիկանը։

Վարդանակերտի ճակատամարտում տարած հաղթանակը արձագանք գտավ