Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/672

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և հայերը, որոնց մշակույթն անհամեմատ հին էր և գտնվում էր զարգացման ավելի բարձր աստիճանում։ Ստեղծվեցին հարուստ նախշազարդերով նոր տիպի շինություններ՝ մզկիթներ, մեդրեսեներ (հոգևոր դպրոցներ), մինարեներ են։ Մահմեդականության պաշտամունքային հիմնական շինությունը դարձավ մզկիթը, որի բաղկացուցիչ մասերը՝ աղոթախորշը (միհրաբ), բակը շրջսւփակող սյունաշարերը, մինսւրեները, գմբեթները արաբական ճարտարապետության մեջ կիրառվեցին VII դ. 1-ին կեսից։ Վաղ օրինակներից և նշանավոր հուշարձաններից են Բասրայի (635), Կաֆայի (638) և Ֆուսթաթի (VII դ. 40-ական թթ.) մզկիթները, Կաաբայի սրբատեղին Մեքքայում (այժմյան տեսքով վերականգնվել է 705-ին), ալ–Ակսա մզկիթը (692) և Քուբբաթ ալ–Սախրա (687–691) պաշտամունքային գմբեթավոր շինությունը Երասաղեմում, բազմագույն խճանկարներով զարդարված Օմայանների մզկիթը (VIII դ.) Դամասկոսում, Սամառայի և շրջապատի մզկիթներն ու պալատները, Կասր ալ–Հայթ, Մշատտա ռազմական ճամբարները, կենցաղային թեմաներով նկարազարդված Կուսեյր Ամրա դղյակը, Բաղդադի շինությունները։ Ասիայի սահմաններից դուրս արաբական մշակույթի խոշոր կենտրոն դարձավ Եգիպտոսը (Իբն Թուլունի մզկիթը, IX դ., գմբեթավոր դամբարանները են)։ Արևմուտքում (Թունիս, Ալժիր, Մարոկկո, Իսպանիա) կազմավորվեց այսպես կոչված մավրիտանական արվեստը, ստեղծվեցին ճարտարապետական հիանալի հուշարձաններ՝ Կայրուանի մզկիթը (VII–IX դդ.), Կորդովայի մզկիթը (VIII–X դդ.) սյունազարդ վիթխարի դահլիճով, XIII–XV դդ. արաբական ճարտարապետության և դեկորատիվ արվեստի գլուխգործոց Ալհամբրա ամրոց–պալատը։ Խոշոր քաղաքներում (Ռաբաթ, Մառակեշ, Ֆես ևն) կառուցվում էին հզոր պատերով, աշտաոակնեոով և դռներով ամրոցներ, միջնաբերդեր, առևտրական և արհեստավորական թաղամասեր՝ քարավանատներով, բաղնիքներով, կրպակներով։ Արաբական ճարտարապետությունը ազդել է Իսպանիայի, Սիցիլիայի և Միջերկրական ծովի առափնյա այլ երկրների ռոմանական ու գոթական ճարտարապետության վրա։ Թուրքիայի տիրապետության պայմաններում, սկսած XVI դ., արաբական ճարտարապետության զարգացումն արգելակվեց։ Այն նոր փուլ ապրեց ներկա արաբական աշխարհում, առանձնապես՝ Եգիպտոսում և Սիրիայում։

Արաբական արվեստին հատուկ է վառ դրսևորված դեկորատիվությունը, հարուստ նախշազարդը, որի նոր տիպն էր արաբեսկը։ Նախշազարդը և գեղագրությունը լայնորեն կիրառվում էին ճարտարապետական հարդարանքում (քարի, փայտի ևնի քանդակազարդում), կիրառական արվեստում։ Գեղեցիկ նախշով զարդարվում էր Միջագետքի երկրների (կենտրոններն էին Ռակկան, Սամառան), Ֆաթիմյան Եգիպտոսի, ինչպես նաև XIV–XV դդ. իսպանա–մավրիտանական խեցեղենը։ Համաշխարհային համբավ էին վայելում նաև արաբ, նախշավոր մետաքսյա գործվածքները, խավոտ գորգերը։ Կատարման վարպետությամբ աչքի էին ընկնում XII–XIV դդ. Մոսուլ քաղաքի (Իրաք) և Սիրիայի մի քանի արհեստագործական կենտրոնների նուրբ կռածոյով, փորագրումով, ոսկու և արծաթի ընդելուզումով պատրաստված բրոնզյա իրերը, սիրիական նուրբ էմալանախշ ապակին, լեռնային բյուրեղապակուց, փղոսկրից, փայտի թանկագին տեսակներից պատրաստված եգիպտական նրբաճաշակ առարկաները։

Մահմեդական երկրներում արվեստը զարգացել է կրոնի հետ բարդ փոխազդեցությամբ։ Կրոնը պաշտոնապես արգելում էր կենդանի արարածների պատկերումը։ Մզկիթները, ինչպես և սուրբ գիրքը՝ Ղուրանը, զարդարվում էին երկրաչափական, բուսական և արձանագրական պատկերներով։ XI–XIII դդ. աստվածաբանները (Գազելի և ուրիշներ) կենդանի արարածների պատկերումը ծանրագույն մեղք համարեցին։ Չնայած դրան, արվեստագետները ամբողջ միջնադարի ընթացքում պատկերել են մարդկանց և կենդանիների, իրական և դիցաբանական տեսարաններ։ Խճանկարչության վաղ նմուշներ պահպանվել են Դամասկոսում, նախկին Հովհաննես Մկրտչի բազիլիկ եկեղեցում, որը 705–715-ին Վալիդ I վերածեց մզկիթի։ Որմնանկարչության նմուշներ կան նաև Սամառա քաղաքում։ Կերպարվեստը ծաղկում ապրեց X–XII դդ., Եգիպտոսում։

(նկ․) Ալժիր քաղաքի Մեծ մզկիթը։ 1096։ Ինտերիեր։

Համաշխարհային արվեստի պատմության մեջ որոշակի տեղ ունի արաբ, մանրանկարչությունը։ Եգիպտոսի IX–X դդ. և XI–XII դդ. մանրանկարչությունը ոճական աղերսներ ունի ղպտիական արվեստի հետ։ Սիրիական մանրանկարչության երփնագրում նկատելի է բյուգանդական ազդեցությունը։ Մանրանկարչությունը XII–XIII դդ. բարձր կատարելության հասավ Իրաքում։ Պատկերազարդված հայտնի ձեռագրերից են՝ «Քիթաբ ալ–աղանի» («Գիրք երգոց»–ը, 1218/19), որ պահվում է Ստամբուլի ազգային գրադարանում, հույն բժիշկ Դիոսկորիդեսի դեղագործության վերաբերյալ աշխատության արաբ․ թարգմանությունը (1222), ալ–Հարիրիի «Մակամներ»–ը (որ մեզ են հասել մի քանի ընդօրինակումներով)։ Առանձնանում են 1237-ի (նկարիչ Յահյա իբն Մահմուդ Վասիտցի, Փարիզի Ազգային գրադարան) և 1225–35-ի ձեռագրերի (Արևելագիտության ինստ–ի Լենինգրադի բաժանմունք) մանրանկարները։ XIV դ. վերջին Բաղդադում աշխատում էր ականավոր մանրանկարիչ Ջունաիդ Սուլթանին (Հաջու Քերմանի, «Խամսե»–ի 1396-ի ձեռագիրը, Բրիտանական թանգարան, Լոնդոն)։

Երաժշտությունը։ Արաբ․ երաժշտությունը ձևավորվել է բուն արաբ․ և նվաճված երկրների երաժշտական մշակույթների միաձուլումից։ Վաղ՝ «բեդվինյան» շրջանին բնորոշ է երաժշտության և բանաստեղծության միասնությունը։ Տեղեկություններ են պահպանվել արաբ․ հին պրոֆեսիոնալ երգիչ–բանաստեղծների (շաիրների), հիդա (քարավանի երգեր), հաբաբ (հեծյալների երգեր) երգային ժանրերի, դուֆֆ (քառակուսի փոքրիկ դափ), միզհար (պրիմիտիվ վին՝ կաշվե դեկայով), ռեբաբ (միալար ջութակի տեսակ) գործիքների մասին։ Ընդարձակելով իրենց տիրապետությունը՝ արաբները յուրացրին ավելի զարգացած տեղական մշակույթների ավանդույթները (ընկալեցին հուն․ երաժշտության տեսության հիմունքները, պարսկական և բյուզանդական մելոդիկայի ազդեցությամբ արաբ․ հնչյունաշարը ընդլայնվեց մինչև երկու օկտավ)։ Արաբական դասական երաժշտության ծաղկումը սկսվում է VII դ. վերջերից։ Այն հիմնվում է յոթնաստիճան լադերի վրա, որոնց մեջ հիմնական հնչյունների շարքում կիրառվում են միջակա ինտերվալներ՝ կոմմաներ (ամբողջ տոնի 1/8-ից պակաս)։ Արաբական երաժշտությանը բնորոշ է ծաղկուն մելիզմատիկան, երգը կատարվում է յուրօրինակ եղանակով՝ լայնորեն կիրառվող գլիսանդոյով (հնչյունից հնչյուն սահելով)։ Դասական երաժշտությունն առավելապես վոկալ է։ Համեմատաբար տարածված է վոկալ–գործիքային անսամբլը՝ երգչի առաջատար դերով։ Օմայանների շրջանի խոշորագույն երգիչներից էին Իբն Մուսաջիհը, Մուսլիմ իբն Մուհրիզը, երգչուհի Ջամիլեն ու նրա աշակերտները, Աբբասյանների օրոք՝ երաժիշտներ Իբրահիմ ալ–Մաուսիլին (742–804) և նրա որդին՝ Բաղդադի դպրոցի հիմնադիր Իսհակ ալ–Մաուսիլին (767–850), ինչպես և Մանսուր Զալզալր։ Միջնադարյան երաժշտության ականավոր տեսաբաններից էին ալՔինդին, որը արաբական երաժշտության համար մշակել ու կիրառել է նեոպլատոնականների «Տիեզերքի հարմոնիաներ»–ը մետաֆիզիկական դոկտրինան, «Երգերի մեծ գրքի» հեղինակ ալ–Իսֆահանին (897–967), Սաֆի–ադ–դին Ուրմավին (մոտ 1230–94), որը ակուստիկայի և հարմոնիկ կապերի մասին գրել է «Էշ–Շարա–