Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/678

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ջապատված է անթրոպոգենում առանձին կենտրոններից արտավիժած ոչ այնքան հզոր լավային հոսքերով և տուֆերով։ Ա–ի ծագման և հասակի վերաբերյալ երկրաբանների կարծիքը տարբեր է։ Ըստ հետազոտողների մի մասի, այն տարասեռ ծալքաբեկոր հիմքի վրա տեղավորված երրորդական հասակի (միոցեն) խոշոր հրաբուխ է, որի խառնարանի մնացորդները գագաթներն են։ Մյուս մասի (Կ. Ն. Պաֆենհոլց և ուրիշներ) կարծիքով Ա. հվ–արլ. տարածում ունեցող խոշոր բրախիանտիկլինալ է՝ կազմված օլիգոցենի հասակի հրաբխային ապարներից։

Ա–ի գագաթնային մասում, բրգաձև, ժայռային կատարների միջև ընկած է 350 մ խորությամբ և 3 կմ լայնությամբ խառնարան–կրկեսը, որը հվ–արլ. կողի էրոզիոն բացվածքով կապվում է շրջապատին։

Ա–ի գագաթնային գոտին ունի խիստ մասնատված ալպյան ռելիեֆ։ Սառցադաշտային բազմաթիվ կրկեսների և հովիտների վերին մասերում պահպանվում են մնացորդային սառցադաշտեր ու ֆիռնային բծեր՝ մինչև 5 կմ² ընդհանուր մակերեսով։ Տիրապետում են ձնասառնամանիքային, սոլիֆլյուկցիոն և գրավիտացիոն պրոցեսները։ Ա–ի գագաթնային գոտու շուրջը տարածվում են տեղ–տեղ մնացուկային թմբաշարեր կրող, եզրամասերում խոր մասնատված, քարացրոններով ու մորենային կուտակումներով ծածկված մեղմ–ալիքավոր, աստիճանակերպ սարահարթերը (2500–3000 մ)։ Այստեղից սկսվում են լեռնազանգվածի սանդղակերպ ցածրացող փոքրաթեք լանջերը՝ իրենց վրա բարձրացած տասնյակ խարամային (Տիրինկատար, Կաքավաքար ևն) և էքստրուզիվ (Մեծ ու Փոքր Արտենի, Իրինդ ևն) կոներով։ Ա–ի մերձգագաթնային սարահարթը և մեղմաթեք լանջերը մասնատված են ճառագայթաձև տարածվող, մեծ թվով խոր հովիտներով, որոնք իրենց վերին մասերում ունեև տաշտակաձև, իսկ միջին ու ստորին մասերում՝ V-աձև լայնական կտրվածք։ Լանջերում, հատկապես արմ. ու հվ. ցածրադիր մասերում, լայն տարածում ունեն չոր ձորերը, որոնց մի մասը հեղեղաբեր է (Մաստարայի սելավների խումբ)։ Ստորոտներին դիտվում են հնագույն սառցապատումների հալոցքային ջրերի բերվածքներ։ Ա–ի շուրջը կան անդեզիտա–բազալտներով, զանազան տուֆերով ու տուֆալավաներով ծածկված, թույլ–ալիքավոր, համարյա հորիզոնական մի շարք սարահարթեր (Կարմրաշենի, Շամիրամի և Ապարանի)։ Ա–ի լանջերով են անցնում Երևան–Թալին–Լենինական, Երևան–Հոկտեմբերյան–Լենինական, Երևան–Ապարան–Արթիկ մայրուղիները։

Ա–ի կլիման փոփոխվում է ըստ բարձրության. ստորոտից (1000 մ) մինչև գագաթը տարեկան միջին ջերմաստիճանը տատանվում է 10°C–ից -2,7°C, տեղումները՝ 300–900 մմ և ավելի։ Լանջերին ամռանը չափավոր տաք է, ձմռանը՝ ցուրտ։ Մերձգագաթնային գոտում ամառը զով է, ձմեռը՝ ցուրտ, գագաթնայինում ցրտեր են լինում նաև ամռանը, ձմեռը երկարատև է (0°–ից ցածր ջերմաստիճանով օրերի թիվը 220 է), խիստ ու ձնառատ, կայուն ձնածածկույթով (250 օր)։ Առավելագույն տեղումները լինում են գարնանը, նվազագույնը՝ ձմռանը։ Արմ–ում 2100–3200 մ բարձրությունների վրա անսառնամանիք օրերի թիվը 160 է, իսկ արլ–ում 1900 մ բարձրության վրա՝ 130։

Ա–ի լավային հաստվածքների կարերից բխում են հարյուրավոր սառնորակ աղբյուրներ։ Ձնհալքը, անձրևաջրերը և աղբյուրները սկիզբ են տալիս խոր հովիտներով հոսող մի շարք գետերի ու գետակների (Գեղարոտ, Ամբերդ, Նարիշդ, Մանթաշ, Գեղաձոր, Ծաղկահովիտ ևն), որոնցից շատերն ունեն անմշակ հուն և տեղ–տեղ առաջացնում են ջրվեժներ ու սահանքներ։ Գետերի առավելագույն ծախսը գարնանն է, նվազագույնը՝ ձմռանը։ Սառցադաշտային կրկեսներում և մորենային թմբերի միջև գոյացել են գեղատեսիլ լճեր՝ Քարի, Ամբերդի, Լեսինգի ևն։ Լավաների տակ ներծծված ջրերով է սնվում նաև Այղր լիճը։

Ա–ում տիրապետում են սևահողերի տարբերակները (5–15% հումուսով), ցածրադիր մասերում տարածված են շագանակագույն, իսկ բարձրադիր մասերում՝ լեռնամարգագետնային հողերը։ Ա. հարուստ է խոտհարքներով և ալպյան փարթամ արոտավայրերով, լայն տարածում ունեն մարգագետիններն անուշահոտ ծաղիկներով (մանուշակ, վայրի շուշան, կակաչ, զանգակածաղիկ ևն)։ Ա–ի բարձր լեռնային գոտուն (2800–3400 մ) բնորոշ են բազմերանգ «ալպյան գորգերը» և ձյունամերձ բուսականությունը։ Հվ. լանջին (1800–2300 մ) կա անտառակ՝ արևելյան կաղնու տիրապետությամբ։ Ա–ի կենդանական աշխարհի բնորոշ ներկայացուցիչներն են. ճագարամուկը, նապաստակը, աղվեսը, գայլը, մողեսները, մասամբ կրիաներն ու օձերը, շատ են թռչունները։ Ա–ում միմյանց հաջորդում են կիսաանապատային, չոր լեռնատափաստանային, ալպյան և ձյունամերձ գոտիները։ Արդյունահանվում են հրաբրխային ծագում ունեցող բազմաթիվ շինանյութեր (տուֆ, պեմզա, պեռլիտ են)։ Բնությունը գեղեցիկ է, գրավում է հովեկներին և զբոսաշրջիկներին։ Հվ–արլ. լանջին Բյուրականի աստղադիտարանն է, մերձգագաթնային սարավանդի վրա՝ Տիեզերական ճառագայթների հետազոտման, բարձրալեռ օդերևութաբանական կայանները, Մանթաշի հովտում՝ խոշոր ջրամբարը։ Ա. հայ ժողովրդի ամենասիրված լեռներից է։ Իրենց ստեղծագործություններում Ա. գովերգել են հայ պատմիչները, բանաստեղծները, նկարիչները, երաժիշտները (Ալիշան, Կոմիտաս, Հ. Հովհաննիսյան, Հ. Թումանյան, Ա. Իսահակյան, Ե. Չարենց, Հ. Շիրազ, Գ. Բաշինջաղյան, Մ. Սարյան, Հ. Զարդարյան)։

Պատկերազարդումը տես 680–81 էջերի միջև՝ ներդիրում։

Գրկ. Կարապետյան Հ., Արագած լեռը, Ե., 1934։ Քալանթար Ա., Արագածը պատմության մեջ, Ե., 1935։ «Алгёз» потухший вулкан Армянского нагорья, т. 1, Л., 1931 (Труды Совета по изучению производственных сил, серия закавказская, в. 3); Бельян С. П., О происхождении г. Арагац в свете новых морфологических данных, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, ֆիզմաթ, բնական և տեխ. գիտ.», 1949, հ. 2, № 1։ Асланян А. Т., О происхождении массива Арагац, «Զեկույցներ ՀՍՍՀ ԳԱ», 1950, հ. 12, № 4; Паффенгольц К. Н. и Тер-Месропян Г. Т., Арагац, Е., 1964. Խ. Նազարյան

ԱՐԱԳԱԾ (մինչև 1946՝ Խզնաուզ), գյուղ Հայկական ՍՍՀ էջմիածնի շրջանում, շրջկենտրոնից 9 կմ հյուսիս–արևմուտք։ 1962 բն. (1970), հայեր, քրդեր։ Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, մանկապարտեզ, ծննդատուն։ Գյուղի շրջակայքում պահպանվել են ուրարտական ամրոց–պահակակետի և բնակատեղիի ավերակներ։ Ամրոցի վերակազմության առաջին փորձը պատկանում է ֆրանսիացի ճանապարհորդ Բուլեյ լը Գուզին (1647)։ Հետագայում այն ուսումնասիրել է Թ. Թորամանյանը։ Պարսպով եզերված և 10–15 հա զբաղեցնող բնակատեղին խիտ կառուցապատված է եղել փոքր (հիմնականում 3 սենյականոց) տներով, որտեղ հայտնաբերվել են 500–600 լիտր տարողությամբ ուրարտական հասարակ ու դրոշմազարդ խեցեղեն։ Բնակատեղիի բարձրադիր մասում կառուցված միջնաբերդի քառանկյուն շենքը ունեցել է անկյունային հզոր աշտարակներ և միջանկյալ փոքր աշտարակաձև ելուստներ։


ԱՐԱԳԱԾ (մինչև 1948՝ Ղազնաֆար), գյուղ Հայկական ՍՍՀ Ապարանի շրջանում, Արագած լեռան արևելյան ստորոտին, Գեղարոտ գետի ձախ ափին, շրջկենտրոնից 15 կմ հարավ–արևմուտք։ 2036 բն. (1970), հայեր։ Սովետական տնտեսությունն զբաղվում է անասնապահու–

(նկ․) Ուրարտակսւն ամրոց–պահսւկակետ Արագածում։ Վերակազմության (հեղ. Կ. Հովհաննիսյան)։