թյամբ և կարտոֆիլի մշակությամբ։ Ունի միջնակարգ և ութամյա դպրոցներ, ակումբ, գրադարան, կինո, կապի բաժանմունք, հիվանդանոց, դեղատուն, կենցաղսպասարկման օբյեկտներ։ Ա. հիմնադրել են Ալաշկերտից, Սասանից, Տարոնից գաղթած հայերը։
ԱՐԱԳԱԾ (մինչև 1950՝ Ալագյազ), քաղաքատիպ ավան (1974-ից) ՀՍՍՀ Թալինի շրջանում, Լենինական–Հոկտեմբերյան խճուղու վրա, շրջկենտրոնից 30 կմ հվ–արմ.։ 4739 բն. (1970), հայեր։ Ա. ունի այգեգործական ու ոչխարաբուծական (տես Ալագյազի ոչխարաբուծական տոհմային սովետական տնտեսություն) սովետական տնտեսություններ, որոնց հողերը ոռոգում է Թալինի ջրանցքը։ Այգեգործական սովետական տնտեսությունը կազմակերպվել է 1956-ին։ Ա–ում կան պեռլիտի, հիդրոտեխնիկական կառուցվածքների գործարաններ, խաղողի ընդունման և վերամշակման կետ։ Կառուցվում է բազալտե խողովակների գործարան։ Ունի միջնակարգ և ութամյա դպրոցներ, գրադարան, 2 ակումբ, կապի բաժպնմունք, հիվանդանոց, կինո, մսուր–մանկապարտեզ։ Հիմնադրվել է 1924-ին։
«ԱՐԱԳԱԾ», մանկական հակատուբերկուլոզային առողջարան Աշտարակի շրջանում, Արագած լեռան հվ–արլ. լանջին, բարձրությունը 1900 մ։ Կլիման լեռնատափաստանային է, ձմեռը՝ երկարատև՝ կայուն ձյունածածկով։ Հունվարի միջին ջերմաստիճանը –5°C-ից –10°C (նվազագույնը՝ –35°C)։ Ամառը չափավոր տաք, հուլիս–օգոստոս ամիսների միջին ջերմաստիճանը 15°C–ից 18°C (առավելագույնը՝ 35°C)։ Արևափայլի տարեկան տևողությունը 2500–2800 ժամ է։ «Ա.»–ի հիմնական բուժական գործոնը բարձր լեռնային կլիման է։ Բուժման մեթոդները՝ օդա–արևաբուժություն, բուժական ֆիզկուլտուրա, հակատուբերկուլոզային դեղաբուժում։ Առողջարանն ունի 200 մահճակալ։ Բուժման են ընդունվում 7–14 տարեկան երեխաները։ «Ա.» գործում է մայիսի 15-ից մինչև հոկտ. 30-ը։
«ԱՐԱԳԱԾ», տես Թվանշանային հաշվողական մեքենա հոդվածում։
«ԱՐԱԳԱԾ», գրական–գեղարվեստական, քաղաքական պատկերազարդ շաբաթաթերթ։ Հրատարակվել է 1911–ին, Նյու Յորքում։ Վերակազմյալ հնչակյան կուսակցության օրգանն էր։ Խմբագիրներ՝ Ս. Շահինյան, Զ. Եսայան, Լ. Լարենց։ «Ա.» լուսաբանել է արևմտահայ ազգային–հասարակական կյանքը, Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքականությունը, հետևողականորեն դատապարտել երիտ–թուրքերի ազգայնամոլ, պանիսլամական, հայահալած քաղաքականությունը։ «Ա.»–ին աշխատակցել են Զ. Եսայանը, Ռ. Սևակը, Սարորդին (Ս. Շահինյան), Լ. Էսաճանյանը, Է. Գոլանճյանը, Ա. Երկաթը, Ս. Պարսամյանը, Ա. Հարությունյանը, Ե. Արմենը։ «Ա.» անդրադարձել է նաև կանանց միջազգային շարժման և ազգային–հասարակական կյանքում հայ կնոջ դերին։
«ԱՐԱԳԱԾ», գրական–գեղարվեստական և գիտական կիսամսյա հանդես։ Հրատարակվել է 1926-ին, Փարիզում։ Խմբագիր–հրատարակիչ՝ Հ. Պողոսյան։ «Ա.» տպագրել է սփյուռքի և հայ սովետական գրողների, ինչպես նաև ռուս ու եվրոպական հեղինակների գործերից։ Լույս է տեսել ընդամենը 24 համար։
«ԱՐԱԳԱԾ», շաբաթաթերթ։ Օրգան ՀԿԿ Արագածի շրջկոմի և աշխատավորների դեպուտատների շրջանային սովետի։ Լույս է տեսնում 1973-ից, Ծաղկահովիտում։ Լուսաբանում է շրջանի գյուղատնտ. և արդ. աշխատանքները, կուսակցական, կոմերիտական և արհմիութենական կազմակերպությունների գործունեությունը, պրոպագանդում առաջավոր փորձը։ Տպագրում է նյութեր միջազգային կյանքի, արվեստի, բժշկության մասին։
ԱՐԱԳԱԾԻ ՇՐՋԱՆ, վարչական շրջան Հայկական ՍՍՀ–ում։ Կազմվել է 1972-ի մարտի 15-ին՝ ՀՍՍՀ Ապարանի, Արթիկի և Սպիտակի շրջաններից առանձնացված բնակավայրերից։ Տարածությունը 382,4 կմ² է։ Կենտրոնը Ծաղկահովիտ գյուղն է։ Գտնվում է Արագածի լեռնազանգվածի և Փամբակի լեռնաշղթայի միջև։ Ա. շ–ի կենտրոնական մասը հարթավայրային է, տեղ–տեղ խախտված հրաբխային կոների մնացորդներով, հվ. և հս. մասերը Արագածի և Փամբակի լշ–ի ձորակներով կտրտված լանջերն են։ Ա. ունի ցուրտ լեռնային կլիմա՝ երկարատև ձմեռներով, կարճ ու զով ամառներով։ Հունվարի միջին ջերմաստիճանը սարահարթում –8°C է, լեռնային բարձրադիր մասերում՝ –12°C (նվազագույնը՝ -35°C), հուլիսինը համապատասխանաբար՝ 16°C և 8°C (առավելագույնը՝ 30°C)։ Մթնոլորտային տեղումների տարեկան քանակը բարձրադիր մասերում 600–800 մմ է, սարահարթում՝ 400–600 մմ։ Մակերեսային հոսքը թույլ է։ Գլխավոր գետը Գեղաձորն է (Քառանգուի վտակը)։ Ա. շ–ից սկիզբ է առնում Քասաղը։ Շատ են անուշահամ աղբյուրները։ Սարահարթի լեռնատափաստանային լանդշաֆտները բարձրադիր մասերում փոխվում են ալպյան մարգագետինների և ձյունամերձ լանդշաֆտի։ Զուրկ է անտառներից։ Ա. շ. հարուստ է լավորակ շինանյութով (անդեզիտներ, անդեզիտաբագալտներ, բազալտներ)։ Ա. շ–ի մասին տես նաև ՀՍՀ լրացուցիչ հատորը։
Արագածի շրջանի բնակավայրերը | |||
Բնակավայրի անվանումը |
Բնակավայրի տիպը |
Տնտեսությունների քանակը |
Բնակչության թիվը (1970) |
Ալագյազ | գյուղ | 112 | 675 |
Ախուլա | գյուղ | 171 | 853 |
Գեղադիր | գյուղ | 120 | 598 |
Գեղաձոր | գյուղ | 173 | 864 |
Գեղարոտ | գյուղ | 106 | 529 |
Ծաղկահովիտ | գյուղ | 150 | 849 |
Ծիլքար | գյուղ | 101 | 507 |
Հնաբերդ | ավան | 342 | 1709 |
Ղոնդաղսազ | գյուղ | 93 | 506 |
Ղուռուբողազ | գյուղ | 52 | 232 |
Մելիքգյուղ | գյուղ | 156 | 891 |
Միրաք | գյուղ | 46 | 203 |
Նորաշեն | գյուղ | 26 | 155 |
Չոբանմազ | գյուղ | 71 | 410 |
Զամշլու | գյուղ | 50 | 273 |
Ջառջառիս | գյուղ | 125 | 619 |
Սանգյառ | գյուղ | 68 | 377 |
Վարդաբլուր | գյուղ | 129 | 669 |
Փամբ Հայկական | գյուղ | 129 | 646 |
Փամբ Քրդական | գյուղ | 77 | 451 |
Քարվանսարա | գյուղ | 66 | 332 |
Քոռբուլաղ | գյուղ | 28 | 160 |
ԱՐԱԳԱԾԻ ՊԵՌԼԻՏԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ, գտնվում է Արտենի լեռան հարավ–արևմտյան լանջին, Արագած երկաթուղային կայարանի մոտ։ Առաջին հետախուզական աշխատանքները և մոտավոր պաշարների հաշվումը կատարվել են 1932-ին։ Ծագումը կապված է Արտենիի հրաբխի գործունեության հետ։ Հանքավայրի երկրաբանական կառուցվածքում առկա են երրորդական հասակի հիմնային և թթու լավաներ, անդեզիտներ, անդեզիտա–դացիտներ, երևան–լենինականի տիպի տուֆեր։ Հանքանյութի արդյունավետ շերտը, հս–արլ–ից հվ–արմ. ձգված, մոտ 500 մ բարձրությամբ երկայնակի մի բարձունք է։ Հանքաշերտի տեղադրման բարենպաստ պայմանները (կողմնակի ապարների ծածկույթի բացակայությունը ևն) հնարավորություն են ստեղծել իրագործել պեռլիտի, ինչպես նաև օբսիդիանի հանույթը բաց հանքերով։ Հետախուզված պաշարները կազմում են. պեռլիտ՝ 22 մլն. մ³, օբսիդիան՝ 1 մլն. մ³։ Հանքավայրի պեռլիտն ունի սպիտակ, բաց մոխրագույն, դեղնավուն և շագանակագույն տարբերակներ, ծավալային կշիռը՝ 1,9, փքման գործակիցը՝ 10–20, ջերմաստիճանը՝ 600°C–ից 800°C։ Այդ հանքավայրի հումքով աշխատում է «Արագածի պեռլիտ» գործարանը (1966)։ ՀՍՍՀ–ից պեռլիտ է արտահանվում Սովետական Միության և արտասահմանյան երկրների տարբեր վայրեր։
ԱՐԱԳԱԾԻ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ԿԱՅԱՆ, ստեղծվել է 1943-ին. գտնվում է Արագածի վրա, ծովի մակարդակից 3200 մ բարձր։ Հիմնադրվել է ֆիզիկոսներ Ա. Ի. Ալիխանով և Ա. Ի. Ալիխանյան եղբայրների ջանքերով։ Իր տեսակի մեջ կայանը առաջինն էր Սովետական Սիությունում, որ ուներ հաստատուն մագնիսով աշխատող աշխարհի ամենամեծ մագնիսական սպեկտրոմետրը։ Հետագայում այնտեղ տեղադրվեցին նաև մեծ էլեկտրամագնիսական սպեկտրոմետրեր և այլ սարքավորումներ, որոնք հնարավորություն են տալիս հետազոտել տիեզերական ճառագայթների կազմի մեջ մտնող տարրական տարբեր մասնիկների (էլեկտրոնների, μ, π և K–մեզոնների, պրոտոնների, նեյտրոնների, դեյտրոնների ևն) բնույթը և նրանց փոխազդեցությունը զանազան նյութերի հետ։ Ֆոտոնային հեղեղների, լիցքավորված K–մեզոնների տրոհման և այլ հարցեր առաջին անգամ լուծվեցին կայանում։ Այնտեղ փորձարկվեցին և գործադրվեցին 1 և ապա 10 մ² մակերեսով իոնացման կալորիմետրեր՝ 1012–ից մինչև 1015 էվ էներգիայով մասնիկների փոխազդեցությունները ուսումնասիրելու նպատակով։ Գիտական աշխատանքների ընդարձակ ծրագրի իրա–