Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/692

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մարդկանց ներխուժումից, անդնդակուլ արել հանդուգն սահմանախախտներին։ Ըստ «Արտավազդ» ժողովրդական հնագույն զրույցի, Հայոց թագավոր Արտավազդը շղթայակապված է Մասիսի վիհում և ջանում է դուրս գալ այնտեղից։

Աստվածաշնչում (Գիրք ծննդոց, Ը, 4) Ա. ներկայացված է իբրե համաշխարհային ջրհեղեղից փրկված Նոյ նահապետի նավակայանը, «նոր մարդկության խանձարուրը, ազգերի ու ժողովուրդների սփռման արձակարանը»։ Այդ պատճառով Ա. ճանաչված է նաև «Նոյան լեռ» (զենդ. Կուհ–ի Նուհ) կամ «Նոյան տապանի լեռ» (լատ. dell’Arca di Noé) անունով։ Ջրհեղեղի պատմականությունն ընդունող որոշ գիտնականներ (Ռումեր, Հոֆ, Ռիտեր, Ալիշան և ուրիշներ) նույնիսկ նկատել են Ա–ի այնպիսի յուրահատկություններ (գլխավորապես Հին աշխարհում գրաված կենտրոնական դիրքը), որոնց պատճառով այն իրոք կարող էր արժանանալ «նախաջրհեղեղյան աշխարհի մահարձանի և նոր մարդկության օրրանի» պատվին։ Ավանդությունը Նոյի անվան հետ 1 կապում Ա–ին մերձավոր մի շարք տեղանուններ (Երևան, Ակոռի, Առնոյոտն, Նախճավան, Մարանդ են)։ Քրիստոնեության դարձից հետո հայ եկեղեցին Ա–ի սրբազանությանը նոր գունավորում տվեց, իսկ հեթանոսական ավանդության քաջաց ոգիները փոխեց Նոյի սրբազան տապանի պահապան հրեշտակներով։ Ըստ Ագաթանգեղոսի, Հայոց թագավոր Տրդատ Գ Մեծը Հռիփսիմեի վկայարանը կառուցեց սրբազան Մասիսից բերած քարերով։ Փավստոս Բուզանդը պատմում է, որ եպիսկոպոս Հակոբ Մծբնեցին (IV դ.), Նոյի տապանը տեսնելու հույսով, մի խումբ մարդկանց հետ փորձեց հս–արլ. լանջով բարձրանալ Ա–ի գագաթը։ Աստված, իբր տեսնելով նրանց ապարդյուն ջանքերը և անսալով Հակոբի պաղատանքին, հրեշտակի միջոցով սուրբ տապանի փայտերից մի կտոր ուղարկեց նրան և հասկացրեց Ա–ի կատարի սւնմատչելիությունը մահկանացուների համար (Հակոբ Մծբնեցու բերած փայտի կտորը, իբրե սրբազան մասունք, պահվում է Էջմիածնի եկեղեցում)։ XIII դ. ֆրանսիացի ճանապարհորդ Ռուբրուկը վկայում է, որ հայերն Ա–ի վրա չեն բարձրանում ոչ այնքան լեռան դժվարամատչելիության, որքան նրա սրբազանությունը չպղծելու պատճառով։ Ծերունի մի հայ Ռուբրուկին ասել է. «Ոչ ոք պետք չէ բարձրանա Մասիսը, նա աշխարհի մայրն է» (Հակոբյան Հ., Ուղեգրություններ, հ. 1, 1932, էջ 18)։ Ա–ի լանջին, հին Ակոռուց վերն, Գինո գետակի աջ ափին վաղ միջնադարում հիմնվել է Ս. Հակոբ անունով վանք կամ մենաստան (խաչաձև գմբեթավոր)։ Վանքից ոչ հեռու, վիհի եզերքին, բխում էր սառնորակ մի աղբյուր, որը, ըստ ավանդության, գոյացել էր Ս. Հակոբի արտասուքից։ Ժողովուրդն աղբյուրն անվանում էր նաև «Անհատական» կամ «Անահտական» (հավանաբար Անահիտ դիցամոր անունով)։ ժողովրդական ուխտատեղի աղբյուրին վերագրվում էր ամուլ կանանց բուժելու հատկություն։ Աղբյուրի ջուրը նաև սրսկել են դաշտերին՝ բերքը մարախ միջատներից իբրե պաշտպանելու համար։ Ա–ի հս. ստորոտից, Դաշբուռուն գյուղից հարավ, բխում է Արաքսի վտակ Միջին Սևջուրը։ Արլ. կողմից Սևջրին խառնվում է Գինո գետակը՝ ոռոգելով Ակոռու այգիներն ու դաշտերը։ Ավանդության համաձայն, Արտավազդ թագավորը գետ նակուլ է եղել այս գետակի ակունքի մոտ։ Գինո գետակից հս–արմ., Սսի ստորոտում (թամբարդի վրա) գտնվում էրԵրևանի սարդար Հուսեյն խանի պալատ–ամառանոցը՝ Սարդար–բուլաղը՝ իր սառնորակ (5,8–6°C) աղբյուր–ավազանով (սնվում է Սսի գագաթի լճակի ջրից)։ 1840-ի հունիսի 20-ի երեկոյան երկրաշարժից կործանվեցին Ակոռին, Ա. Հակոբի վանքն՝ իր աղբյուրով, սարդարի պալատը են։ Սարդար–բուլաղի աղբյուրը պահպանվում է։ Հ. Աբիխը, Ե. Վայդենբաումը և ուրիշ այցելուներ վկայում են Սարդար–բուլաղի մոտակայքում պահպանված հնագույն անտառների մնացուկների՝ կեչիների մացառների մասին։

Ա–ի գիտական նվաճման պատմության մեջ լուրջ քայլ կատարեց ֆրանսիացի բնախույզ Պիտտոն դե Տուրնեֆորը։ Բացառիկ բույսեր փնտրելու և լեռնային բուսականության բնականոն դասավորությունը ուսումնասիրելու մտադրությամբ, Տուրնեֆորը 1701-ի օգոստոսին հասավ հավերժական ձյան սահմանը, նկարագրեց լեռան ֆիզիկական յուրահատկությունը և բուսական աշխարհը։ Առաջին անգամ (1829-ի սեպտեմբեր) Ա–ի գագաթը բարձրացավ Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը, որին ուղեկցում էին Խաչատուր Աբովյանը, ակոռեցի երկու գյուղացիներ և երկու ռուս զինվորներ։ Մասիսի վրա նա կատարեց ֆիզիկական և բուսա–կլիմայական ուսումնասիրություններ։ 1845-ի հուլիսին ակադեմիկոս Աբիխը մանրակրկիտ ուսումնասիրելով Ա–ի երկրաբանական, կլիմայական և ուրիշ առանձնահատկությունները. որոշեց Մասիսի գագաթը տանող ամենամատչելի ուղին (հվ–արլ. լանջը) և կատարեց փայլուն վերելք։ Նրան ուղեկցում էին թարգմանիչ Պետրոս Շարոյանը, տեղագիր Բուչուգինը, ծառան, երկու հայ գյուղացի և չորս կազակ, 1846-ին՝ Խ. Աբովյանը և անգլիացի ճանապարհորդ Հ. Դ. Սեյմուրը։ 1850-ի օգոստոսին Աբիխի նշած ճանապարհով Ա–ի գագաթը բարձրացավ ռուսական գնդապետ Յ. Ի. Խոձկոյի արշավախումբը, որը մեկ շաբաթ մնաց գագաթին, կատարեց մթնոլորտային չափումներ, բուսա–գոտիական ուսումնասիրություններ են։ Խոձկոն և արշավախմբի անդամները վկայում են, որ վաղ առավոտյան Ա–ի կատարից տեսանելի էին Գեղամա, Տավրոսի, Կորդուքի, Բարձր Հայքի լեռները, էլբրուսը, Կազբեկը, Մեծ Կովկասի լեռնաշղթան են։ 1860-ական թթ. Լոնդոնի լեռնագնացների ակումբի անդամները մի քանի անգամ բարձրացան Ա–ի գագաթը՝ դյուրացնելով հետագա արշավախմբերի գործը։ Այնուհետև տասնյակ արշավախմբեր բարձրացել են Ա–ի գագաթը, կատարել տարբեր բնույթի ուսումնասիրություններ։

Ա. ներշնչանքի աղբյուր է եղել հայ և օտարազգի արվեստագետների համար։ Ա–ի մասին առասպելաբանել են, ձոնել երգեր, բանաստեղծություններ, կտավներ, համարել վեհության, մեծության, ահեղության, գեղեցկության խորհրդանիշ։ Գրիգոր Նարեկացին Ա. անվանել է «մեծության կշռորդ», Թովմա Արծրունին՝ «մեծավայելուչ թագավոր» են։ Նոր շրջանի հայ գրողներից Ա. գովերգել են և նրան ոգեշունչ տողեր են ձոնել Խ. Աբովյանը, Ղ. Ալիշանը, Րաֆֆին, Ա. Իսահակյանը, Վ. Տերյանը, հայ սովետական գրողներից՝ Ե. Չարենցը, Հ. Շիրազը,Պ. Սևակը և ուրիշներ։ Ա–ի վեհանիստ գեղեցկությունն իրենց կտավներում պատկերել են հայ նկարիչներ Հ. Այվազովսկին, Գ. Բաշինջաղյանը, Հ. Մահտեսյանը, Վ. Ախիկյանը, Մ. Սարյանը, Փ. Թերլեմեզյանը, Ե. Թադևոսյանը, Ս. Աղաջանյանը, Հ. Հակոբյանը, Հ. Զարդարյանը և ուրիշներ։ Որպես հայ ժողովրդի վերածնված պետականության և հույսերի խորհրդանշան, Ա. պատկերված է Սովետական Հայաստանի գերբի վրա։

Ա–ի անունով քաղաք և լեռ կա Ավստրալիայի Վիկտորիա նահանգում, մեկական քաղաքներ՝ ԱՄՆ–ի Վիրջինիա, Ալաբամա և Փենսիլվանիա նահանգներում։ ՀՍՍՀ–ում Ա–ի անունով կոչված է շրջան, քաղաք, գյուղ, սննդի արդյունաբերության մինիստրության գինու և կոնյակի արդյունաբերության գլխավոր վարչությունը, ֆուտբոլի թիմ, որը հանդես է գալիս ՍՍՀՄ առաջնության բարձրագույն լիգայում, հանքային ջուր, սփյուռքում՝ թերթեր, ամսագրեր, կազմակերպություններ։

Պատկերազարդումը տես 688 էջից հետո՝ ներդիրում։

Գրկ. Ալիշան Ղ., Այրարատ, Վնտ., 1890։ Абих Г., Геология Армянского нагорья, Западная часть, «Записки Кавказского отдела имп. русского географического общества», 1899, кн. 21; Осфальд Ф., К истории тектонического развития Армянского нагорья, там же, 1916, кн. 29, в. 2; Линч Х. Ф., Армения, т. 1, Тифлис, 1910; Вайденбаум Б. Г., Большой Арарат и попытки восхождения на его вершину (с 1701 по 1882 гг.), Эривань, 1912; Левинсон-Лессинг Ф. Ю., Избр. труды, т. 1, М.–Л., 1949; Бальян С. П., Структурная геоморфология Армянского нагорья и окамляющих областей, Е., 1969; Tournefort P., Relation d’un voyage du Levant, t. 2, P., 1717; Parrot F., Reise zum Ararat, t. 1–2, B., 1834; Bryce J., Transcaucasia and Ararat, L., 1896; Murad F., Ararat and Masis, Heidelberg, 1901. Լ. Զոհրաբյան

ԱՐԱՐԱՏ, հանգած հրաբուխ Ավստրալիայի հարավ–արևելքում, Արարատ քաղաքից 8 կմ հարավ–արևելք։ Բարձրությունը մոտ 660 մ է։ Ակտիվ գործել է երրորդականում և անթրոպոգենում։ Ծածկված է լավաներով ու տուֆերով։ Ունի ոսկու հանքավայրեր։ Բուսականությունը խոնավ մերձարևադարձային Է։ Ա. է անվանել այդտեղ առաջինը բնակություն հաստատած անգլիացի ֆերմեր Հ. Ս. Ուիլզը՝ իր այստեղ բնակություն հաստատելը նմանեցնելով առասպելական Նոյի տապանի կանգ առնելուն Արարատի գագաթին։


ԱՐԱՐԱՏ, Հայկական ՍՍՀ հանրապետական ենթակայության քաղաք (1972-ից)։ Գտնվում է Երևան–Նախիջևան երկաթուղու և Երևանից ՀՍՍՀ հվ. շրջանները տա–