Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/693

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

(նկ․) Տեսարան Արարատ քաղաքից։

նող խճուղու վրա, Երևանից 42 կմ հվ–արլ.։ 9245 բն. (1972), հայեր, ռուսներ, ուկրաինացիներ։ Կլիման չոր ցամաքային է։ Տարեկան միջին ջերմաստիճանը 11,9°C է, հուլիսինը՝ 25,8°C (առավելագույնը՝ 41°C), հունվարինը՝ –4,1°C։ Տարեկան տեղումները 220 մմ են, առավելագույնը՝ մայիսին (35 մմ)։ Գտնվում է 7 բալանոց սեյսմիկ գոտում։ Շրջակայքը հարուստ է տրավերտիններով և հանքային ջրերով։ Քիմիապես մաքուր կրաքարերը հումք են ծառայել ՀՍՍՀ քիմիական արդյունաբերության զարգացման համար։ Նրանց վերամշակման բազայի վրա Ա–ում ստեղծվել է ցեմենտի և շիֆերի խոշոր արտադրություն։ 1933-ին կառուցված գործարանը ՀՍՍՀ ցեմենտի արտադրության առաջնեկն է, որը պայմանավորեց Ա–ի հիմնադրումը և զարգացումը։ Ներկայումս Ա. հանրապետության շինարարական արդյունաբերության խոշոր կենտրոններից է, իսկ շիֆերի արտադրությամբ՝ միակը ՀՍՍՀ–ում։ 1972-ին քաղաքում գործում էին 8 արտադրական ձեռնարկություն և արտադրամաս՝ տարեկան ավելի քան 16700 հզ. ռ. համախառն արտադրանքով և 1800 բանվոր–ծառայողով։ Առաջատար ճյուղը ցեմենտի–շիֆերի արտադրությունն է (տես Արարատի ցեմենտի–շիֆերի կոմբինատ). այստեղ զբաղված է բանվոր–ծառայողների 95%, իսկ համախառն արտադրանքը կազմում է քաղաքի արդյունաբերության 90% և հանրապետության համանուն ճյուղի համախառն արտադրանքի մոտ 12% (1972)։ Շինարարական արդյունաբերությանը զուգընթաց զարգանում է նաև թեթև և սննդի արդյունաբերությունը (Երևանի «Տնայնագործ» կոմբինատի և տրիկոտաժի № 1 ֆաբրիկայի մասնաճյուղեր, կարի արտադրամաս, կենցաղսպասարկման կոմբինատ, հացի գործարան, սպանդանոց ևն)։ Ա–ում 1970-ին սկսվել է ոսկու կորզման ֆաբրիկայի շինարարությունը, որը շարք կմտնի հնգամյակի վերջում։ Հնգամյակի ընթացքում կառուցվելու է նաև գործվածքեղենի–գալանտերեայի ֆաբրիկա, ինչպես նաև ընդլայնվելու և ինքնուրույն ձեռնարկություններ են դառնալու Երևանի տրիկոտաժի № 1 ֆաբրիկայի մասնաճյուղը և կարի արտադրամասը։ Նախատեսվում է նաև 1974-ին սկսել պահածոյի խոշոր գործարանի շինարարությունը։ Ա–ում 1972–73 ուս. տարում գործում էին ինդուստրիալ–տեխնոլոգիական տեխնիկում (540 ուսանող), երաժշտական միջնակարգ դպրոց (145 աշակերտ), սպորտդպրոց (220 աշակերտ), հանրակրթական 3, հերթափոխային 1 միջնակարգ և երկարօրյա 1 ութամյա դպրոցներ (2900 աշակերտ)։ Ունի 3 գրադարան (14 հզ. կտոր գիրք), կուլտուրայի տուն (450 տեղով), կինոթատրոն (600 տեղով), հիվանդանոց (150 մահճակալով), կապի բաժանմունք։

(նկ․) Արարատի ցեմենտի–շիֆերի կոմբինատը։

Ա. երիտասարդ քաղաք է, կառուցապատված 4–5 հարկանի բնակելի և հասարակական շենքերով։ Բնակելի ֆոնդը 1970-ին եղել է 49 հզ. մ², որից 44 հզ. պետական։ Վերահատակագծվել է 1971-ին (25 հզ. բնակչի համար՝ 2000-ին)։ Համաձայն նոր գլխավոր հատակագծի, քաղաքի զբաղեցրած տարածությունը կհասնի 618 հա–ի՝ 1970-ի 484 հա–ի փոխարեն։ Քաղաքն ունի ջրմուղ–կոյուղի (ջուրն ստսւցվում է Գառնիից), զբոսայգի։ Բնակիչներն օգտվում են բնական գազից։ Ա–ի մոտ հայտնաբերված 20–25° ջերմությամբ հիդրոկարբոնատակալցիումային հանքային բուժիչ ջուրը մեծ հեռանկարներ է բացում առողջարանային շինարարության համար (արդեն շահագործման է հանձնվել 150 տեղով պրոֆիլակտորիումը)։ Ա–ի ցեմենտի–շիֆերի կոմբինատի մեքենավար Մ. Կ. Խաչերեսովին, արտադրական հաջողությունների համար, շնորհվել է սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում։ Ֆ. Հայրապետյան

ԱՐԱՐԱՏ (Ararat), քաղաք Ավստրալիական Միության Վիկտորիա նահանգում, Ռիպոն շրջանի վարչական կենտրոնը։ Գտնվում է Մելբուռնից մոտ 200 կմ դեպի հյուսիս–արևմուտք, Հոպկինս գետի ափին, 345 մ բարձրության վրա։ 7934 բն. (1961)։ Ա. տրանսպորտային կարևոր հանգույց է, հացահատիկի ու բրդի առևտրական կենտրոն։ Կան տեքստիլ և սննդի արդյունաբերության ձեռնարկություններ, հոգեբուժական հիվանդանոց։ Սև հիմնադրել են անգլիացիները 1840-ական թթ.։ Ա. անունն ստացել է 8 կմ դեպի հարավ–արևելք գտնվող Արարատ լեռից։


ԱՐԱՐԱՏ (մինչև 1935՝ Դավալու), գյուղ Հայկական ՍՍՀ Արարատի շրջանում, շրջկենտրոնից 14 կմ հարավ։ 5625 բն. (1970), հայեր։ Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։ Ա–ում գործում են գինու գործարան, միջնակարգ և ութամյա դպրոցներ, ակումբ, գրադարան, մսուր–մանկապարտեզ, բուժկայան, կապի բաժանմունք, կինո։ Գյուղի շրջակայքում կա օնիքսային մարմարի հանք, որի մշակումից տեղում ստացվում են դեկորատիվ սալիկներ։ Ա. հիմնադրվել է 1828-ին։


ԱՐԱՐԱՏ, խուտոր ՌԱՖՍՀ Ստավրոպոլի երկրամասի Կուրսկի շրջանում, շրջկենտրոնից 26 կմ հյուսիս–արևելք։ 80 բն. (1971), հայեր։ Միավորված է Բոգդանովկայի սովետական տնտեսության հետ։ Զբաղվում են հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ, թռչնաբուծությամբ և պտղաբուծությամբ։ Հիմնադրել են երկրամասում բնակվող, հայերը, 1927-ին։


«ԱՐԱՐԱՏ», Հայկական ՍՍՀ սննդի արդյունաբերության մինիստրության գինու և կոնյակի արդյունաբերության գլխավոր վարչություն։ Մինչև 1964՝ գինու և կոնյակի «Արարատ» տրեստ։ «Ա.» միավորում է 25 գինու, 3 կոնյակի, 1 շամպայնի, 1 գինեթթվի գործարան և 4 խաղողագործական սովետական տնտեսություն։ Հայաստանում արդ. գինեգործությունը սկսել է զարգանալ XIX դ. 2-րդ կեսից, հիմնականում՝ Երևանում, Արտսւշատում, Աշտարակում, Էջմիածնում։ Արդեն 1850-ին գինու համար վաճառվել է 12 հզ. փաթ խաղող։ Ռուս պատմաբան Ի. Ի. Շոպենը գրում էր, որ Երևանի խաղողից կարելի է պատրաստել գինիներ, որոնք կփոխարինեն խերեսին, մադերային, ալիկանտին, մալագային։ Ն. Թաիրովի գինու գործարանում 1887-ին սկսեց գործել կոնյակի սպիրտ ստանալու Անդրկովկասում առաջին ապարատը։ Երկաթուղային ճանապարհի բացակայության և սպառման սահմանափակ հնարավորությունների պատճառով գործարանը գրավ դրվեց և 1899-ին վաճառվեց «Շուստով ի սինովյա» («Շուստով և որդիներ») մոսկովյան ֆիրմային։ Այդ գործարանը հետագայում դարձավ Երևանի գինու կոմբինատը։ Բացի Շուստովի գործարանից, Հայաստանում գինի և կոնյակ է արտադրվել այլ գինեգործարաններում։ 1913-ին ընդամենն արտադրվել է 188 հզ. դկլ գինի, 48 հզ. դկլ կոնյակ։ Հայաստանում արտադրված գինիները մեծ համբավ էին վայելում (միջազգային մրցույթներում նրանցից մի քանիսը շահել են ոսկյա և արծաթյա մեդալներ)։ Հայկական կոնյակը լայն սպառում ուներ Ռուսաստանում, արտահանվում էր նաև արտասահման։ Գինեգործությունը զարգանում էր աղանդերային գինիներ և կոնյակ ստանալու ուղղությամբ։ Չաղողի մի մասը վերամշակվում էր սպիրտ ստանալու նպատակով։

Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով Հայաստանի գինեգործությունն անկում ապրեց։ 1914-ին կոնյակի արտադրությունը համարյա դադարեցվել է, իսկ գինունը՝ սահմանափակվել։ Շուստովը կոնյակի սպիրտի պաշարները երկրից դուրս տանելու փորձեր կատարեց։