Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/713

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պատմական գիտությունները։ Ա–ում պատմագիտությունը սկսել է զարգանալ XIX դ. սկզբից։ XIX դ. 2-րդ կեսին Ա–ի պատմագրության մեջ սկսվել են ձևավորվել հիմնական դպրոցներն ու ուղղությունները։ XIX դ. վերջում առաջացավ սոցիալ– ռեֆորմիստական հոսանքը։ XX դ. 20–40-ական թթ. ուժեղացավ կենսաբանական դետերմինիզմի ուղղությունը, որի կողմնակիցները պատմության գլխավոր շարժիչ ուժը համարում էին բռնությունը։

XX դ. 40-ական թթ. Ա–ի պատմագրության մեջ մեծ նշանակություն է ստացել մարքսիստական ուղղությունը (Բ. Մարիանետտի, Լ. Փասո և ուրիշներ)։

Տնտեսագիտությունը։ Ա–ի տնտեսագիտական միտքը ձևավորվել է XIX դ. 1-ին քառորդում։ Արգենտինյան տնտեսագետների գլխավոր ուշադրությունը ուղղված է երկրի տնտ. անկախության խնդիրների լուծմանը, զարգացման տեմպերի ուժեղացմանը։ Ամենամեծ ազդեցություն ունի «տնտեսական աճի տեսությանը» աջակցող հակաիմպերիալիստական ուղղությունը, որի հիմնական դրույթներն են ինդուստրացումը, տնտեսությանը պետության միջամտության ուժեղացումը, արտասահմանյան կապիտալի ներթափանցման սահմանափակումը, ազգային կապիտալի խթանումը ևն։ Ընդ որում սոցիալական բարենորոգումները ենթադրվում է անցկացնել մասնավոր սեփականության հիմքերի պահպանումով։

Լատինական Ամերիկայում ինտեգրացիայի տենդենցների ուժեղացման հետ Ա–ում 1965-ին ստեղծվեց Լատինական Ամերիկայի ինտեգրացիայի պրոբլեմների ինստիտուտ։

XII. Մամուլը, ռադիոն և հեռուստատեսությունը

Ա–ում առաջին թերթը՝ «Տելեգրաֆո մերկանտիլ» («El Telegrafo mercantil»), լույս է տեսել 1801–02-ին։ 1969-ին Ա–ում հրատարակվել է ավելի քան 300 օրաթերթ։ Խոշորսւգույն թերթերն ու հանդեսներն են՝ «Ռասոն»– («Լa Razón»), 1905-ից, «Քլարին» («Clarin»), 1945-ից, «Պրենսա» («Լa Prensa»), 1869-ից (արտահայտում է խոշոր բուրժուազիայի և կալվածատեր–հողատերերի շահերը), «Նասիոն» («Լa Nacióո»), 1870-ից (արտահայտում է հողային օլիգարխիայի և խոշոր առևտրա–արդյունաբերական բուրժուազիայի շահերը), «Նուեստրա Փալաբրա» («Nuestra Palabra»), 1950-ից (ԱԿԿ օրգանն է), «Նուեվա էրա» («Nueva era») ամսագիրը, 1949-ից (ԱԿԿ օրգանն է), երկամսյա «Քուադերնոս դե կուլտուրա» («Cuadernos de cultura»), 1950-ից, և եռամսյա «Պրոբլեմաս դե էկոնոմիա» («Problemas de economia»), 1962-ից, առաջադիմական հանդեսները։ Ա–ում կա ավելի քան 70 պետական և մասնավոր ռադիոկայան։ 1969-ին գործում էր 10 հեռուստատեսային կենտրոն։ «Ռադիո նասիոնալ», «Ռադիո Բելգրանո», «Ռադիո էլ մունդո» խոշորսւգույն ռադիոկայանները գտնվում են Բուենոս Այրեսում։

XIII. Գրականությունը

XVIII դ. վերջին, անկախության համար մղված պայքարում, ձևավորվել է հեղափոխական–հայրենասիրական կլասիցիզմը (Վ. Լոպես–ի–Պլանես, է. դե Լուկ)։ Ռոսասի դիկտատուրայի շրջանում (1829–52) զարգացել է ռոմանտիզմը։ Հայտնի են է. էչևերիան («Սփոփանքներ», 1834), Խ. Մարմոլը («Ամալյա» առաջին ազգային վեպը, 1855)։ Ա–ի գրականության մեջ երևույթ էր «գաուչոների գրականությունը և պոեզիան», որի հիմքում ընկած էր պամ– պասների բնակիչների բանահյուսությունը։ Այդ գրականության զլխավոր ներկայացուցիչները՝ Բ. Հիդալգոն, Ի. Ասկասուբին, է. դել Քամփոն, արտահայտում էին գյուղացի անասնապահների ազատասիրական ձգտումները, իսկ խ. էռնանդեսի «Մարտին Ֆիեռո» (մաս 1–2, 1872–79) պոեմը դարձավ ազգային դյուցազներգություն։ XIX դ. 2-րդ կեսին Ա–ի գրականությունը թևակոխեց քննադատական ռեալիզմի շրջանը, որի առաջին ցայտուն օրինակը Խ. Մարտելի «Բորսա» (1890) վեպն է։ Հայտնի են նաև Խ. Ս. Ալվարեսը, դրամատուրգներ Ռ. Փայրոն, Ֆ. Սանչեսը։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո սկսվել է գրականության նոր շրջանը (Խ. Լ. Բորխես, Ու. Վաստ)։ Ազգային կենցաղն ու ավանդույթները արտացոլված են Բ. Լինչի «Ֆլորիդայի գիշակերները» (1916), Ռ. Գուիրալդեսի «Դոն Սեգունդո Սոմբրա» (1926) սոցիալական վեպերում։ XX դ. պոեզիայում իշխում էին ավանգարդիզմի զանազան հոսանքներ։ Ավելի ուշ որոշ ավանգարդիստներ (Ռ. Գ. Տունիոն, Կ. Կ. Իթուրբուրուն) դիմեցին սոցիալական պոեզիային։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ա–ի գրականության մեջ սրվեց պայքարը ռեալիզմի և բուրժուական անկումային հոսանքների միջև։ Խ. Բյանկոյի («Առնետները», 1943), է. Մ. Լայնեսի («Բոմարսո», 1965) և այլոց ստեղծագործության մեջ իշխում են մռայլ սիմվոլիկան, հուսալքությունը, մարդկային բանականության նկատմամբ հավատի բացակայությունը։ Առաջադեմ ռեալիստ գրողներից համաշխարհային ճանաչում են գտել վիպագիրներ է. Կաստրոն, Բ. Վերբիցկին, Ա. Վարելան, Խ. Կորտասարը, բանաստեղծներ Լ. Գերերոն, Խ. Պեդրոնին, դրամատուրգներ Օ. Դրագունը, Ա. Կուսանին։

XIV. ճարտարապետությունը և կերպարվեստը

Կլասիցիզմը և գաղութատիրության շրջանի մինչև XIX դ. 70-ական թթ., երբ Բուենոս Այրեսոսք սկսեցին կառուցել արդ. և նավահանգստային շինություններ, բազմահարկ շենքեր, «մոդեռն» ոճի մենատներ։ 1920-ական թթ. վերջերից Ա–ում զարգանում է ժամանակակից ճարտարապետությունը, կառուցվում են հասարակական, արդ. և բնակելի երկաթբետոնե շինություններ, արևից պաշտպանող հարմարանքներով բազմահարկ բնակելի տներ, քաղաքները մասամբ վերահատակագծվում են։ Ճարտարապետական խոշոր աշխատանքներից են՝ Բուենոս Այրեսի Ավենիդա հուլիսի 9-ի փողոցը՝ ստորգետնյա գարաժով, Մունիցիպալ թատրոնը, բանկը, Սանտա Ֆե քաղաքի կենտրոնը, Մար դել Պլատայի հյուրանոցները։ Սակայն քաղաքաշինության և բնակարանային շինարարության գլխավոր խնդիրները մնում են չլուծված։ Քաղաքների տարածության կեսը գրավում են տարերայնորեն աճած հյուղակներով ու բարաքներով («քոնվենթիլիո») աղքատիկ շրջանները։

(նկ․) Է. Սոտո Ավենդանիո։ Անկախության հուշարձանը Ումաուաքայում։ XX դ.:

(նկ․) Ա. Բեռնի։ «Կեսգիշերը աշխարհի վրա»։ 1930-ական թթ.։

Կերպարվեստը։ Հնդկացի բնիկների արվեստի նմուշներից են երկրաչափական նախշերով գործվածքները, փետուրներից զարդարանքները, նկարազարդ խեցեղենը, պաշտամունքային քանդակները։ Գաղութատիրության շրջանում փայտի քանդակազարդումը բարձր արվեստի հասցրին գուարանի ցեղի հնդկացիները։ Անկախության հռչակումից հետո Ա–ի կերպարվեստը առաջընթաց ունեցավ, ի հայտ եկան Ռ. Մոնվուազենի ռոմանտիկ ժանրային պատկերները, Փ. Պուեյռեդոնի բնանկարները, Լ. Քոռեա Մորալեսի ազգային թեմաներով քանդակները, է. Սիվորիի ռեալիստական երփնագրերը։ 1920–30-ական թթ. կերպարվեստում տեղ են գտել մոդեռնիստական ուղղությունները՝ պրիմիտիվիզմը (Ռ. Սոլդի), կուբիզմը (է. Պեթորուտի), սյուրռեալիզմը (Ռ. Ֆոռներ), սկզբնավորվել է նաև «նոր ռեալիզմի» ազգային դպրոցը (Խ. Կ. Կաստանյինո, Լ. է. Սփիլիմբերգո, Ա. Բեռնի ևն)։