Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/715

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

դրված հայրենակցական ավաններին (Նոր Հաճըն, Նոր Մարաշ, Այնթապ)։

Պատկերազարդումը տես աղ. XXXII, 640–41 էջերի միջև՝ ներդիրում։

Գրկ. Лукашова Е. Н., Южная Америка., М., 1958; Очерки истории Аргентины, М., 1961; Гиольди Р., Октябрьская воциалистическая революция и развитие революционного движения в Аргентине, [пер. с исп.], М., 1957; Марианетти Б., Аргентина.Современное положение и перспективы, М., 1966; Волков А. В., Аргентина, М., 1956; Фучс Хайме, Проникновение американских трестов в Америку, пер. с исп., М., 1959; Вольский В. В., Латинская Америка, нефть и независимость, М., 1964; Альберди П. Г., Кризис экономики Аргентины, пер. с исп., М., 1950; Современная философия и социология в странах Западной Европы и Америки, М., 1964; Историография нового времени стран Европы и Америки, 1967, гл. 16; Художестввенная литература Латинской Америки в русской печати, 1765–1959, [сост. Л. А. Шур], М., 1960; Шур Л. А., Художестввенная литература Латинской Америки в русской печати, 1960–1964, М., 1966; Выставка современной графики Аргентины. Каталог, Л., 1958; Полевой В. М., Искусство сиран Латинской Америки, М., 1967 [библ.]; Pagano J. León, Historia del arte argentino, Buenos Aires, 1944.

ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ԱԿԿ), Արգենտինայի բանվոր դասակարգի քաղաքական կագմակերպություն։ Հիմնադրվել է 1918-ի հունվարին, սոցիալիստական կուսակցության ձախ թևի անջատումով, առաջնորդներն են եղել Ռ. Գիոլդին, Լ. Ռեկաբարենը և Վ. Կոդովիլիան։ Մինչև 1920 կոչվել է Արգենտինայի ինտերնացիոնալ սոցիափստական կուսակցություն։ Չնչին բացառությամբ գործել է խոր ընդհատակում, դաժան հետապնդումների ու տեռորի պայմաններում։ 1963-ին ընդունել է նոր՝ դեմոկրատական, ագրարային և հակաիմպերիալիստական հեղափոխության, սոցիալիզմին անցնելու ծրագիր։ Նրա ղեկավարությամբ գործում են կոմունիստական երիտասարդության ֆեդերացիան և այլ մասսայական կազմակերպություններ։ ԱԿԿ կանգնած է կոմունիստական ու բանվորական կուսակցությունների միասնության դիրքերում, պաշտպանում է 1957, 1960 և 1969-ի Մոսկվայի խորհրդակցությունների փաստաթղթերը։ 1973-ի մարտի 11-ի պառլամենտական ընտրություններից հետո ԱԿԿ դուրս եկավ ընդհատակից և լեգալ պայմաններում եռանդուն մասնակցություն ունի երկրի քաղաքական կյանքին։ Կուսակցության շարքերում կա ավելի քան 100 հզ. անդամ (1972)։ Հրատարակում է «Նուեստրա Փալաբրա» («Nuestra Palabra») թերթը և «Նուեվա էրա» («Nueva era») ամսագիրը։


ԱՐԳԵՆՏԻՏ (<լաւռ. argentum - արծաթ), արծաթի փայլ, միներալ ()։ Պարունակում է 87,1% արծաթ և 12,9% ծծումբ։ Բյուրեղագիտական համակարգը խորանարդային է։ Գույնը՝ կապարամոխրագույն։ Կարծրությունը՝ 2–2,5, խտությունը՝ 7200–7400 կգ/մ³։ Կռելի է։ Հանդիպում է բնածին արծաթի, գալենիտի և այլ միներալների հետ բազմամետաղային հանքավայրերում։ ՍՍՀՄ–ում հանքավայրեր կան Ալթայում, Արևելյան Անդրբայկալում, արտասահմանում՝ Նորվեգիայում, Չեխոսլովակիայում ևն։ Ա. արծաթի գլխավոր հանքանյութերից մեկն է։


ԱՐԳԻԼԻԹ (< հուն., Ἂργιλλος – կավ, λίθος - քար), մուգ գույնի նսավածքային ապար, առաջանում է կավերի ջրազրկման, խտացման և մասամբ ցեմենտացման հետևանքով։ Հաճախ պարունակում է մանրահատիկ ավազ։ Կարոդ է լինել պարզ կամ նուրբ–շերտավոր։ Ա. կավերի՝ թերթաքարերի անցման պրոցեսի առաջին ստադիայի արդյունք է։ Կավերից տարբերվում է բարձր կարծրությամբ, ջրում չթրջվելու հատկությամբ և ոչ պլաստիկությամբ։ Տարածված է երկրակեղևի գեոսինկլինալային մարզերում։ Օգտագործվում է որպես քիմիկատների և պլաստմասսաների լցանյութ։


ԱՐԳԻՃԻ, գետ Հայկական ՍՍՀ–ում։ Երկ. 51 կմ է, ավազանը՝ 384 կմ²։ Սկիզբ է առնում Գնդասարի հս. լանջից, 2560 մ բարձրությունից։ Համանուն գոգավորության ճահճապատ տարածություններով դանդաղ հոսում է դեպի հս.՝ առաջացնելով գետոլորաններ։ Արմաղանի արլ. ստորոտի մոտ անցնում է ոչ խոր ձորով, ապա թափվում Սևանա լիճը։ Սնումը ձնա–անձրևային է, տարեկան միջին ծախսը՝ 4,94 մ³/վրկ (Ներքին Գետաշեն) (առավելագույնը՝ 55,4 մ³/վրկ), տարեկան հոսքը՝ 155,6 մլն. մ³։ Սառցային երևույթներով օրերի թիվը հասնում է 85-ի։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով (Մադինայի ՀԷԿ)։ Սևանի մակարդակի իջեցման հետևանքով ստորին հոսանքում և մերձափնյա մասում ուժեղացել են հունային և ժամանակակից արտածին պրոցեսները։ Գ. Աբրահամյան


ԱՐԳԻՆԱ, գյուղաքաղաք Այրարատի Շիրակ գավառում, Կարս գետի ձախ ափին, Կարսից 64 կմ արլ.։ Եղել է նախաքրիստոնեական բերդ-ամրոց։ VI դ. հայտնի էր որպես գյուղ և բերդ և մինչ VII դ. Կամսարականների սեփականությունն էր։ Սեբեոսի վկայությամբ, 603-ին պարսիկները, հույներին հետապնդելուց վերադառնալիս, գրավեցին Ա., կոտորեցին բնակիչների մի մասին, շատերն էլ գերի չընկնելու համար բերդից ցած նետվեցին։ X դ., Բագրատանիների մայրաքաղաքը Շիրակավան (Երազգավորս) տեղափոխվելուց հետո, Ա. դարձավ կաթողիկոսանիստ։ Ա–ում են թաղված հայոց կաթողիկոսներ Անանիա Ա Մոկացին (աթոռակալել է 946–968), Խաչիկ Ա Արշարունին (աթոռակալել է 973–992)։ Խաչիկ Ա կաթողիկոսի ժամանակ Տրդատ ճարտարապետը Ա–ում կառուցել է կաթողիկե եկեղեցին (Անիի Սայր տաճարից ավելի վաղ), երեք այլ նույնանման եկեղեցիները, մատենադարան–գրատունը, դպրոցը և վերանորոգել կաթողիկոսարանը։ Ա–ի կաթողիկե եկեղեցին, ըստ իր հատակագծային հորինվածքի, գմբեթավոր սրահների մի բնորոշ օրինակ է, որտեղ գմբեթակիր տարածության չորս անկյուններում տեղավորված կիսաշրջանաձև որմնասյուների վրա նստել են գմբեթակիր կամարները։ Նրա հյուսիսային որմի և արևմտյան դռան վրա կային անընթեռնելի արձանագրություններ, ՆԿԱ ( = 1012) թվականն ու կառուցողի անունը։ Ա. այժմ ավերակ է։ Պահպանվել են միայն կաթողիկեի հյուսիսային, արևմտյան որմերը, մյուս եկեղեցիների ավերակները, իսկ Ա–ի ձորում, արևմտյան կողմում նշմարվում են ամրոցի ավերակները։ X դ. կեսին, Ասողիկի և Սատթեոս Ուռհայեցու վկայությամբ, Ա–ում գործել է բարձր հոգևոր դպրոց–վարդապետարան, որը մեծ հռչակ է վայելել։ Այդ ժամանակ Ա. նշանավոր գյուղաքաղաք էր և հիշատակվում է «Մեծն Արգինա» անունով։ X դ. վերջին, երբ կաթողիկոսական գահն ու դպրոցը Անի տեղափոխվեցին, Ա. կորցրեց իր այդ դերը։ Դպրոցում սովորել են նաև աշխարհականներ (օր. Բագրևանդցի իշխան Ատրներսեհը)։ Խաչիկ Ա Արշարունի կաթողիկոսը 973–992-ին կաթողիկոսարանին և դպրոցին կից ստեղծել է մատենադարան, հավաքել բազմաթիվ ձեռագրեր, ընդօրինակել տվել նորերը։ Ասողիկի վկայությամբ, Անիի նշանավոր ճարտարապետ Տրդատն է կառուցել վարդապետարանն ու գրատունը։ 992-ին կաթողիկոսարանի հետ միասին Անի տեղափոխվեցին նաև դպրոցն ու գրադարանը։

(նկ․) Արգինսւյի կաթողիկե եկեղեցու հյուսիսային պատը ներսից։

1920-ին, Հայաստանում Մայիսյան ապստամբության ժամանակ, Ա. դարձավ Կարսից դեպի Ալեքսանդրապոլ նահանջող ապստամբ բոլշևիկների հերոսամարտի վայր։ Դաշնակցականների դեմ անհավասար կռվում զոհվեցին շատ բոլշևիկներ։ Ա-ի ձորում գազանաբար սպանվեց մարտում վիրավորված Ղ. Ղուկասյանը։

Գրկ. Ստեփանոս Տարոնեցի (Ասողիկ), Պատմութիւն տիեզերական, 2 հրտ., ՍՊԲ, 1885։ Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 1, գիրք 3, Բեյրութ, 1959, էջ 1139։ Հովհաննեսյան Մ., Հայաստանի բերդերը, Վնտ., 1970։