Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ 81

Մ. Ն. Իսրաֆիլբեկովը (Կադարլի), Վ. Ի. Նանեյշվիլին, Ն. Ն. Նարիմանովը, Ս. Գ. Շահումյանը, Պ. Ա. Ջափարիձեն, Ի. Պ. Վացեկը և ուրիշներ։ Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո, բոլշևիկների ղեկավարությամբ 1917-ի հոկտ. 31(նոյեմբ. 13)֊ին Բաքվում հռչակվեց սովետական իշխանություն։ 1918-ի մարտին ճնշվեց մուսավաթականների հակահեղափոխական խռովությունը։ 1918-ի ապրիլի 25-ին ստեղծվեց Բաքվի Ժողկոմխորհը։ Սակայն 1918-ի հուլիսի 31-ին, օտարերկրյա ինտերվենտների և ներքին հակահեղափոխական ուժերի հարվածի ներքո սովետական իշխանությունը Բաքվում ընկավ։ Թշնամիները հաշվեհարդար տեսան Բաքվի կոմիսարների հետ։ Կուսակցական կազմակերպությունն անցավ ընդհատակ։ 1919-ի սկզբին ՌԿ(բ)Կ Կովկասյան երկրամասային կոմիտեի և նրա Բաքվի բյուրոյի անդամներից ստեղծվեց ղեկավար կուսակցական կենտրոն։ 1920-ի փետր. 11–12-ին Բաքվում տեղի ունեցավ Ա֊ի կոմունիստական կազմակերպությունների I համագումարը, որը միավորեց կոմունիստական բոլոր կազմակերպությունները, ընտրեց Ադրբ. Կ(բ)Կ Կենտկոմ և Կովկասյան երկրամասային կոմիտեն ճանաչեց որպես իր ղեկավար մարմինը։ Համագումարը Ադրբ. Կ(բ)Կ առջև խնդիր դրեց զինված ապստամբություն նախապատրաստել մուսավաթական վարչակարգի դեմ։ 1920-ի ապրիլի 28-ին Ա֊ի աշխատավորները 11-րդ կարմիր բանակի օգնությամբ տապալեցին մուսավաթականների իշխանությունը։ Կոմունիստները գլխավորեցին աշխատավորների պայքարը տնտեսության վերականգնման, ինդուստրացման, գյուղատնտեսության կոլեկտիվացման, կուլտուրական հեղափոխության համար։ Ա֊ի կոմկուսի XIII համագումարը (հունիս, 1937) նշեց, որ աշխատավորների հերոսական ջանքերով Ա. դարձել է ինդուստրիալ-ագրարային հանրապետություն՝ ձևով ազգային և բովանդակությամբ սոցիալիստական մշակույթով։ Հայրենական պատերազմի տարիներին, Ա֊ի կոմկուսի եռանդուն ջանքերով հանրապետությունը դարձավ սովետական զինված ուժերի կարևոր զինանոց։ Ետպատերազմյան տարիներին կոմկուսը գլխավորեց աշխատավորների պայքարը ժողովրդական տնտեսության և մշակույթի նոր վերելքի համար։ Զինված ՍՄԿԿ XXIV համագումարի որոշումներով, կոմկուսն ընթանում է հանրապետության աշխատավորության ավանգարդում՝ գլխավորելով նրա անձնվեր պայքարը կոմունիզմի նյութա֊տեխնիկական բազայի ստեղծման, կոմունիստական հասարակության կառուցման համար։ Առ 1 հունվ. 1972-ի Ա֊ի կոմկուսի շարքերում հաշվվում էր 265.156 կոմունիստ։

VII. Ադրբեջանի լենինյան կոմունիստական երիտասարդական միությունը

Ա֊ի կոմերիտմիության պատմությունը անխզելիորեն կապված է բոլշևիկյան կազմակերպությունների պատմության հետ։ ՌՍԴԲ(բ)Կ VI համագումարի (1917) որոշմամբ կուսակցության Բաքվի կոմիտեն 1917-ի օգոստոսին ստեղծեց բանվորների և սովորող երիտասարդների կազմակերպություն, որը և դարձավ Ա֊ի կոմերիտմիության սաղմը։ Աշնանը ստեղծվեց տպագրիչների հեղափոխական երիտասարդության խումբը։ 1918-ի հունվարին երկու խմբերը միավորվեցին՝ ստեղծելով «Բաքու քաղաքի և նրա շրջանների բանվոր երիտասարդության ինտերնացիոնալիստական միությունը», որը դարձավ Ա֊ի ԼԿԵՄ հիմքը։ 1920-ի հուլիսին տեղի ունեցավ Երիտասարդության միության I համագումարը, որտեղ ձևավորվեց Ադրբեջանի կոմունիստական երիտասարդության միությունը։ Այն ակտիվորեն մասնակցել է հանրապետության ինդուստրացմանը, գյուղատնտեսության կոլեկտիվացմանը, կուլտուրական հեղափոխությանը։ I հնգամյակի պլանները (նավթի գծով) կատարելու գործում աչքի ընկնելու համար Ադրբ. ՍՍՀ Կենտգործկոմը Բաքվի կոմերիտմիությանը պարգևատրեց հանրապետության Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Ա֊ի երիտասարդությունը ակտիվորեն մասնակցեց նաև Հայրենական մեծ պատերազմին։ Հետագա տարիներին նա խոշոր ներդրում կատարեց հանրապետության արդյունաբերության, գյուղատնտեսության և կուլտուրական շինարարության աշխատանքներում։ Ադրբ. ԼԿԵՄ 1970-ին ուներ ավելի քան 500 հզ. անդամ։

VIII. Արհմիությունները

Առաջին արհմիությունները Ա֊ում ստեղծվել են 1905-ի հոկտեմբերին (դարբինների, մատուցողների, փոստի և հեռագրական աշխատողների, կասպյան նավաստիների, տպագրիչների, երկաթուղայինների, կոշկակարների)։ 1906-ի հոկտեմբերին ստեղծվեց նավթարդյունաբերության բանվորների արհմիությունը։ Նույն թվականի վերջին Բաքվում գործում էր մոտ 20 արհմիություն՝ մինչև 12,2 հզ. անդամով։ Բաքվի պրոլետարիատի հեղափոխական համախմբվածության գործում խոշոր դեր է խաղացել նավթարդյունաբերության բանվորների արհմիությունը, որն արդեն 1908-ին ուներ 7 հզ. անդամ։ Ա֊ի արհմիությունները մասնակցում էին բանվորների հեղափոխական ելույթներին, նրանց պահանջների մշակմանը, պայքարում նրանց բնակարանային և կենցաղային պայմանների բարելավման, բժշկական սպասարկման համար։ Արհմիությունները ողջունեցին սովետական իշխանության հաստատումն Ա֊ում 1920-ի ապրիլին։ Հունիսին, Բաքվի արհմիությունների I կոնֆերանսում ընտրվեց արհմիությունների Ադրբեջանական խորհուրդը։ Նախապատերազմյան հնգամյակների տարիներին մեծ էր արհմիությունների դերը հանրապետության ինդուստրացման, հատկապես նավթարդյունաբերության զարգացման գործում։ 1931-ի ապրիլին Բաքվում, նավթարդյունաբերության բանվորների I համագումարում, ստեղծվեց ՍՍՀՄ նավթարդյունաբերության բանվորների համամիութենական արհմիություն։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին արհմիությունները հանրապետության աշխատավորներին մոբիլիզացրին ռազմաճակատին անխափան կերպով վառելանյութ մատակարարելու համար։ Ետպատերազմյան տարիներին Ա֊ի աշխատավորները լայնորեն մասնակցում են կոմունիստական շինարարության կազմակերպմանը՝ բարձրացնելով աշխատավորների ստեղծագործական ակտիվությունը։ Ա֊ի արհմիությունները միավորում են 1340 հզ. բանվոր և ծառայող (1971-ի հունվ.)։ Արհմիություններն ունեն 57 կուլտուրայի պալատ, 63 ակումբ, 195 գրադարան, 167 կինոսարք, 591 սպորտային կառույց, մեծ թվով հանգստյան տներ, սանատորիաներ ևն։

IX. Ժողովրդական տնտեսությունը

Ընդհանուր բնութագիրը։ Ա֊ի տնտեսության համար բնորոշ է զարգացման բարձր մակարդակը։ Սովետական իշխանության 50 տարիների (1920–70) ընթացքում արդյունաբերության համախառն արտադրանքը ավելացել է 70 անգամ։ Ա. ՍՍՀՄ֊ում երկրորդն է նավթի հանույթով (ՌՍՖՍՀ֊ից հետո) և մերձարևադարձային կուլտուրաների մշակությամբ (Վրացական ՍՍՀ֊ից հետո)։ Միութենական նշանակություն ունեն նավթային մեքենաշինությունը, լեռնահանքային, քիմիական, ցեմենտի արդյունաբերությունը, պահածոների արտադրությունը, ձկնարդյունաբերությունը, շերամապահությունը, բամբակագործությունը, այգեգործությունը, պտղաբուծությունը և գինեգործությունը։

Արդյունաբերությունը։ Ա֊ի արդյունաբերությունն աչքի է ընկնում, ամենից առաջ, նավթի և գազի հանույթով, նավթավերամշակմամբ, գազի արագորեն աճող հանույթով և դրանց հետ կապված քիմիական արդյունաբերությամբ, մեքենաշինությամբ։ Հիմնական ֆոնդերի մոտ 50% կենտրոնացված է վառելանյութի արդյունաբերության մեջ։ Ա. ՍՍՀՄ նավթի և գազի հանույթի հնագույն շրջանն է, որը 1940-ին տվել է նավթի միութենական հանույթի 71%։ Երկրի այլ շրջաններում նավթի նոր հանքավայրերի յուրացման կապակցությամբ Ա֊ի տեսակարար կշիռն այդ ասպարեզում իջել է մինչև 5,7%֊ի (ներառյալ գազային կոնդենսատը), սակայն արտադրությունը բացարձակ չափերով 1913-ի համեմատությամբ ավելացել է 3 անգամ