Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ 83

բոլոր հանրապետությունների հետ։ Նրա արտադրանքի շատ տեսակներ արտահանվում են նաև արտասահմանյան 65 երկրներ։ ՀՍՍՀ միջհանրապետական տնտեսական կապերում, ներածվող և արտածվող արտադրանքի ծավալով և տեսականիով ՌՍՖՍՀ֊ից և Ուկրաինայից հետո կարևոր տեղը պատկանում է Ադրբ. ՍՍՀ֊ին։ Ներկայումս Սովետական Միության բոլոր հանրապետություններից ՀՍՍՀ ներածվող արտադրանքի ընդհանուր ծավալի (արժեքային արտահայտությամբ) շուրջ 15% ստացվում է Ադրբ. ՍՍՀ֊ից։

Հայաստանի ժողովրդական տնտեսության բոլոր բնագավառներում օգտագործվող նավթամթերքները գրեթե ամբողջությամբ մատակարարում է Ա.։ Վառելիքային մազութից և բենզինից բացի Հայաստանը ստանում է ավելի քան 20 տեսակ քսայուղ և նավթամթերք։ Նավթամթերքները կազմում են Ա֊ից Հայաստան ներմուծվող ողջ արտադրանքի ընդհանուր ծավալի ավելի քան 80%։

ՀՍՍՀ վառելիքա֊էներգետիկ տնտեսության համար կարևոր նշանակություն ունեն նաև Ա֊ից ստացված բնական գազը և էլեկտրաէներգիան։ Ներմուծվող արտադրանքի մեջ ծավալի տեսակետից 2-րդ տեղը գրավում են թեթև և սննդի արդյունաբերության ապրանքները (բամբակյա մանվածք, բամբակի յուղ)։ ՀՍՍՀ տնտեսության համար, չնայած փոքր քանակին, կարևոր են նաև Սումգաիթից ներմուծվող պողպատյա խողովակները և թերթավոր պողպատը։ Ա. ՀՍՍՀ֊ին մատակարարում է նաև մեծ քանակությամբ լուսամուտի ապակի, ապակե տարա և մեծ տրամաչափի ասբեստացեմենտի խողովակներ։

ՀՍՍՀ֊ից Ա․ ստանում է շուրջ 150 տեսակ արդ. ապրանք, որոնք հատկապես կիրառվում են նավթային, քիմիական արդյունաբերության, մեքենաշինության և գյուղատնտեսության մեջ։ ՀՍՍՀ֊ից Ա. արտահանվող արտադրանքների 40% բաժին է ընկնում քիմիական արդյունաբերության արտադրանքին։ Մեծ քանակություն են կազմում և Ա֊ի համար կարևոր նշանակություն ունեն նաիրիտը, սևանիտը, կաուստիկ սոդան, նատրիում կրեմնեֆտորը, ամիակը, սուպերֆոսֆատը, ցիանամիդը, ծծմբաթթուն, պղնձարջասպը, ասբովինիլը, պոլիվինիլացետատի էմուլսիան, լաքերն ու ներկերը։ Ա֊ի ավտոմոբիլային տրանսպորտը լայնորեն կիրառում է հայկական «գիգանտ» և այլ տեսակի ավտոդողեր։ Հանրապետության տնտեսության ամենատարբեր բնագավառներում վաղուց լայն ճանաչում է գտել նաև Հայաստանի մեքենաշինության և էլեկտրատեխնիկական արդյունաբերության 60-ից ավելի արտադրանք (շարժական էլեկտրակայաններ, ուժային տրանսֆորմատորներ, գեներատորներ, էլեկտրաշարժիչներ, ճշգրիտ չափիչ գործիքներ, հիդրոպոմպեր, կոմպրեսորներ, մամլիչներ, ունիվերսալ բարձր ճշտությամբ շրջահղկող և ֆրեզերային հաստոցներ)։ Ա. արտածվում են նաև մեծ քանակությամբ էլեկտրալամպ, կաբելներ, պահեստամաս, ժամացույց։ Վերջին տարիներին Ա. արտածվող արտադրանքներին ավելացել է նաև «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենան։ Մեքենաշինության և էլեկտրատեխնիկական արդյունաբերության արտադրանքը կազմում է ՀՍՍՀ֊ից Ա. արտածվող արտադրանքների ընդհանուր ծավալի 30%: Ծավալի տեսակետից զգալի են նան թեթև ու սննդի արդյունաբերության արտադրանքները, հատկապես բրդյա նուրբ գործվածքները, հանքային ջրերը։

Երկու հանրապետությունների միջև գոյություն ունեն ձեռնարկությունների համատեղ կառուցման, փորձի փոխանակման, մասնագետների պատրաստման ու փոխանակման, սոցմրցման և այլ տեսակի տնտեսական փոխհարաբերություններ։

Գյուղատնտեսությունը։ Ա֊ի գյուղատնտեսության հիմնական ճյուղը երկրագործությունն է։ Ցանքատարածությունները 1970-ին 1196 հզ. հա էին, որից հացահատիկային կուլտուրաներինը՝ 621 հզ. հա, տեխնիկական կուլտուրաներինը՝ 209,9 հզ. հա։ Ցանքատարածությունների ավելի քան 70% ոռոգելի է։ Առավել կարևոր ջրանցքներն են վերին Շիրվանյան, Վերին Ղարաբաղյան և Սամուր֊Ապշերոնյան։ Գյուղատնտեսության առաջատար ճյուղը բամբակագործությունն է (1970-ին՝ 193 հզ. հա), որը տալիս է կոլտնտեսությունների դրամական եկամտի մոտ 50%։ Բամբակենու մշակությամբ զբաղվում են հիմնականում Կուր֊Արաքսյան հարթավայրում և Մերձարաքսյան դաշտավայրում՝ ներառյալ Նախիջևանի ԻՍՍՀ։ Նախալեռնային շրջաններում մշակվում է ծխախոտ։ Լենքորանի հարթավայրում զարգացած է թեյի մշակությունը։ Հացահատիկի արտադրությունը կենտրոնացած է Մեծ և Փոքր Կովկասի նախալեռնային շրջաններում և Մուղանի հարթավայրի հարավում։ Հացահատիկների ցանքատարածությունների 70% զբաղեցնում է ցորենը (1970-ին՝ 419,7 հզ. հա)։ Մշակվում են նաև բանջարաբոստանային կուլտուրաներ։ Այգիները 1970-ին զբաղեցնում էին 121,6 հզ. հա։ Զարգացած է պտղաբուծությունը (1970-ին՝ 149,2 հզ. հա՝ ներառյալ ցիտրուսային կուլտուրաները)։ Լենքորանում մշակում են խոնավասեր մերձարևադարձային կուլտուրաներ (հիմնականում թեյ), Կուր֊Արաքսյան դաշտավայրում և Ապշերոնյան թերակղզում՝ նուռ, թուզ, սերկևիլ, նուշ, ձիթապտուղ։ Շերամապահությամբ զբաղվում են՝ Շաքի֊Զաքաթալայի շրջանում, Լեռնային Ղարաբաղի ԻՄ֊ում, Նախիջևանի, Կիրովաբադ֊Ղազախի գոտիներում։ Գյուղատնտ. արտադրանքի ծավալի մասին տես 2 աղյուսակը:


Աղ. 2. Գյուղատնտեսական կարևորագույն կուլտուրաների համախառն բերքը (հզ. տ)
1913 1940 1950 1967 1970
Բամբակ 64 154 284 333 335,4
Հացահատիկ 486 567 523 729 723
Ծխախոտ 1 5,4 8,1 20,8 24,7
Բանջարեղեն - 63 67 363 409
Թեյ 8,7 9.8
Կարտոֆիլ 38 82 119 122 130