Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ 89

են հասել Թ. Սալահովը («Կոմպոզիտոր Կարա Կարաև»), Է. Մահմեդովը («Կոլտնտեսական Մ. Էյվազով»), Ս. Շարիֆզադեն («Մ. Ֆիզուլի»)։ Բնանկարչության ասպարեզում առանձնանում են Մ. Աբդուլաևի («Մինգեչաուրի կրակները», «Հնգամյակի ճանապարհներին»), Ս. Բախլուլզադեի («Գուդիալչայի հովիտը», «Ճանապարհ դեպի Կըզ֊Բենեֆշա») գործերը։ Ա֊ի քանդակագործության նվաճումներից են Ֆ. Աբդուռահմանովի՝ Նիզամիի հուշարձանները Կիրովաբադում և Բաքվում, Ջ. Ղարյագդիի՝ Վ. Ի. Լենինի և Ա. Սաբիրի հուշարձանները Բաքվում, Թ. Մամեդովի ե Օ. Էլդարովի՝ Վ. Ի. Լենինի հուշարձանը Սումգաիթում։

XVI. Երաժշտությունը

Ադրբեջանական ժողովրդական երաժշտությունն ունի լադային բարդ համակարգ (7 հիմնական լադեր, օժանդակ լադեր), զարգացած մեղեդիկ կառուցվածք, աչքի է ընկնում ճոխ օռնամենտիկայով, ինքնատիպ ռիթմական բազմազանությամբ։ Ժող. գործիքներից են՝ թառը, սազը, քամանչան, յաստի֊բալամանը (դուդուկի կառուցվածքով), զուռնան, նաղարան, նայը, դափը։ Տարածված են՝ ղազախի, իննաբի, միրզաի, թարաքյամա, ուզունդարա ևն ժող. պարերը։ Ինչպես հարևան արևելյան երկրներին, այնպես էլ Ա֊ին բնորոշ է աշուղական արվեստը։ Աշուղներն ստեղծել են ժողովրդական պրոֆեսիոնալ երաժշտության ժանրեր՝ դաստանը (տես նաև Բայաթի), մուղամը ևն։

Առաջին ազգային օպերան՝ «Լեյլի և Մեջնուն»֊ը (բեմ. 1908) ստեղծել է Ու. Հաջիբեկովը։ Երաժշտ. թատրոնի զարգացմանը նպաստել են երգիչ Հ. Սարաբսկին, դերասան Մ. Ալիևը, ռեժիսոր Հ. Արաբլինսկին, կոմպոզիտորներ Զ. Հաջիբեկովը, Մ․ Մագոմաևը։ Երաժշտությունը պրոֆեսիոնալ բարձր մակարդակի հասավ սովետական իշխանության տարիներին։ Երաժշտական մշակույթի վերելքին մեծապես նպաստել է Ու. Հաջիբեկովի բազմակողմանի գործունեությունը, որը դրել է պրոֆեսիոնալ կոմպոզիտորական դպրոցի և երաժշտագիտության հիմքերը։ Մեծ դեր են կատարել երգարվեստի վարպետներ Բյուլ֊Բյուլը (Մամեդով) և Շ. Մամեդովան։ Ա֊ի երաժշտական կյանքում ուղենշային են եղել՝ Ու. Հաջիբեկովի «Քյոռ֊օղլի», Մ. Մագոմաևի «Նարգիզ», Ռ. Գլիերի «Շահսենեմ» օպերաները, Ա. Բադալբեյլիի «Կույսի աշտարակը» (բեմ. 1940) բալետը։ Բալետի և սիմֆոնիզմի զարգացման մեջ մեծ ներդրում ունի Կ. Կարաևը։ Մուղամները սիմֆոնիկ մշակման են ենթարկել Ֆ. Ամիրովը, Նիյազին։ Սիմֆոնիկ գործեր է գրում նաև Ջ. Հաջիևը, բալետային երաժշտ. Ա. Մելիքովը, օպերետներ՝ Ռ. Հաջիևը, երգեր՝ Ս. Ռուստամովը, Թ. Կուլիևը և ուրիշներ։ Օպերային հայտնի արտիստներ են՝ երգչուհիներ Ֆ. Մուխտարովան, Ս. Մուստաֆաևան, երգիչներ Հ. Հաջիբաբաբեկովը, Ռ. Բեյբութովը, Լ. Իմանովը, Մ. Մագոմաևը։ Ականավոր դիրիժորներ են՝ Նիյազին, Ա. Բադալբեյլին, երաժշտագետներ՝ Է. Աբասովան, Դ. Դանիլովը, ջութակահար՝ Ա. Ալիևը։

Բաքվում գործում են Մ. Ախունդովի անվ. օպերայի և բալետի թատրոնը (1924-ից), Երաժշտական կոմեդիայի թատրոնը (1938-ից), Մ. Մագոմաևի անվ. ֆիլհարմոնիան։ Հանրապետության քաղաքներում և շրջկենտրոններում ստեղծված է երաժշտական դպրոցների և ուսումնարանների լայն ցանց։ Երաժշտական կյանքում կարևոր դեր են կատարում Բաքվի՝ Ու. Հաջիբեկովի անվ. կոնսերվատորիան (1921-ից) և միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցը, Ա֊ի կոմպոզիտորների միությունը։

XVII. Դրամատիկական թատրոնը

Ադրբ. ժողովրդի թատերական մշակույթը իր ակունքներով կապված է ժող. ստեղծագործության, պաշտամունքային ծեսերի, օրացուցային տոնախմբությունների («Նովրուզ»՝ գարնան տոն, «Կևսեջ»՝ ձմեռնամուտ), հարսանեկան արարողությունների («Նշան»), խաղերի («Քեպենեկ»՝ թիթեռնիկ) հետ։ Հրապարակային ներկայացումների բնույթ են կրել լարախաղացների (քյանդրբազների), դերվիշների ելույթները, աշուղների արվեստը։

Ադրբ. պրոֆեսիոնալ թատրոնը սկսել է կազմավորվել XIX դ. կեսից։ 1873-ին Բաքվում առաջին անգամ ադրբեջաներեն բեմադրվեցին Մ. Ֆ. Ախունդովի «Լենքորանի խանության վեզիրը» և «Հաջի Կարա» կատակերգությունները։ XIX դ. վերջին ադրբեջաներեն ներկայացումներ են տրվել Շուշիում, Գյանջայում, Նուխիում։ 1897-ին Հ. Մելիքովը կազմակերպեց առաջին պրոֆեսիոնալ կոլեկտիվը։ 1908-ին Բաքվում բեմադրվեց ադրբ. ազգային առաջին օպերան՝ Ու. Հաջիբեկովի «Լեյլի և Մեջնուն»֊ը, որով և սկզբնավորվեց ադրբ. պրոֆեսիոնալ երաժշտական թատրոնը։ Թատերական արվեստի ծաղկումն իրականացավ սովետական իշխանության պայմաններում։ 1920-ին ստեղծվեց Միացյալ պետ. թատրոն, որը միավորում էր ադրբեջանական, ռուսական և հայկական դրամատիկական և օպերային խմբերը։ 1922-ին ադրբեջանական խումբը վերակազմվեց Ակադեմիական դրամատիկական թատրոնի, օպերային խումբը (1924-ին)՝ օպերայի և բալետի թատրոնի։ Բացվեցին բազմաթիվ թատրոններ։ Դասական դրամատուրգիային զուգընթաց բեմադրվեցին սովետական դրամատուրգների, հատկապես՝ Զ. Ջաբարլիի, Ս. Վուրղունի, Հ. Ջավիդի պիեսները։ Ջ. Ջաբարլիի հեղափոխական պաթոսով տոգորված «Հրո հարսնացուն», «Սևիլ», «Ալմաս», «1905 թվականին», «Յաշար» պիեսների ներկայացումները թատրոնի ստեղծագործական կյանքի կարևորագույն փուլը դարձան։ Նշանավոր բեմադրություններից են՝ Ս. Վուրղունի «Վագիֆ»֊ը, Վ. Շեքսպիրի «Օթելլո»֊ն, «Համլետ»֊ը, Է. Մամեդխանլիի «Արևելքի առավոտը», Ի. Էֆենդիևի «Միշտ ինձ հետ ես», Ա. Շիրվանզադեի «Նամուս»֊ը, Լ. Տոլստոյի «Կենդանի դիակ»֊ը ևն։ Հանրապետությունում գործում են Մ. Ֆ. Ախունդովի անվ. ադրբ. օպերայի բալետի թատրոնը, Մ. Ազիզբեկովի անվ. ադրբ. դրամատիկ թատրոնը, Ս. Վուրղունի անվ. ռուսական դրամատիկ թատրոնը, Երաժշտական կոմեդիայի թատրոնը, Գորկու անվ. պատանի հանդիսատեսի թատրոնը (Բաքու), Կիրովաբադի, Ստեփանակերտի (հայկական), Նախիջևանի,