Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

90 ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ

Սումգաիթի, Աղդամի, Մինգեչաուրի թատրոնները։

Հայ և ադրբեջանական թատերական կապերի սկիզբը դրել են Խ. Աբովյանն ու Մ. Ախունդովը, ամրապնդել՝ Հ. Արաբլինսկին, Վ. Փափազյանը, Մ. Ալիևը, Հ. Աբելյանը, Ա. Հախվերդովը, Գ. Ավետյանը և ուրիշներ։ Մ. Ախունդովի, Գ. Սունդուկյանի, Ա. Շիրվանզադեի, Ջ. Ջաբարլիի դրամատուրգիան երկու ժոդովուրդների թատերական խաղացանկի անբաժան մասն է եղել։ Հայ դերասաններ Հ. Աբելյանը, Վ. Փափազյանը, Գ. Ավետյանը, Ս. և Ա. Սաֆրազյան ամուսինները հաճախ հանդես են եկել ադրբեջանական բեմում։

XVIII. Կինոն

Ադրբեջանական կինեմատոգրաֆիայի առաջին քայլերից են «Նավթի և միլիոնների թագավորությունում» (1916), «Արշին մալ ալան» (1917) ֆիլմերը։ 1923-ին Բաքվում ստեղծվեց ֆոտոկինովարչություն (1960-ից՝ Ջ. Ջաբարլիի անվ. «Ադրբեջանֆիլմ» կինոստուդիա), որը 1924-ին թողարկեց «Լեգենդ Կույսի աշտարակի մասին» առաջին գեղարվեստական ֆիլմը։ 1925-ին ազգային կինոաշխատողներ պատրաստելու համար կազմակերպվեց ստուդիա։ Նկարահանվել են՝ «Հանուն աստծո», «Հաջի Կարա» (1925 և 1929, ռեժիսոր՝ Շարիֆզադե), «Սևիլ» (1929, ռեժիսոր՝ Բեկ֊Նազարյան), «Տունը հրաբխի վրա» (1929, «Հայկինոյի» հետ համատեղ, ռեժիսոր՝ Բեկ֊Նազարյան), «26 կոմիսարներ» (1933, ռեժիսոր՝ Շենգելայա), «Բաքվեցիներ» (1938, ադրբ․ առաջին հնչուն ֆիլմն է, ռեժիսոր՝ Վ. Տուրին), «Արշին մալ ալան» (1945, ռեժիսորներ՝ Ռ. Թահմասիբ և Ն. Լեշչենկո), «Հեռավոր ափերում» (1958, ռեժիսոր՝ Թ. Թաղիզադե), «Հեռախոսավարուհին» (1962, ռեժիսոր՝ Հ. Սեիդբեյլի), «Բաքվի 26 կոմիսարները» (1966, ռեժիսոր Ա. Իբրահիմով), «Իմ յոթ որդիները» (1970, ռեժիսոր՝ Թ. Թաղիզադե), «Օրն անցավ» (1971, ռեժիսոր՝ Ա. Բաբաև) և այլ կինոնկարներ։ Վավերագրական֊փաստագրական կինոյի ակնառու հաջողություններից են՝ «Սովետական Ադրբեջան» (1950, ռեժիսոր Ռ. Դադաշով, Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակ, 1951), «Ասք կասպիական նավթագործների մասին» (1953, ռեժիսոր՝ Ռ. Կարմեն, Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակ, 1954), «Ծովը նվաճողները» (1959, ռեժիսոր՝ Ռ. Կարմեն, օպերատորներ՝ Դ. Մամեդով և Ս. Մեդինսկի, լենինյան մրցանակ, 1960) և այլ ֆիլմեր։ 1965-ին ստեղծվել է Ադրբ. ՍՍՀ կինոաշխատողների միությունը։ Հանրապետությունում գործում է 2040 կինոսարքավորում (առ 1 հունվ. 1972)։

Պատկերազարդումը տես աղ. IV, 48–49 Էջերի միջև՝ ներդիրում։

XIX. Հայերն Ադրբեջանում

Հայերն Ա֊ի ներկայիս տերիտորիայում բնակվում են հին ժամանակներից։ Բացի Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգներից ոչ մեծ զանգվածներով հայեր ապրում էին նաև Կուր գետից հյուսիս և Կասպից ծովի հվ֊արմ. ափերին։ Նրանք զբաղվել են գյուղատնտեսությամբ, արհեստներով և առևտրով։

Ա. Ռուսաստանին միանալուց հետո երկրամասի հայաբնակ վայրերում նկատելիորեն աշխուժացավ նաև մշակութային կյանքը։ Հայկական դպրոցներ են գործել Գանձակում, Շուշիում, Շամախիում, Շամխորում, Նուխիում, Ղուբայում, բազմաթիվ գյուղերում։ Արդ. Բաքվի վերելքի հետ աճել է նաև հայության թիվը, և քաղաքը դարձել է Անդրկովկասի հայերի հասարակական֊քաղաքական ու մշակութային կենտրոններից մեկը։ 1864-ին հիմնված՝ Բաքվի հայոց մարդասիրական ընկերությունը զգալի ներդրում է կատարել գավառներում հայկական դպրոցներ բացելու գործում։ Այն Բաքվում ստեղծել է գրադարան, տպարան, նյութական օգնություն ցույց տվել Արևմտյան Հայաստանից գաղթածներին։ Բաքվի հայկական թատրոնը զգալի դեր է խաղացել ազգային թատերական արվեստի զարգացման գործում։ Հայերը գործուն մասնակցություն են ունեցել տնտեսական ու քաղաքական կյանքին։ Հայ ժողովրդի շատ զավակներ (Բ. Կնունյանց, Ս. Սպանդարյան, Ս. Շահումյան, Ա. Միկոյան, Մ. Մելիքյան, Գ. Կորգանով, Ս, Հովսեփյան, Ա. Ամիրյան, Ս. Տեր֊Գաբրիելյան և ուրիշներ) ռուս․ ադրբեջանցի, վրացի, ուկրաինացի, բելոռուս և մյուս ժողովուրդների ներկայացուցիչների հետ ուս֊ուսի հեղափոխական ակտիվ գործունեություն են ծավալել և պայքարել Ա֊ում սովետական իշխանության հաստատման համար։ Հազարավոր հայեր մասնակցել են Բաքվի կոմունայի պաշտպանությանը։ Հայ և ադրբեջանցի աշխատավորների եղբայրական բարեկամությունն էլ ավելի ամրապնդվեց սովետական իշխանության վերջնական հաստատումից հետո, սոցիալիստական շինարարության տարիներին։

1970-ի մարդահամարի տվյալներով Ա֊ում ապրում է 484 հզ. (1959-ին՝ 442 հզ.) հայ, որից 130 հզ. Լեռնային Ղարաբաղի ԻՍ֊ում։ Մեծ թվով հայեր ապրում են Նախիջևանի ԻՍՍՀ֊ում։ Հայաբնակ հիմնական վայրերն են Բաքուն, Կիրովաբադը, Շահումյանի, Խանլարի, Շամխորի, Դաշքեսանի, Կասում֊Իսմայլովի, Ղազախի, Շաքիի (Նուխի), Շամախիի և մի շարք այլ շրջաններ, որտեղ կան հայկական դպրոցներ ա մշակութային օջախներ։ 1920–48-ին Բաքվում գործում էր հայկական պետական դրամատիկական թատրոնը (տես Բաքվի հայկական թատրոն)։ 1930-ական թթ. սկզբին հայկական թատրոններ ստեղծվեցին Կիրովաբադում և Ստեփանակերտում (տես Կիրովաբադի հայկական թատրոն և Ստեփանակերտի հայկական դրամատիկական թատրոն)։ Ա֊ի մանկավարժական ինստիտուտում գործում է հայկական բաժանմունք։ Հայ գրողներից շատերը (Ա. Շիրվանզադե, Հ. Հակոբյան) հիմնականում ստեղծագործել են Ա֊ում։ Բաքվի հայկական «Կոմունիստ» թերթում, գրական ալմանախներում, «խորհրդային գրող» և ապա «Գրական Ադրբեջան» հանդեսներում են աշխատել և աճել գրողներ՝ Թ. Հուրյանը, Մ. Դավթյանը, Գ. Սևունցը, Հ. Սահյանը, Ա. Գրաշին, Ս. Գրիգորյանը, Աթանես Սենալը և ուրիշներ։ Ա֊ի սովետական գրողների միությունն ունի հայկական բաժանմունք։ Ադրբ. սովետական մշակույթի զարգացման գործում զգալի ծառայություն են մատուցել նաև հայ ժողովրդի զավակները՝ կոմպոզիտորներ Ա. Մայիլյանը՝ Բաքվի բանվորական առաջին երգչախմբի հիմնադիրը (1920), Հ. Հովհաննիսյանը՝ Ա֊ի ժողովրդական գործիքների առաջին անսամբլի ստեղծողն ու երկարամյա ղեկավարը, թատերական նկարիչ ու ռեժիսոր Մ. Սաղյանը և ուրիշներ։

Գրկ. Ленин В. И., Об Азербайджане, Сб., Баку, 1959; Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե., 1968։ Մովսես Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից աշխարհի, Ե., 1969։ Կիրակոս Գանձակեցի, Պատմություն Հայոց, Ե., 1961։ Վարդան Վարդապետ (Արեվելցի), Հաւաքումն պատմութեան, Վնտ., 1862։ Հասան֊Ջալալյանց Ե., Պատմութիւն համառօտ Աղուանից երկրի, Երուսաղեմ, 1868։ Բարխուդարյանց Մ., Աղվանից երկիր և դրացիք, Թ.. 1893։ Աղայան Ծ. Պ., Հայ և ադրբեջանական ժողովուրդների դարավոր բարեկամությունը, Ե., 1961։ Բաղդասարյան Ա. Բ., Ադրբեջանական ՍՍՀ, Ե., 1972։ Երևանլի Ա., Հայ և ադրբեջանական ժողովուրդների բարեկամության արտացոլումը գրականության մեջ, Ե., 1955։ Արիֆ Մ., Ադրբեջանական ժողովրդի գրականությունը, Ե., 1961։ Անտոնյան Գ., Հայ֊ադրբեջանական բարեկամությունը գրականության մեջ, Ե., 1962։ Փизическая география Азербайджанской ССР, М., 1959; Геоморфология Азербайджана, Баку, 1959; Геология нефтяных и газовых месторождений Азербайджана, М., 1966; Геология Азербайджана, т. 1–7, М., 1952–61; Атлас Азербайджанской ССР, Баку – М., 1963; Гвоздецкий Н. А., Кавказ М., 1963; Завриев В. Г., Природное районирование и развитие ландшафтов Азербайджана, «Изв. АН СССР, серия геогр.», 1957, № 4; Что читать об Азербайджане, в. 1, История Азербайджана, Баку, 1963 (библ. указатель)։ История Азербайджана, т. 1–3, Баку, 1958–63; Великий Октябрь и Азарбайджан, 1917–1967. Библиография, Баку, 1967 (на азерб. и рус. яз. ); Петрушевский И. И., Очерки по истории феодальных отношений в Азербайджане и Армении в XVI—начале XIX вв., Л., 1949; Ализаде Абдул Керим, Социално-экономическая и политическая история Азербайджана XIII-XV вв., Баку, 1956; Очерки истории СССР, Первобытно-общинный строй и древнейшие государство на территории СССР, М., 1956, с. 60—77, 131-141, 185-190, 480–85; Очерки истории СССР III—IX вв., М., 1958, с. 303–30, 530–36; Очерки истории