Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ 99

կառուցվել են Կիրովականի քիմ. կոմբինատի մշակույթի պալատը (1950–53, Ռ. Ալավերդյանի հետ), Երևանի ուսանողական հանրակացարանի համալիրը Նոր Զեյթունում (1961–64, Գ. Քոչարի հետ), մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստ֊ը (1962–70, Հ. Մարգարյանի և Բ. Արզումանյանի հետ), «Էրեբունի» թանգարանը (1968), Ուզբեկ. ՍՍՀ Սամարղանդ քաղաքում «Աֆրոսիաբ» թանգարանը և հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների հուշարձանը (1969–70, Բ. Արզումանյանի հետ), բնակելի շենքեր՝ Երևանում, Լենինականում, Կիրովականում։ Ա֊ի նախագծերով վերականգնվել են Աշտարակի և Եղեգնաձորի շրջանների մի շարք պատմական հուշարձաններ։

ԱԶԱՏՅԱՆ Վաղարշ Դավթի (ծն. 1904), հայ սովետական քիմիկոս։ Քիմիական գիտ. թեկնածու (1940), ՍՄԿԿ անդամ 1924-ից։ Ծնվել է հունվ. 14-ին, Թիֆլիսում։ Ավարտել է Ներսիսյան դպրոցը, Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը (1928), բնագիտական ֆակուլտետի կենսաբանական (1930) և քիմիական (1931) բաժինները։ Աշխատել է նույն համալսարանում (1928–34) որպես դասախոս, պրոռեկտոր, քիմիական ֆակուլտետի դեկան։ 1939–45-ին եղել է Արմֆանի (1943-ից ՀՍՍՀ ԳԱ) քիմիական ինստ֊ի դիրեկտոր։ 1965-ից աշխատում է ՀՍՍՀ ԳԱ քիմիական ֆիզիկայի լաբորատորիայում որպես ավագ գիտական աշխատող։ Ա֊ի գիտական աշխատանքները նվիրված են ացետիլենային միացությունների սինթեզին, կատալիտիկ երևույթների, տարրօրգանական միացությունների և ցիկլոօկտատետրաենի ուսումնասիրմանը։ Զբաղվել է նաև հայերեն քիմիական տերմինների մշակման, ինչպես նաև բառարանագիտական հարցերով, մասնակցել է ռուս֊հայերեն պոլիտեխնիկական, ռուս֊հայերեն քառահատոր բառարանների ստեղծմանը։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։


ԱԶԱՏՆ ՄԱՍԻՍ, Արարատ լեռան ավանդական անվանումը հայ մատենագրության մեջ։


ԱԶԱՏՆԵՐ (պահլավ. âzât, պարսկ. âzâd), ազնվական դաս միջնադարյան Հայաստանում։ Լայն իմաստով Ա., ազատորեար կամ ազատանի են կոչվել առհասարակ արտոնյալ խավերը, նեղ իմաստով՝ ազնվականների միայն ստորին դասը։ Մոտավորապես համապատասխանում է Սասանյան Պարսկաստանի (III–VII դդ.) Ա֊ի (հեծյալ֊արտեշտարան), միջնադարյան Եվրոպայի հեծյալների (chevaliers) կամ Կիլիկյան Հայաստանի ձիավորների դասին։ Ա. վասալական կախման մեջ էին հողի գերագույն տերերից, նրանցից էին ստանում պայմանական հողաբաժինների և ժառանգաբար օգտագործում՝ դառնալով ավատառու (տես Խոստակդար)։ Ա. հողատու տերերի համար կատարում էին զինվորական (տես Ազատազորք) և պատվարժան այլ ծառայություններ, մասնակցում աշխարհաժողովներին։ Հանցավոր Ա. դատվում էին հասարակական դատարանում․ նրանց չէր կարելի մարմնական պատժի ենթարկել կամ ուղարկել ստորին աշխատանքի, ենթակա էին միայն դրամատուգանքի։ Ա֊ի արյան գինը կրկնակի բարձր էր անազատների արյան գնից։ Հայ մատենագրության մեջ Ա. հայտնի են նաև «որսատենչ» կամ «փափկացյալ» անվամբ՝ խաղաղ պայմաններում ժամանակի մեծ մասը որսորդության կամ զվարճությունների հատկացնելու համար։ Հայ պետականության անկումից հետո Ա֊ի դասն աստիճանաբար դադարեց գոյություն ունենալուց։

Գրկ. Մանանդյան Հ., Ֆեոդալիզմը հին Հայաստանում, Ե., 1934։ Адонц Н., Армения я эпоху Юстиниана, СПБ, 1908 (перепечат. Е., 1971).


ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ, մեխանիկական համակարգի դիրքը միարժեքորեն որոշող անկախ կոորդինատներ։ Այդ կոորդինատների կամ Ա. ա֊ի թիվը կախված է համակարգի մեջ մտնող մասնիկների քանակից, մեխանիկական կապերի (տես Կապեր մեխանիկական) թվից և բնույթից։ Օրինակ՝ մասնիկի դիրքը որոշվում է երեք (դեկարտյան կոորդինատների համակարգում ) կոորդինատներով՝ ազատության երեք աստիճաններով, հետևաբար, մասնիկից կազմված համակարգի Ա. ա֊ի թիվը կլինի , իսկ թվով երկրաչափական կապերի առկայությամբ՝ ։ Տարածության մեջ մեխանիկական համակարգի դիրքը որոշելու համար, դեկարտյան կոորդինատներից բացի, կարելի է օգտվել ցանկացած անկախ ( Ա. ա֊ի թիվն է) մեծություններից՝ ընդհանրացված կոորդինատներից։

Ա. ա. բնորոշում են համակարգի հնարավոր անկախ շարժումները, օրինակ, պինդ մարմինն ունի վեց Ա. ա., քանի որ կարող է կատարել 3 շարժում, մասնավորապես՝ առանցքների ուղղությամբ և 3 պտտական՝ նույն առանցքների շուրջը։

Թերմոդինամիկական համակարգի վիճակը բնութագրող այն անկախ պարամետրերը, որոնց կամայական փոփոխությունը չի խախտում նրա փուլային հավասարակշռությունը, կոչվում են թերմոդինամիկական Ա. ա.։


«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՎԵՏԱԲԵՐ», թերթ, Մոսկվայի հայ ուսանողների «Հայրենասերների միություն» կազմակերպության օրգան (1884)։ Հրատարակվել է ընդհատակում, տպագրվել է հեկտոգրաֆով։ Խմբագիրներ ու աշխատակիցներ էին՝ Ն. Աբելյանը, Ա. Դաստակյանը, Դ. Ներսիսյանը, Թ. Ադամյանը, Մ. Զալյանը, նարոդնիկական տրամադրություններով համակված հայ այլ ուսանողներ։ Թերթն ուներ ազգասիրական֊հայրենասիրական ուղղություն, կոչ էր անում օգնել Հայաստանի անկախության գործին։ Լույս է տեսել մի քանի համար և դադարել կառավարության հետապնդումների պատճառով։


ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՐՊՈՒՍ (Corpo volentari della Libeta), իտալական դիմադրության շարժման պարտիզանական բանակը։ 1943–45-ին կռվում էր գերմ. և իտալ. ֆաշիստների դեմ։ Հրամանատարության կազմում էին հակաֆաշիստական կուսակցությունների ներկայացուցիչները։ Պարտիզանական բոլոր ջոկատները, անկախ կուսակցական պատկանելությունից, 1945-ի մարտին միավորվեցին՝ կազմելով 150-հազարանոց բանակ։ Ա. կ. կ֊ի հրամանատար նշանակվեց գեներալ Ռ. Կադոռնան, տեղակալներ՝ Լ. Լոնգոն և Ֆ. Պարրին։ Ա. կ. կ. գլխավորեց 1945-ի ապրիլյան համընդհանուր ապստամբությունը՝ ազատագրելով Հյուսիսային Իտալիայի մեծ մասը։ Դրանից հետո Ա. կ. կ. լուծարքի ենթարկվեց։ Պարտիզանական ջոկատներում մարտնչել են ֆաշիստական գերությունից փախած սովետական շատ զինվորներ, այդ թվում՝ հայեր, հերոսությամբ աչքի են ընկել Մ. Դաշտոյանը, Գ. Քոլոզյանը և ուրիշներ։


«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ», շաբաթաթերթ, ապա՝ ամսաթերթ, վերջում՝ կիսամսյա թերթ։ Լույս է տեսել Նյու Յորքում, 1890–1892-ին։ Խմբագիր֊հրատարակիչն էր Հայկ Էկինյանը։ «Ա.» ամերիկահայ առաջին թերթերից էր (նույն խմբագիր֊հրատարակչի «Արեգակ»֊ից և «Սուրհանդակ»֊ից հետո)։ Տպագրել է նյութեր տեղի հայ գաղութի կյանքից, լուրեր Հայաստանից, հանրամատչելի հոդվածներ։


ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ, մարդկանց գործունեության և բնության ու հասարակության օբյեկտիվ օրենքների փոխհարաբերությունն արտահայտող փիլիսոփայական կատեգորիաներ։ Նախամարքսյան, ինչպես նաև հետմարքսյան բուրժուական փիլ. ուսմունքներում միակողմանիորեն չափազանցվել է կամ մարդու ազատությունը, կամ օբյեկտիվ անհրաժեշտությունը։ Հարցի այդպիսի սխալ մետաֆիզիկական ըմբռնումը բնորոշ է եղել ինդետերմինիզմին, դետերմինիզմին և հատկապես վոլյանտարիզմին ու ֆատալիզմին։ Ըստ վոլյունտարիզմի, ազատությունը արտաքին պայմաններով չպայմանավորվող և ոչնչով չսահմանափակվող կամքի ազատությունն է։ Ազատության սուբյեկտիվիստական ըմբռնումը հատուկ է նաև էկզիստենցիալիզմը համախոհներին (Սարտր, Տասպերս և ուրիշներ)։ Ի տարբերություն վոլյունտարիզմի, ֆատալիզմը ժխտում է կամքի ազատությունը և մարդկային գործունեությունն ու արարքները բոլոր դեպքերում բխեցնում է արտաքին, մարդուց ու մարդու կամքից անկախ պայմաններից, բացարձականացնում է օբյեկտիվ անհրաժեշտությունը՝ սողանցք թողնելով աստվածային նախախնամության գաղափարի համար։ Այսպիսով, երկու դեպքում էլ անտեսվում է Ա.