Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱԴԱՄՅԱՆ 63

ԱԴԱՄԱԽՆՁՈՐ, տղամարդկանց պարանոցի առաջային երեսի ցցվածքը, որն առաջացել է վահանաճառի երկու թիթեղիկների անկյունաձև միացումից։ Առավել շեշտված է նիհարների մոտ։ Ա. անվանումը կապված է առասպելական Ադամի հետ, որի կերած խնձորն իբր մնացել է կոկորդում։


ԱԴԱՄԱԿԵՐՏ, Հադամակերտ, քաղաք Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Աղբակ գավառում։ Արծրունի նախարարության քաղաքական ու կրոնական հինավուրց կենտրոնը, ըստ Մովսես Խորենացու՝ Արծրունիների բնօրրանը։ IX–XI դդ. հայտնի էր վարչաքաղաքական և ռազմական նշանակությամբ, ուներ բերդ, եկեղեցի։ XI դարից հետո Ա. անշքացավ՝ վերածվելով ավանի։ Այժմ հայտնի է Բաշկալե անունով, մերձակայքում գտնվում է Ս. Բարդուղիմեոսի վանքը։


ԱԴԱՄԱՆԴ (<հուն. άδάμας — աննվաճելի), թանկարժեք քար, արհեստականորեն նիստավորված ալմաստ՝ հիմքերով միմյանց կից, երկու բազմանիստ, հատած բուրգերի ձևով։ Նիստավորման շնորհիվ ձեռք բերած ուժեղ փայլի և գունախաղի համար Ա. կոչվում է նաև շողակն։ Գնահատվում է ըստ կշռի, որակի, փայլի։ Օգտագործվում է ոսկերչության մեջ։


ԱԴԱՄԱՐ (Hadamard) Ժակ (1865—1963), ֆրանսիացի մաթեմատիկոս, Փարիզի ԳԱ անդամ (1912), ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1929)։ Ծնվել է դեկտեմբերի 8-ին, Վերսալում։ Զբաղվել է դիֆերենցիալ հավասարումների, կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների, պարզ թվերի տեսություններով։ Ապացուցել է պարզ թվերի բաշխման ասիմպտոտական օրենքը։ Ա. ավանդ ունի ֆունկցիոնալ անալիզի ստեղծման մեջ։ Զբաղվել է նաև մեխանիկայով (հավասարակշռության կայունության պրոբլեմով) և մաթեմատիկայի դասավանդման հարցերով։ Մահացել է հոկտ. 17-ին, Փարիզում։


«ԱԴԱՄԳԻՐՔ», միջնադարյան հայ գեղարվեստական արձակ ստեղծագործություն Ադամի և Եվայի առասպելի մասին։ Բազմաթիվ ձեռագիր օրինակներ պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. և Վենետիկի Մխիթարյան մատենադարաններում։ Դրանք մեծ մասամբ հնագույն բնագրերի ուշ շրջանի վերախմբագրություններ և բանավոր պատումների գրառումներ են։ «Ա.» վերնագրով երկ է գրել Առաքել Սյունեցին։

Գրկ. Անասյան Հ. Ս., Հայկական մատենագիտություն, հ. 1, Ե., 1959։


ԱԴԱՄԽԱՆ, Հայկական ՍՍՀ Մարտունու շրջանի Վարդաձոր գյուղի նախկին (մինչև 1969) անվանումը։


ԱԴԱՄՅԱՆ Արամ Պողոսի (ծն. 1914), հայ սովետական ինժեներ-քիմիկոս։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ Ծնվել է հոկտեմբերի 8-ին, Թիֆլիսում։ Ավարտել է Վրաստանի ինդուստրիալ ինստ-ը (1940)։ Վոլգոգրադի սիլիկատային շինանյութերի կոմբինատի գլխավոր ինժեներ (1944-ից)։ Սիլիկատային բետոնից հավաքովի կառուցվածքների և մասերի մշակման ու շինարարության մեջ դրանց արմատավորման համար արժանացել է լենինյան մրցանակի (1962)։


ԱԴԱՄՅԱՆ Արշակ Աբգարի (1884—1956), հայ սովետ․ գեղագետ և երաժշտագետ։ ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1945)։ Հովհ. Ադամյանի եղբայրը։ Ծնվել է ապրիլի 22 (մայիսի 4)-ին, Բաքվում։ Սովորել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում և Բեռլինի Շտեռնի կոնսերվատորիայում։ 1924–1926-ին Երևանի կոնսերվատորիայի դիրեկտորն էր։ Եղել է Սովետական Հայաստանի առաջին սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպիչներից։ 1926–42-ին աշխատել է Թբիլիսիում և Լենինգրադում, 1943-ից՝ Երևանում։ Ա. հետազոտել է գեղարվեստական պատկերավոր մտածողության պրոցեսը, գրել ակնարկներ եվրոպական մի շարք գեղագետների մասին։ «Միջնադարյան Հայաստանի գեղագիտական հայացքները» (1955, ռուս.) աշխատությունում Ա. վեր է հանել հին հայկական գեղագիտական մտքի յուրատիպությունը։ Մահացել է փետր. 17-ին, Երևանում։

Երկ. Статьи об искусстве, М., 1961; Статьи по эстетике, Е., 1967.


ԱԴԱՄՅԱՆ Գուրգեն Լևոնի (ծն. 1911), հայ սովետ․ թավջութակահար և կոմպոզիտոր։ ՀՍՍՀ ժող. արտիստ (1968)։ Ծնվել է դեկտ. 7(20)-ին, Օդեսայում։ 1937-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան, 1939-ին՝ ասպիրանտուրան։ 1939-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում։ 1932–55-ին եղել է Սպենդիարյանի անվան լարային կվարտետի անդամ։ Կատարում է ռուսական, եվրոպական դասական հեղինակների և, հատկապես, հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Ունի թավջութակի շուրջ 30 ստեղծագործություններ և մի շարք փոխադրումներ։


ԱԴԱՄՅԱՆ Թամար Արտեմի (1862—1888), հայ նարոդնիկ, Ս. Ադամյանի քույրը։ Ծնվել է Թիֆլիսում, վաճառականի ընտանիքում։ Ավարտել է Գայանյան օրիորդաց դպրոցը, ապա իգական գիմնազիան։ Սովորելու տարիներին Ա. ընդգրկվել է Թիֆլիսի ինտերնացիոնալ խմբակում, որը սերտ կապ ուներ «Նարոդնայա վոլյա»-ի Գործադիր կոմիտեի հետ։ 1882-ին հետևել է Պետերբուրգի կանանց Բեստուժևյան բարձրագույն դասընթացներին։ Խուսափելով ոստիկանության հետապնդումից՝ 1883-ին տեղափոխվել է Մոսկվա, անդամակցել «Միություն հայրենասիրաց» կազմակերպությանը։ Պետերբուրգում և Մոսկվայում Ա. աշխատել է նարոդնիկական խմբակների մեջ ներգրավել կովկասցի, հատկապես հայ ուսանողներին, մասնակցել է ուսանողական շարժումներին։ 1884-ին ամուսնու՝ «Միություն հայրենասիրաց»-ի անդամ Դավիթ Ներսիսյանի հետ տեղափոխվել է Անդրկովկաս, դասավանդել Սղնախի, Էջմիածնի, Բաքվի, Շամախու դպրոցներում։ Մահացել է թոքախտից, դեկտ. 31-ին, Թիֆլիսում։


ԱԴԱՄՅԱՆ Կարապետ (Շառլ) Մկրտչի (1872–1947), հայ նկարիչ։ Ծնվել է Կ. Պոլսում։ Սովորել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում (1887–93), միաժամանակ հետևել նկարչության դասնթացների։ Ստեղծագործել է Կ. Պոլսում, բացել իր անդրանիկ ցուցահանդեսը։ 1897-ից հաստատվել է Փարիզում, զբաղվել գրքի գեղարվեստական ձևավորմամբ. պատկերազարդել է շուրջ 150 գիրք (Ա. Ֆրանսի, Մոպասանի և այլոց երկերը), նկարել պլակատներ, հայկական և ֆրանսիական պարբերականներում հրապարակել հայ ժողովրդի ազատագրական պայքարին նվիրված գրաֆիկական գործեր, Փարիզի թատրոններում ձևավորել ներկայացումներ։ Ռեալիստ նկարիչը միջազգային ճանաչման է արժանացել բնանկարներով («Խճաքարերի վրա», «Ծովափի տեսարան», «Հովը», «Թաց ավազի վրա», «Մակընթացություն», «Դեմառդեմ օվկիանոսին» ևն)։ Պատկերել է գրեթե բացառապես ծովափը՝ պարզ երկնքի տակ, ծովի խաղաղ պահերին, գունային մեղմ ու հստակ լուծումով։ Ա. մարդուն նկարել է ծովափին՝ ուժգնորեն լուսավոր, տաք ու հնչեղ գույներով։ Լույսի և գունաշարի ներդաշնակման այդ համակարգը, որ արտաքուստ հեռավոր աղերս ունի Ա. Ցոռնի սերնդի իմպրեսիոնիստների գեղանկարչական սկզբունքների հետ, միանգամայն ինքնուրույն երևույթ է՝ ճանաչված որպես Ա-ի մենաշնորհը։ Ունի քաղաքի կենցաղը պատկերող գործեր («Ձկնավաճառների շուկան» ևն) և դիմանկարներ։ Հատկապես հայտնի են հեղինակի մոր ու թոռնիկի դիմանկարները։ Ա. Փարիզի գեղարվեստների ազգային ընկերության անդամ էր (1927-ից), որի ցուցահանդեսներին մասնակցել է դեռևս 1903-ից։ Նրա գործերը ցուցադրվել են Եվրոպայի և Ամերիկայի տարբեր քաղաքներում։ Ա. սփյուռքահայ հասարակական մշակութային ակտիվ գործիչ էր, ֆրանսահայ նկարիչների «Անի» ընկերության հիմնադիրներից։ Հայաստանի պետական պատկերասրահում են գտնվում Ա-ի «Ծովափին», «Լողափին» և «Ռ. Շիշմանյանի դիմանկարը» կտավները։ Մահացել է հուլիսի 30-ին, Փարիզում։