Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ՌՈՒԲԻԿՈՆ [լատ․ Rubico(n)], գետ Ապենինյան թերակղզում։ Ռիմինի քաղաքից հս․ թափվում է Ադրիատիկ ծովը։ Մինչև մ․ թ․ ա․ 42-ը սահման էր Իտալիայի և Այսրալպյան Գալլիա պրովինցիայի միջև։ Մ․ թ․ ա․ 49-ի հունվ․ 10-ին Հուլիոս Կեսարը հակառակ օրենքի (իբրև պրոկոնսուլ նա իրավունք ուներ զորք առաջնորդել միայն Իտալիայի սահմաններից դուրս) մեկ լեգեոնով անցել է Ռ․՝ ասելով․ «Վիճակը նետված է» («Alea jacta est»), մտել Իտալիա և սկզբնավորել քաղաքացիական պատերազմ (մ․ թ․ ա․ 49–45)։ Այստեղից էլ առաջացել է «անցնել Ռուբիկոնը» թևավոր արտահայտությունը, որը նշանակում է վճռական, կարևոր, անդարձ որոշում կայացնել։

ՌՈՒԲԻՆ, սուտակ (ուշ լատ․ rubinus, լատ․ rubeus – կարմիր), կորունդ միներալի (Al2O3) թափանցիկ տարբերակը։ Cr³+ իոններով գունավորված է վարդագույնից մինչև մուգ կարմիր։ Առաջին կարգի թանկարժեք քար է։ ՍՍՀՄ–ում Ռ․ հանդիպում է ցրոններում (Միջին և Հվ․ Ուրալ)։ Կարևոր հանքավայրեր կան Բիրմայում, Թաիլանդում և Շրի Լանկայում։ Սինթետիկ Ռ․ կիրառվում է ոսկերչության, ժամացույցի արդյունաբերության և քվանտային էլեկտրոնիկայի բնագավառներում։

ՌՈՒԲԻՆԻ (Rubini) Ջովաննի Բատիստա [1794 (այլ տվյալներով՝ 1795)–1854], իտալացի երգիչ (տենոր)։ 1814-ից երգել է տարբեր երկրների օպերային թատրոնների բեմերում, 1843–45-ին և 1847-ին՝ Ռուսաստանում (իտալ․ օպերային թատերախմբի կազմում)։ Զ․ Ռոսսինիի, Գ․ Դոնիցետտիի, Վ․ Բելլինիի օպերաներում հատկապես հերոսական դերերգերի (որոնցից մի քանիսը գրվել են հատուկ Ռ–ի համար) լավագույն կատարողներից էր։ Գրել է քնարական երգեր («Հրաժեշտ» ժողովածուն), կազմել «Տենորի և սոպրանոյի ժամանակակից երգեցողության 12 դաս» ժողովածուն։

ՌՈՒԲԻՆՅԱՆՆԵՐ, հայ իշխանական և թագավորական տոհմ Կիլիկյան Հայաստանում (1080–1219)։ Նահապետն ու անվանադիրն է Մեծ իշխան Ռուբեն Ա, որն սկզբնաղբյուրներում հիշատակվում է որպես Բագրատունի և Արծրունի արքայատների շառավիղ։ Աքսորյալ Գագիկ Բ թագավորի դավադրական մահից (1079) հետո նրա թիկնապահ Ռուբեն Ա գլխավորել է Լեռնային Կիլիկիայի հայերի պայքարը Բյուզ․ կայսրության դեմ, թոթափել նրա գերիշխանությունը, հիմնադրել անկախ և կայուն հայկ․ իշխանապետություն։ Ռուբեն Ա–ին գործակցել է եղբայրը՝ Թորոսը, որն իր Արտա դստերը կնության տալով Պաղտին (Բոլդուին) I թագավորին՝ դաշնակցային կապեր էր հաստատել Երուսաղեմի խաչակրաց պետության հետ։ Ռուբեն Ա–ի ավագ որդին և հաջորդը՝ Կոստանդին Ա, ազատագրել է հայկ․ մի շարք նոր գավառներ, քաղաքներ ու բեր դեր։ Վերակառուցել է Վահկա բերդը և 1098-ին հռչակել իշխանապետության մայրաքաղաքն ու գահանիստը։ Դաշնակցային կապեր է հաստատել Եդեսիայի դքսության հետ, որն ամրապնդվել է նրա դստեր և Ջոսլին (ժոսլեն) I դքսի ամուսնությամբ։ Կոստանդին Ա–ի ավագ որդին և հաջորդը՝ Թորոս Ա, 1104-ին բյուզ․ տիրապետությունից մասամբ ազատագրել է Դաշտային Կիլիկիան՝ Սիս և Անարզաբա քաղաքներով, 1107-ին իշխան Գող Վասիլի օգնությամբ Բերդուսի մոտ ջախջախել սելջուկյան թուրքերին՝ կանխելով նրանց առաջխաղացումը, 1111-ին հույներից ազատագրել է Կնդռոսկավիս(Կիզիստրա) բերդը։ Բյուզ․ Ալեքսիոս I կայսրը հարկադրված ճանաչել է Թորոս Ա–ի ինքնավարությունը՝ նրան մեծարելով «Պան Սեբաստոս» բարձրագույն տիտղոսով։ Թորոս Ա–ի օրոք հիմնվել են Անարզաբայի ապարանքն ու Ս․ Զորավարաց մայր եկեղեցին, Սսի մոտ՝ Մաշկևորի և Դրազարկի հռչակավոր վանքերը (վերջինս այնուհետև դարձել է Ռ–ի տոհմական դամբարանը)։ Թորոս Ա–ի որդիներ Կոստանդինը և Օշինը մահացել են հավանաբար դեռևս հոր կենդանության օրոք։ Ուստի գահը ժառանգել է Թորոս Ա–ի կրտսեր եղբայր Լևոն Ա, նրա տաղանդավոր զորավարն ու գահակիցը։ Գահակալման սկզբին Լևոն Ա, հակահարված հասցնելով սելջուկյան թուրքերի և խաչակիր ասպետների ոտնձգություններին, ամրապնդել է երկրի հս․ և արլ․ սահմանները, իսկ 1132-ին բյուզանդացիներից ազատագրել է Դաշտային Կիլիկիան՝ Մամեստիա, Ադանա, Տարսոն քաղաքներով ու այլ բնակավայրերով հանդերձ։ Հալեպի Զանգի ամիրայի և Եդեսիայի դուքս Ջոսլին 11-ի դաշնակցությամբ Լևոն Ա պարտության է մատնել Անտիոքի դքսության և Երուսաղեմի թագավորության միացյալ ուժերին, ընդարձակել երկրի սահմանները հվ–արլ–ում։ Սակայն 1137-ի ամռանը բյուզ․ ներխուժողների դեմ 35-օրյա հերոսական դիմադրությունից (տես Անարզաբայի, պաշտպանություն 1137) հետո, կնոջ և որդիներ Ռուբենի ու Թորոսի (Թորոս Բ) հետ գերեվարվել է։ Կոստանդնուպոլսում բանտարկված Լևոն Ա և նրա գահաժառանգ որդի Ռուբենը սպանվել են, իսկ Թորոս Բ փախել է և եղբայրների՝ Ստեփանեի ու Մլեհի օգնությամբ վերականգնել ընդհատված պետականությունը։ Կիլիկյան Հայաստանի նվաճման նոր փորձերը (1152, 1156, 1159, 1165) ավարտվել են բյուզ․ զորքերի պարտությամբ, կայսրությունը հարկադրված ճանաչել է Թորոս Բ–ի իշխանապետությունը՝ նրան մեծարելով «Պան Սեբաստոս» տիտղոսով։ Ստեղծելով մշտական և մարտունակ բանակ (30 հզ․ զինվոր)՝ Թորոս Բ․ ընդարձակել և ամրապնդել է երկրի սահմանները, գահի շուրջ կենտրոնացրել հայ ավատատեր տներին, զբաղվել շինարար, աշխատանքներով։ Թորոս Բ–ին հաջորդել է Մլեհ եղբայրը, որը գահակալման սկզբնական տարիներին Հալեպի ամիրա Նուր ադ–Դինի զինակցությամբ ջախջախել է Անտիոքի դքսության և Երուսաղեմի թագավորության ուժերը, երկրից վտարել խաչակիր ասպետների հոգևոր օրդեններին, ապա բյուզանդացիներից ազատագրել Դաշտային Կիլիկիան։ 1173-ին Մլեհը վերակառուցել է Սիս քաղաքը և մայրաքաղաքը Վահկայից տեղափոխել այնտեղ։ Դաժանորեն պատժել և հալածել է իր նոր քաղ․ գծին ընդդիմացող իշխաններին ու լատինամետ կղերականներին, որի համար շուտով զոհվել է պալատական դավադրությամբ։ Թաղվել է Մեծ քարի վանքում։ Մլեհին հաջորդել է նրա Ստեփանե եղբոր ավագ որդին՝ Ռուբեն Գ։ Իր գահակից եղբոր և տաղանդավոր զորավար Լևոնի (Լևոն Բ) աջակցությամբ Ռուբեն Գ 1180-ական թթ․ վերջնականապես ազատագրել է Ալեքսանդրետից մինչև Սելևկիա ձգվող ծովեզերքը, վերացրել Բյուզ․ կայսրության վերջին հենակետերը Կիլիկյան Հայաստանում։ 1187-ին Ռուբեն Գ գահը կամովին հանձնել է Լևոն Բ–ին, որը շրջակա թշնամիների դեմ շահած մի շարք նոր հաղթանակներով բարձրացրել է պետության կշիռն ու հեղինակությունը։ 1198-ին, օծվելով «Թագավոր ամենայն Հայոց, և նահանգին Կիլիկէացոց, և Իսաւոիոյ», նա Հայոց իշխանապետությունը հռչակել է Հայոց թագավորություն, որն ստացել է միջազգային լայն ճանաչում։ Մի շարք էական բարեփոխումներով Լևոն Բ ամրապնդել է պետության քաղ․ հզորությունը, խթանել տնտեսության, մշակույթի ու լուսավորության ընդհանուր վերելքը։ Լևոն Բ–ի մահով սպառվել է Ռ–ի տոհմն արական գծով։ Նրա գահաժառանգ դուստր Զապելը 1226-ին ամուսնացել է Կոստանդին սպարապետի որդի Հեթում Ա-ի հետ։

Ռ–ի գահացանկը․

Ռուբեն Ա (1080–95), Կոստանդին Ա (1095-1100), Թորոս Ա (1100-29), Լևոն Ա (1129–37), Թորոս Բ (1145–69), Ռուբեն Բ (1169), Մլեհ (1169–75), Ռուբեն Գ (1175-87), Լևոն Բ (1187–1219)։ Գրկ․ Ալիշան Ղ․, Սիսուան, Վնտ․, 1885։

Մ․ Կատվալյան

ՌՈՒԲԻՆՇՏԵՅՆ Անտոն Գրիգորևիչ (1829–1894), ռուս դաշնակահար, կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, երաժշտական–հասարակական գործիչ։ Ծագումով հրեա։ Դաշնամուր նվագել սովորել է մոր, ապա՝ Ա․ Ի․ Վիլլուանի, երաժշտ․ տեսական առարկաները՝ Բեռլինում, Զ․ Դենի մոտ։ 1840–43-ին համերգներ է տվել Եվրոպայի քաղաքներում։ 1844–1848-ին ապրել է Բեռլինում և Վիեննայում, ծանոթացել է Ֆ․ Մենդելսոնի, Ֆ․ Լիստի հետ, որոնք նրա ոճի ձևավորման վրա թողել են որոշակի ազդեցություն։ Վերադառնալով Ռուսաստան՝ հանդես է եկել իբրև դաշնակահար և դիրիժոր, ծավալել հասարակական լայն գործունեություն։ Ռ–ի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ Պետերբուրգում հիմնվել են՝ Երգեցիկ ակադեմիան (1858), Ռուսական երաժշտ․ ընկերությունը (PMO, 1859), Ռուսաստանի առաջին կոնսերվատորիան Պետերբուրգում (1862), որի տնօրենն ու պրոֆեսորն էր (1862–67, 1887–91)․ դասավանդել է դաշնամուր, ստեղծագործություն, գործիքավորում, ստեղծել և վարել դաշնամուրային երաժշտության պատմության դասընթացը (1887–88), աշակերտներից էր Պ․ Ի․ Չայկովսկին։ 1854–58-ին և 1872–73-ին հանդես է եկել Եվրոպայում և ԱՄՆ–ում, ձեռք բերել XIX դ․ 2-րդ կեսի խոշորագույն դաշնակահարի համբավ։ Մեծ հռչակ են ստացել Պատմական համերգները (1885–86) Ռուսաստանում և Եվրոպայի խոշորագույն քաղաքներում․ 7 երեկոյի ընթացքում ցուցադրել է դաշնամուրային