Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրման կարիք չունի

Անցյալում Ռ–ի պաշտոնական կրոնը ուղղափառությունն էր, ժողովրդի մեջ մասամբ պահպանվում էր նաև հնգույն ոգիների հավատքը։ Սովետական իրավակարգում անգրագիտության վերացման, մշակույթի և նյութական բարեկեցության աճի հետ Ռ․ դարձել են գերազանցապես աթեիստներ։

Ռ․, ինչպես նաև ուկրաինացիներն ու բելոռուսները, առաջացել են տոհմացեղային հարաբերությունների քայքայման և Կիևի շուրջ Հին ռուս. պետության (տես Կիևյան Ռուսիա) ստեղծման ընթացքում, արևելասլավ․ ցեղերից ձևավորված հին ռուս. ժողովրդից (IX–XIII դդ․)։ ՈՒսումնասիրողներից շատերի կարծիքով` Ռ․ անվանումն առաջացել է հին սլավ. ռոդ, ռոս կամ ռուս ցեղանունից։ Ռ․ հին ինքնանվանմանը զուգահեռ XIX–XX դդ․ սկիզբը գործածվել է վելիկոռուսներ անվանումը։ Ռուս ժողովրդի ձևավորումը տեղի է ունեցել թաթար–մոնղ․ լծի դեմ պայքարում և XIV–XV դդ․ Մոսկվայի շուրջ ռուս.կենտրոնացված պետության ստեղծման ընթացքում։ Այս պետության մեջ էին մտնում հին ռուս․ հս․ և հս-արլ․ հողերը։ XVI–XVII դդ․ ռուս. պետության սահմաններն զգալիորեն ընդարձակվեցին․ Ռ․ սկսեցին բնակություն հաստատել Ստորին Պովոլժիեում, Ուրալում, Հս․ Կովկասում, Սիբիրում։ XVIII –XIX դդ․ պետության սահմանների հետագա ընդարձակումն ուղեկցվել է Մերձբալթիկայում, Մերձսևծովյան շրջաններում, Անդրկովկասում, Միջին Ասիայում, Ղազախատանում և Հեռավոր Արևելքում Ռ–ի բնակեցմամբ։ Ռ․, շփվելով տեղաբնիկ ժողովուրդների հետ, տնտ․ և մշակութային ազդեցություն են գործել նրանց վրա՝ իրենց հերթին յուրացնելով նրանց տնտ․ հմտություններն ու մշակութային նվաճումները։ Ռ․ նպաստեցին վաչկատուն ցեղերի ու ժողովուրդների նստակեցության անցնելուն, արորային երկրագործության տարածմանը, աշխատանքի գործիքների կատարելագործմանը, արհեստների, արդյունաբերության, առևտրի զարգացմանը, մշտական բնակավայրերի՝ գյուղերի ու քաղաքների առաջացմանը։

XIX դ․ 2-րդ կեսին Ռուս. կայսրությունը թևակոխեց կապիտալիստական հասարկարգ, ձևավորվեց ռուս. բուրժ․ ազգը։ Ռուս ժողովրդի առաջավոր խավերը գլխավորեցին Ռուս. կայսրության ժողովուրդների ազգ․-ազատագր․ պայքարը ցարիզմի դեմ։ Ռուս. բանվոր դասակարգը դարձավ Ռուսաստանի պրոլետարիատի առաջատարը կապիտալիզմի դեմ պայքարում։ Ռուս ժողովուրդն ստեղծել է զարգացած գիտություն և հարուստ մշակույթ։ Ռուսաստանը XX դ․ ամենաառաջադեմ ուսմունքի՝ լենինիզմի (տես Մարքսիզմ–լենինիզմ) հայրենիքն է։

1917-ին ռուս. պրոլետարիատը՝ կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ, չքավոր գյուղացիության և մյուս ազգերի աշխատավորության օգնությամբ, իրագործեց Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը։ Սոցիալիստական շինարարության բոլոր փուլերում ռուս ժողովուրդն օգնել է ՍՍՀՄ մյուս ժողովուրդներին՝ հեղափոխական վերափոխությունների, նրանց տնտ․ և մշակութային հետամնացության հաղթահարման գործերում։ Նա առաջատար դեր է խաղացել նոր, սոցիալիստական հասարակարգի ստեղծման մեջ, ինչպես նաև ֆաշիզմի ջախջախման, երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) ընթացքում, երկրի ժող․ տնտեսության հետպատերազմյան վերականգնման և զարգացած սոցիալիստական հասարակության կառուցման գործերում։ Սոցիալիստական վերափոխումների ընթացքում Ռ․ ձևավորվեցին որպես սոցիալիստական ազգ և ՍՍՀՄ մյուս ազգերի ու ժողովուրդների հետ ստեղծեցին պատմ․ նոր ընդհանրություն՝ սովետական ժողովուրդ։ Սովետական ժամանակաշրջանում, հասարակական և տնտ․ փոփոխությունների, ինդուստրացման, գյուղատնտեսության կոլեկտիվացման, կուլտուրական հեղափոխության հետևանքով արմատական վերափոխումներ տեղի ունեցան ժողովուրդի նյութական կյանքում, աննախընթաց ծաղկման հասան գիտությունը, մշակույթը, կրթությունը։ Պատմության, տնտեսության և մշակույթի մասին տես նաև Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն հոդվածում։

ՌՈՒՍՈ (Russo) Ալեկու (1819–1859), մոլդավ․ և ռումին. գրող։ Սովորել է Շվեյցարիայում և Վիեննայում։ Վերադառնալով հայրենիք՝ հարել է դեմոկրատական շարժմանը, մասնակցել Մոլդավիայի, ապա նաև՝ Տրանսիլվանիայի 1848-ի հեղափոխական դեպքերին։ Մեզ չհասած «ժիկնիչերուլ Վադրե» (բեմ․ 1846) կատակերգությունում ծաղրվել են իրենց դարն ապրած բարքերն ու սովորույթները։ Ռ–ի հիմնական ստեղծագործությունը «Ռումինիայի երգը» (1850) քնարական-հրապարակախոսական պոեմն Է՝ նվիրված ժողովրդի դժվարին ճակատագրին ու նրա ազատասիրական ձգտումներին։ «Կեղծիքի ժայռը», «Սովեժա» և այլ ակնարկներում սուր քննադատության են ենթարկում ֆեոդալիզմի մնացուկները Մոլդավիայում։ «Ժողովրդական պոեզիա» (1846), «Մոլդավական Էտյուդ» (1851), «Մտորումներ» (1855) հոդվածները հաստատում են այն միտքը, որ գրականությունը հասարակական կոչում ու նշանակություն ունի։ Ռ․ եղել է ազգ․ բանահյուսության հավաքման նախաձեռնողներից։

ՌՈՒՍՈ (Rousseau) Թեոդոր (1812–1867), ֆրանսիացի նկարիչ, Բարբիզոնի դպրոցի առաջատար վարպետը։ Կրելով Ցա․վան Ռյոյսդալի, Ջ․ Կոնստեբլի, ժ․ Միշելի ազդեցությունը, որպես նկարիչ հիմնականում ձևավորվել է ինքնուրույն։ Վաղ շրջանի («Գրանվիլի շրջակայքի տեսարան», 1833, Էրմիտաժ, Լենինգրադ) ու հատկապես Բարբիզոնում (ապրել է 1830-ական թթ․) ստեղծած հասուն շրջանի, ինչպես և Ֆրանսիայում հաճախակի շրջագայելիս վրձնած գործերում Ռ․, իր խոսքերով ասած, ձգտել է լինել «իր երկրի նկարիչը»՝ բացահայտելով հայրենի բնության (հիմնականում գյուղական և վայրի) առանձնահատկությունները։ Ռ–ի աշխատանքներին սովորաբար բնորոշ է կոմպոզիցիոն ներդաշնակ հավասարակշռվածությունը։ Օգտագործելով զուսպ տոնային գամմա և ձգտելով առարկաների նյութականության համոզիչ մարմնավորման՝ նա նրբորեն պատկերել է բնության տարբեր վիճակները, լուսաօդային միջավայրը և շատ բանով նպաստել պլենէրային գեղանկարչության սկզբունքների զարգացմանը («Շուկա Նորմանդիայում», մոտ 1832, էրմիտաժ, «Շագանակենիների ծառուղի», 1837, Լուվր, Փարիզ, «Բարբիզոնի տեսարան», Ա․ Ս․ Պուշկինի անվ․ կերպարվեստի թանգարան, Մոսկվա)։ Հայտնի է նաև որպես գծանկարիչ և օֆորտիստ։ Ռ–ի «Բնանկար» երփնագիրը գտնվում է Հայաստանի պետ․ պատկերասրահում։ ․

ՌՈՒՍՈ (Rousseau) ժան–ժակ (28․6․1712, ժնև –2․7․1778, էրմենոնվիլ, Փարիզի մոտ), ֆրանսիացի լուսավորիչ, փիլիսոփա, մանկավարժ, գրող, կոմպոզիտոր։ Ծնվել է ժամագործի ընտանիքում, աշխատել որպես սպասավոր, գրագիր, տնային դաստիարակ, երաժշտության դասատու ևն։ Զբաղվել է ինքնակրթությամբ, ուսումնասիրել տարբեր գիտություններ, Ռ․ Դեկարտի, Գ․ Լայբնիցի, Ֆ․ Բեկոնի, Ի․ Նյուտոնի, Զ․ Լոկի ուսմունքները։ 1740-ական թթ․ սկզբից ծավալել է լայն հասարակական գործունեություն։ 1741-ին տեղափոխվել է Փարիզ, մտերմացել ժամանակի նշանավոր մտածողներ ժ․ դ’ Ալամբերի, Դ․ Դիդրոյի, Կ․ Հելվեցիուսի, Պ․ Հոլբախի հետ, աշխատակցել ֆրանս․ հանրագիտարանին (հիմնականում երաժշտության բնագավառում)։ 1743–44-ին եղել է Վենետիկում ֆրանս․ դեսպանության քարտուղար։ Ռ․ հռչակվել է «Դատողություններ գիտությունների և արվեստի մասին» (1750) աշխատությամբ, որտեղ քննադատել է շահագործման ու անհավասարության վրա հիմնված ժամանակի քաղաքակրթությունը և նշել գիտության ու արվեստի աղետաբեր ազդեցությունը բարքերի վրա։ Այս գաղափարները զարգացրել է «Դատողություններ մարդկանց միջև անհավասարության ծագման և հիմքերի մասին» (1755) երկում՝ անհավասարության պատճառը համարելով մասնավոր սեփականությունը։ Ըստ նրա, գույքային անհավասարությունը ծնում է պետության առաջացմամբ ամրագրված քաղ․ անհավասարություն, որը ծայրահեղ աստիճանի է հասնում բռնապետության օրոք։ Ռ–ի համոզմամբ, ուժի վրա հիմնված հասարակարգը կարելի է կործանել միայն ուժով։ «Հասարակական դաշինքի մասին»