Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրման կարիք չունի

(1762, հայ․ թրգմ․ 1829, ձեռագիր) աշխատությունում Ռ․ զարգացրել է հասարակական դաշինքի տեսությունը, ընդունել մանր սեփականության անհրաժեշտությունը, քննադատել անգլ․ պառլամենտարիզմը, պաշտպանել ժող․ սուվերենության, ժողովրդապետության գաղափարները և ուղղակի դեմոկրատիայի սկզբունքը։

Ռ–ի մանկավարժական հայացքները արտահայտված են «էմիլ կամ դաստիարակության մասին» (1762, հայ․ հրտ․, մասնակի թրգմ․, գիրք 1–2, 1904, լրիվ՝ հ․ 1–2, 1960–62) գրքում։ Նա իր երևակայական սանին մեկուսացնում է հասարակության ապականիչ ազդեցությունից, որպեսզի զարգացնի բնությունից տրված անհատական հակումները, մերժել է երեխայի անձի նկատմամբ բռնությունը, շեշտել կրոնի վրա խարսխվող բարոյական դաստիարակության կարևորությունը։ Քննադատել է դաստիարակության դասային–ֆեոդ․ համակարգի դոգմատիզմն ու վերացականությունը, պաշտպանել է երեխայի ինքնուրույն մտածողության զարգացման, ուսումը կյանքի հետ կապելու և ակտիվացնելու գաղափարները։ Հատուկ նշանակություն է տվել աշխատանքային դաստիարակությանը։ Հումանիզմով և դեմոկրատիզմով տոգորված նրա մանկավարժական տեսությունը նպաստել է XVIII դ․ վերջի–XIX դ․ սկզբի մանկավարժության զարգացմանը։

Ռ–ի գեղ․ ստեղծագործությունը բազմաժանր է․ գրել է բանաստեղծություններ, պոեմներ, կատակերգություններ («Նարգիս», 1733, բեմ․ 1752, հրտ․ 1753, «Ռազմագերիներ», 1743, հրտ․ 1782 ևն), օպերաներ, որոնց լիբրետոյի հեղինակն է նաև («Գյուղական կախարդ», բեմ․ 1752, հրտ․ 1753), «Պիգմալյոն» մեկ գործողությամբ քնարական պատկերը (բեմ․ 1770, երաժշտությունը՝ Օ․ Կուանիեի հետ), «Յուլիա կամ Նոր էլոիզ» (1761) և «խոստովանություն» (1766–69, հրտ․ 1782–1789) վեպերը։ «Նոր էլոիզը» ազնվականուհի Յուլիա դ’ էտանժի և տարատոհմիկ Սեն Պրեի սիրո պատմությունն է։ Գրքի առաջին կեսը քաղաքակրթության բոլոր պայմանականությունները ոչնչացնող բնական կրքի գովերգումն է, երկրորդ կեսում հեղինակը նկարագրել է Յուլիայի և Վոլմարի ընտանեկան կյանքը, փառաբանել մարդու բարոյական պարտքը և հասարակական պարտականությունները։ Ռ–ի կարծիքով, բնության ձայնը, որին հնազանդվում են հերոսները, նրանց դարձնում է առաքինի։ Նամակաձև ժանրի կիրառումը Ռ–ին հնարավորություն է տվել արտացոլելու ոչ միայն հերոսների ներաշխարհը, այլև շոշափելու դարի կարևորագույն սոցիալ․ և փիլ․ խնդիրները։ Սա կապված է Սեն Պրեի կերպարի՝ «երրորդ դասի» մարդու նոր տիպի հետ, որին անձնական կրքերից և շահերից բացի հուզել է նաև աշխարհի ճակատագիրը։ Վեպում կարևոր կոնստրուկտիվ դեր են կատարում նաև բնապատկերները, որոնք միշտ գունազարդված են քնարական տրամադրությամբ և համապատասխանեցված գործող անձանց հոգեվիճակին։ «Նոր էլոիզը» իր ժամանակին հսկայական հաջողություն է ունեցել, սակայն հետագա սերունդների համար առավել նշանակալից էր «խոստովանությունը» (1766–69, հրտ․ 1782–89)։ Վերջինս ինքնակենսագրական վեպ է, որտեղ Ռ․ ծայրահեղ անկեղծությամբ բացել է իր սիրտը, «իր բոլոր նվիրական մտքերը»։ Մարդու մասին «ողջ ճշմարտությունը» հոգևոր կյանքի բանականությամբ չմեկնաբանվող բարդությունն ու հակասականությունն է․ վեհը՝ նսեմի և բարին՝ չարի հետ գոյատևում են կողք–կողքի։ Ըստ Ռ–ի, մարդու բնածին բարությունը աղճատվում է հասարակական հարաբերություններում, որոնք ստիպում են մարդուն դիմակավորվել, խաբել, կեղծել շրջապատին և ինքն իրեն։

«Խոստովանություն» վեպին հարում են Ռ–ի նաև մյուս ինքնակենսագրական երկերը՝ «Երկխոսություններ․ Ռուսոն դատում է Ժան–Ժակին» (1775–76) և «Միայնակ երազողի զբոսանքները» (1777–78, հրտ․ 1782)։

Ռ․ հսկայական ազդեցություն է ունեցել հետագա ողջ գրականության, հասարակական մտքի և փիլ–յան վրա։ Նրա անվան հետ է կապված այս կամ այն չափով բոլոր եվրոպ․ երկրներն ընդգրկած ռուսոյականություն հոսանքը։ Ռ–ի գաղափարների ազդեցությունը առանձնապես ուժեղ է եղել Գերմանիայում՝ Ի․ Կանտի, Ցո․ Վ․ Ֆիխտեի, «Գրոհ և փոթորիկ»-ի բանաստեղծներ Յա․ Մ․ Ռ․ Լենցի, Ֆ․ Մ․ Քլինգերի, երիտասարդ Յո․ Վ․ Գյոթեի և Ֆ․ Շիլլերի հայացքներում։

Նկատելի է Ռ–ի գաղափարների ազդեցությունը նաև XVIII–XIX դդ․ հայ հասարակական մտքի վրա։ Ռ–ի պաշտպանած «հասարակական դաշինքի» և բնական իրավունքի տեսությունները որդեգրել են Գ․ Փեշտմալճյանը, Ն․ Զորայանը, Ա․ Բագրատունին, Մ․ Աղաչրաղյանը, Մ․ Թաղիադյանը, Ս․ Նազարյանը և ուրիշներ։ Ռ–ի ազատախոհությամբ, պետության կազմակերպման դեմոկրատական սկզբունքներով են հաճախ ներշնչվել Շ․ Շահամիրյանը, Մ․ Բաղրամյանը, խ․ Աբովյանը, Մ․ Նալբանդյանը։ Ռ–ի մանկավարժական հայացքները, մասնավորապես բնահարմար դաստիարակության պահանջը, պաշտպանել են Խ․ Աբովյանը, Ղ․ Ալիշանը, Ս․ Նազարյանը, Սերվիչենը և ուրիշներ։ Հայ հետադիմական ուժերը հանդես էին գալիս Ռ–ի գաղափարների դեմ՝ ջանալով ցույց տալ դրանց վնասակարությունը հայ կյանքի համար։ Այս նպատակով Հ․ Չամուռճյանը թարգմանել է Ռ–ի «Հասարակական դաշինքի մասին» աշխատությունը (1829, ձեռագիր)՝ կցելով քննադատական առաջաբան։

ՌՈՒՍ–ՊԱՐՍԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ 1804–13, 1826–28, մղվել են Ռուսաստանի և Պարսկաստանի միջև՝ Անդրկովկասում տիրապետության համար։ Դեռևս XVIII դ․ վերջին Պարսկաստանը Անգլիայի և Ֆրանսիայի աջակցությամբ փորձեց գրավել Վրաստանը (Աղա–Մահմեդ խանի ներխուժումը 1795-ին)։ Ռուսաստանը դրան պատասխանեց 1796-ի արշավանքով (տես Պարսկական արշավանք /796)։ 1801-ին Վրաստանը (Քարթլին և Կախեթը) կամավոր միացավ Ռուսաստանին, այնուհետև միացան Մեգրելիան (1803), Իմերեթիան և Գուրիան (1804)։ 1804–1813-ի ռուս–պարսկական պատերազմը։ Անդրկովկասում իր դիրքերն ամրապնդելու համար ցարական կառավարությունը 1803-ին սկսեց առաջանալ դեպի Արլ․։ Կովկասում գլխ․ զորահրամանատար գեն․ Պ․ Դ․ Ցիցիանովը 1804-ի հունվ․ սկզբին գրավեց Գյանջայի խանությունը։ 1804-ի մայիսի 23-ին պարսկ․ կառավարությունը վերջնագիր ներկայացրեց Ռուսաստանին, պահանջելով Անդրկովկասից դուրս բերել ռուս. զորքերը, իսկ երբ վերջնագիրը մերժվեց, սկսվեցին ռազմ․ գործողությունները։ Պարսկ․ գլխ․ ուժերը (30 հզ․ մարդ) գահաժառանգ Աբբաս–Միրզայի հրամանատարությամբ կենտրոնացած էին Երևանի խանությունում։ Ռուս. զորքերի և պարսիկների առաջին լուրջ ճակատամարտը տեղի ունեցավ Փոքր Ղարաքիլիսա գյուղի մոտ։ Հունիսի 10-ին գեն․ Ս․ Ա․ Տուչկովի առաջապահ զորաջոկատը պարտության մատնեց պարսիկներին։ Իսկ ռուս. բանակի գլխ․ աժերը գեն․ Ցիցիանովի գլխավորությամբ մտան Երևանի խանության սահմանները և շարժվեցին դեպի Էջմիածին, որտեղ գտնվում էր Աբբաս–Միրզայի մեծաքանակ բանակը։ Շրջանցելով Էջմիածինը, Ցիցիանովը հունիսի 25-ին գրավեց Քանաքեռը, իսկ հունիսի 30-ին պարտության մատնեց պարսկ․ 27 հզ–անոց բանակը։ Հուլիսի 2-ին ռուսները պաշարեցին Երևանի բերդը։ Վճռական գրոհի անցնելու փոխարեն, գեն․ Ցիցիանովը սկսեց բանակցություններ վարել Երևանի խանի հետ՝ առանց դիմադրության բերդը հանձնելու վերաբերյալ։ Մամադ խանը ժամանակ շահելու և օգնություն ստանալու նպատակով, դիտավորյալ ձգձգում էր բանակցությունները։ Սկսված ուժեղ շոգը, պարեյի ու ռազմամթերքի պակասը (ռուս. զորքը պատրաստ չէր երկարատև պաշարման) հարկադրեցին Ցիցիանովին սեպտ 4-ին վերացնել պաշարումը և շարժվել դեպի Թիֆլիս։ Մինչև 1805-ի ամռան ռազմ. գործողությունների վերսկսումը, Ռուսաստանին միացան Ղարաբաղի,