Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրման կարիք չունի

պատվանդանների վրա, մեծերը՝ հոծ հիմքերի կամ ամբարձիկների վրա։ Ծանր մեքենաշինության մեջ կիրառում են առանձին Ս–երից բաղկացած բաղադրովի չափանշման Ս–եր։

ՍԱԼ (երկրբ․), երկրակեղևի տեղամաս պլատֆորմի սահմաններում, որտեղ ծալ– քավոր հիմքը գտնվում է համեմատաբար ցածր խտությունների վրա և ծածկված է հորիզոնական կամ թույլ կերպով խախտված նստվածքային ապարների հաստվածքով (1–15 կմ)։ Ս․ հակադրվում է պլատֆորմի համեմատաբար բարձրացած կառուցվածքին՝ վահանին, ու բարդացված է ավելի ցածր կարգի տարբեր կառուցվածքներով (անտեկլիզներով, սինեկլիզներով, կամարներով են)։ Նորագույն գեոդինամիկական մոդելներում Ս․ տերմինն օգտագործվում է ավելի լայն առումով։ Մոդելներում լիթոսֆերան դիտվում է իբրև սալերի մի բազմություն, որոնք միմյանցից անջատված են խզման զոնաներով և ենթարկվում են հորիզոնական, ուղղաձիգ ու պտուտակային տեղաշարժերի։ Տերմինն առաջարկել է է․ Զյուսը, 1885-ին։

ՍԱԼԱԶԱՐ (Salazar) Անտոնիու դի Օլիվեյրա (1889–1970), պորտուգ․ պետ․ գործիչ։ 1917–28-ին՝ Կոիմբրայի համալսարանի պրոֆեսոր։ Կաթոլիկական կենտրոն կուսակցության (1918) հիմնադիրներից։ 1921-ին ընտրվել է պառլամենտի դեպուտատ։ 1926-ին և 1928–40-ին՝ ֆինանսների մինիստր, միաժամանակ 1930-ին՝ գաղութների մինիստր։ 1932–68-ին՝ Մինիստրների խորհրդի նախագահ և Պորտուգալիայի փաստական բռնապետը։ 1930-ին հիմնել է Ազգ․ միություն ֆաշիստ, կուսակցությունը, մասնակցել է 1933-ի սահմանադրության նախապատրաստմանը, որն ավարտեց Պորտուգալիայում կորպորատիվ ֆաշիստ, պետության ստեղծումը։ 1968-ին հիվանդության պատճառով հեռացել է պետ․ գործունեությունից։

ՍԱԼԱԻՐՅԱՆ ԲԼՐԱՇԱՐ, սարավանդաձև բարձրություն ՌՍՖԱՀ Կեմերովոյի, Նովոսիբիրսկի մարզերում և Ալթայի երկրամասում։ Արմ–ից սահմանափակում է Կուզնեցկի գոգհովիտը։ Երկարությունը մոտ 300 կմ է, բարձրությունը՝ մինչև 621 մ (Կիվդա լեռ)։ Կազմված է բյուրեղային կրաքարերից, ավազաքարերից, տուֆերից, գրանիտներից։ Ծածկված է անտառներով և տափաստանային բուսականությամբ։ Կան բազմամետաղների հանքավայրեր։

ՍԱԼԱԽԱՆՍ, Սալքանա, Սլիքան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Խոշաբ գավառում, Ս․ Կարապետ վանքից հս–արլ․։ 1909-ին ուներ 20 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից վարժարանով։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՍԱԼԱԽՅԱՆ Հակոբ Նշանի (1․9․1922, Խարկով –1․9․1969, Մոսկվա), հայ սովետական գրականագետ–քննադատ, մշակութային գործիչ։ ՍՄԿԿ անդամ՝ 1948-ից։ Ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակ–ի ռուսաց լեզվի և գրականության բաժինը (1944)։ 1944–58-ին դասախոսել է Երևանի համալսարանում և կոնսերվատորիայում, միաժամանակ եղել է Հայաստանի գրողների միության վարչության երկրորդ քարտուղարը (1954–58), «Հայֆիլմ» կինոստուդիայի սցենարական բաժնի վարիչ, «Լիտերատուրնայա գազետա» («Литературная газета») թերթի Հայաստանի սեփական թղթակից։ 1959-ին տեղափոխվել է Մոսկվա, աշխատել որպես «Դրուժբա նարոդով» («Дружба народов») ամսագրի գլխ․ խմբագրի առաջին տեղակալ (մինչև 1969)։ Ռուս գրականության պատմություն է դասավանդել ՍՄԿԿ Կենտկոմին կից հասարակական գիտությունների ակադեմիայում։ 1952-ին լույս է տեսել Ս–ի «Ն․ Վ․ Գոգոլ․ քննադատական կենսագրական ակնարկ» գիրքը, 1957-ին՝ «Եղիշե Չարենց»՝ բանաստեղծի կենսագրության և ստեղծագործության մասին առաջին ամբողջական մենագրությունը։ Գրականագիտական խոր վերլուծություններով է գրված Տ․ Շևչենկոյի կյանքի ու գործունեության վերաբերյալ «Զինված մարգարեն» (1964) աշխատությունը։ Ս․ առաջաբաններ է գրել Հ․ Պարոնյանի, Գ․ Զոհրապի, Հ․ Հակոբյանի ռուս. հրատարակությունների համար։

ՍԱԼԱԽՈՎ Թաիր Թեյմուր Օղլի (ծն․ 29․11․ 1928, Բաքու), ադրբեջանցի սովետական նկարիչ։ ՍՍՀՄ ժող․ նկարիչ (1973)։ ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկ․ անդամ (1975)։ ՍՄԿԿ անդամ 1964-ից։ 1945–1950-ին սովորել է Բաքվի Ա․ Ազիմ–զադեի անվ․ գեղարվեստի ուսումնարանում, 1951–57-ին՝ Մոսկվայի Վ․ Ի․ Սուրիկովի անվ․ գեղարվեստի ինստ–ում։ 1963–74-ին դասավանդել է Բաքվի Մ․ Ա․ Ալիևի անվ․ արվեստի ինստ–ում (1973-ից՝ պրոֆեսոր), 1975-ից՝ Մոսկվայի Վ․ Ի․ Սուրիկովի անվ․ գեղարվեստի ինստ–ում։ Ս․ հեղինակ է Բաքվի նավթագործների կյանքը պատկերող ժանրային հորինվածքների, դիմանկարների, ինչպես և արդ․ բնանկարների ու նատյուրմորտների։ Ս–ի աշխատանքներին բնորոշ են գրաֆիկորեն հստակ ձևերի մոնումենտալությունը, ռիթմիկ կոմպոզիցիան, լարված, ընդգծված հակադրություններով գունապատկերը։ Գործերից են՝ Կարա Կարաևի դիմանկարը (1960, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա), «Նորոգող բանվորներ» (1961, Ադրբեջանի Ռ․ Մուստաֆաևի անվ․ արվեսաի թանգարան, Բաքու), «Կասպիականի ափին» (1967, ՍՍՀՄ նկարիչների միության սեփականություն, Մոսկվա, երեքի համար՝ ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1968), «Նոր ծով» (1970, Ադրբ․ ՍՍՀ կուլտուրայի մինիստրության սեփականություն, Բաքու, Ադրբ․ ՍՍՀ պետ․ մրցանակ, 1970), «Ապշերոն» (1969, ՍՍՀՄ նկարիչների միության սեփականություն) գրաֆիկական շարքը, Շեքսպիրի «Անտոնիոս և Կլեոպատրա» ներկայացման ձևավորումը Բաքվի Մ․ Ազիզբեկովի անվ․ ակադեմիական դրամատիկ թատրոնում (1964, Ադրբ․ ՍՍՀ Մ․ Ֆ․ Ախունդովի անվ․ մրցանակ, 1965)։ Ս․ բարեկամական կապեր է պահպանում հայ նկարիչների հետ, հանդես գալիյ հայ կերպարվեստագետներին նվիրված հոդվածներով։ ՍՍՀՄ VII–VIII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ, ՍՄԿԿ XXIII–XXIV համագումարների պատգամավոր։ ՍՍՀՄ նկարիչների միության վարչության առաջին քարտուղար (1973-ից)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Պատկերազարդումը տես 112-րդ էջից հետո՝ ներդիրում։

ՍԱԼԱԿՐՈՒ (Salacrou) Արման (ծն․ 1899, Ռուան), ֆրանսիացի դրամատուրգ։ Գոնկուրների ակադեմիայի անդամ (1949)։ Առածին պիեսները գրել է սյուրռեալիստական ոգով («Աշխարհի շուրջը», 1925, «Եվրոպայի կամուրջը», 1927)։ 30-ական թվականներից հակվել է դեպի արդիական խնդիրները․ «Երկիրը կլոր է» (1938) պատմ․ պիեսում, որ նվիրված է ֆլորենցիական Վերածննդի մայրամուտին, Ս․ հանդես է գալիս մտքի ազատության պաշտպանությամբ։ «Ցասման գիշերներ» (1946) դրաման Ֆրանսիայում առաջին պիեսն է Դիմադրության շարժման մասին։ «Դյուրան բուլվարը» (1960) Հավրի նավահանգստային բանվորների գործադուլի ողբերգական ժամանակագրությունն է։ Ս․ գրել է նաև սոցիալական կատակերգություններ («Կյանքը վարդագույն լույսի տակ», 1931, «Պուֆ», 1950) և պամֆլետկատսկերգություններ («Ատլաս» հյուրանոցը», 1931, «Լենուար արշիպելագը», 1947)։ Նրա դրամատուրգիային բնորոշ են թատերայնության սուր զգացողությունը, ինորիգի կառուցման վարպետությունը։

ՍԱԼԱՀ, գյուղ ՀՍՍՀ Իջևանի շրջանում, Գետակի ափին, շրջկենտրոնից 15 կմ հվ–արմ․։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտագործությամբ