Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, կենցաղսպասարկման օբյեկտ, կինո, բուժկայան։ Գյուղում պահպանվել է եկեղեցի (Անապատ–Աստվածածին, XI–XIII դդ․), կամուրջ։

ՍԱԼԱՀ ԱԴ ԴԻՆ, Սալահ ալ Դին, Սալահեդդին, Յուսուֆ իբն Այուբ (1138–1193), Եգիպտոսի տիրակալ 1171-ից, էյուբյանների (Այուբյաններ) դինաստիայի հիմնադիրը։ Սիրիայի (Ասորիքի) Սուլթան Նուր ադ Դինի զորավար Այուբ իբն Շադիի (ծագումով՝ քուրդ) որդին։ 1164–69-ին մասնակցել է Եգիպտոս կատարված արշավանքներին։ 1169-ին նշանակվել է Եգիպտոսի վեզիր, 1171-ին, Ֆաթիմյանների վերջին խալիֆայի մահից հետո, զավթել է իշխանությունը, իրեն հռչակել (1174) սուլթան։ Նուր ադ Դինի մահից հետո, 1174–86-ի ընթացքում նվաճել է նրա սիրիական տիրույթները։ 1187-ի Հիթթինի (Պաղեստին) ճակատամարտում պարտության է մատնել խաչակիրներին, գրավել Երուսաղեմը, Ասորիքի և Պաղեստինի մեծ մասում վերացրել նրանց իշխանությունը։ 1193-ին Ս․ դեսպանություն է ուղարկել Լևոն Բ–ի մոտ՝ պահանջելով հանձնել Կիլիկիան և անձամբ ներկայանալ իրեն։ Լևոն Բ կտրականապես մերժել է։ Ս․ արշավել է Կիլիկիա, բայց ճանապարհին մահացել է։

Ս–ի օրոք հողատիրության հիմնական ձևը իքտան էր, որոշ չափով թեթևացել են հարկերը, ամրապնդվել է սուննի դավանանքը։

Գրկ․ Սմբատ Սպարապետ, Տարեգիրք, Վնտ․, 1956։ Семёнова Л․ А․, Салах ад-дин и мамлюки в Египте, М., 1966; Lапе-Рооlе S․ , Saladin and the Fall of the Kingdom of lerusalem, L․, 1926․

ՍԱԼԱՄ (Salam) Աբդուս (ծն․ 1926), պակիստանցի ֆիզիկոս։ Ավարտել է Քեմբրիջի համալսարանը (1951)։ 1951–54-ին՝ Լահորի կոլնջի պրոֆեսոր, 1954–56-ին՝ Քեմբրիջի համալսարանի դասախոս, 1957-ից՝ Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր։ 1964-ից Տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնի (Տրիեստ) դիրեկտորն է։ Պակիստանի պրեզիդենտի խորհրդսկան գիտության հարցերով (1961-ից), ՄԱԿ–ի գիտության և տեխնիկայի Կոնսուլտատիվ կոմիտեի անդամ (1963–71), նախագահ (1971–75)։ Աշխատանքները վերաբերում են քվանտային էլեկտրադինամիկային և տարրական մասնիկների տեսությանը։ Ուսումնասիրել է վերանորմավորման խնդիրները U առաջինը ցույց տվել վերանորմավորման ենթարկվող տեսությունների կառուցման ուղիները։ Մշակել է թույլ և էլեկտրամագնիսական փոխազդեցությունների միասնական տեսություն (տես Դաշտի միասնական տեսություն)։ Զբաղվել է նաև սիմետրիայի տեսությամբ և տարրական մասնիկների քվարկային մոդելով։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1959-ից)։ ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1971-ից)։ Նոբելյան մրցանակ [1979, Ս․ Վայնբերգի և Շ․ Գլեշոուի (Glashow, ծն․ 1933) հետ]։

ՍԱԼԱՄԱՆԴՐՆԵՐ (Salamandridae), պոչավոր երկկենցաղների ամենամեծ ընտանիքը։ Մարմինը մողեսանման Է, պոչը՝ կլորավուն։ Հասուն ձևերը խռիկներ չունեն, շնչում են թոքերով և մաշկով։ Կոպերը զարգացած են, բեղմնավորումը ներքին Է։ Տարածված են Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայի հս–ում և Հս․ Ամերիկայում։ Հայտնի է Ս–ի 40 (ՍՍՀՄ–ում՝ 7) տեսակ, ընդգրկված 15 սեռում, որոնցից առավել հայտնի են բուն Ս․, տրիտոնները և երկարապոչ Ս․։ Բուն Ս–ից ՍՍՀՄ–ում (Արմ․ Ուկրաինայում) հանդիպում է հրե կամ բծավոր Ս․ (S․salamandra), որոնց մարմնի երկարությունը մինչև 70 սմ Է։ Ապրում է խոնավ, ստվերոտ տեղերում։ Դանդաղաշարժ Է․ ակտիվ է գիշերը։ Սնվում է մանր անողնաշարավորներով։ Մաշկագեղձերի արտադրությունը թունավոր է և կարող է սպանել մանր կենդանիներին։ Երկարապոչ Ս–ից Վրաց․ ՍՍՀ–ում հանդիպում է կովկասյան Ս․ (Mertensiella caucasica)։ Վերջինս նախորդից փոքր Է, արագաշարժ և մողեսների նման պոչը կտրվելիս հետագայում վերականգնվում Է։

ՍԱԼԱՄԱՆԿԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (Universidad de Salamanea), Իսպանիայի և Եվրոպայի հնագույն համալսարաններից ու մշակութային կենտրոններից։ Հիմնադրվել է Սալամանկայում, XII դ․ վերջին կամ XIII դ․ սկզբին (աղբյուրներում հաճախ հիշատակվում է 1218-ը)։ Միջնադարում Ս․ հ–ում ուսումնասիրվել են բնական գիտություններ, զարգացել արաբ, մշակույթի ավանդույթները։ XVI դ․, ինկվիզիցիայի իշխանության շրջանում, Ս․ հ․ միակն Էր, որտեղ ուսումնասիրվում էր Կոպեռնիկոսի Արևակենտրոն համակարգը։ XVII դ․ սկզբից, Իսպանիայի տնտ․ անկման հետևանքով, Ս․ հ․ կորցնում է իր նշանակությունը, առավել ևս, երբ XIX դ․ 60-ական թթ․ Իսպանիայի գիտ․ կենտրոն է դառնում Մադրիդի համալսարանը։

ՍԱԼԱՄԵԱ (Zalamea) Խորխե (1905–1969), կոլումբացի գրող, պետ․ և հասարակական գործիչ։ 30-ական թթ․ վարել է պետ․ պատասխանատու պաշտոններ, եղել է պառլամենտի դեպուտատ, 1932–35-ին և 1945-ին՝ դիվանագետ։ Հանդես է եկել որպես արձակագիր, բանաստեղծ–թարգմանիչ, դրամատուրգ և գրաքննադատ։ «Նորին գերազանցության կերպարանափոխությունը» (1949, հրտ․ 1963) քաղ․ պամֆլետում և «Մեծն Բուրունդուն–Բուրունդան մեռավ» (1952) պոեմ–պամֆլետում ծաղրել է լատինաամեր․ դիկտատորներին։ 50–60-ական թթ․ եղել է Խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ։ ժամանակակից քաղաքականության ու մշակույթի հարցերին նվիրված հոդվածների հեղինակ Է։ «ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» միջազգային լենինյան մրցանակի դափնեկիր (1968)։

ՍԱԼԱՄԻՆ, Սալամիս (ἕἂὝἁύΊῲ), կղզի Եգեյան ծովում, Ատտիկայի (Հունաստան) ափերի մոտ։ Հույն–պարսկական պատերազմների ժամանակ Մ–ի մոտ, մ․ թ․ ա․ 480-ի սեպտեմբերին, տեղի է ունեցել ծովամարտ։ Արտեմիսիոն հրվանդանի (Եվբեա կղզի) մոտ տեղի ունեցած ծովամարտում պարսիկների հարձակումը ետ մղելուց հետո հուն. նավատորմը (350–380 նավ. գործում էր Թեմիստոկ–լեսի մշակած պլանով) ետ է քաշվել Ս–ի նեղուց և Ս–ի ափի երկարությամբ ընդունել երկգիծ մարտակարգ։ Պարսկ․ նավատորմը (ավելի քան 800 նավ) Քսերքսես արքայի հրամանատարությամբ դասավորվել է խիտ մարտակարգով (3 գիծ)՝ հուն. նավատորմի դիմաց։ Մոտ 200 պարսկ․ նավ փակել են նեղուցի ելքերը։ Սեպտեմբերի 28-ի (կամ 27-ի) առավոտյան հուն, թեթևաշարժ նավերը հարձակվել են պարսկ․ նավատորմի աջ թևի վրա և ջախջախել այն։ Պարսիկների խիտ մարտակարգը, խոշոր, դանդաղաշարժ նավերը, որոնք չէին կարողանում մանևրել, հնարավորություն չտվեցին օգտագործել թվական գերակշռությունը։ Պարսիկները կորցրին 200 նավ, հույները՝ 40։ Ս–ի ծովամարտում հույների հաղթանակը վստահություն ներշնչեց սեփական ուժերի նկատմամբ, իսկ պարսիկներին զրկեց ծովում գործելու հնարավորությունից։

ՍԱԼԱՇԻ (Szalasi) Ֆերենց (1897–1946), հունգար քաղ․ գործիչ, հունգ․ ֆաշիստների պարագլուխ։ 1925–35-ին՝ Գլխ․ շտաբի սպա։ 1935-ին հիմնադրել է ֆաշիստ․ Կամքի կուսակցությունը։ 1944-ի օգոստոսից հիտլերականների աջակցությամբ նախապատրաստել է իշխանության զավթումը, նպատակ ունենալով թույլ չտալ Հունգարիային դուրս գալու երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45)։ 1944-ի հոկտ․–1945-ի մարտին իշխանության ղեկավարն էր («ազգի առաջնորդ») գերմանա–ֆաշիստ․ օկուպացիայից Հունգարիայի դեռևս չազատագրված մի մասում։ 1946-ին Հունգարիայի ժող․ դատարանը Ս–ին՝ որպես ռազմ, հանցագործի, դատապարտել է մահապատժի։

ՍԱԼԱՎԱԹ ՅՈՒԼԱԵՎ (1752-1800), բաշ–կիրական ազգային հերոս, Ե․ Ի․ Պուգաչովի զինակիցը 1773–75-ի գյուղացիական պատերազմի ժամանակ, բանաստեղծ։ 1773-ի հոկտեմբերին զորակոչվել է Պուգաչովի դեմ կռվելու, բայց 2 հզ–անոց ջոկատի հետ անցել է Օրենբուրգը պաշարած ապստամբների կողմը։ 1773-ի նոյեմբերի վերջին Պուգաչովը Ս․ Յու–ին ուղարկել է Բաշկիրիա, որտեղ նա հավաքել է 10 հզ–անոց ջոկատ և հաջողությամբ կռվել Կրասնոուֆիմսկի և Կունգուրի շրջանում։ 1774-ի մայիսի վերջին և հունիսին գործել Պուգաչովի հետ։ Շարունակել է պայքարը ապստամբության պարտությունից և Պուգաչովի ձերբակալվելուց հետո էլ։ 1774-ի նոյեմբ․ 24-ին Մեդյաշ գյուղի մոտ գերի է ընկել և դատապարտվել ցմահ տաժանակրության բալթիական Ռոգերվիկ ամրոցում (այժմ՝ ք․ Պալդիսկի, էստոն․ ԱՍՀ– ում), որտեղ և մահացել է։

Ս․ Յու–ի պոեզիան մինչհեղափոխական բաշկիր. գրականության լավագույն դրսևորումներից է։ Նրա բանաստեղծությունները ժողովրդին պայքարի են կոչել շահագործողների դեմ («ճակատամարտ», «Նետ», «Զինվոր պատանուն»), գովերգել հայրենի երկիրը («Հարազատ երկիր», «Իմ Ուրալ», «Սոխակ»), սերը ևն։ Ս․ Յու–ի պատվին Բաշկիրիայում կա Սալավաթ անունով քաղաք, սահմանվել են Ս․ Յու–ի անվ․ Բաշկիր․ ԻՍԱՀ պետ․