Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրման կարիք չունի

Ս․ Յու–ի կերպարը իրենց ստեղծագործություններում պատկերել են Ա․ Ս․ Պուշկինը, Պ․ Պ․ Բաժովը և ուրիշները, կերտվել է արվեստի (օպերա, կինոֆիլմ, կերպարվեստ, քանդակ) գործերում։

ՍԱԼԱՐԿ, ավտոմոբիլային ճանապարհի կամ փողոցի բանուկ մասի պատվածք։ Պատրաստվում է բնական և արհեստական հատային նյութերից, գրանիտե չորսվակասալ, գետաքար, բետոնաքար, գերթրծած աղյուս, բիտումով հագեցված սիլիկատային աղյուս, ասֆալտբետոնե աղյուս, փայտե (ճակատափայտի Ս․) չորսվակասալ, թուջե բլոկ, ռետինի շերտով բլոկ են։ Առավել տարածված է քարե Ս․։ ՀՍՍՀ–ում կիրառվում են գրանիտե չորսվակասալեր, որոնք արտադրվում են Կիրովականի քարամշակման կոմբինատում։

ՍԱԼԲԻ (Արամ Մ․ Սահակյան, 1884, գ․ Կարմրակ, Կեսարիա գավառում – 1968, Կոնստանցա), հայ գրող, հասարակական գործիչ։ Ավարտել է Կեսարիայի Ս․ Կարապետ վանքի ժառանգավորաց վարժարանը (1906), հետագայում՝ Բեյրութի ֆրանս․ համալսարանի բժշկ․ ֆակ–ը։ 1922-ից հաստատվել է Ռումինիայում: Ավելի քան 20 տարի ռումինահայ թեմական պատգամավորական ժողովում ներկայացրել է Բազարջիկի և Բուխարեստի հայ համայնքները։ Այլ բժիշկների հետ գլխավորել է Բուխարեստի «Դեղլիու» հայկ․ բուժարանի աշխատանքները, ձրի բուժումով ապահովել կարիքավոր հայերին, ինչպես նաև պատերազմի ժամանակ՝ 1942–45-ին բժշկական և այլ անհրաժեշտ օգնություն է ցույց տվել սովետական ռազմագերիներին։ 1944–46-ին եղել է Բուխարեստի հայ մշակույթի տան վարչության նախագահը։ Ս․ աշխատակցել է Կ․ Պոլսի, Փարիզի U, մասնավորապես, Ռումինահայ պարբերական մամուլին, հանդես է եկել գրական երկերով, երգիծական հոդվածներով («Հուշեր և փուշեր», շարք), բժշկագիտական զրույցներով։ Հրատարակել է «Ալյակներ ե խլյակներ։ Հայ վրանաքաղաքին տարեգիրքը» (1919), որտեղ առաջին անգամ տեղ են գտել Մուսա լեռան դյուցազնամարտի դրվագներ։ Նրա «Մեր խաչը» (1921) գիրքը, ինչպես նաև մի շարք պատմվածքներ պատկերում են բնավեր հայերի կյանքը Մեծ եղեռնի և հետագա տարիներին։ Տպագրվել են Ս–ի՝ պատանիների համար գրված «Պատգամավոր շուները» (1945), «Դեպի հայրենիք։ Թռչուններու հասարակապետության մեջ» [առ․ թ․] վեպերը։ Մամուլում երբեմն ստորագրել է Սիրիուս ծածկանունով։

ՍԱԼԵԽԱՐԴ (մինչև 1933-Ը՝ Օբդորսկ), քաղաք, Յամալա–Նենեցական ինքնավար օկրուգի կենտրոնը։ ՌՍՖՍՀ Տյումենի մարզում։ Գետային նավահանգիստ է Օբի աջ ափին, Հյուսիսային բևեռային շրջագծի մոտ։ Ամռանը գետային տրամվայով, ձմռանը ավտոբուսով կապված է Օբի մյուս ափին գտնվող Լաբիտնանգի երկաթուղային կայարանի հետ։ 26 հզ․ բն․ (1975)։ Կան ձկան պահածոների, կաթի գործարաններ, տնաշինական կոմբինատ, շինարարական դետալների արտադրություն։ Անտառանյութի փոխաբեռնման բազա է։ Ունի տեխնիկում, ուսումնարաններ, հայրենագիտական թանգարան, ժող․ ստեղծագործության տուն։ Հիմնադրվել է 1595-ին։

ՍԱԼԵՐ, հայաբնակ գյուղ Ադրբ․ ՍՍՀ Շամխորի շրջանում, շրջկենտրոնից 25 կմ հվ–արլ․։ Միավորված է Բարսումի սովետական տնտեսության հետ։ Ունի տարրական դպրոց, ակումբ, կապի բաժանմունք։ Գյուղում կառուցվել է Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձան։ Հիմնադրել են Բարսումից եկած հայերը։

ՍԱԼԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ, առաձգականության տեսության բաժին, ուսումնասիրում է փոքր բարձրություն ունեցող (երկարության և լայնության համեմատ) գլանաձե կամ պրիզմայաձև առաձգական պինդ մարմինների՝ սալերի լարվածադեֆորմացված վիճակը։ Բարակ սալերի տեսությունը (կիրառական կամ տեխ․ տեսություն) հիմնված է հետևյալ վարկածի վրա․ սալը ըստ բարձրության երկու հավասար մասերի բաժանող հարթությանը (միջին հարթություն) ուղղահայաց ուղիղները սալի դեֆորմացիայի դեպքում ուղղահայաց են մնում ուղիղ և կորացած միջին հարթությանը (մակերևույթին)։ Այդ դեպքում առաձգականության տեսության եռաչափ հավասարումները բերվում են երկչափ հավասարումների, իսկ հիմնական խնդիրը՝ սալի առաձգական մակերևույթի երկհարմոնիկ հավասարման ինտեգրմանը։ Այդ հավասարումն ինտեգրելով և հաշվի առնելով սալի հենարանային պայմանները, ստանում են սալի առաձգական մակերևույթի ֆունկցիան, որի միջոցով էլ որոշում են սալի լայնական հատույթներում միավոր երկարության վրա ազդող ներքին ուժերը։

Ս․ տ․ կիրառվում է անհեծան ծածկերի, կամուրջների, ճանապարհների, հիդրոտեխնիկական կառույցների, նավերի և ինքնաթիռների իրանի, ինչպես նաև սարքաշինության մեջ՝ արտաքին գրգիռներ ընդունող կամ տատանումներ իրականացնող հարթ տարրերի հաշվարկի ժամանակ։ Հայաստանում Ս․ տ–յան բնագավառի ուսումնասիրությունները սկսվել են 1930-ական թթ․ վերջին։ Հիմնարար հետազոտություններ են կատարել Ս․ Համբարձումյանը (անիզոտրոպ սալերի տեսություն), Օ․ Սապոնջյանը (սալերի ծռման խնդիրներ) և ուրիշներ։

ՍԱԼԶԵՐ, տես Ցեխահրաբուխներ։

ՍԱԼԸԿԱ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Սիլվան գավառում։ XX դ․ սկզբին ուներ 350 հայ բնակիչ (մոտ 40 տուն)։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առետրով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից վարժարանով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՍԱԼԹԱՆՈՎ Բոգդան (Աստվածատուր) Սալթանի (իսկական անունը՝ Թանրի Վերան, որ նշանակում է աստվածատուր, ռուս․՝ Բոգդան, հոր անունը՝ Սալթան, որից և ազգանունը՝ Սալթանով․ ընդունելով ուղղափառ դավանանք կոչվել է Իվան Իևլիևիչ Սալթանով․ հայերեն օգտագործվել է նաև Աստվածատուր Սալթանյան անվանաձևը, ծն․ թ․ անհտ․ –մահ․ 1703, Մոսկվա), հայ նկարիչ։ Ծնվել է Նոր Ջուղայում, որտեղ և դարձել է անվանի արվեստագետ։ Ցար Ալեքսեյ Միխայլովիչի հրավերով 1666-ին խոջա Զաքար Սահրադ անի երաշխավորությամբ եկել է Մոսկվա։ Շուտով ձեռք է բերել շնորհալի ստեղծագործողի համբավ։ 1674-ին նրբան շնորհվել է ազնվականի կոչում՝ Մոսկովյան ցուցակով։ 1685-ին նշանակվել է Մոսկվայի Կրեմլի Զինապալատի գեղանկարչական արվեստանոցի ղեկավար։ XVII դ․ վերջի մի քանի տասնամյակներում մոսկովյան գեղարվեստական կյանքի ակտիվ մասնակիցներից էր։ Ստեղծել է դիմանկարներ, թեմատիկ պատկերներ, սրբանկարներ, նկարազարդել է ձեռագրել, ձևավորել պալատներ, վերանորոգել մի շարք պալատների ու եկեղեցիների ներքին հարդարանքը։ Նրա էսքիզներով պատրաստել են կիրառական արվեստի բազմաթիվ իրեր (սեղաններ, սնդուկներ, մահճակալներ, խաղալիքներ ևն)։ Ղեկավարել է Կրեմլի մի շարք շինարարական աշխատանքներ, ինչպես ռուս. իրականության մեջ առաջին հաղթակամարի կառուցումը, ձևավորել այն (1696, Ազովը Պետրոս I-ի կողմից գրավելու առթիվ)։ Պահպանված գործերից են․ «Ալեքսեյ Միխայլովիչ թագավորի դիմանկարը» (1682), «Ֆեոդոր Ալեքսեևիչ թագավորի դիմանկարը» (1685, երկուսն էլ՝ Պատմության պետ․ թանգարան, Մոսկվա), «Տիրամայրը», «Հովհաննես Ավետարանիչը», «Տիրամայրը երկու հրեշտակների հետ», «Խաչից իջեցնելը», «Հարություն», «Համբարձումի, «Ահեղ Դատաստան» (վերջին երկուսը՝