Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


որպես Գյուղբանկի և Կոմունալ բանկերի կառավարիչ, Պետպլանի նախագահ, Անդրֆեդերացիայի ֆինժողկոմատի լիազոր Հայաստանում։ 1930-ին տեղափոխվել է Թիֆլիս, նշանակվել ֆինժողկոմատի բաժնի վարիչ։ Կյանքի վերջին տարիներին Ս․ աշխատել է Մոսկվայում։

ՍԱՀԱԿՅԱՆ Յուրի Հակոբի [ծն․ 22․7․ 1937, գ․ Չայլու (ԼՂԻՄ Մարտակերտի շրջանում)], հայ սովետական բանաստեղծ։ Ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակ–ը (1966) և ՍՍՀՄ գրողների միությանն առընթեր Մոսկվայի գրական բարձրագույն դասընթացները (1973)։

Բանաստեղծություններում, որոնց հիմնական թեման սերն է և հայրենիքը, Ս․ փորձել է զուգակցել քնարական նուրբ ապրումն ու մտածողության ռացիոնալիզմը, երևան է բերել բանաստեղծական թարմ արտահայտչաձևերի դիմելու միտում («Արևը քո դեմքին», 1966, «Իմ մեղեդին», 1974, «Երբ դու գալիս ես», 1980, ժողովածուներ)։ Դրել է նաև մանկական բանաստեղծություններ («Աճպարար կատուն», 1977)։ Թարգմանել է Ա․ Բարտոյի, Վ․ Մայակովսկու, Մ․ Մարշակի և այլ գրողների ստեղծագործություններից։

ՍԱՀԱԿՅԱՆ Սիմակ (Սենեքերիմ) Մկրտչի [25․8(7․9)․1879, գ․ Ագարակ (այժմ՝ ՀՍՍՀ Ստեփանավանի շրջանում)–29․4․1961, Երևան], հեղափոխական շարժման մասնակից, սովետական պետ․ աշխատող, մանկավարժ։ Կոմունիստական կուսակցության անդամ 1915-ից։ Սովորել է Ներսիսյան (Թիֆլիս) դպրոցում, Գևորգյան (էջմիածին) ճեմարանում։ 1901–21-ին ուսուցիչ է եղել Ներսիսյան դպրոցում։ Թիֆլիսում կատարել է ընդհատակյա բոլշևիկյան աշխատանք։ Աշխատակցել է «Պայքար», «Նոր կյանք», «Բանվոր», «Բանվորի կռիվ» և այլ թերթերին։ 1921-ին գործուղվել է Հայաստան, եղել Լոռի–Փամբակ գավառի ժուլկրթբաժնի վարիչ․ բանֆակի դեկան (1927–30), ապա՛ դասախոս (1930–51)։ Խմբագրել է «Կարմիր Լոռի» (1921–23), «Սովետական մանկավարժ» (1940–41) պարբերականները։ Եղել է ՀՍՍՀ Կենտգործկոմի անդամ, ՀՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության նախագահի տեղակալ (1938–44), ՀՍՍՀ Գերագույն սովետի նախագահ (1944–61), ՀԿԿ ԿԿ–ի ԿՎՀ նախագահության անդամ (1929–34), ՀԿԿ ԿԿ–ի Վերստուգիչ հանձնաժողովի նախագահ (1938–51)։ ՀՍՍՀ I–V գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Հեղինակ է մանկավարժությանը նվիրված գրքույկների և հոդվածների, ինչպես նաև «Հասկեր» (1955), «Աղբյուր» 1958) պատմվածքների ժողովածուների։ Թարգմանել է Ն․ Օստրովսկու «Ինչպես էր կոփվում պողպատը», Ա․ Մակարենկոյի «Գիրք ծնողների համար» և այլ գործեր։ Պարգևատրվել է Լենինի 2, Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշաններով։

ՍԱՀԱԿՅԱՆ Սմբատ Սահակի [2(14)․10․ 1895, գ․ Դարաքենդ (այժմ՝ Ձորագյուղ, Գուգարքի շրջանում)–10․12․1971, Երևան], հայ սովետական մեքենագետ, ՀՍՍՀ–ում գյուղատնտեսության մեքենայացման հիմնադիրներից։ Տեխ․ գիս․ դ–ր պրոֆեսոր (1954), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1961)։ ՍՄԿԿ անդամ 1962-ից։ Ավարտել է Նովոչերկասկի պոլիտեխ․ ինստ–ը (1921), Մոսկվայի գյուղատնտեսության մեքենայացման և էլեկտրիֆիկացման ինստ–ը (1930)։ 1931–1971-ին Հայկ․ գյուղատնտ․ ինստ–ի մեքենայացման, ապա գյուղատնտ․ մեքենաների և գործիքների ամբիոնի վարիչն էր։ Նրա մասնակցությամբ ՀՍՍՀ–ում կազմակերպվել են գյուղատնտ․ մեքենաների համատեղ օգտագործման առաջին ընկերությունները, մեքենատրակտորային ջոկատները, ՄՏԿ–ները։ Գիտ․ աշխատանքները վերաբերում են լեռնային և ջրովի երկրագործության մեքենայացման, ՀՍՍՀ քարքարոտ հողերի յուրացման, գյուղատնտ․ մեքենաների հենքային մակերևույթների և բնահողի փոխազդման և այլ հարցերին։ Պարգեատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

ՍԱՀԱԿՅԱՆ Վաղարշակ Համբարձումի [15․9․1906, գ․ Փայաջուկ (Սալմաստի գավառում, Իրան)–24․4․1978, Երևան], հայ սովետական երգիչ։ ՀՍՍՀ ժող․ արտիստ (1945)։ Ընդհանուր կրթությունը ստացել է Թիֆլիսում, ապա սովորել է Լենինականի երաժշտ․ ստուդիայում, աշակերտել Ն․ Տիգրանյանին, Դ․ Ղազարյանին։ 1933-ից՝ Հայֆիլհարմոնիայի մենակատար։ 1938-ից երգել է Սայաթ–Նովայի անվան հայկական գուսանական երգի անսամբլում (1942-ից՝ անսամբլի ղեկավար)։ Որպես երգիչ, Ս․ հայ աշուղական երաժշտության ոճական տարբեր ուղղությունների գիտակ էր (կատարումն ուղեկցել է սագի նվագով)։ ճանաչվել է Բաղդասար Դպիրի, Նաղաշ Հովնաթանի, Շիրինի, Միսկին–Բուրջիի, Սայաթ–Նովայի և, հատկապես, Ջիվանու արտասանական բնույթի երգերի կատարումով։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվոնշան» շքանշաններով։

ՍԱՀԱԿՅԱՆ Վլադիմիր Քրիստափորի (ծն․ 21․1․1926, Բաքու), սովետական ռազմածովային նավատորմի փոխծովակալ (28․10․1976)։ ՍՄԿԿ անդամ 1952-ից։ ՜ Ավարտել է Լենինգրադի ռազմածովային ուսումնարանը (1947) և ակադեմիան (1962)։ Եղել է ականազերծիչ նավի, էսկադրոնային ականակրի հրամանատար, Սևծովյան նավատորմի շտաբի պետ։ 1974-ից աշխատում է ՍՍՀՄ ռազմածովային նավատորմի գլխ․ շտաբում։ Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Կարմիր դրոշի, Կարմիր աստղի 2, «Հայրենիքին ծառայության համար» III աստիճանի և օտարերկրյա շքանշաններով։

ՍԱՀԱԿՅԱՆ Օնիկ Արզումանի [11(23)․10․ 1890, Աշխաբադ –1937],՝ սովետական ռազմ, գործիչ, երկրորդ կարգի բանակային կոմիսար։ ՌՍԴ(Բ)Կ անդամ 1907-ից։ Սովորել է Աշխաբադի քաղաքային գիմնազիայում, որտեղից հեռացվել է՝ 1905-ի հունվարին ինքնակալության դեմ ելույթներին մասնակցելու համար։ Հեղափոխական գործունեության (Միջին Ասիայում և Բաքվում) համար երկու անգամ (1908-ին և 1911-ին) բանտարկվել է։ 1917-ի Փետրվարյան հեղափոխության օրերին Կոկանդում մասնակցել է բանվորների և գյուղացիների դեպուտատների սովետի կազմակերպմանը, ստեղծել բանվորական զինված դրուժինա և աջակցել Տաշքենդում սովետական իշխանության հաստատմանը։ 1919-ին նշանակվելով Մ․ Վ․ Ֆրունզեի հրամանատարությամբ գործող Թուրքմենական ռազմաճակատի Ռազմահեղափոխական խորհրդի ՌԿ(բ)Կ Կենտկոմի Միջին Ասիայի բյուրոյի լիազոր՝ մասնակցել է Ֆերգանայի հակահեղափոխական աժերի վերացմանը, Բուխարայի էմիրի զորքերի դեմ մղված մարտերին և Բուխարայի գրավմանը։ 1921-ին նշանակվել է Հս․ Կովկասի զինվ․ օկրուգի քաղվարչության պետի տեղակալ, ապա՝ պետ և Ռազմահեղափոխական խորհրդի անդամ։ 1922-ին մասնակցել է Կուբանի հակահեղափոխական հրոսակների վերացմանը։ Այնուհետև եղել է Լենինգրադի զինվ․ օկրուգի Ռազմահեղափոխական խորհրդի անդամ և քաղվարչության պետ, Մոսկվայում՝ ԲԳԿԲ ռազմազինման պետի տեղակալ։ 1935-ին տեղափոխվել է քաղաքացիական աշխատանքի։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի 2 շքանշանով։

ՍԱՀԱԿՅԱՆ–ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ ԿՈԼԵՋ, 12-ամյա միջնակարգ դպրոց Բեյրութում (մինչև 1938-ը՝ 6-ամյա լիցեյ, 1938–57-ին 8-ամյա նախակրթարան՝ ֆրանս․ ծրագրով, 1957–71-ին՝ 10-ամյա)։ Հիմնվել է 1923-ին, Բեյրութի արլ․ մասում գտնվող հայկ․ վրանաքաղաքում։ Սկզբում գործել է վրանի տակ, այնուհետև, թաղային խորհրդի ջանքերով 2–3 ամսում կառուցված փայտաշեն երկհարկանի շենքում, անվանվել է ազգ․ վարժարան և կոչվել Սահակյան (ի պատիվ Կիլիկիայի կաթողիկոս Սահակ Բ Խապայանի)։ Նույն թվականին վարժարանին կից բացվել է