Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հայ կուլտուրայի տան (1940–41), Գ․ Սունդուկյանի անվ․ թատրոնի (1941–1943) դիրեկտոր, Հայֆիլհարմոնիայի մենակատար (1943-ից), Հայկ․ ՍՍՀ ԳԱ արվեստի պատմության և տեսության սեկտորի գիտաշխատող (1949–56)։ Զբաղվել է հայկ․ ժող․ երգերի հավաքմամբ, կատարել է երաժշտաազգագրական, գիտահետազոտական աշխատանք, գրել հոդվածներ, մենագրություններ հայ երաժշտության պատմության, տեսության, հայ երաժշտ․ գործիչների մասին։ Կազմել է Երգարան (1948)։

ՍԱՄՏՐԵԴԻԱ, քաղաք (1921-ից), Վրաց․ ՍՍՀ Սամտրեդիայի շրջանի վարչական կենտրոնը։ Գտնվում է Կոլխիդայի դաշտավայրում, Ռիոնի ափին։ Թբիլիսից 244 կմ հս–արմ․։ Երկաթուղային և ավտոճանապարհների հանգույց է։ 23,4 հզ բն․ (1975)։ Կան երկաթուղային տրանսպորտի սպասարկման, սննդի, մետաքսաթելի և բամբակամանվածքային, փայտամշակման, բետոնե բլոկների ձեռնարկություններ։ Գործում են կերպարվեստի թանգարան, 3 ժող․ թատրոն։

ՍԱՄՈՒԵԼԻ Թիբոր (27․12․1890–2․8․1919), հունգ․ բանվ․ շարժման գործիչ, Հունգարիայի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) հիմնադիրներից։ Հունգարիայի ս–դ․ կուսակցության անդամ 1908-ից։ 1913-ից ս–դ․ կուսակցության կենտր. օրգան «Նեպսավա» թերթի աշխասակից։ 1914-ին զորակոչվել է Ավստրո–Հունգ․ բանակ, 1915-ին գերի ընկել ռուս․ ռազմաճակատում։ Մասնակցել է ՌԿ(բ)Կ հունգ․ խմբի ստեղծմանը (1918-ի մարտ) և 1918-ի ձախ էսէռական խռովության ճնշմանը Մոսկվայում։ 1919-ի սկզբին վերադարձել է Հունգարիա, ընտրվել ՀԿԿ ԿԿ և նրա կենտր․ օրգան «Վյորյոշ ույշագ» թերթի խմբագրական կոլեգիայի անդամ։ Հունգարիայի Սովետական Հանրապետության (ՀՍՀ) ժամանակ եղել է պաշտպանության ժողկոմի տեղակալ, լուսավորության ժողկոմ, թիկունքի անվտանգության ապահովման կոմիտեի ղեկավար։ Վ․ Ի․ Լենինի հետ բանակցելու համար 1919-ի մայիսին մեկնել է Մոսկվա։ Սպանվել է հակահեղափոխականների կողմից՝ ավստր․ սահմանն անցնելիս (ՀՍՀ պարտությունից հետո)։

ՍԱՄՈՒԵԼՅԱՆ խաչիկ Ստեփանի (1873, Կերչ–16․10․1940, Երևան), հայ իրավագետ, պատմաբան, ազգագրագետ, բանագետ, մանկավարժ, թարգմանիչ։ Թեոդոսիայի գիմնազիան ավարտելուց հետո, իրավաբանական կրթություն է սաացել Պետերբուրգի համալսարանում (1895–1900), սովորել Ենայի համալսարանում (1901–03)։ 1907–20-ին աշխատել է Վաղարշապատում, Նոր Նախիջևանում, Թիֆլիսում, Շուշիում, Բաքվում, Ալեքսանդրապոլում՝ հիմնականում որպես լրագրող և մանկավարժ (դասավանդել է ընդհանուր պատմություն, ռուս. և գերմ․ լեզուներ, վարել տեսչական պաշտոններ)։ Զուգահեռաբար՝ 1903–16-ին աշխատակցել է «Ազգագրական հանդես»-ին, եղել դրա խմբագրական մասնաժողովի և «Հայոց ազգագրական ընկերության» անդամ։ Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո ընտրվել է Էջմիածնի գիտ․ ինստ–ի կոլեգիայի անդամ, ապա աշխատել ՀՍՍՀ արդարադատության ժող․ կոմիսարիատում։ 1924-ից՝ ՀՍՍՀ Պետ․ կենտրոն, արխիվի տնօրեն։ 1934-ից մինչև կյանքի վերջը դասախոսել է Երևանի համալսարանում և Հայկ․ մանկավարժ․ ինստ–ում, միաժամանակ աշխատելով Նյութական կուլտուրայի ինստ–ում։

1897-ից Ս․ բազմաթիվ գիտ․ հոդվածներ է տպագրել «Մշակ», «Տարազ», «Արշալույս», «Սուրհանդակ» և այլ պարբերականներում։ Մի շարք հոդվածներում Ս․ հետազոտել է արյան վրեժի ու փրկանքի ինստ–ի աստիճանական զարգացումը հնագույն ժամանակներից մինչև XIX դ․ վերջը («Արյան վրեժ և փրկանք», 1903), առևանգմամբ ու գնմամբ ամուսնության զարգացման փուլերը («Առևանգմամբ և գնմամբ ամուսնություն», 1904), ուղենշել հայոց հին իրավունքի ուսումնասիրության մեթոդները («Հայոց հին իրավունքը և նրա հետազոտության մեթոդը», 1904), սովորութային իրավունքի տվյալների ու հին կանոնների հիման վրա պարզաբանել ժառանգմանն առնչվող շատ հարցեր («Հայոց ժառանգական իրավունքը», 1907), ցույց տվել եկեղեցու դերը իրավաբանական հուշարձանների ստեղծման գործում («Իրավունք և կրոն», 1908), ներկայացրել գերդաստանի զարգացման փուլերը («Հայ նահապետական գերդաստան», 1908), առաջ քաշել Հայկ․ լեռնաշխարհում մայրական տոհմի երբեմնի գոյության և հայերի մեջ մայրիշխանության վերապրուկների հարցեր («Մայրական իրավունք», 1910)։ Վիեննայում հրատարակած «Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը» ու հայոց քաղաքացիական իրավունքը» (1911) գրքում քննել է միջնադարյան Հայաստանում դատարանակազմության, դատավարության, ծնողական ու գույքային իրավունքի հարցեր ևն։ «Հայ հին իրավունքի պատմություն» արժեքավոր մենագրության մեջ (հ․ 1, 1939) Ս․ հանգամանորեն շարադրել է հայ հին և միջնադարյան իրավունքի զարգացման պատմությունը։ «Հին Հայաստանի կուլտուրան» եռահատոր աշխատության (1931–41) մեջ Ս․ ամփոփել և շարադրել է Հայկ․ լեռնաշխարհի նյութական և հոգևոր մշակույթի պատմությունը։ Առաջին հատորը նվիրված է պալեոլիթի և նեոլիթի, երկրորդ հատորը՝ բրոնզի ու վաղ երկաթի դարաշրջաններին։ Երրորդ հատորում անդրադարձել է տոհմերի ու ցեղերի առաջացմանը, աշխատանքի հասարակական բաժանումներին, դասակարգային հարաբերությունների ձևավորմանը, ամուսնության ձևերին, արյան վրեժին, ծիսական սովորույթներին, նահապետական գերդաստանին, գյուղական համայնքին ևն։

Ս․ գրել է նաև «Նախնադարյան հասարակության պատմություն» (1938), «Խալդեական հասարակություն» (1938), «Հին Արևելքի պատմություն» (1938) և այլ ուսումնական գրքույկներ։ Դեռևս 1900-ին հայ պարբերական մամուլում գրականա– գիտ․ վերլուծության է ենթարկել XIX դ․ 2-րդ կեսի և XX դ․ սկզբի ռուս գրականության խոշոր ներկայացուցիչների (Վ․ Գարշին, Ն․ Գոգոլ, Լ․ Տոլստոյ, Ի․ Տուրգենև, Ա․ Չեխով, Մ․ Գորկի) գեղարվեստական ստեղծագործությունները։

ՍԱՄՈՒԻԼ, Սամուել (ծն․ թ․ անհտ․- 1014), Արմ․ Բուլղարիայի թագավոր 997-ից։ Հայ և օտար պատմիչների վկայությամբ՝ հայազգի, կոչվել է Սամուել «Կոմսաձագ»։ Ազատագրել է բուլղարիայի նշանակալի մասը, ընդարձակել իր թագավորության տարածքը ի հաշիվ նվաճած Մակեդոնիայի (բացի Թեսալոնիկեից), Թեսալիայի, էպիրոսի և Ալբանիայի մի մասի, ամրապնդել երկրի ներքին դրությունը։ 1014-ին Ս․ պարտվել է բյուզ․ կայսր Վասիլ II Բուլղարասպանից։

ՍԱՄՈՒՅՐ (Martes Zibellina), կզաքիսների ընտանիքի արժեքավոր մորթատու կենդանի։ Մորթին խիտ է, գեղեցիկ և նուրբ, բաց դարչնագույնից մինչև մուգ գորշ, կրծքին ունի դեղին բիծ։ Մարմնի երկարությունը 43–53 սմ է, պոչինը՝ 11–20 սմ, կենդանի զանգվածը 0,9–1,9 կգ։ էգերն արունեբից զգալիորեն փոքր են։ Տարածված է Հս․ Դվինա և Մեզեն գետերից մինչև խաղաղ օվկիանոսի ափերը (ներառյալ որոշ կղզիներ), իսկ ՍՍՀՄ–ից դուրս՝ Կորեայի, Չինաստանի, Սոնղոլիայի հս․ շրջաններում և Հոկայդո կղզում (ճապոնիա)։ Լեռնային և հարթավայրային տայգայի, հատկապես փշատերև անտառների բնակիչ է։ Ապրում է ցամաքում, երբեմն բարձրանում է ծառերի վրա։ Ամենակեր է, սնվում է հիմնականում մանր կրծողներով և բույսերի սերմերով։ Հղիությունը մոտ 273 օր է, ծնում է 3–4, հազվադեպ 5 ձագ։ Սեռահասուն է դառնում կյանքի 2-րդ տարում։ Անխնա ոչնչացման հետևանքով քանակը խիստ կրճատվել է։ 1930–70 թթ․ ՍՍՀՍ–ում Ս–ի գլխաքանակը նկատելիորեն վերականգնվել է (մինչև 600–800 հզ․, որից տարեկան որսվում է մոտ 200 հզ․)։ Գազանաբուծական տնտեսությունների հիմնական մորթատու օբյեկտներից է։

ՍԱՄՈՒՐԱՅՆԵՐ (<ճապոն, սամուրաու-ծառայել), լայն առումով ֆեոդ, ճապոնիայի աշխարհիկ բոլոր ֆեոդալները, իսկ նեղ և առավել հաճախ օգտագործվող առումով՝ մանր, ազնվականների ռազմաֆեոդ․ խավը։ Ս–ի խավն առաջացել է XII–XIV դդ․ և ձևավորվել Տոկուգավաների