Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արաբ. պետությունների ֆեդերացիա: Երբ 1916-ի փետրվարին ռուսական բանակը գրավեց Էրզրումը և Բիթլիսը, մոտեցավ Իրաքի և Սիրիայի մատույցներին, դաշնակիցները շտապեցին իրենց նախագիծը համաձայնեցնել Ռուսաստանի հետ, և 1916-ի մարտի 9-ին Պետրոգրադում Սայքսը և Պիկոն Ռուսաստանի արտաքին գործերի մինիստր Սազոնովին հանձնեցին հուշագիրը: Որպես հակապայման Ռուսաստանը մասնավորապես պահանջեց իրեն հանձնել Թուրքահայաստանը, Հեքիարիի մարզը և Սև ծովի հարավային ափի մի մասը: Հանգելով փոխզիջումների՝ համաձայնությունը կայացավ: Սայքս–Պիկոյի համաձայնագրի բովանդակությունը համաշխարհային հասարակայնությանը հայտնի դարձավ 1917-ի նոյեմբերին, երբ սովետական կառավարությունը (Վ․ Ի․ Լենինի ցուցումով) հրապարակեց նրա տեքստը: Համաձայնագիրը, հօգուտ Անգլիայի փոփոխություններով, դրվեց 1920-ի Սան Ռեմոյի կոնֆերանսում ընդունված համաձայնության հիմքում (տես Սան Ռեմոյի կոնֆերանս 1920):


ՍԱՆ ԱՆՏՈՆԻՈ (San Antonio), քաղաք ԱՄՆ–ի Տեքսաս նահանգում: 733 հազ․ բնակիչ (արվարձաններով՝ 1135 հազ․, 1982 թ.): Տրանսպորտային հանգույց է: Զարգացած է սննդի, մետաղամշակման, նավթավերամշակման, քիմիական, կարի արդյունաբերությունը: Կլիմայական առողջավայր է, տուրիզմի կենտրոն: Կա համալսարան: Հիմնադրել են իսպանացիները, 1718 թ.-ին: Պահպանվել է Սան Ֆեռնանդո տաճարը (XVIII դ․):


ՍԱՆ ԴԻԵԳՈ (San Diego), քաղաք և նավահանգիստ ԱՄՆ–ի հարավ-արևմուտքում, Կալիֆոռնիա նահանգում: 875 հազ․ բնակիչ (արվաձաններով՝ 1,9 մլն, 1982 թ.): Գյուղատնտեսական շրջանի կարևոր կենտրոն է (ցիտրուսների արտադրություն): Արդյունաբերության առաջատար ճյուղերն են ավիացիոն արդյունաբերությունը, ռադիոէլեկտրոնիկան, նավաշինությունը, նավանորոգումը, մետաղամշակումը: Կա նաև սննդի, փայտամշակման արդյունաբերություն: Ունի համալսարան, կենսաբանական հետազոտությունների ինստիտուտ: Հիմնադրվել է 1769-ին:


ՍԱՆ ԼՈՒԻՍ ՊՈԹՈՍԻ (San Luis Potosi), քաղաք Հս. Մեքսիկայում, համանուն նահանգի վարչական կենտրոնը: 315 հազ․ բնակիչ (1978 թ.): Տրանսպորտային խոշոր հանգույց է, արծաթի, կապարի, պղնձի արդյունահանման հնագույն (XVI-XVII դդ․) կենտրոն: Կա գունավոր մետալուրգիա, բրդեղենի արդյունաբերություն: Ունի համալսարան: Սան Լուիս Պոթոսին հիմնադրվել է XVI դ․ վերջում: Կան XVII-XVIII դդ․ եկեղեցիներ:


ՍԱՆ ԽՈՍԵ (San José), Կոստա Ռիկայի մայրաքաղաքը: Երկրի արդյունաբերական և մշակութային հիմնական կենտրոնը: Գտնվում է Պանամերիկյան ճանապարհի մոտ, 1165 մ բարձրության վրա: Ավելի քան 400 հազ․ բնակիչ (արվարձաններով, 1981 թ.): Երկաթուղով կապված է Պունտարենաս (Խաղաղ օվկիանոս) և Լիմոն (Կարիբյան ծով) նավահանգիստների հետ: Ունի օդանավակայան: Կան սննդի, ծխախոտի, տեքստիլ, մետաղամշակման, կահույքի արդյունաբերության ձեռնարկություններ: Սան Խոսեում են Կոստա Ռիկայի համալսարանը, Ազգային գրադարանը, Ազգային թանգարանը: Կան թատրոններ: Հիմնադրել են իսպանացիները, 1737–1738 թթ.-ին:

ՍԱՆ ԽՈՒԱՆ (San Juan), քաղաք, Պուերտո Ռիկոյի վարչական կենտրոնը: Նավահանգիստ է Պուերտո Ռիկո կղզու հյուսիսային ափին: 1035 հազ․ բնակիչ (արվարձաններով, 1980 թ.): Ավտոճանապարհների հանգույց է: Կան սննդի, տեքստիլ, կոշիկի, կարի, քիմիական, նավթավերամշակման ձեռնարկություններ, երկաթուղային կայարան, օդանավակայան: Հիմնադրել են իսպանացիները, 1508-ին Կապառա անվամբ, 1521-ին քաղաքը տեղափոխվել և վերանվանվել է Պուերտո Ռիկո: Այս անվանումը ժամանակի ընթացքում անցել է կղզուն, քաղաքն ստացել է Սան Խուան անվանումը: Պահպանվել XVI-XVIII դդ. ամրություններ, շենքեր:

ՍԱՆ ՄԱՐԻՆՈ Սան Մարինոյի Հանրապետություն (Repubblica di San Marino), պետություն Հարավային Եվրոպայում, Ապենինյան թերակղզում: Շրջապատված է Իտալիայի տարածքով: Գտնվում է Տոսկանո–Էմիլիանյան Ապենինների Տիտանո բարձրության (մինչև 738 մ) լանջերին: Տարածությունը 61 կմ2 է, բնակչությունը՝ 21,3 հազ․ (1982 թ.): Մայրաքաղաքը՝ Սան Մարինո (4,7 հազ․ բնակիչ): Պաշտոնական լեզուն իտալերենն է, կրոնը՝ կաթոլիկությունը, տոմարը՝ գրիգորյանը:

Պետական կարգը: Ս. Մ. պառլամենտական հանրապետություն է: Օրենսդիր իշխանության բարձրագույն մարմինը միապալատ պառլամենտն է՝ Մեծ գլխավոր խորհուրդը: Պետությունն ու կառավարությունը գլխավորում են երկու իրավահավասար կապիտան–ռեգենտները, որոնց ընտրում է Մեծ գլխավոր խորհուրդը իր անդամներից՝ 6 ամիս ժամկետով: Կառավարությունը (Պետական կոնգրեսը) կազմված է կոմունիստական, սոցիալիստական, սոցիալիստական միասնական և սոցիալ–դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներից: Դատական իշխանությունն իրականացնում են քրեական, քաղաքացիական և վարչական գործերով հանձնակատարները: Մի շարք դեպքերում որպես դատական բարձրագույն մարմին հանդես է գալիս Տասներկուսի խորհուրդը:


Պատմական տեղեկանք: Ս. Մ. առաջացումը վերագրվում է 301-ին: Ըստ ավանդության Սան Մարինոն հիմնել է քարտաշ քրիստոնյա Մարինոն, որ փախել էր Դալմաթիայից կրոնական հետապնդումներից (հետագայում դասվել է սրբերի շարքը, այստեղից էլ «սան»-սուրբ նախածանցը): Հետագայում Ս. Մ. մտել է Ռավեննայի էքզարքության և Լանգոբարդյան թագավորության մեջ: Ս. Մ. համարվում է Եվրոպայի ժամանակակից պետություններից հնագույնը: «Ս. Մ. հանրապետություն» անունն առաջին անգամ հիշատակվում է X դ․ փաստաթղթերում: 1739-ին Ս. Մ. զավթել են պապական զորքերը, սակայն 1740-ին Կղեմես XII պապը ճանաչել է հանրապետության անկախությունը: 1862-ին Ս. Մ. բարեկամության և բարիդրացիական հարաբերությունների պայմանագիր է կնքել Իտալիայի հետ։ 1909-ին Ս. Մ. մտցվել է ընդհանուր ընտրական իրավունք տղամարդկանց համար (կանանց համար՝ 1960-ին):

Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) ժամանակ Ս. Մ. հանդես է եկել Անտանտի կողմում (տվել է 15 զինվոր): 1922-ին Իտալիայում ֆաշիստների իշխանության գլուխ անցնելուց հետո Ս. Մ. ակտիվացել են ֆաշիստական տարրերը, որոնք 1923-ին գրավել են իշխանությունը: 1921-ին ստեղծված իտալական կոմկուսի Ս. Մ. հատվածը ջախջախվել է: Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–1945 թթ.) ժամանակ Ս. Մ. հայտարարել է իր չեզոքության մասին, սակայն 1944-ի հունիսին պետության տարածքը գնդակոծել է անգլո–ամեր. ավիացիան, իսկ սեպտեմբերին գրավել են գերմանաֆաշիստական զորքերը: Պատերազմից հետո Ս. Մ. դարձել է միջազգային տուրիզմի կենտրոն: 1945-ի պառլամենտական ընտրություններում հաղթել է հակաֆաշիստական բլոկը: Մինչև 1957-ը պառլամենտում մեծամասնություն է կազմել ձախ կուսակցությունների կոալիցիան՝ կոմունիստների և սոցիալիստների գլխավորությամբ: Այդ տարիներին ազգայնացվել են մի շարք