Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զանգվածի Ա–1 թաղամասը (շին․ սկսվել է 1976-ին, հեղինակային խմբի հետ), «Դվին» հյուրանոցը (1978, ճարտ–ներ Ա․ Ալեքսանյանի, Ֆ․ Հակոբյանի հետ, ՀՍՍՀ պետ․ մրցանակ, 1979)։

ՍԱՖԱՐՅԱՆ Նվեր Գևորգի [10․(23)․10․ 1907, Արճեշ –28․9․1982, Երևան], սովետական բանակի գեներալ–մայոր (20․12․ 1943)։ ՍՄԿԿ անդամ 1930-ից։ Ավարտել է Ալ․ Մյասնիկյանի անվ․ միացյալ զինվ․ դպրոցը (1927), Մ․ Ֆրունզեի անվ․ ռազմ. ակադեմիան (1940)։ 1927-ից եղել է Կ․ Ե․ Վորոշիլովի անվ․ հայկ․ լեռնահրաձգային դիվիզիայի 3-րդ գնդի դասակի, 1933-ից՝ վաշտի հրամանատար, 1940-ին նշանակվել է Կիևյան հատուկ զինվ․ օկրուգի 58-րդ դիվիզիայի 170-րդ գնդի շտաբի պետ։ Հայրենական մեծ պատերազմի սկզբին գերմանա–ֆաշիստ․ զավթիչների դեմ կռվել է սահմանամերձ Նադվորնայա քաղաքի շրջանում։ 1941-ի հոկտեմբերին նշանակվելով 218-րդ հրաձգային դիվիզիայի 658-րդ գնդի շտաբի պետ (նոյեմբերին՝ հրամանատար), Ս․ մասնակցել է ուկր․ Դնեպրոպետրովսկ, Ստալինո քաղաքների պաշտպանությանը, աչքի ընկել հատկապես Վորոշիլովգրադի շրջանում մղված մարտերում։ 1942-ի հունիսի 15-ից եղել է 295-րդ դիվիզիայի հրամանատարը, մարտնչել Կովկասի պաշտպանների շարքերում։ Ս–ի անունն անխզելիորեն կապված է Հայկ․ 89-րդ (հետագայում՝ Թամանյան) դիվիզիայի հետ, որի հրամանատարությունը 1943-ի փետր․ 13-ին ստանձնելուց հետո, սեպտեմբերից մասնակցել է Նովոռոսիյսկի, Թամանի թերակղզու, 1944-ի ապրիլից՝ Կերչի և Սևաստոպոլի, այնուհետև՝ Լեհաստանի ազատագրմանը, 1945-ի ապրիլին՝ Ֆրանկ–ֆուրտի, ապա նաև Բեռլինի գրավմանը։ 1949-ին վատառողջության պատճառով զորացրվել է։ ՀՍՍՀ VII գումարման Գերագույն սովետի դեպուտատ, պարգևատրվել է Կարմիր դրոշի, Կուտուզովի II աստիճանի 2, «Պատվո նշան» շքանշաններով։

ՍԱՖԱՐՅԱՆ Ռուբեն Նիկիտի (1886, Ելիզավետպոլ –1957, Երևան), Անդրկովկասում և Հայաստանում հեղափոխական շարժումների մասնակից։ Կոմունիստական կուսակցության անդամ 1905-ից։ Սովորել է ծննդավայրի քաղաքային ուսումնարանում, որտեղից վտարվել է հեղափոխական գործունեության համար։ Ավարտել է Պետրոգրադի բարձրագույն գյուղատնտ․ դասընթացները (1916)։ Պետրոգրադում ուսանելիս կազմակերպել է մարքսիստական խմբակ, պայքարել ուսանողության մեջ տարածված ազգայնական տրամադրությունների դեմ։ 1905-07-ի հեղափոխության շրջանում Ս․ Շահումյանի, Ս․ Սպանդարյանի, Բ․ Լեգրանի և մյուսների հանձնարարությամբ կուսակցության կարիքների համար հայթայթել է զենք, դրամական միջոցներ, կազմակերպել գաղտնի հավաքույթներ։ 1916-ին մեկնել է Անդրկովկաս։ 1917-ին ընտրվել է կուսակցության Ալեքսանդրապոլի գավառային բյուրոյի նախագահի տեղակալ։ Քաղաքը թուրքերի կողմից օկուպացվելուց հետո, 1918-ին մեկնել է Արմավիր, նշանակվել Բաքվին զինվորական օգնություն ցույց տվող կոմիտեի նախագահի տեղակալ։ Կուսակցության երկրկոմի որոշմամբ եկել է Հայաստան՝ ընդհատակյա աշխատանքի։ Ալեքսանդրապոլում մասնակցել է 1920-ի Մայիսյան ապստամբության նախապատրաստմանը, ապստամբության օրերին նշանակվել հողժողկոմ։ Ապստամբության պարտությունից հետո ձերբակալվել և արտաքսվել է Հայաստանից։ 1920-ին մեկնել է Թիֆլիս, այնուհետև՝ Բաքու։ Հայկոմկուսի արտասահմանյան բյուրոյի որոշմամբ եկել է Երևան։ 1921-ին մասնակցել է դաշնակցականների փետրվարյան խռովության ճնշմանը (Ղամարլուի ճակատում)։ 1921–1924-ին եղել է Երևանի քաղսովետի գործկոմի հողբաժնի վարիչը, 1924-ից՝ գյուղատնտեսության բնագավառի աշխատողների կենտր․ միության նախագահ։ 1930-ին տեղափոխվել է Թիֆլիս, մասնակցել Անդրֆեդերացիայի հողժողկոմատի կազմակերպմանը և նշանակվել գյուղատնտ․ վարչության պետ։ 1932-ից Անդրֆեդերացիայի հողպարարտացման գիտահետազոտական ինստ–ի դիրեկտորն էր։ 1934–42-ին Երևանում վարել է մի շարք պատասխանատու պաշտոններ։ 1942-ից՝ անհատական թոշակառու։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

ՍԱՖԱՐՅԱՆ Սամվել Առաքելի [9(22)․6․ 1902, Շուշի–9․1․1969, Երևան], հայ սովետական ճարտարապետ։ ՀԱՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1940)։ ՀՍՍՀ վաստ․ ճարտարապետ (1968)։ ՍՍՀՄ ճարտ․ ակադեմիայի իսկական անդամ (1950)։ Ավարտել է (1928) Երևանի համալսարանի տեխ․ ֆակուլտետի ճարտ․ բաժինը։ Աշխատակցել է ակադ․ Ա․ Թամանյանին։ Ղեկավարել է Երքաղսովետի գործկոմի ճարտ․ արվեստանոցը (1938-ից), ապա՝ ճարտ․ գործերի վարչության արվեստանոցները, 1955-ից անընդմեջ՝ «Հայպետնախագիծ» ինստ–ի տիպային նախագծման արվեստանոցը։ 1941–53-ը՝ Հայաստանի ճարտ․ միության նախագահ։ Նրա նախագծերով կառուցվել են ավելի քան 100 բնակելի ու հասարակական շենքեր, որոնցից են՝ Կիրովի անվ․ գործարանի բնակելի թաղամասը (1932–34, ճարտ–ներ Մ․ Մազմանյանի, Հ․ Մարգարյանի և Գ․ Քոչարի հետ), Արզնու № 2 առողջարանը (1933–53), «Պրոֆեսորների տունը» Երևանի Աբովյան փողոցում (1934, պատկերազարդումը տես հ․ 2, Էջ 496–497, աղ․ XXVI), բնակելի շենքեր Լենինի և Հոկտեմբերյան պողոտաների վրա (1934–44), գյուղատնտ․ և բժշկ․ ինստ–ները (1934–55), Հայկ․ ՍՍՀ տաղավարը Համամիութենական գյուղատնտ․ ցուցահանդեսում (1939 և 1954, Մոսկվա, ճարտ․ Կ․ Հալաբյանի հետ, պատկերազարդումը տես՝ հ․ 6, Էջ 47), Հայաստանի ԳԱ նախագահության (1954) և ինստ–ների (1955–72, հեղինակակիցների հետ) շենքերը, Կառավարական 2-րդ տունը Երևանի Լենինի հրապարակի անսամբլում (1947–53, հեղինակակից՝ Վ․ Արևշատյան), մարքսիզմ–լենինիզմի ինստ–ի շենքը Մարշալ Բաղրամյան փողոցում (1947), Բյուրականի աստղադիտարանի համալիրը (1947–56), Լենինականի Ա․ Մռավյանի անվ․ դրամատիկական թատրոնը (1965–72, ճարտ․ Ռ․ Բաղդասարյանի հետ), Կիրովականի պիոներների տունը (1968, ճարտ․ Շ․ Ամիրխանյանի հետ), պոլիտեխ․ ինստ–ի մասնաճյուղի համալիրը Կիրովականում (1968–1970, ճարտ–ներ Ա․ Սարգսյանի և Ս․ Քեշիշյանի հետ), բնակելի և հասարակական շենքերի մի շարք տիպային նախագծեր (1953–69)։ Ս–ի աշխատանքներին բնորոշ են ճարտ․ մտահղացման հստակությունը, ֆունկցիոնալ-տեխնոլոգիական, կոնստրուկտիվ և ծավալատարածական գեղարվեստական խնդիրների սերտ համադրումը, երկաթբետոնե կմախքի և քարի կիրառման ազգ․ ձևերի ներդաշնակման ձգտումը, ճարտ․ օրգանիզմի ներքին և արտաքին դրսևորումների միասնությունը։

Ս․ ստեղծագործական աշխատանքին զուգահեռ 1937-ից անընդմեջ դասավանդել է (1944-ից՝ պրոֆեսոր) Երևանի Կ․ Մարքսի անվ․ պոլիտեխ․ ինստ–ի ճարտ․ բաժնում, դաստիարակել ճարտարապետների մի քանի սերունդ։ ՀՍՍՀ III–IV